Հա

Ազգային

01/03/2020 - 12:10

Մարտի 1-ին նախորդող եւ յաջորդող ՀՅԴ յայտարարութիւնները ցաւալիօրէն արդիական են նաեւ մեր օրերում. ՀՅԴ ՀԳՄ յայտարարութիւնը

Սիրելի հայրենակիցներ, 2008 թ. մարտի 1-ից անցել է տասներկու տարի: Անառարկելի է, որ մարտի 1-ը մեր պատմութեան դառն ու ցաւոտ էջերից մէկն է՝ թէ՛ անդառնալի մարդկային, թէ՛ քաղաքական, բարոյական եւ պետական կորուստների առումով:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ՄԱՐՏԻ 1-ին ՆԱԽՈՐԴՈՂ ԵՒ ՅԱՋՈՐԴՈՂ ԴԷՊՔԵՐԻ ԱՌՆՉՈՒԹԵԱՄԲ

 

Սիրելի հայրենակիցներ, 2008 թ. մարտի 1-ից անցել է տասներկու տարի: Անառարկելի է, որ մարտի 1-ը մեր պատմութեան դառն ու ցաւոտ էջերից մէկն է՝ թէ՛ անդառնալի մարդկային, թէ՛ քաղաքական, բարոյական եւ պետական կորուստների առումով:

Կարող էինք շրջանցել, բացառել այդ էջը, եթէ դրսեւորւէր քաղաքական եւ պետական բաւարար շրջահայեացութիւն, եթէ նախընտրական պայքարը կառուցւէր գաղափարական արժէքների վրայ, եթէ ցանկալի յաղթանակին հասնելու ճանապարհին ատելութեան, թշնամանքի եւ անհանդուրժողականութեան մթնոլորտն այդքան կործանարար եւ աննահանջ չլինէր:

2008 թ. նախագահական ընտրութիւններում Դաշնակցութեան թեկնածուն Վահան Յովհաննեսեանն էր: Մենք գնում էինք ընտրութեան՝ համոզումով, որ կը յաջողենք երկիրն ու պետականութիւնը հետ պահել ատելութեան եւ առճակատման կործանարար հեռանկարից, կը կարողանանք պետականութեան ընթացքը հունաւորել դէպի կայուն ժողովրդավարութիւն, արժանապատիւ հասարակութիւն:

Մարտի 1-ին նախորդող՝ օրէցօր թէժացող եւ պայթիւնավտանգ մթնոլորտում Դաշնակցութիւնը հանդէս եկաւ գործողութիւններով եւ քաղաքական յայտարարութիւններով, որոնք սթափւելու, երկիրն արկածախնդրութեան եւ փորձութեան չտանելու ահազանգ էին ու գնահատականներ: Ցաւօք, մարտի 1-ից չխուսափեցինք: 

Հրապարակելով 2008 թ. մարտի 1-ին նախորդող եւ յաջորդող ՀՅԴ յայտարարութիւնները, նպատակայարմար ենք գտնում հանրութեանը մէկ անգամ եւս ներկայացնել մեր գնահատականները, նաեւ ափսոսանքով արձանագրել, որ դրանք ցաւալիօրէն արդիական են եւ համահունչ նաեւ մեր օրերում:

Մէկ անգամ եւս կիսելով զոհերի ընտանիքների վիշտն ու ցաւակցելով նրանց, այսօր էլ հաստատում ենք եւ գտնում, որ մեր համազգային եւ պետական շահը պարտադրում է մարտի 1-ից դուրս գալ դասեր քաղած, արժանապատւօրէն, հրաժարւել հասարակութիւնը վրէժխնդրութեան եւ ներքին թշնամիների որոնման ցանցում ջլատելու վարքագծից:

Միայն համախոհութեամբ եւ մեր ներուժի ողջ կարողականութեամբ է հնարաւոր լծւել մեր պետականութեան ամրապնդմանն ու բազմաթիւ մարտահրաւէրների դիմագրաւմանը:

 

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

01 մարտի, 2020 թ.

