Հա

Ազգային

24/02/2020 - 14:10

«Զինւորի թիկունքում հայկական երկրորդ բանակն է՝ ՀՅԴ Հայ Դատի ցանցը». Յակոբ Տէր-Խաչատուրեան

Հայաստանի սահմանին կանգնած զինւորի թիկունքում հայկական երկրորդ բանակն է՝ ՀՅԴ Հայ Դատի ցանցը, որն աշխարհով մէկ պաշտպանում է հայութեան շահերը՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի բացմանը։

«alikonline.ir» - Հայաստանի սահմանին կանգնած զինւորի թիկունքում հայկական երկրորդ բանակն է՝ ՀՅԴ Հայ Դատի ցանցը, որն աշխարհով մէկ պաշտպանում է հայութեան շահերը՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի բացմանը։

Խորհրդաժողովն անցկացւում է Երեւանում ու Ստեփանակերտում՝ փետրւարի 24-25-ը։ Մասնակցում են 20 երկրի 50 ներկայացուցիչներ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերից եւ գրասենեակներից, ինչպէս նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից։

Յակոբ Տէր-Խաչատուրեանը նշեց այն 4 ուղղութիւնները, որոնց շեշտադրմամբ աշխատում են Հայ Դատի գրասենեակները, եւ որոնք կը քննարկի նաեւ խորհրդաժողովը։

Առաջինը Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնների ուղղութիւնն է․ Հայաստանի Հանրապետութեան պարագայում պետականութփան ամրապնդման աշխատանքին են լծւած Հայ Դատի յանձնախմբերը՝ ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը,  Արցախի Հանրապետութեան պարագայում առաջնահերթութիւնը նախ՝ ազատագրումից յետոյ հիմնահարցի լուծում գտնելն է ինքնորոշման իրաւունքի կիրառմամբ, միւս կողմից՝ Արցախի ճանաչման խնդիրը ուղղակիօրէն առաջ մղելը․ «Այս աշխատանքը եւս առաւել արդիւնաւէտ եւ նպատակաուղղւած առաջ ենք տանելու»։

Միշտ չէ, որ աշխատանքի կոնկրետ արդիւնքը մնայուն է․ «Ուրեմն զգօնութիւնը անհրաժեշտ է պահել, ամենօրեայ աշխատանքը անհրաժեշտ է պահել, իսկ մեր գրասենեակները, որոնք ունեն արհեստավարժ Հայ Դատի զինւորներ, որոնք տարին 365 օր, շաբաթը՝ 7 օր, օրը՝ 24 ժամ  ապրում ու գործում են Հայ Դատով, նրանք այդ արթուն պահակներն են, որպէսզի մեր ձեռք բերած արդիւնքները ամրապնդւեն եւ նոր յաղթանակներ կերտւեն»։

Երկրորդ ուղղութիւնը անցեալի դասական օրակարգն է, որն այսօր յաջորդ փուլ է մտել՝ 30-ամեայ անկախութեան շրջան՝ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման խնդիրն է մինչեւ վերջնանպատակ՝ Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչում եւ պահանջատիրութիւն․ «Տարիներով հետապնդած մեր պահանջատիրութեան թղթածրարը որպէսզի կեանք ստանայ, օրինական ուսումնասիրութիւնների դաշտը իսկապէս զարգանայ, ՀՅԴ-ն որոշեց ստեղծել նաեւ Հայ իրաւական կենտրոն, որը թէեւ հիմնւած է Վաշիգտոնում, բայց հոգաբարձուների խորհրդում ամբողջ աշխարհից ներկայացուցիչներ են։ Նպատակն է առաջ տանել Ցեղասպանութիւնից բխած, Սեւրից բխած մեր պահանջատիրութեան դատը, ինչպէս նաեւ տեսնել, քննարկել եւ մեզ այլընտրանքներ ներկայացնել Արցախի յաղթանակի դիւանագիտական ամրապնդման այլընտրանքները»։

Երրորդ ուղղութիւնը հայապատկան հողերի վրայ հայութեան իրաւունքների խնդիրն է։ Հայաստանից աքսորի 70 երկար տարիներին  ՀՅԴ-ն աշխատանք է տարել, որպէսզի հայութիւնը մնայ միասնական, հայրենակենտրոն եւ Սփիւռքում կազմակերպւի նրա աշխատանքը։

