Հա

Ազգային

09/02/2020 - 08:40

Արթուր Եղիազարեան. «Արցախում կեղծ օրակարգերով, կեղծ խաղաղասիրական ուժերն ընտրութեամբ չպէտք է ազդեցութիւն ձեռք բերեն»

Պատմաբան, ռազմական փորձագէտ Արթուր Եղիազարեանը զրուցել է «168.am»-ի հետ։

«alikonline.ir» - Պատմաբան, ռազմական փորձագէտ Արթուր Եղիազարեանը զրուցել է «168.am»-ի հետ։

 

- ԱԱԾ նախկին ղեկաւար Դաւիթ Շահնազարեանը յայտարարել էր, թէ «Ժնեւում ընթանում են բովանդակային բանակցութիւններ, քննարկւում է հարցերի լայն շրջանակ, որտեղ առանցքային են ԼՂ հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակեցման գօտիների ստեղծումը, բայց առաջին հերթին՝ բանակցւում է Շուշիի հարցը»: ՀՀ ԱԳՆ-ից այս դատողութիւններն իրականութիւնից հեռու համարեցին: Այս համատեքստում կը խնդրէի յետադարձ հայացք գցել եւ յիշեցնել` Շուշիի հարցը երբեւէ առանցքային եղե՞լ է բանակցային գործընթացում, որ հիմա հանկարծ պիտի նորից վերադառնային դրան: Այսինքն՝ դիւանագիտական դաշտում երբեւէ Շուշիի ճակատագիրը վտանգւած եղե՞լ է:

- Ժնեւեան բանակցութիւնները, ընդհանուր առմամբ, փակ են եղել, բանակցութիւնների բովանդակութեանը եւ արդիւնքներին տեղեակ չենք, դժւար է այս պահին յստակ գնահատել, չնայած որոշ ենթադրութիւններ կարելի է անել՝ համանախագահողների, ինչպէս նաեւ՝ հայ եւ ադրբեջանցի դիւանագէտների կցկտուր խօսքերից։

ԼՂՀ-ում, առաւելապէս՝ ազատագրւած տարածքներում, հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակեցման գօտիների ստեղծումը ամենավտանգաւոր քայլերից մէկը կարող է լինել այս բնոյթի բանակցութիւններում։ Սա խորամանկ քայլ է ու ծուղակ կարող է լինել հայկական կողմի համար։ Բոլորն էլ հասկանում են, որ հայկական կողմի հետ հնարաւոր չէ խօսել ռազմական ճանապարհով հարցի լուծման ուղղութեամբ։ Եւ կարծես ընտրւել է հարցի «փափուկ» լուծման ուղին՝ «հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին նախապատրաստել «խաղաղութեանը»՝ համատեղ բնակութիւն հաստատելով ազատագրւած տարածքներում։

Ակնյայտ է, որ նման պայմաններում հայերը չեն վերադառնալու Ադրբեջանի բնակավայրեր (Բաքու, Սումգայիթ, Գանձակ եւ այլն)։ Իսկ ազատագրւած տարածքներում, նախքան արցախեան գոյամարտը՝ հայ բնակչութիւնը նոսր է եղել ու այսօր էլ, Ադրբեջանի 1988-1992 թթ.-ի հայասպան քաղաքականութեան արդիւնքում՝ սփռւել է աշխարհով մէկ կամ հիմնարար հաստատւել ՀՀ բնակավայրերում, որոնց մեծամասնութիւնն այլեւս փախստականի կարգավիճակ չունի։ Բացի դա, յատկապէս ազատագրւած տարածքներում հայերի դուրսմղումը սկսւել էր դեռեւս դարեր առաջ, մասնաւորապէս՝ 18-20-րդ դարերում, երբ սկզբում հարաւից Արցախ ներթափանցեցին վաչկատուն թիւրքական ցեղերը եւ բռնութեամբ հաստատւեցին Արցախի եւ Ուտիքի յատկապէս դաշտային հայկական գաւառներում ու բնակավայրերում՝ փոխելով կամ աղճատելով այդ տարածքների ժողովրդագրական պատկերը, այնուհետեւ՝ 1918-1920 թթ.-ին, արհեստական ստեղծւած Ադրբեջանի Հանրապետութեան հակահայկական քաղաքականութեան արդիւնքում, որ ուղեկցւում էր նախագծւած ջարդ-կոտորածներով, էլ աւելի հայաթափւեցին այդ գաւառները, իսկ խորհրդային տարիներին Ադրբեջանի ԽՍՀ շարունակաբար վարած հակահայ քաղաքականութեան հետեւանքով՝ այդ տարածքներում հայութեան փշուրներ էին մնացել։

Վառ օրինակ է Նախիջեւանի ԻԽՍՀ-ն, որտեղ խորհրդային կարգերի հաստատման սկզբում դեռեւս 44%-ը հայեր էին, բայց արցախեան գոյամարտից առաջ հազիւ բնակչութեան 1-2%-ն էին մնացել, որոնք էլ վերջնական դուրս մղւեցին 1988-1989 թթ.-ին։

