Հա

Ազգային

27/02/2020 - 09:40

«Սպիտակ տան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչելը ժամանակի հարց է». Արամ Համբարեան

Պէտք է մարդկանց յարգանքով վերաբերւել եւ խաղեր չխաղալ, թէ ովքեր են կուսակցութիւնում լաւ ու վատ մարդիկ, դա շատ մանկամիտ մօտեցում է՝ Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը՝ անդրադառնալով ներսի ու դրսի դաշնակցականների մասին իշխող թիմի յայտարարութիւններին։ Դաշնակցական գործիչը մանրամասներ պատմեց նաեւ վաշինգտոնեան ներկայ օրակարգի ու Կապանի հանդէպ իր յատուկ վերաբերմունքի մասին։

«alikonline.ir» - Պէտք է մարդկանց յարգանքով վերաբերւել եւ խաղեր չխաղալ, թէ ովքեր են կուսակցութիւնում լաւ ու վատ մարդիկ, դա շատ մանկամիտ մօտեցում է՝ Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրոյցում ասաց ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը՝ անդրադառնալով ներսի ու դրսի դաշնակցականների մասին իշխող թիմի յայտարարութիւններին։ Դաշնակցական գործիչը մանրամասներ պատմեց նաեւ վաշինգտոնեան ներկայ օրակարգի ու Կապանի հանդէպ իր յատուկ վերաբերմունքի մասին։

 

- Ինչ աշխատանք է տարել Հայ Դատի յանձնախումբը՝ ԱՄՆ Սենատի եւ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայոց Ցեղասպանութիւնը դատապարտող բանաձեւերն ընդունելու համար։

- ԱՄՆ Սենատի ընդունած բանաձեւը տասնեակ տարիների քրտնաջան աշխատանքի արդիւնք էր։ Մեր ուշադրութիւնը այս պահին կենտրոնացնում ենք Սպիտակ տան ուղղութեամբ, որպէսզի նախագահ Թրամփը ևս ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը։ Անցեալ տարի տեղի ունեցածը ուղղակի այս աշխատանքի փոքր մասնիկն էր․ Հայաստանին ֆինանսական օժանդակութիւն տրամադրելու, Արցախում ականազերծման ծրագիրն իրականացնելու, ինչպէս նաեւ երկու բանաձեւ ընդունելու Արցախի հանդէպ Ադրբեջանի ագրեսիայի դէմ։

 

- Մենք գիտենք, որ մեծ աշխատանք է տարւել կոնկերտ մարդկանց հետ․ ի՞նչ դժւարութիւնների էք հանդիպել։

- Մենք այս քայլին գնալով գիտէինք, որ շատ մեծ հաւանականութիւն կայ, որ խօսնակ Փելոսիի աջակցութեամբ Սենատը կը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը։ Մեզ դրական իմաստով զարմացնողը ուժեղ քւէարկութիւնն էր՝ 405-ն ընդդէմ 11-ի՝ գրեթէ միաձայն՝ այդ թւում բոլոր դեմոկրատները եւ գրեթէ բոլոր հանրապետականները։ Ներկայացուցիչների պալատում նման կայուն ու համոզիչ յաղթանակը դուռ բացեց բանաձեւը Սենատում առաջխացնելու համար։ Երբ սենատոր Մենենդեսը վստահեցրեց, որ ինքը Սենատում կը լինի այնքան ժամանակ, մինչեւ բանաձեւն ընդունի, մեզ համար պարզ դարձաւ, որ մնացեալը ընդամենը ժամանակի հարց է։ Այն մեզանից պահանջեց 1, 2, 3 շաբաթ, իսկ արդէն 4-րդ շաբաթւայ ընթացքում գործն արւած էր։ Կապ չունի՝ 5, թէ 10 շաբաթ կը տեւէր, միեւնոյն է՝ դա լինելու էր։ Սա վերաբերում է նաեւ Սպիտակ տանը․ Սպիտակ տան կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչելն էլ ուղղակի ժամանակի հարց է։

 

- ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտը մշակել է «Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովրդի կորուստները եւ հատուցման մեթոդաբանական հիմքերը» աշխատութիւնը, որտեղ նշւում են հայ ժողովրդի կորցրածը յետ բերելու քայլերը։ Դո՞ւք ինչպէս էք պատկերացնում կորսւած հայրենիքի վերադարձը։

- Հայերին արդարութիւն են պարտք, որովհետեւ ակնյայտ է, որ Ցեղասպանութիւնը յանցագործութիւն է եւ ոչ թէ կոնֆլիկտ։ Մենք այս ամէնը պիտի դնենք սեղանին, իսկ ինչ դրան կը յաջորդի, ընթացքը ցոյց կը տայ։ Բայց այդ գործընթաց ներառւելու եւ Թուրքիայի հետ երկխօսութեան համար այդ երկիրը պէտք է դադարեցնի իր ժխտողական քաղաքականութիւնը, Ցեղասպանութիւն յանցագործութեան համար արդարացման պատրւակներ գտնելը։ Արդեօ՞ք հայերը կը ստանան ամբողջը, ինչ ցանկանում են՝ չեմ կարծում, բայց նրանք չեն ստանայ այն, ինչ չեն ցանկանում։

