Հա

Ազգային

16/02/2020 - 08:10

«Դաշնակցութեան համար անընդունելի են մեր յաղթանակները խաթարող զիջողական մօտեցումները». Դաւիթ Իշխանեան

Արցախի Հանրապետութեան նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հարցազրոյցը Armenia today-ին:

«alikonline.ir» - Արցախի Հանրապետութեան նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հարցազրոյցը Armenia today-ին:

 

- Պարոն Իշխանեան, դուք որպէս ԱՀ նախագահի թեկնածու, չէք արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կոչին՝ ներկայացնել Արցախեան հիմնահարցի լուծման Ձեր դիրքորոշումը: Ինչո՞վ էք դա բացատրում:

- Ես հետեւել եմ Արցախի հիմնահարցի ուղղութեամբ Կապանում հնչեցրած ՀՀ վարչապետի խօսքին եւ ԱՀ նախագահի թեկնածուների արձագանքներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կոնկրետ տեղեկութիւններ չի տւել մամուլի ասուլիսի ժամանակ, մէջբերել է ինչ-որ լրատւամիջոցի ինչ-որ հրապարակում, որին արձագանքելու անհրաժեշտութիւն չեմ տեսել, քանի որ Նիկոլ Փաշինեանի կողմից մէջբերւած կէտերը Արցախի հարցի լուծման ուղղութեամբ չեն կարող ընդունելի լինել Դաշնակցութեան համար ոչ անցեալում, ոչ հիմա, ոչ էլ ապագայում:Մեր քաղաքական դիրքորոշումը յստակ ու պարզ է եղել դեռեւս 1990-ական թւականներից, եւ ոչ ոք չի կարող կասկածել Դաշնակցութեան վճռականութեանն ու ուղղամտութեանը:

Դաշնակցութեան համար անընդունելի են բոլոր այն առաջարկներն ու զիջողական մօտեցումները, որոնք խաթարում են մեր յաղթանակները:

 

- ՀՀ-ում կայացած ընտրութիւնների արդիւնքում ՀՅԴ ներկայացւած չէ խորհրդարանում, այս առումով ինչպէ՞ս էք գնահատում Ձեր շանսերն Արցախում:

- Արցախում Դաշնակցութիւնը միշտ էլ կայուն ընտրազանգւած է ունեցել: Արցախի ժողովուրդը չի մոռացել ՀՅԴ աւանդը Արցախի ազատագրման գործում: Առաջին զինւած խմբերը ստեղծւել են Դաշնակցութեան միջոցով, առաջին զէնքերը Դաշնակցութիւնն է Արցախ հասցրել։ ՀՅԴ-ի հիմնական գործառութիւնը զինւելն էր, որովհետեւ մենք անցել էինք ինքնապաշտպանութեան, Հանրապետութեան կերտման ուղին եւ գիտենք, որ ամենալաւ պաշտպանութիւնը պատերազմին միշտ պատրաստ լինելու մէջ է:

Սփիւռքի հետ Արցախի յարաբերութիւններում հիմնական դերը վերապահւած է հէնց ՀՅԴ-ին: Հիմա էլ ՀՅԴ-ն իր աշխարհասփիւռ կառոյցներով աշխատում է Արցախի ճանաչման, միջազգային տարբեր հարթակներում մեր դատը ներկայացնելու, Արցախին տնտեսական հարցերում օժանդակելու ուղղութեամբ: ՀՅԴ տարբեր կառոյցներ ներդրումներ են կատարում Արցախում, ՀՅԴ Արցախի կառոյցի միջոցով իրականացնում են սոցիալական, տնտեսական բազում ծրագրեր:

Այս բոլորը դրական նստւածք են թողել ժողովրդի մէջ եւ ըստ այդմ մենք կայուն ընտրազանգւած ու մեր պատկառելի տեղն ենք ունեցել խորհրդարանում: Չենք կասկածում, որ այս անգամ էլ յաջողութիւններ կունենանք: Ճիշտ է, աննախադէպ կերպով շատացել է կուսակցութիւնների մասնակցութիւնը գալիք ընտրութիւններին, որը ձայների փոշիացում է ենթադրում: Բայց դրանով հանդերձ վստահ ենք, որ ունենալու ենք նշանակալի դեր ԱՀ Ազգային Ժողովում:

 

- Լուրեր են պտտւում, որ Արցախում փոքր ՀԷԿ-երի մի մասը պատկանում են Դաշնակցութեանը: Ինչքանո՞վ են այդ լուրերը հաւաստի:

- Նախեւառաջ ուզում եմ շեշտել, որ Դաշնակցութիւնը ՀԷԿ չունի Արցախում, այլ դաշնակցական որոշ ընկերներ ՀԷԿ-երում բաժնեմասեր ունեն: Արցախում առաջին ՀԷԿ-երը հիմնադրւել են հէնց նրանց ներդրումների շնորհիւ: Այն օրերին, երբ դեռ ոչ ոք Արցախի այդ շրջաններում ներդրում չէր անում, ապահովութեան մտավախութեան կամ զիջողական տրամադրութիւնների ազդեցութեան տակ, դաշնակցականները որոշեցին ներդրումներ անել՝ այդպիսով միւսներին եւս ներդրումների մղելու եւ Արցախի էներգետիկ ապահովութեան նպատակով: Բայց ամէն ինչ չափի մէջ է գեղեցիկ: Վերջերս պարզւեց, որ փոքր ՀԷԿ-երի թոյլտւութիւնները տրւել են խորհրդային ժամանակների տւեալների հիման վրայ, որոնք չեն կարող հաւաստի լինել:

Երկրի բնական հարստութիւնները միայն մեր սերնդի օգտագործման համար չեն: Մենք այս երկիրը իր բնական հարստութիւններով, ապահով ձեռքերում պահելով պէտք է յանձնենք յաջորդ սերունդներին: Այս սկզբունքներն ամրագրւած են նաեւ ՀՅԴ ծրագրում: Պէտք է այնպիսի մօտեցումներ մշակել, որպէսզի նւազագոյն վնաս հասցւի բնութեանը:

 

- Աննախադէպ թւով կուսակցութիւնների եւ նախագահի թեկնածուների առկայութիւնը չի կարո՞ղ արդեօք պառակտւածութիւն մտցնել հասարակութեան մէջ:

- Մենք կանխատեսել էինք, որ այդ հանգամանքը հասարակութեան մէջ պառակտման, թշնամանքի մթնոլորտ կարող է առաջացնել եւ դրա համար 2019թ. յունիս-յուլիս ամիսներից այդ ուղղութեամբ աշխատանք ենք տարել: Մեր շրջանի ՀՅԴ բարձրագոյն ժողովը Կենտրոնական կոմիտէին յանձնարարել էր միւս կուսակցութիւնների, քաղաքական ուժերի եւ անհատ թեկնածուների հետ բանակցութիւններ վարել՝ միասնական օրակարգի եւ նախագահի համաձայնեցւած թեկնածուի առաջարկութիւնների թեմայով: Մենք օգոստոս ամսից սկսած հանդիպումներ ենք ունեցել համարեայ բոլոր կուսակցութիւնների, այնուհետեւ ԱՀ նախագահի հաւանական թեկնածուների հետ: Առաջին փուլում համաձայնութեան հասանք 7 կէտից բաղկացած միասնական օրակարգի շուրջ, սակայն երկրորդ փուլում չկարողացանք համախոհութիւն ստեղծել ԱՀ նախագահի հաւանական թեկնածուի անձի շուրջ, որովհետեւ իւրաքանչիւրն իրեն էր տեսնում որպէս համաձայնեցւած թեկնածու:

Նախագահական եւ խոհրդարանական ընտրութիւններն անհատական ամբիցիաների բաւարարման պայքարի են վերածւում՝ ծրագրային եւ գաղափարական հարցեր շօշափելու փոխարէն: Սա յանգեցնում է պառակտման, թշնամանքի, իրար դէմ սեւ փիառի, որն Արցախի համար աննախադէպ է:

Այնուհանդերձ վստահ եմ, որ, աւարտւելով ընտրութիւնների փուլը, հնարաւորութիւն կունենանք դարձեալ միասնական օրակարգի շուրջ գործնական քայլեր իրականացնել եւ համատեղ ուժերով Արցախի դէմ ծառացած հիմնախնդիրները յաղթահարել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։