 

 

Յաւելւած 1

ՀՀ նախագահի թեկնածու Վահան Յովհաննեսեանի յայտարարութիւնը

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպէս ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապէս քաղաքական մեթոդներով` յենւելով գաղափարական եւ բարոյական արժէքների վրայ: Ես ջանք չխնայեցի մրցակցութիւնը կառուցողական քաղաքական բանավէճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին «յանուն», այլ ոչ թէ «ընդդէմ» կողմնորոշելու համար: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ յաղթանակը հնարաւոր է:

Դա ինձ չյաջողւեց: Նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելութեան ու անհանդուրժողականութեան, ահաբեկման ու սպառնալիքների մթնոլորտ։ Դա չէր կարող իր դրոշմը չթողնել բուն ընտրութեան օրւայ վրայ:

Տարաբնոյթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնութիւնը, լցոնումները էլ աւելի խորացրին հասարակութեան մէջ ընտրութիւնից ընտրութիւն արմատաւորւող կասկածամտութիւնը եւ անվստահութիւնը։

Նորից սահմանափակւեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտայայտման իրաւունքը, ոտնահարւեց եւ վիրաւորւեց մեր քաղաքացիների արժանապատւութիւնը: ՀՅԴ Գերագոյն մարմինը մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացւող զեկոյցները, որոնց հիման վրայ կը տայ իր գնահատականները եւ հանդէս կը գայ համապատասխան յայտարարութեամբ: Սակայն, անկախ այդ գնահատականից, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը։ Ես հրաժարւում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտօնից:

Հայրենակիցնե՛ր, իմ առաջադրումով եւ ընտրապայքարով ես փորձում էի Ձեզ ցոյց տալ ելքը ընտրութիւնից ընտրութիւն կրկնւող այս վիճակից: Դա ինձ չյաջողւեց: Բայց եթէ շատերն այս անգամ չտեսան ելքը, դա չի նշանակում, թէ այն գոյութիւն չունի: Ի վերջոյ, ինձ հաւատաց ու վստահեց առնւազն 100.000 մարդ, եւ դա ինձ հիմք է տալիս հպարտութեամբ հաստատելու, որ Հայաստանում ես ունեմ մտածող, հայրենասէր, հաւատարիմ, մաքուր եւ անկաշառ կողմնակիցների մի այնպիսի բանակ, որի հետ եւ յանուն որի հնարաւոր է պայքարել` նրանց արժանի Հայրենիք կառուցելու համար: Շնորհակալութիւն բոլոր նրանց, ովքեր հաւատացին ինձ եւ տեսան իմ մատնանշած ելքը:

Շնորհակալութիւն նաեւ նրանց, ովքեր քւէարկեցին ազնւօրէն, իրենց կամքով` չազդւելով կուրացնող ատելութիւնից, վախից կամ ագահութիւնից: Եւ, իհարկէ, շնորհակալ եմ իմ դաշնակցական ընկերներին եւ կուսակցութեան համակիրներին, իմ բոլոր թիմակիցներին, որոնց նւիրումը, եռանդը եւ հաւատը ոգեւորում էին ինձ եւ տանում առաջ:

Ես Ձեզ հանդարտութեան եւ զսպւածութեան կոչ եմ անում: Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պէտք է յիշեն եւ հասկանան, թէ ինչ յանցանք գործեցին եւ ինչ արհաւիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտօրէն կեղծելով 1996 թ. նախագահական ընտրութիւնները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործւող մի մեքենայ, որը կանգնեցնել մինչ օրս չի յաջողւում: Բայց յաւերժ այսպէս չի լինելու:

Եւ ես կոչ եմ անում բոլորիդ սառնասիրտ վստահութեամբ պատրաստւել մեր յաղթանակին:

Իմ բոլոր մրցակիցներին ես ցանկանում եմ յաջողութիւն, իսկ Հայաստանի ապագայ Նախագահին նաեւ իմաստնութիւն եւ վճռականութիւն` առաջիկայ տարիներին այնպիսի բարեփոխումներ կատարելու, որ յաջորդ ընտրութիւններում իշխանութիւնը պարտաւորւած չլինի ապաւինել փողին, իշխանական ռեսուրսին, նրա հետ յաճախ սերտաճած կիսաքրէական տարրերին, այլ հնարաւորութիւն ստանայ յենւել քաղաքական ուժերի եւ ժողովրդի վստահութեան վրայ:

Իսկ Ձեզ` սիրելի՛ հայրենակիցներ, ես կոչ եմ անում չվհատւել եւ չհիասթափւել: Ես Ձեզ հետ եմ եւ ուժեղ։ Մեր պայքարը երկարատեւ պայքար է։

 

22.02.2008 թ.

