Հա

Ազգային

08/02/2020 - 09:50

Մտածել պետութեան, այլ ոչ թէ իշխանութեան վարկանիշի մասին

Պետութեան առջեւ պատասխանատւութեան զգացում ունեցող ցանկացած քաղաքացի պէտք է մտածի Հայաստանի, այլ ոչ թէ սեփական եւ, առաւել եւս, իշխանութեան վարկանիշի մասին:

Պետութեան առջեւ պատասխանատւութեան զգացում ունեցող ցանկացած քաղաքացի պէտք է մտածի Հայաստանի, այլ ոչ թէ սեփական եւ, առաւել եւս, իշխանութեան վարկանիշի մասին:

Հանրութիւնը պէտք է սովորի առաջին հերթին ձեւաւակերպել նպատակը, թէ ի՞նչ տեսակի երկիր պէտք է կառուցել, ի՞նչ պէտք է հասկանալ սոցիալական, իրաւական, ժողովրդավարական երկիր ասելով: Պէտք է մշակւի համապաասխան հայեցակարգ հէնց այս տրամաբանութեան շրջանակներում: Անհրաժեշտ է ձեւակերպել եւ հրապարակել պայմանական կամ խորհրդանշական 100 խնդիրը: Այսինքն, հանրութեանը պէտք է առաջնորդեն ոչ թէ խիստ կասկածելի եւ վիճայարոյց 100 «փաստերը», որոնք տալիս են ամենատարբեր մեկնաբանութիւնների առիթ, այլ ծրագրերը: Մեզ պէտք է միաւորի ապագայում հարիւր հարց լուծելու վճռականութիւնը, այլ ոչ թէ քարոզչական «փաստերի» մանիպուլեացիան: Սա նշանակում է պետական քաղաքական գործունէութիւնը բերել տրամաբանւած հեռանկարային ուղի, միաժամանակ ներդնելով չափելի գործիքներ: Այդ խնդիրներից պէտք է բխեն ռազմավարութիւններ, թէ ո՞ր ոլորտում ինչ պէտք է անել: Օրինակ՝ գիւղատնտեսութիւնը, կա՞յ խնդիր, որո՞նք են դրանք, ի՞նչ է պէտք անել, ովքե՞ր պէտք է զբաղւեն, ի՞նչքան ժամանակ է անհրաժեշտ լուծումների համար եւ այլն:

Միայն առաջնահերթութիւնները գնահատելուց յետոյ կարող ենք անդրադառնալ կառավարութեան կառուցւածքին: Կառավարութեան կառուցւածքն ու կազմը կախւած պէտք է լինէր ռազմավարութիւններից: Իսկ այսօրւայ պատկերը հետեւեալն է` ոլորտը կայ, ռազմավարութիւնը չկայ, խնդիրները կան, լուծումները՝ կցկտուր, ոլորտը կայ, քաղաքականութիւն մշակող գերատեսչութիւնը՝ չկայ կամ առկայ է ոչ բաւարար գործառոյթներով միքսւած մարմին:

Խնդիրները ձեւակերպելուց, լուծումներ տւողներին մէջտեղ բերելուց եւ ռազմավարութիւն մշակելուց յետոյ, անհրաժեշտ է միջոցառումների ծրագիր՝ չափելի գործիքներով՝ կարճաժամկէտ, միջնաժամկէտ եւ երկարարաժամկէտ գնահատականներով: Յաջորդ փուլը հինգ տարւայ զարգացման ծրագիրն է, որը մշակելուց, հաշւարկելուց, թիրախային արդիւնքների սահմանումից, իրականացման մեխանիզմների կազմն ու կառուցւածքը ձեւաւորելուց յետոյ անցնում ենք յաջորդ քայլին՝ անհրաժեշտ նիւթական ռեսուրսների գնահատմանը:

Վերը նշւած մօտեցումը նշանակում է` սկզբում ծրագիրը, յետոյ կառավարութեան կազմն ու կառուցւածքը, որին պէտք է յաջորդեն բոլոր հաշւարկները: Իսկ սա իր հերթին նշանակում է պետական, քաղաքական եւ հասարակական ոլորտներն օժտել միս ու արիւնով, շունչ տալ երկրի առաջանցիկ զարգացմանը:

Պետութեան զարգացման կայունութեան ու կանխատեսելիութեան համար պարտաւոր ենք յստակ շարադրել, թէ ինչպիսի պետական քաղաքականութիւն է իրականացւելու ֆինասնատնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթամշակութային, անվտանգութեան ու պաշտպանութեան եւ մնացած բոլոր կենսական կարեւոր ոլորոտներում:

Հայաստան պետութեան առաջ կանգնած են մարտահրաւէրներ, որոնց մասին ամբողջական իմացութիւն ունենալը խիստ անհրաժեշտ է: Լուծումներ ունենալը ոչ միայն կարեւոր է, այլ նաեւ պարտադիր: Չի կարելի զբաղեցնել բարձր դիրք, ստանձնել պարտաւորութիւններ ու պատասխանատւութիւն, սակայն իրականում չունենալ լուծումներ: Օրինակ՝ չի կարելի չունենալ Արցախի հիմնախնդրի մասին սեփական տեսակէտ, լուծում եւ զբաղւել խնդրի կարգաւորմամբ, չի կարելի սպասել, թէ ինչ լուծում կառաջարկւի մեզ դրսից եւ յետոյ նոր միայն սկսել քննարկումների փուլը, հրապարակ նետել գնահատականներ եւ արհեստական օրակարգեր: Այս ամէնը բոլորը հասկանում են: Հասկանում են, թէ՛ ներսում, թէ՛ դրսում: Եւ առհասարակ` դիւանագիտութիւնը խորամանկութիւն չի: Նման մտայնութեամբ արտաքին քաղաքականութեան կառուցումը անհարգալից վերաբերմունք է մեր միջազգային գործընկերների նկատմամբ, որը չի կարող չանդրադառնալ իր հերթին մեր պետութեան հեղինակութեան եւ Հայաստանի նկատմամբ` մեր գործընկերների վերաբերմունքի վրայ:

Խնդիրների լուծումների ընթացքում, կամ, աւելի ճիշտ կը լինի ասել, պետութեան կառուցման ընթացքում, եթէ յանկարծ մեխանիզմի որեւէ հատւած չի ապահովի անհրաժեշտ արդիւնաւէտութիւնը, ապա նոր միայն պէտք է անդրադառնալ դրան: Պետական մեխանիզմի մաս է նաեւ Սահմանադրական դատարանը: Սահմանադրական դատարանի գործունէութիւնը անհրաժեշտ է գնահատել պետութեան կառուցման ընթացքում դերակատար լինելու կամ խափանարար աշխատանք անելու տեսանկիւնից: Լինի ՍԴ, թէ մէկ այլ ոլորտ, եթէ պետութեան առաջանցիկ զարգացման տեսանկիւնից խափանարար աշխատանք է կատարում, ապա պէտք է անդրադառնալ դրան: Եթէ խափանարար աշխատանք չի կատարում, ապա չի կարելի պետական գործող մեխանիզմը կանգնեցնել, ինչ է թէ դետալներ են փոխւելու:

Պետութեան կառուցման եւ կազմակերպման համար վերը նշւած պայմաններից բացի պակաս կարեւոր չի նաեւ ներքին բարոյահոգեբանական մթնոլորտը: Չի կարող լինել զարգացած պետութիւն անհանդուրժողականութեան բարձր մակարդակով: Հնարաւոր չի մարդուն, մեր իւրաքանչիւր քաղաքացուն դարձնել մասնակից պետութեան կառուցման սուրբ գործին, եթէ նա իր տարբերւող տեսակէտի համար ստանում է ոչ աւել, ոչ պակաս հակապետական տարրի պիտակը: Հնարաւոր չի ունենալ համերաշխ միջավայր, եթէ չկայ քաղաքական բանավէճ, չկայ ոչ միայն տարբերւող տեսակէտները ընկալելու, այլ նոյնիսկ լսելու պատրաստակամութիւն: Մարդկանց «հակապետական» անւանելով պետութիւն չենք սարքի, եղածն էլ կը դնենք վտանգի ու հարւածների տակ: Երկրի ներսում թշնամիներ չկան, թշնամիները սահմանից այն կողմում են:

 

Արմէն Գրիգորեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի Ֆինանսական յանձնախմբի նախագահ

 

Յ. Գ. Առաջարկւող հանրաքւէի անցկացման ժամկէտներին, քաղաքական նպատակներին, ձեւին եւ բովանդակութեանը կանդրադառնամ մի փոքր աւելի ուշ՝ քաղաքական համակարգի կայացման եւ հանրային կոնսեսուսի տեսանկիւնից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։