Հա

Ազգային

25/02/2020 - 14:00

Ստեփանակերտում ընթանում է ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովը

Փետրւարի 24-ին Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովն այսօր իր աշխատանքները շարունակում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

«alikonline.ir» - Փետրւարի 24-ին Երեւանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովն այսօր իր աշխատանքները շարունակում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում. տեղեկացնում է Aparaj.am-ը:

ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովին մասնակցում են 25 երկրների  50 ներկայացուցիչներ:

Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովի Արցախեան հատւածի բացման արարողութեանը ներկայ էին ԱՀ նախագահ Բակօ Սահակեանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը, պաշտօնատար այլ անձինք, Հայ Դատի յանձնախմբերի ներկայացուցիչներ:

Բացման խօսքով հանդէս է եկել ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

Իր խօսքում Յակոբ Տէր-Խաչատուրեանը նշել է, որ Հայ Դատի բանակի ներկայացուցիչներն Արցախ են այցելել վերահաստատելու, որ անխոնջ աշխատելու ենք, որպէսզի Հայաստանի Հանրապետութիւնը մնայ յաւէրժական, հզօր, անվտանգ եւ շարունակաբար զարգացող: «Մեր սերնդի մեծագոյն իրագործումներից է Արցախի ազատագրումը Ադրբեջանի ջարդարար ջիրաններից եւ անհրաժեշտ է, որպէսզի աշխատենք արեամբ ու քրտինքով ձեռք բերւած Արցախի ազատագրումը չմսխւի դիւանագիտական սեղանների շուրջ»,- նշել է Յակոբ Տէր-Խաչատուրեանը:

ԱՀ նախագահ Բակօ Սահակեանն իր ողջոյնի խօսքում նշել է, որ Հայ Դատն այն համահայկական կառոյցն է, որը տասնամեակներ շարունակ համառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղութեամբ՝ յատուկ ուշադրութեան կենտրոնում պահելով Արցախը:

«Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանութիւնը, տարբեր երկրներում եւ ատեաններում մեր մասին ճշմարտացի տեղեկութիւնների տարածումը, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչմանն ուղղւած քայլերի իրականացումը, բազմաթիւ պետութիւնների ու նրանց սուբիեկտների հետ կապերի հաստատումն ու խորացումը, մեր Հանրապետութիւնում զանազան ծրագրերի իրականացումն առանց Հայ Դատի գործուն մասնակցութեան, նրա մեծածաւալ եւ անձնւէր աշխատանքի»,- ընդգծել է Արցախի Հանրապետութեան նախագահը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանն իր ողջոյնի խօսքում խորհրդանշական է համարել խորհրդաժողովի անցկացումն Արցախում:

«Աշխարհով մէկ Սփռված Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների նւիրեալները բոլորից լաւ գիտեն, որ Արցախով է անցնում հայի լինելիութեան մայր ճանապարհը, որը պէտք է զերծ պահել օտարածին թափանցումներից ու քաղաքական խարդաւանքներից: Այդ ճանապարհը բոլորիս պատւի ուղին է ու դա այն յստակ սահմանումն է, որ ապացուցելի ու վիճելի չէ»,- նշել է Դաւիթ Իշխանեանը:

Յաւելենք, որ խորհրդաժողովի աշխատանքները վաղւանից շարունակւելու են Երեւանում եւ տեւելու են մինչեւ փետրւարի 28-ը:

Նշենք նաեւ, որ ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի եւ գրասենեակների խորհրդաժողովը թւով երկրորդն է, որ անցկացւում է Արցախում. առաջինը կայացել է 2016 թւականին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։