Հա

Ազգային

17/02/2020 - 09:10

Մեր ճակատագրերը նոյնական են. շնորհակալութեան երթ եւ տօնական ընդունելութիւն ՀՀ-ում Սիրիայի դեսպանատանը

Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւը կարելի է պատմական համարել նաեւ այն առումով, որ նրանում առկայ է «Արեւմտեան Հայաստան» եզրոյթը: Ռուսաստանի, Կիպրոսի եւ Սլովակիայի բանաձեւերի հետ այս իմաստով բաւական ընդհանրութիւններ ունեցող այս բանաձեւում յստակ ուղերձ կայ առ այն, որ հայութիւնը ցեղասպանութեան է ենթարկւել հէնց իր պատմական հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում:

«alikonline.ir» - Սիրիայի խորհրդարանի՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման մասին բանաձեւը կարելի է պատմական համարել նաեւ այն առումով, որ նրանում առկայ է «Արեւմտեան Հայաստան» եզրոյթը: Ռուսաստանի, Կիպրոսի եւ Սլովակիայի բանաձեւերի հետ այս իմաստով բաւական ընդհանրութիւններ ունեցող այս բանաձեւում յստակ ուղերձ կայ առ այն, որ հայութիւնը ցեղասպանութեան է ենթարկւել հէնց իր պատմական հայրենիքում՝ Արեւմտեան Հայաստանում: Այսինքն՝ այտեղ խօսքը նաեւ հայրենազրկման եւ դրանից բխող փոխյատուցման մասին է, ինչը աշխարհի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ընթացքը մի նոր մակարդակի է բարձրացնում. ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատւութեան գրասենեակի «Երթ՝ շնորհակալութեան» խորագրով քայլերթի մեկնարկին, անդրադառնալով Սիրիայի խորհրդարանի կողմից օրեր առաջ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման փաստին՝ Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը:

Սիրիայի եւ Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած մի շարք այլ պետութիւնների պետական դրօշների գունապնակով շնորհակալութեան երթը, որին մասնակցում էին նաեւ մի շարք բուհերի ուսանողներ եւ հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ, մեկնարկեց Մարտիրոս Սարեանի անւան զբօսայգուց եւ ուղղւեց դէպի ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպանատուն, որտեղ սկաուտների թմբուկների հնչիւնների ներքոյ երթի մասնակիցներին դիմաւորեց ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը:

«Սիրիայի ժողովուրդը Հայոց Ցեղասպանութեան տարիներին ոչ միայն իր յարկի տակ ընդունեց մազապուրծ հայութեան բեկորներին, այլեւ հնարաւորութիւն տւեց, որ արմատներ գցեն, ապրեն, սերունդեր տան եւ այսօր էլ հպարտանան թէ՛ Սիրիայով, թէ՛, իբրեւ հայեր, իրենց ծագումով»,- դեսպանատանը տեղի ունեցած պաշտօնական միջոցառմանն իր ելոյթում նշեց Արծւիկ Մինասեանը՝ շնորհակալութիւն յայտնելով Սիրիայի իշխանութիւններին, երկրի խորհրդարանի բոլոր այն պատգամաւորներին, ովքեր նախաձեռնեցին եւ իրականացրին Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումը:

ՀՅԴ ԳՄ անդամը ծափահարութիւնների ներքոյ յատուկ շնորհակալութիւն յայտնեց նաեւ Սիրիայի Հանրապետութեան նախագահ Բաշշար Ասադին, ով ոչ միայն արժեւորել է ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները եւ իր կամքով ու վճռականութեամբ ստեղծել հայութեան բարեկեցութեան ապահովման, ինտեգրման պայմաններ, այլեւ այս ծանր փուլում, երբ Սիրիան դիմագրաւում է մի շարք ծայրայեղ ծանր մարտահրաւէրներ, պայքարում է պետութիւնների՝ ցեղասպանութեան տարրեր պարունակող վարքագծի դէմ, կարողանում է այսպիսի կարեւոր ուղերձներով հաստատել մեր երկու բարեկամ ժողովուրդների յարատեւ ապրելու, գոյատեւելու եւ սեփական պետականութիւնը ունենալու վճռականութիւնը:

«Ոչ միայն Դաշնակցութիւնը, այլեւ իւրաքանչիւր հայ այս փաստն ընկալում է որպէս պատմական ճշմարտութիւնը, մեր հայրենիքը վերականգնելու եւս մէկ քայլ: Մեր միացեալ հայրենիքի կերտման ճանապարհին սա անհրաժեշտ քայլ է: Սա հնարաւորութիւն է տալիս ուղղելու մեր խօսքը աշխարհին, այն երկրներին, որոնք դեռ չեն ճանաչել: Օր առաջ ճանաչումը կանխում է աշխարհում հնարաւոր նոր ցեղասպանութիւնները, իրաւունքների վերականգնումը եւ յատուցումը ենթադրում է ապագայում որեւէ երկրի կամ իշխանութեան կողմից ազգի նկատմամբ ցեղասպանական գործողութեան բացառում»,- իր ելոյթում փաստեց Արծւիկ Մինասեանը եւ աւելացրեց, որ, որպէս բարեկամ պետությեան եւ ժողովրդի հանդէպ ունեցած երախտագիութեան արտայայտութիւն, Հայաստանն այսօր, Սիրիայի պատմութեան այս ծանր փուլում, սիրայօժար տեղ է տւել նաեւ բազմաթիւ սիրիացիների:  

«Մեր ճակատագրերը նոյնական են: Մենք պէտք է միասին դիմակայենք Թուրքիայի ցեղասպանական քաղաքականութեանը: Թուրք-ադրբեջանական ցեղասպան վարքագիծը օր առաջ պէտք է կասեցւի»,- խօսքն այսպէս աւարտեց Արծւիկ Մինասեանը եւ ՀՀ-ում Սիրիայի դեսպանին յանձնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի երախտիքի խօսքը պարունակող թղթածրարը:

Պաշտօնական միջոցառմանն իրենց երախտիքի խօսքն ասացին նաեւ ՍԴՀԿ ներկայացուցիչ Վազգէն Մեսրոպեանը, Հայաստանում Սիրիայի ուսանողների անունից՝ Շուշան Հալաջեանը, դոկտոր Ջորջ Բարսեղեանը եւ այլք:

Տօնական ընդունելութեանը խօսքով հանդէս եկաւ նաեւ արտակարգ եւ լիազօր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը: Ողջունելով հայութեան ներկայացուցիչներին ՀՀ-ում Սիրիայի Հանրապետութեան նստավայրում՝ դեսպանը նշեց, որ մեծ պատիւ է հայութեանն ունենալ Սիրայի ժողովրդի, ուժեղ Սիրիայի կողքին՝ նախագահ Բաշշար Ասադի գլխաւորութեամբ:

«Սիրիան իր դռները բացեց ցեղասպանութիւնից մազապուրծ եղածների առջեւ, այն ցեղասպանութեան, որը կատարւեց Օսմանեան Թուրքիայում, եւ նոյնը կատարւում է այսօր՝ իրենց ժառանգորդ Թուրքիայի պետութեան կողմից»,- փաստեց դեսպանն՝ աւելացնելով՝ հպարտ է, որ Սիրիայի ժողովրդական ժողովն ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող, դատապարտող եւ պատմական ճշմարտութիւնը վեր հանող բանաձեւը:

«Հայ ժողովուրդը կարողացաւ ոտքի կանգնել եւ յաղթահարել ցեղասպանութիւնը, որը կատարւեց Արեւմտեան Հայաստանում եւ Սիրիայի հողերի վրայ»,- ասաց դեսպանն՝ աւելացնելով, որ այսօր Սիրիայի ժողովուրդը եւ բանակը նախագահ Բաշշար Ասադի գլխաւորութեամբ ամէն օր նոր յաջողութիւններ է գրանցում, եւ ինքը խոստանում է, որ Սիրիան ապագայում աւելի հզօր եւ ուժեղ է դառնալու, քան առաջ էր:

Դեսպանը նաեւ ողջունի խօսք յղեց Սիրիայի արաբական բանակի հերոսներին, ովքեր նոր նւաճումներ են գրանցում, որպէսզի Սիրիայի ժողովուրդն ապրի ապահով եւ խաղաղ: Նա նաեւ շնորհակալութիւն յայտնեց այն օժանդակութեան համար, որը տրամադրել է ՀՀ կառավարութիւնը՝ սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում: Դեսպանը մասնաւորապէս շնորհակալութիւն յայտնեց հայկական հումանիտար առաքելութեան իւրաքանչիւր անդամի, ով գտնւում է Հալէպում եւ իրականացնում է ականազերծման աշխատանքներ, այն ականների, որոնք, ըստ դեսպանի, ցանել են այդ ցեղասպանութիւնն իրագործողների ժառանգները:

ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետութեան դեսպանատանը կայացած տօնական ընդունելութեան աւարտին հայ ժողովրդական պարերի կատարմամբ հանդէս եկաւ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պարախումբը:

 

Վ. ՍԱՐԳՍԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։