 

Յաւելւած 2

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

 

Հայրենակիցներ,

2008 թ. նախագահական ընտրութիւնները հերթական փորձութիւնն էին մեր երկրի հետագայ ժողովրդավարացման ճանապարհին: Մենք կարող ու պարտաւոր էինք այդ փորձութիւնից դուրս գալ էլ աւելի միասնական եւ ամրացած, ինչը հնարաւորութիւն կը տար լիարժէքօրէն դիմագրաւել ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ սոցիալ-տնտեսական, ե՛ւ արտաքին մարտահրաւէրները:

Այդպէս չեղաւ մի շարք պատճառներով: Ընտրարշաւի ամբողջ ընթացքում գերակայեցին փոխադարձ թշնամաքն ու ատելութիւնը, անհանդուրժողականութիւնն ու սպառնալիքները: Հասարակութիւնը արհեստականօրէն երկփեղկւեց ու բեւեռացւեց: Մի կողմից ցանկացած եղանակով իշխանափոխութիւն իրականացնելու նախկինների մոլեռանդութիւնն էր, միւս կողմից` ամէն գնով սեփական դիրքերը պահպանելու ներկաների ձգտումը:
Յատուկ պէտք է շեշտենք, որ Դաշնակցութեան թեկնածուն հնարաւոր ամէն բան արեց մրցակցութիւնը ծրագրային, գաղափարական հունի մէջ պահելու, երկրի զարգացումը առողջ մթնոլորտում շարունակելու համար, սակայն այս մօտեցումը, ցաւօք, լայն արձագանք չգտաւ:

Գերագոյն մարմինը բարձր է գնահատում Վահան Յովհաննեսեանի սկզբունքային վարքագիծն ու դիրքորոշումները եւ շնորհակալութիւն է յայտնում իր թեկնածուին՝ ՀՅ Դաշնակցութիւնը հարազատօրէն ներկայացնելու համար:

Բուն ընտրութիւնները եւս ուղեկցւեցին տարաբնոյթ խախտումներով: Համատարած, բացայայտ ու քողարկւած ընտրակաշառքով զբաղւեցին առաջատար թեկանածուների կողմնակիցները, որոշ տեղամասերում կոպիտ բռնութեան, լցոնումների դէպքեր արձանագրւեցին, թերութիւններով ընթացաւ նաեւ քւէների հաշւարկման փուլը: Արդիւնքում` ընտրութիւնների վերաբերեալ մեր քաղաքացիների գնահատականը միանշանակ չէ, եւ այսօր էլ առկայ է հասարակական լարւածութիւն, երկիրը կանգնած է յետընտրական բեւեռացումը կանխելու հրամայականի առաջ: Ներկայ իրավիճակում մենք պատրաստ ենք համերաշխութեան վերականգնման կամուրջի դեր ստանձնել:

Կատարելով այս հաստատումները, ամփոփելով բոլոր մարզերից ու տեղամասերից ստացւած զեկոյցները, նկատի ունենալով Կենտրոնական ընտրական յանձնաժողովի հրապարակած վերջնական արդիւնքները եւ միջազգային հանրութեան` հիմնականում դրական արձագանքը՝ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը չի վիճարկում ընտրութիւնները եւ յաջողութիւն է մաղթում նորընտիր նախագահ Սերժ Սարգսեանին:

Միաժամանակ, հաւատարիմ մնալով 2007 թ. Կոալիցիայի հետ ստորագրած յուշագրին, մենք հանդէս ենք գալիս կուսակցութեան ստանձնած պետական պաշտօններից հրաժարւելու պատրաստակամութեամբ եւ դիմում ենք համագործակցութիւնը մեր կողմից դադարեցնելու առաջարկով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեկնելով երկրի կայունութեան եւ առաջընթացի հրամայականներով` մենք նաեւ առաջարկում եւ պահանջում ենք.