«Սրանից բացի վերջին տարիներին կը տեսնենք մի դրական երեւոյթ, որը պէտք է մեր ուշադրութեան առարկան եւ մեր աշխատանքների կիզակէտը լինի․ դա հայութեան վերադարձն է։ Սփիւռքի տարբեր շրջաններում հայութիւնից հեռացած, բայց հայութեան կարօտն ունեցող եւ դէպի հայութիւն վերադարձող զանգւածների հետ աշխատանքի կարեւորութիւնն է»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Այս բաժնի վերջին ենթամասը յարաբերութիւններն են Արեւմտեան Հայաստանում գործող այլ ազգային փոքրամասնութիւնների՝ քրդերի, դերսիմցիների, լեզգիների հետ եւ, նաեւ, աշխարհով մէկ համագործակցութիւնն այն ժողովուրդների ներկայացուցիչների հետ, որոնք հայերի հետ նմանօրինակ անցեալ են ունեցել եւ նման ճակատագիր, երբ Օսմանեան կայսրութեան մաս են կազմել՝ յոյն, ասորի, կիպրացի գաղութների մասին է խօոսքը։

Չորրորդ եւ վերջին ուղղութիւնը հայ ժողովրդի քաղաքականացման խնդիրն է, բայց մանաւանդ երիտասարդութեան քաղաքականացումից յետոյ տարբեր աշխատանքների մղելը․ «Որպէսզի երբեմն էլ բերդը ներսից գրաւենք»։

ՀՅԴ Հայ Դատի գրասենեակները շարունակական կապի մէջ են արտաքին գործերի նախարարութիւնների հետ՝ թէ՛ Հայաստանի, թէ՛ Արցախի պարագայում, որպէսզի թէ՛ համադրեն կատարւած աշխատանքը, եւ թէ՛, մօտեցումները տարբեր լինելու պարագայում, փոխանակեն տեղեկատւութիւնը։

«Այս իշխանութեան օրօք առաջին այդ համադրումի սեմինարը տեղի ունեցաւ երէկ եւ արտաքին գործերի նախարարի ու փոխնախարարների հետ ունեցանք երկու ժամանոց գործակցութեան եւ տեղեկատւական փոխանակման սեմինարը, որն ինքնին գօտեպնդիչ էր, որովհետեւ վերջ ի վերջոյ բոլորս էլ ծառայում ենք նոյն նպատակին, որն է՝ Հայաստանի ամրապնդումը, Արցախի ամբողջական ազատագրումը եւ Հայ Դատի մեր պահանջատիրութեան հետապնդումը»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։

Խորհրդաժողովի օրակարգում այս 4 ոլորտներն են, բայց քննարկելու են նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները, առհասարակ Թուրքիայի եւ Ադրբեջանի հակահայ պայքարի նոր փուլը, Ջաւախքի մեր եղբայրների ու քոյրերի իրաւունքների պաշտպանութիւնը։

«Ջաւախքի պարագայում, բնականաբար, որպէս ամբողջովին հայութեամբ բնակեցւած տարածք, մեր քոյրերն ու եղբայրներն այնտեղ պէտք է ունենան նւազագոյն հնարաւորութիւնը, որպէսզի չմաշի իրենց ազգային նկարագիրը եւ որպէսզի կարողանան վայելել անհատական եւ հաւաքական իրաւունքները, որոնք, երբեմն օրէնքով եւս ամրագրւած են, բայց ոչ միշտ են կիրարկւում»,- ընդգծեց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Ուշադրութեան առանցքում կը լինի նաեւ պոլսահայութեան օժանդակութեան հարցը։

Խորհրդաժողովը համադրելու է մարտավարական քայլերը, քանի որ մէկի կողմից գործադրւող յատուկ ծրագրերը կարող են օգտակար նմուշ լինել մէկ ուրիշի համար։ «Անհրաժեշտ է, որ այդ յաջողւած փորձը կարողանանք փոխանակել»,- ասաց Յակոբ Տէր-Խաչատուրեանը։

Խորհրդաժողովն աշխատանքը կը շարունակի Արցախի Հանրապետութեան մայրաքաղաքում, նախանշւած է նաեւ հանդիպում նախագահ Բակօ Սահակեանի հետ։

 

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։