Հա

Ազգային

19/02/2020 - 08:50

Նրանք մերժեցին օտար բարքերը. Գառնիում նշել են Փետրւարեան ապստամբութեան տարեդարձը

1921 թ. Փետրւարեան ապստամբութեան օրերին Գառնին այն գլխաւոր ուղղութիւններից էր, որտեղից սկիզբ առաւ եւ ընթացաւ անկախութեան վերականգման պայքարը: Ամէն տարի Գառնիում՝ գառնեցի յայտնի գործիչներ Խնկոյի եւ Մակեդոնի, խմբապետեր Վարդանի, Արտուշի, Մարտիրոսի ու Ղազարի գերեզմաների մօտ տեղի է ունենում խնկավառութիւն՝ ի յիշատակ Հայաստանի ազատագրութեան համար մարտնչած հայորդիների:

«alikonline.ir» - Այսօր այն օրն է, երբ  Հայաստանի Հանրապետութեան ազատագրութեանը մասնակցած եւ Առաջին Հանրապետութիւնը կերտած անձինք ապստամբեցին եւ կարողացան վերահաստատել հայ ժողովրդի ազատ ապրելու իրաւունքը. 99 տարի առաջ այս օրը բոլշեւիկեան լծի տակ գտնւելու պայմաններում կազմակերպւեց  ապստամբութիւն, որը բոլշեւիկները բնութագրում էին որպէս «աւանտիւրա», իսկ իրականում այն ազատագրական ապստամբութիւն էր, որովհետեւ բռնութիւնները եւ դաժան վերաբերմունքը խորհրդային կարգերի հաստատման պահից տիրել էր ամբողջ Հայաստանում, որին զոհ գնացին բազմաթիւ հայորդիներ. այս մասին երէկ՝ փետրւարի 18-ին Գառնի գիւղում Փետրւարեան ապստամբութեան հայ խմբապետների եւ մարտիկների շիրիմների առջեւ յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը. տեղեկացնում է Yerkir.am-ը:

1921 թ. Փետրւարեան ապստամբութեան օրերին Գառնին այն գլխաւոր ուղղութիւններից էր, որտեղից սկիզբ առաւ եւ ընթացաւ անկախութեան վերականգման պայքարը: Ամէն տարի Գառնիում՝ գառնեցի յայտնի գործիչներ Խնկոյի եւ Մակեդոնի, խմբապետեր Վարդանի, Արտուշի, Մարտիրոսի ու Ղազարի գերեզմաների մօտ տեղի է ունենում խնկավառութիւն՝ ի յիշատակ Հայաստանի ազատագրութեան համար մարտնչած հայորդիների:

Միջոցառման մասնակիցները, որոնց թւում էին նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Աշոտ Սիմոնեանը, ՀՅԴ Գառնու Կոմիտէութեան անդամները եւ մի շարք այլ հասարակական-քաղաքական եւ կուսակցական գործիչներ, այցելեցին Գառնու Ս. Աստւածածին եկեղեցու բակում թաղւած խմբապետներ Խնկոյի եւ Մակեդոնի, այնուհետեւ՝ գիւղական գերեզմանոցում թաղւած խմբապետներ Վարդանի եւ Արտուշի գերեզմաններին, որից յետոյ ուղեւորւեցին Գառնի տանող ճանապարհի վրայ գտնւող պանթէոն: Այստեղ Մարտիրոսից եւ Ղազար Քոչարեանից բացի, յանգչում են նաեւ Արցախեան հերոսամարտում եւ զինադադարի շրջանում զոհւած մարտիկները:

«Հայորդիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, կացնահարումը խօսում էր բոլշեւիկների ապազգային եւ ազգակործան քաղաքականութեան մասին: Սա էր համաժողովրդական ընդվզման պատճառը: 1921 թ. փետրւարի 18-ին հայ ժողովուրդը մէկ անգամ եւս ապացուցեց, որ չի հանդուրժում բռնութիւն, հալածանք եւ որեւէ վիրաւորանք ազգային, կրօնական արժէքների դէմ: Ապրիլին՝ ապստամբութեան ճնշումից յետոյ, բոլշեւիկները որոշակիօրէն վերանայեցին իրենց ապազգային քաղաքականութիւնը: Չնայած հալածանքները ՀՅԴ գործիչների ու կուսակցութեան դէմ շարունակւում էին նաեւ հետագայում, բայց եւ այնպէս Փետրւարեան ապստամբութիւնը ցոյց տւեց, որ հայ ժողովուրդը իր վճռականութեամբ պատրաստ է անգամ կռւել բոլշեւիկների դէմ, եթէ նրանց նպատակը հայ տեսակին վերացնելն է»,- Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց Մինասեանը՝ յաւելելով, որ այս օրը հայկական պետականութեան, ինքնութեան համար պայքարի եւ դրա ամրապնդման օրն է:

Ապստամբութեան ժամանակ Գառնու ուղղության գլխաւոր գործող անձանցից՝ խմբապետ Արտուշի թոռ Արտուշ Հայրապետեանը յուզմունքով եւ հպարտութեամբ յիշեց պապի անցած փառաւոր ուղին: Պարզւում է՝ խմբապետ Արտուշը ապստամբութեան ճնշումից յետոյ չէր լքել երկիրը, այլ  հեռացել էր լեռները: 1924 թ. բոլշեւիկեան զօրքերը բացայայտում են խմբապետի թաքնւելու վայրը եւ մեծաքանակ զօրքով փորձում բռնել նրան, սակայն Արտուշը չի յանձնւում եւ մարտի է բռնւում բոլշեւկների հետ, որի ժամանակ էլ ընկնում է հերոսի մահով:

Գառնու բնակիչ, նկարիչ Ռուբիկ Բաբայեանը Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց, որ այս օրը մեծ  խորհուրդ ունի ոչ միայն գառնեցիների, այլեւ ողջ ազգի համար, եւ այսօրւայ միջոցառումների նպատակը մեր հերոսներին արժանի յարգանք ցուցաբերելն է:

Ըստ Արծւիկ Մինասեանի՝ փետրւարի 18-ը մի շատ կարեւոր խորհուրդ ունի, այն է՝ երբեք չդադարել մաս կազմել ազգային արժեհամակարգին, երբեք չդադարել մտածել, որ դու հայ ես:

«Երբ սկսեցիր մտածել, որ դու կարող ես լինել աշխարհաքաղաքացի, քեզ դնել ամերիկացու, գերմանացու, ֆրանսիացու տեղ՝ դատապարտւած ես կործանման: Արդիւնքում՝ կը մնայ անձ, որն ապրում է ընդամենը ստամոքսով»,- նշեց ՀՅԴ ԳՄ անդամը:

Արծւիկ Մինասեանը շատ ընդհանրութիւններ է տեսնում այսօրւայ եւ այն ժամանակւայ ամբոխավարական մօտեցումների մէջ. «Աստւած չտայ, որ նորից պահանջ առաջանայ՝ հիմա էլ արդէն այլ անձանցից փրկել հայ ժողովրդին: Աստւած իմաստութիւն թող տայ մեր իշխանութիւններին, տայ գիտակցումն այն բանի, որ իր ազգային ինքնութեանը նւիրւած լինելու եւ ազգային ինքնութեամբ ապրելու մէջ է հայ ժողովրդի ապրելու բանաձեւը: Թող երբեւէ որեւէ իշխանութեան չթւայ, որ եթէ իշխանութեան են գալիս ամբոխավարութեամբ, ուրեմն կարող են հայ ժողովրդի դէմ ամէն բան գործարկել: Պատժւել են այդպիսի իշխանութիւնները եւ շարունակելու են պատժւել բոլոր նրանք, ովքեր կը մտածեն այդպէս: Մեզ բոլորիս կամք եւ վճռականութիւն, որ կերտենք իսկապէս Ազատ, Անկախ եւ Միացյեալ Հայաստան»,- եզրափակեց Մինասեանը:

 

ԱՐԳԱՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։