 

- Դրսից հետեւելով ներհայաստանեան գործընթացներին՝ ի՞նչ զգացում ունէք՝ ճի՞շտ ուղղութեամբ է գնում Հայաստանը։

- Այն ամէնն, ինչ մենք անում ենք Հայ Դատի գրասենեակների միջոցով, ունի մէկ նպատակ՝ տեսնել հզօր Հայաստան, արդար Հայաստան, ապահով ու անվտանգ արդիւնաբերութեամբ երկիր, որտեղ ընտանիքները կը կարողանան մեծացնել իրենց երեխաներին մայր հողի վրայ։ Սա մեր նպատակն է՝ լինի Հայաստանում, Արցախում, ԱՄՆ-Հայաստան յարաբերութիւններում։ Իմ կինը Կապանից է եւ ես շատ ուժեղ կապւածութիւն ունեմ այս հողի հետ, իմ երեխաներն են կապանցիներ, հետեւաբար ես ունեմ շատ մեծ հաւատք, որ Հայաստանը կը բարգաւաճի։ Շատ յաճախ ասւում է, որ մենք Հայ ժողովրդի երկրորդ բանակն ենք, իհարկէ, մենք ունենք մեծագոյն յարգանք զինւորների հանդէպ, նրանք առաջին բանակն են ու ողջ պատիւը իրենցն է եւ եթէ մենք կարողանանք ողջ աշխարհում քաղաքականօրէն ինչ-որ կերպ օգնել նրանց, ապա հպարտ կը լինենք։

 

- Հայաստանի իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ նշեցին, որ Դաշնակցութեան դրսի կառոյցների հետ լաւ աշխատում են, մինչդեռ ներսի կառոյցը կարիք ունի որ դրսից վերահսկեն երբ այսպիսի արտայայտութիւններ էք լսում՝ ի՞նչ էք մտածում։

- Պէտք է մարդկանց հետ յարգանքով վերաբերւել, յարգանք ցուցաբերել այն փաստի նկատմամբ, որ իրենք կուսակցութիւն են ներկայացնում եւ խաղեր չխաղալ, թէ ովքեր են այդ կուսակցութիւնում լաւ ու վատ մարդիկ։ Կարծում եմ դա շատ մանկամիտ մօտեցում է։

 

- Ապրիլի 5-ին Հայաստանում հանրաքւէ է՝ ՍԴ 7 անդամից ազատւելու նպատակով։ Հանրաքւէի դրւող փաստաթուղթը չուղարկւեց Վենետիկի յանձնաժողովի փորձագիտական կարծիքն ստանալու եւ չտրամադրւեց ՍԴ-ին՝ հաստատելու համար։ Սա ճի՞շտ ուղի է։

- Ինչպէս արդէն նշեցի՝ կինս Կապանից է՝ ծնւել է Արծւանիկում, իսկ իմ ընտանիքը ԱՄՆ հովանու ներքոյ է արդէն 100 տարի, իմ ու մեր բոլորի երազանքն է ունենալ ազատ Հայաստան՝ անվտանգ սահմաններով, որ այս երկրի քաղաքացիները կարողանան բարձրաձայնել խնդիրները այնպէս, ինչպէս իրենք ցանկանան՝ բանավէճերի ճանապարհով, եւ ժողովրդավարական ճանապարհով կարողանան նման խնդիրները հանգուցալուծել։ Եւ դա մեզ՝ Սփիւռքի համար օրհնութիւն է։ Ու եթէ Հայ Դատը կարող է ինչ-որ կերպ աջակցել, որպէսզի Հայաստանը ժողավրդավարական երկիր լինի ու հայ քաղաքացիները նման որոշումներ կայացնեն, ապա մենք ուրախ կը լինենք օգնել։

 

- Փաշինեան-Ալիեւ միւնխէնեան բանավէճին հետեւելով՝ ի՞նչ եզրակացութեան եկաք՝ բանակցային գործընթացը ճի՞շտ ուղղութեամբ է գնում։

- Այդ բանավէճը աշխարհին օգնեց հասկանալու, որ Ալիեւը խաղաղութեան կողմնակից չէ։ Այն,  ինչ ես հասկացայ այդ խօսակցութիւնից այն է, որ Ալիեւը նւաճողական մտադրութիւն ունի, նա կարող է շուտով բռնութիւն կիրառել։ Թէ ինչ ճանապարհով կը շարունակւի այս ամէնը եւ ինչ հանգուցալուծում կը ստանայ,  ընթացքը ցոյց կը տայ։ Շատ խնդրահարոյց հարց է այն համադրութիւնը, որ հայերը սկզբից զիջումների գնան եւ յետոյ ադրբեջանցիներից սպասեն որեւէ փոխզիջում։ Սրանք մեծագոյն մարտահրաւէրներ են։ Եթէ այնպիսի մարդիկ կան հայկական աշխարհում, ովքեր կարծում են, որ այդ մոդելը կարող է աշխատել, ապա իրենք պէտք է հիմնաւորեն իրենց տեսակէտը, բայց ես դեռեւս նման տեսակէտ չեմ լսել։  

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։