Վերադառնալով հարցին՝ վստահ եմ, որ ազատագրւած տարածքներ վերադարձողներն ադրբեջանցիները կը լինեն, քանի որ նախորդող քառորդ դարում Բաքւի իշխանութիւնները մտածւած նրանց պահել են փախստականի կարգավիճակում՝ յատուկ ճամբարներում, որպէսզի շահարկեն շատ փախստական ունենալու հանգամանքը, այն դէպքում, երբ Հայաստանի համեմատ՝ ունէին տնտեսապէս աւելի բարւոք վիճակ եւ վաղուց կարող էին այդ մարդկանց կեցութիւնն ապահովել։ Ադրբեջանի նախկին հայ բնակչութիւնն այնքան շատ անշարժ գոյք, տուն է հարկադրւած թողել, որ կարող էին հէնց միայն դրանով լուծել այդ մարդկանց ապրելու հարցը։ Բայց նրանց Ադրբեջանի բռնապետական իշխանութիւններն այդ վիճակում պահել են շահարկման համար եւ հիմա որպէս խաղաքարտ՝ կը փորձեն օգտագործել։ Ամփոփելով ԼՂՀ-ում «հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակեցման գօտիների ստեղծման» հարցը, վստահութեամբ կարող եմ ասել՝ եթէ այդպիսի չարաբաստիկ քայլն իրականանայ, վստահ եմ, որ նոր հայ-ադրբեջանական սահմանագիծը կանցնի այնտեղով, որտեղով կը տեղակայւեն այդ գօտիների «անվտանգութիւնն» ապահովող «խաղաղապահ» ուժերը։

Իսկ Շուշիի հարց, որպէս այդպիսին՝ առանձին քննարկելի բանակցային հարց չեմ յիշում, որ երբեւէ գոյութիւն ունեցած լինի։ Այն տեղաւորւում է ընդամենն ադրբեջանական կողմի ընդհանուր պահանջատիրութեան շրջանակում, այսինքն՝ Արցախի ինքնորոշման իրաւունքը չճանաչելու, Արցախն Ադրբեջանի անքակտելի մաս համարելու եւ ադրբեջանցի բնակչութեան վերադարձն ապահովելու՝ իրենց անզիջում քաղաքականութեան շրջանակում։

 

- Դուք տարբերութիւն տեսնո՞ւմ էք «Արցախի ժողովրդի ընտրեալ ներկայացուցիչներ» եւ «Արցախի ընտրեալ ներկայացուցիչներ» ձեւակերպումների միջեւ: ՀՀ ԱԳՆ-ն ասում է, որ այս տերմինը գործածութեան մէջ է 1992 թւականից:

- Սկզբունքօրէն նոյն բանն է, եթէ Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ Արցախի անկախ Հանրապետութեան հռչակման շրջանակում է դիտարկւում։ Բայց մենք գիտենք, որ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի օրինական անկախութիւնը, օրինական պետականութիւնը եւ արցախահայութեան օրինական ինքնորոշումը։ Եթէ արցախահայութեանը դիտարկում են համայնք ու հաւասարեցնում շրջանառութեան մէջ դրւած «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» շինծու հասկացութեան հետ՝ հետեւաբար՝ պէտք է ձեր նշած ձեւակերպումները յստակեցնել բովանդակային իմաստով եւ ոչ մի պարագայում զուգահեռներ չտանել ու չհաւասարեցնել այդ երկու անհամեմատելի հասկացութիւնները։ Արցախում չկայ հայ համայնք, կայ պետութիւն եւ այդ պետութեան բնակչութիւն՝ քաղաքացու կարգավիճակում։

 

- Ինչպէ՞ս էք գնահատում Արցախում վերաբնակեցման քաղաքականութիւնը, ի վերջոյ, վերաբնակեցումն անվտանգութեան կարեւոր բաղադրիչ է: Այստեղ կա՞ն թերացումներ:

- Արցախում վերաբնակեցման հարց չկայ, քանի որ Արցախը մշտապէս, հազարամեակներով ունեցել է բնիկ հայ բնակչութիւն։ Եթէ խօսքը վերաբերում է պատմական Հայաստանի Արցախի, Ուտիքի եւ Սիւնիքի երբեմնի հայկական գաւառներին, որոնք վերջին 200-250 տարում բռնութեան կամ յատուկ վարւած քաղաքականութեան արդիւնքում հայաթափւել էին ու 25-26 տարի առաջ վերջնականապէս ազատագրւել, վերադառնալով պատմական տէրերին՝ հայերին, ու դառնալով վարչական շրջաններ կամ շրջանների մասեր Արցախի Հանրապետութեան կազմում, ապա այո, խնդիր կայ։ Պէտք է մշակւի այդ տարածքների վերաբնակեցման հայեցակարգ-ճանապարհային քարտէզ։ Ցաւօք, հետզինադադարեան տարիներին կցկտուր-կարկատանային քաղաքականութիւն է եղել։ Բայց սա մեր պետականութեան անվտանգութեան հարցն է առաջին հերթին, եւ սա պէտք է դիտարկել՝ որպէս հրատապ լուծման կարիք ունեցող հարց։ Պէտք է բոլորս հասկանանք մի բան. ազատագրւած տարածքները բեռ չեն, այլ հակառակը՝ զարգանալու հնարաւորութիւն։ Հետեւաբար՝ ճիշտ է ու անքննարկելի այս հարցում ՀՅԴ կարգախօսը՝ «Զարգանալ՝ չզիջելո՛վ»։

