Հա

Ազգային

18/02/2020 - 11:30

Հայկական կողմի դիրքորոշումն դեկլարատիւ բնոյթ ունի, յայտարարութիւնների մակարդակի եւ ոչ մի գործնական քայլ

ԱՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի տեսակէտներում անհամադրութիւն եւ որոշակի նահանջ է արձանագրել:

«alikonline.ir» - ԱՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի տեսակէտներում անհամադրութիւն եւ որոշակի նահանջ է արձանագրել: Aravot.am-ի հետ զրոյցում անդրադառնալով նախօրէին, Միւնխէնի անվտանգութեան կոնֆերանսում կայացած Նիկոլ Փաշինեան-Իլհամ Ալիեւ հրապարակային բանավէճին`Արցախի հիմնահարցի վերաբերեալ, պարոն Իշխանեանը, մասնաւորաբար, ասաց. «Միւնխէնեան հանդիպումից առաջ առիթներ ունեցել ենք Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան արտաքն գործերի նախարարների կողմց համապատասխան հրապարակային տեսակէտեր լսելու: Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի տեսակէտը նոյնական է եւ նոյնն է, այն փոփոխութեան չի ենթարկւում, բայց ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի տեսակէտերի մէջ անհամադրութիւն, որոշակի նահանջ կայ եւ թոյլ հիմնաւորումներ»:

Մեր զրուցակիցը նաեւ արձանագրում է`ամէնն աւելի ակնառու է դառնում, քանի որ հիմնահարցի վերաբերեալ միասնական դոկտրին էլ չկայ: Միասնական դոկտրինի անհրաժեշտութիւնն, ըստ նրա, ամէն օր առաւել արդիական է դառնում: «Ինչ վերաբերւում է ընդհանուր սկզբունքներին, կարծում եմ, ադրբեջանական կողմն այս պարագայում աւելի կոշտ սկզբունքներով հանդէս եկաւ»,- ասաց մեր զրուցակիցը: Հայկական կողմից նահանջ Դաւիթ Իշխանեանն արձանագրել է հետեւեալ կէտերով. միւնխէնեան բանավէճում Իլհամ Ալիեւը յղումներ արեց ԼՂՀ հարցի կարգաւորման փուլային տարբերակին. «Մենք, 2016 թւականի ապրիլեան պատերազմից յետոյ, կարծես թէ աւելի կոշտ դիրքորոշումներով հանդէս գալու հնարաւորութիւններ ունէինք, ինչը եւ կար: Խօսքը վերաբերւում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանաւորւածութիւններին`սահմանին մշտադիտարկման սարքաւորումների տեղադրում, ուժի կիրառման բացառում եւ այլն: Այդ պայմանաւորւածութիւնները, կարծես, մոռացութեան են տրւել, մինչդեռ դրանք պէտք էր աւելի ուժեղացնել, քանի որ նոր հնարաւորութիւններ էին ստեղծում»:

Դաւիթ Իշխանեանի տպաւորութեամբ, վերջին շրջանում հայկական կողմի դիրքորոշումն աւելի դեկլարատիւ բնոյթ ունի, յայտարարութիւնների մակարդակի եւ ոչ մի գործնական քայլ: Դիտարկմանը`իշխանության գալուց յետոյ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց Արցախը` բանակցային սեղան վերադառնալու մասին, հարցի կարգաւորումը նոր՝ իր կէտից սկսելու մասին եւ հարցին` այդ բանավէճն ուրւագծե՞ց վարչապետի յայտարարութիւններին միս եւ արիւն տալու պատրաստակամութիւնը: «Ինչո՞ւ միայն այդ դեբատը: Վերջերս ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ համանախագահող երկրներից մէկի դեսպանի հանդիպումը, Անջէյ Կասպրշիկի լուսանկարի հրապարակումը, մամուլում հրապարակւած բազմաթիւ նիւթերն ու տեղեկութիւնները մեզ հնարաւորութիւն են տալիս ենթադրելու, որ դա ունի իր անցեալ պատմութիւնը»: Դաւիթ Իշխանեանը Փաշինեան-Ալիեւ բանավէճը յաղթողի եւ պարտւողի տեսանկիւնից չի դիտարկում: Առհասարակ, ճիշտ չի համարում նման եզրայանգումներ անելը մէկ հանդիպման արդիւնքներով. «Բայց եղած հնարաւորութիւններից որոշակի նահանջ արձանագրելը, կարծում եմ, ճիշտ գնահատումներից մէկն է»:

Ինչ վերաբերւում է բանավէճի աւարտին, Նիկոլ Փաշինեանի կողմից Տիգրան Մեծի եւ Պոմպէոսի բանակցութիւններին յղում անելուն՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի այն յայտարարութեան, թէ Երեւանի բնակչութեան մեծամասնութիւնը ադրբեջանցիներ են եղել, ինչն էլ սոցիալական ցանցերում գնահատւեց նաեւ իբրեւ Փաշինեանի կողմից Ալիեւի «պորտը տեղը դնել», Դաւիթ Իշխանեանն արձագանքում է. «Պատմական անցքէրին տեղեակ լինելը, տիրապետելը լաւ է, բայց, կարծում եմ, իրականութեան մէջ պէտք է առաջնորդւել այլ սկզբունքներով: Քաղաքական դիտարկումները աւելի ակնառու պէտք է լինեն: Պատմական փաստարկները եւ պատմական անցեալն օգտագործել, որպէս սկզբունքներ եւ յիշեցնել, կարծում եմ, մի քիչ տեղին չէր: Մենք, իհարկէ, հպարտանում ենք Տիգրան Մեծի եւ մեր պատմական անցեալի յաջողութիւններով, բայց տւեալ պարագայում, յաջողութիւնների շարքում, կարծում եմ, աւելի շատ պէտք է յղում անենք արցախեան ազատամարտի յաղթանակներին եւ այդ յաղթանակն ամրագրենք դիւանագիտական ճանապարհով»:

Հարցին`արդեօք Նիկոլ Փաշինեանի անփորձութիւնից էր, որ երբ Իլհամ Ալիեւը խօսում էր Խոջալուի դէպքերի մասին, ՀՀ վարչապետը չյիշեցրեց Սումգայիթի եւ Բաքւի ջարդերի մասին: «Չեմ կարծում անփորձութեան խնդիր է, բայց միւս կողմից նաեւ համակարգւած փաստարկների եւ համակարգւած աշխատանքի բացակայութեան խնդիր եմ տեսնում»,- պատասխանեց Դաւիթ Իշխանեանը՝ յաւելելով, որ միջազգային տարբեր հարթակներում մենք անընդհատ ականատես ենք լինում ադրբեջանական դիւանագիտական կորպուսի համակարգւած եւ ակտիւ աշխատանքին, մինչդեռ, հայկական դիւանագիտական կորպուսը, ինչպէս նախկինում, այնպէս էլ այժմ, այդ առումով կաղում է:

 

Նելլի Գրիգորեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։