ա. անաչառ ու ամբողջական քննութեան ենթարկել ընտրակեղծիքների բոլոր փաստերը եւ պատժել մեղաւորներին,

բ. ե՛ւ ընտրական, ե՛ւ յետընտրական գործընթացներում յետայսու բացառել ընտրակաշառքը, ոչ քաղաքական, կիսաքրէական տարրերի մասնակցութիւնը, ինչպէս նաեւ իշխանական ռեսուրսի անզուսպ կիրառումը,

գ. դատապարտել իշխանութիւնը բռնի ուժով փոխելու, ինչպէս նաեւ ընտրութիւնների արդիւնքներից դժգոհողների հանդէպ բռնութիւն կիրառելու մտայնութիւնը,

դ. երկրում ապահովել իրական բազմակարծութիւն եւ խօսքի ազատութիւն,

ե. ներքաղաքական կեանքում, ՀՀ Սահմանադրութեան եւ օրէնքների շրջանակներում, ընդդիմութեան համար ապահովել ինքնադրսեւորման լիարժէք հնարաւորութիւններ,
զ. շուտափոյթ քայլեր ձեռնարկել Հայաստանի միջազգային հեղինակութիւնն ամրապնդելու, ներքին լարւածութիւնը մեղմելու ուղղութեամբ,

է. քաղաքական երկխօսութեան եւ ազգային համաձայնութեան արդիւնքում այնպիսի կառավարութիւն ձեւաւորել, որն իր մասնագիտական, մարդկային-բարոյական որակներով ի վիճակի կը լինի երկիրը դուրս բերել ժողովրդավարութեան եւ սոցիալ-տնտեսական արագընթաց զարգացման մայրուղի:

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՅ Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը շնորհակալութիւն է յայտնում Ձեզ նախագահական ընտրութիւններին աննախադէպ ակտիւութեամբ մասնակցելու համար:

Մենք Ձեզ վստահեցնում ենք, որ շարունակելու ենք մնալ մեր սկզբունքային դիրքորոշումներին հաւատարիմ եւ հետեւողականօրէն աշխատելու ու պայքարելու ենք յանուն մեր ժողովրդի, մեր իւրաքանչիւր քաղաքացու իրաւունքների պաշտպանութեան, յանուն մեր պետականութեան հզռրացման:

 

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

25.02.2008 թ.

 

Յաւելւած 3

ՅԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձութիւնների եւ դրանց պատճառների ուսումնասիրութեան ՀՀ Ազգային ժողովի ժամանակաւոր յանձնաժողովի եզրակացութեան վերաբերեալ

 

Ժամանակաւոր յաձնաժողովի կողմից ներկայացւած եզրակացութիւնը մեծածաւալ աշխատանքի արդիւնք է եւ ներառում է 2008 թւականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձութիւնների եւ դրանց պատճառների վերաբերեալ մանրամասը տեղեկատւութիւն: Եզրակացութիւնը առաջին հերթին խօսում է յանձնաժողովի արդիւնաւէտ աշխատանքի մասին: Բացի այդ, չափազանց կարեւոր եւ արժէքաւոր է եզրակացութիւնում ներկայացւող առաջարկութիւնների եւ առաջ քաշւած առաջնահերթութիւնների իրացման վերաբերեալ մշտադիտարկում իրականացնելու յանձնաժողովի առաջարկութիւնը:

Եզրակացութիւնը ներառում է նաեւ որոշակի հաստատումներ եւ գնահատականներ, որոնց մի մասի վերաբերեալ ներկայացնում ենք մեր` եզրակացութեան մէջ ներկայացւող տեսակէտներից տարբերւող մօտեցումները:

Մասնաւորապէս.

Նկարագրելով մարտի 1-ի առաւօտեան «Ազատութեան» հրապարակում եւ դրան յարակից տարածքներում, Երեւանի քաղաքապետարանին յարող տարածքում իրադարձութիւնների զարգացումն ու ոստիկանութեան գործողութիւնները, արդարացիորեն նշելով ոստիկանութեան որոշ ներկայացուցիչների ոչ համարժէք վարքագիծը, այնուամենայնիւ եզրակացութիւնը ներառում է գնահատական, որ «Ազատութեան» հրապարակում եւ դրանց յարակից տարածքներում ոստկանութեան ձեռնարկած գործողութիւններն ընդհանուր առմամբ իրաւաչափ եւ համաչափ են, իսկ Երեւանի քաղաքապետարանին յարող տարածքում ձեռնարկւած գործողութիւնները` իրաւաչափ:

Մենք համակարծիք չենք այս միանշանակ գնահատականներին հետեւեալ հիմնաւորմամբ`

ա) «Ազատութեան» հրապարակում եւ դրան յարակից տարածքներում, ինչպէս նշւում է նաեւ եզրակացութեան նկարագրական մասում, թէկուզ մասնակի դէպքերում, կիրառւել է անհարկի ուժ, հետեւաբար ոստիկանութեան գործողութիւնների համաչափութիւնը կասկածի տակ է առնւում: Այս հանգամանքը հաշւի առնելով մենք գտնում ենք, որ ոստիկանութեան այս անհամաչափ վարքագիծը պէտք է յստակօրէն արտացոլւած լինի Եզրայանգումների 3.2 բաժնի 19 մասում` օրինակ այս մասի հէնց սկզբում օգտագործելով հետեւեալ ձեւակերպումը «Չնայած առանձին դէպքերում ոստիկանութեան գործողութիւնների դրսեւորած անհամաչափ վարքագծին..» արտայայտութիւնը (մնացածն ըստ տեքստի):

բ) Երեւանի քաղաքապետարանին յարող տարածքներում «Չերեոմուխա-7» յատուկ միջոցի ոչ իրաւաչափ գործադրումը արդէն իսկ խօսում է մասնաւորապէս անհամաչափութեան դրսեւորման, իսկ ընդհանարապէս նաեւ` ոչ իրաւաչափութեան մասին: Անշուշտ չենք պնդում ոստիկանութեան ողջ գործողութիւնները ոչ իրաւաչափ եւ անհամաչափ գնահատելու տեսակէտը, սակայն «ոչ իրաւաչափ» եւ «անհամաչափ» արտայայտութիւնները, թէկուզ մասնակի դրսեւորման պարագայում, առաւել յստակ, պէտք է տեղ գտնէին Յանձնաժողովի Եզրայանգումների 4.2 բաժնի առաջին մասում:

Անդրադառնալով մարտեան իրադարձութիւնների հետաքննութեան գնահատակին, ինչպէս այդ մասին նշւում է ԵԽԽՎ 1677 բանաձեւի 8.2 մասում, մենք գտնում ենք, որ եզրակացութիւնը պէտք է ներառեր հետեւեալ հաստատումը. «Մարտի 1-ի եւ 2-ի իրադարձութիւնների եւ դրանց հանգամանքների վերաբերեալ կատարւած քննութեան անկողմնակալութեան եւ վստահելիութեան մակարդակը գնահատելիս հարկ է ընդգծել, որ արձանագրւած բացթողումները եւ թերացումները չեն երաշխաւորում անկողմնակալութեան եւ վստահելիութեան չափանիշներին ամբողջութեամբ բաւարարելու արժանահաւատութիւնը»:

Մարտեան իրադարձութիւններում զոհւած անձանց մահւան, ինչպէս նաեւ վիրաւորւած անձանց վիրաւորւելու հանգամանքների պարզման, մեղաւոր անձանց պատասխանատւութեան ենթարկելու հարցերի վերաբերեալ, գտնում ենք, որ եզրակացութիւնում անհրաժեշտ է հաստատում առ այն, որ արձանագրւած բացթողումներն ու թերացումները վերացնելու, հասարակութեան մօտ առկայ կասկածները փարատելու, ինչպէս նաեւ ապագայում նման իրադարձութիւնները բացառելու երաշխաւորութիւնը (ինչն ի դէպ հիմնական խնդիրներից է) պահանջում է լրացուցիչ քննութիւն:

Մեր առարկութիւններն ամէնին նպատակ չունեն նսեմացնելու կատարւած հսկայածաւալ աշխատանքը եւ մեր գոհունակութիւնն ու շնորհակալութիւնն ենք յայտնում յանձնաժողովի բոլոր անդամներին ու յանձնաժողովի նախագահին` համատեղ, յագեցած եւ արդիւնաւէտ աշխատանքի համար:

 

2008 թ. ՄԱՐՏԻ 1-2-ին ԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒ ԴՐԱՆՑ ՊԱՏճԱՌՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ, ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ ԽՄԲԱԿՑՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐ`

ԱՐՏԵՈՒՇԱ ՇԱՀԲԱԶԵԱՆ, ԱՐԾՒԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

15.09.2009 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։