 

- Արցախում սպասւող խորհրդարանական եւ յատկապէս նախագահական ընտրութիւնների արդիւնքները կարծես թէ նախորդների համեմատ պակաս կանխատեսելի են, ինչը գուցէ իր վատ կողմերն ունի: Չնայած բաւականաչափ թեկնածուների մէջ գլխաւոր դերակատարները 2-3-ն են, թերեւս: Եթէ կուսակցական (ՀՅԴ-Մ.Պ.) դիտարկումներից մի պահ հեռանանք, Ձեզ համար պա՞րզ են ընտրութիւնների պատկերի ընդհանուր ուրւագծերը, հնարաւոր զարգացումները:

- Համամիտ եմ, որ կանխատեսելիութիւնը քիչ է, բայց ո՛չ, պարզ չեն։ Ուղղակի այս պահին անձնապէս ապաւինում եմ արցախահայութեան լայնախոհութեանը եւ ողջամտութեանը՝ ճիշտ ընտրութիւն անելու հարցում։ Արցախահայութիւնը հայութեան մէջ ամէնից երկար ինքնիշխան պետականութիւն ունեցած հատւածն է՝ մինչեւ 387 թւականի բաժանումը՝ Մեծ Հայքի կազմում, այնուհետեւ՝ Աղվանքի (Առանշահիկների) ինքնուրոյն թագաւորութեան, հետագայում՝ Խամսայի Մելիքութեան եւ այլ կազմաւորումների տեսքով։ Յուսով եմ, որ ճիշտ ընտրութիւն կը կատարի թէ խորհրդարանական, եւ թէ նախագահի ընտրութեան հարցում՝ չվտանգելով իր իսկ գոյութիւնը եւ չթուլացնելով պետականութիւնը։ Արցախում ծայրայեղութիւններ, ցնցումներ եւ խամաճիկային իշխանութիւններ հաստատ պէտք չեն։

 

- Համամի՞տ էք այն մտահոգութիւններին, որ Արցախում յեղափոխական տարրեր են նկատւում՝ ոչ դրական առումով:

- Ցաւօք՝ այո։ Կեղծ օրակարգերով, կեղծ խաղաղասիրական ուժերն ընտրութեամբ չպէտք է ազդեցութիւն ձեռք բերեն։ Պատերազմը դեռեւս չի աւարտւել, գինը շատ թանկ կարող է նստել ոչ միայն՝ Արցախի, այլ նաեւ՝ ողջ հայկական պետականութեան համար։ Մեզ հիմա համախմբւածութիւն է պէտք։

 

- Տեղափոխւենք ռազմաքաղաքական հարթութիւն. ՀՀ ռազմական դոկտրինն ընդունւել է 2007-ին, որոշ ժամանակ առաջ խօսակցութիւններ եղան, որ նորի մշակման գործընթաց է սկսւելու, Ըստ Ձեզ՝ որպէս ռազմական փորձագէտ, ներկայ արագ փոփոխւող աշխարհաքաղաքական իրավիճակում, նոր խաղացողների առկայութեան պարագայում, բացի մեր հիմնական սպառնալիքներից` Ադրբեջան, Թուրքիա, ի՞նչ նոր խնդիրներ եւ հանգամանքներ պիտի ներառւեն ռազմական նոր դոկտրինում:

- Տարողունակ հարց է, բայց փորձեմ համառոտ, ընդհանուր գծերով ասել։ Քանի դեռ պատերազմն Ադրբեջանի հետ չի աւարտւել, քանի դեռ մերձաւորարեւելեան տարածաշրջանը եռում է, քանի դեռ չի աւարտւել աշխարհի նոր վերաձեւումը՝ հայկական պետականութիւնների ողջ տնտեսութիւնը պէտք է յարմարեցւի պատերազմական իրավիճակին, մեծացւի ռազմական եւ դիւանագիտական զգօնութիւնը, բանակն օրէցօր հզօրացւի, եւ ձեւաւորւի կուռ ու համերաշխ հանրութիւն՝ առաջիկայ մարտահրաւէրներին դիմակայելու եւ, ոչ միայն՝ անկորուստ, այլեւ՝ նոր ձեռքբերումներով դուրս գալու ու առաջ գնալու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։