Պարբերաբար անդրադառնում ենք սոցիալական պաշտպանութեան ոլորտում համակարգային բարեփոխումների յետաձգմանը, դրանց իրական պատճառներին ու հետեւանքներին: Ներկայացրել ենք այս ոլորտի ապաշնորհ կառավարման մի շարք ձախողումներ: Իհարկէ, այս ամէնն արձանագրւում է գործող իշխանութիւնների չիրականացւող խոստումների ֆոնին:
Պարբերաբար անդրադառնում ենք սոցիալական պաշտպանութեան ոլորտում համակարգային բարեփոխումների յետաձգմանը, դրանց իրական պատճառներին ու հետեւանքներին: Ներկայացրել ենք այս ոլորտի ապաշնորհ կառավարման մի շարք ձախողումներ: Իհարկէ, այս ամէնն արձանագրւում է գործող իշխանութիւնների չիրականացւող խոստումների ֆոնին:
Այս մէկն առանձնայատուկ է իր նոր՝ սպեկուլիատիւ բնոյթով:
Խօսքը վերաբերում է «Սոցիալական աջակցութեան մասին» օրէնքի փոփոխութիւնների նախագծին, որը կառավարութեան ներկայացմամբ՝ քննարկւեց Ազգային ժողովի փետրւարի 11-ի նիստում: Երկու-երեք տողանոց այս նախագծով ընդամենն առաջարւում է սոցիալական աջակցութեան տրամադրման ոլորտում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեան, մարզպետարանների եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազօրութիւնների պարզ վերաբաշխում: Նախագծի ընդունման դէպքում տեղական ինքնակառավարման մարմինները չեն իրականացնի կառավարութեան կողմից պատւիրակւած սոցիալական ծառայութիւնները: Իսկ այդ լիազօրութիւնները կը փոխանցւեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութեանը:
Նախագիծն էլ ներկայացւեց այնպէս, որ հէնց այս փոփոխութեամբ կը լուծւեն սոցիալական աջակցութեան խնդիրները՝ որպէս կառավարութեան կողմից խոստացւած համակարգային բարեփոխում:
Իրականում այս փոփոխութիւնը եւ դրա պոպուլիստական ներկայացումը ձախողւած հերթական փորձերն են՝ խոստացած համակարգային բարեփոխումները յետաձգելու եւ նախորդ երկու տարիներին սեփական անգործութիւնը քողարկելու նպատակով: Եւ գուցէ յանգեցնի նաև սոցիալական աշխատողների հաստիքների որոշակի կրճատման:
Սակայն պէտք է յիշեցնել՝ գործող իշխանութիւնները խոստացել էին ընտանիքների անապահովութեան գնահատման համակարգի արմատական վերանայում, որը հանդիսանում է սոցիալական աջակցութեան քաղաքականութեան հիմնական եւ որոշիչ գործիքը:
Գործող համակարգի հիմնական խնդիրները վերաբերում են դրա գործառնական հիմքերին, որոնք սահմանւած են կառավարութեան որոշումներով եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամաններով:
Իշանափոխութիւնից յետոյ արդէն անցել է բաւարար ժամանակ՝ շուրջ երկու տարի: Սակայն անապահովութեան գնահատման համակարգի խոստացւած արմատական վերանայումը՝ կառավարութեան որոշումների եւ նախարարի հրամանների համապատասխան փոփոխութիւններն իրականացւած չեն: Իսկ կատարւած մէկ-երկու փոփոխութիւնները կրել են ոչ թէ համակարգային, այլ կոսմետիկ բնոյթ՝ առաւել խորացնելով գործող համակարգում առկայ խնդիրները: Մասնաւորապէս, անապահովութեան անուղղակի գնահատման եղած ցուցանիշներն են աւելացւել խնդրահարոյց նոր ցուցանիշներով: Իսկ քաղաքականութեան պատասխանատուները սիրողական մակարդակով այս խնդիրների մասին միայն պարբերաբար խօսում են:
Միւս կողմից՝ յետաձգւում է բնակչութեան եկամուտների համատարած յայտարարագրման համակարգի ներդրումը, առանց որի անհնար է ապահովել անապահովութեան եւ սոցիալական կարիքների օբեկտիւ գնահատում:
Կիրառւող մեթոդը հիմնւած է գնահատման անուղղակի ցուցանիշների, ոչ բաւարար տեղեկատւութեան եւ սոցիալական աշխատողի սուբեկտիւ եզրակացութեան վրայ: Սրանով են հիմնականում պայմանաւորւած կոռուպցիոն պահպանւող ռիսկերը, ընտանեկան եւ սոցիալական նպաստների, ինչպէս նաեւ սոցիալական աջակցութեան միւս ծրագրերի հասցէականութեան խնդիրները:
Իրական լուծում ապահովող փոփոխութիւնները պէտք է սկսել հէնց անապահովութեան եւ սոցիալական կարիքի գնահատման մեթոդաբանական ու տեղեկատւական հիմքերի ապահովումից: Այս ուղղութեամբ անհրաժեշտ էր շարունակել մեկնարկած համակարգային բարեփոխումները մասնագիտական համակարգւած աշխատանքով:
Հետեւաբար, սոցիալական ծառայութիւններ մատուցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպութիւնների ենթակայութեան փոփոխութիւնները, միաւորումները, եղած լիազօրութիւնների վերաբաշխումները, որոնք առաջարւում են վերը նշւած օրէնքի նախագծով, եւ նմանօրինակ մեխանիկական այլ փոփոխութիւններն՝ ի սկզբանւ ձախողւած են արդիւնքի տեսանկյունից: Ի դէպ՝ մեր երկրի բնակչութեան 23.5 տոկոսն աղքատ են: Իսկ 2018թ. աղքատութեան մակարդակի նւազման տեմպը 70 տոկոսով զիջել է 2017թ. ցուցանիշը, նաեւ՝ աշխատողների 25 տոկոսը շարունակում են աղքատ մնալ:
Նշւած խնդիրները համակողմանի են, իսկ լուծումները բարդ են: Պոպուլիզմն այստեղ որեւէ իրական արդիւնք չի ունենալու:
Յոյսը միշտ կայ …
Թադէոս Աւետիսեան
ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի
ծրագրերի համակարգող