Հա

Ազգային

02/03/2020 - 14:30

ՀԵԴ-ի գլխաւորութեամբ՝ Վաշինգտոնում բողոքի ակցիա է իրականացւում ընդդէմ ադրբեջանական ագրեսիայի

Հայ Երիտասարդ Դաշնակցութեան գլխաւորութեամբ՝ Միացեալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում բողոքի ակցիա է իրականացւում՝ ընդդէմ ադրբեջանական ագրեսիայի:

«alikonline.ir» - Հայ Երիտասարդ Դաշնակցութեան գլխաւորութեամբ՝ Միացեալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում բողոքի ակցիա է իրականացւում՝ ընդդէմ ադրբեջանական ագրեսիայի. Yerkir.am-ին յայտնում են ԱՄՆ Հայ Դատի յանձնախմբից:

Ակցիայի մասնակիցները պահանջում են արդարութիւն Սումգայիթում՝ Բաքւի ջարդերի համար եւ իրենց աջակցութիւնն են հայտնում Արցախի ազատութեանը:

Վաշինգտոնի շրջանի երիտասարդ եւ տարեց հայերն այսօր միացել են Ադրբեջանի դեսպանատան դիմաց Հայաստանի երիտասարդական ֆեդերացիայի (AYF) Անի մասնաճիւղի երիտասարդներին՝ պահանջելու արդարութիւն ադրբեջանական անցեալ եւ ներկայի բռնութիւնների համար եւ աջակցելու Արցախի անվտանգութիւնը` որպէս ազատ եւ անկախ հանրապետութիւն:

«ՀԵԴ-ը եւ մեր համայնքը ամէն տարի կը լինեն այստեղ՝ յարգելու Սումգայիթում, Կիրովաբադում, Մարաղայում եւ Բաքւում հակահայկական ջարդերի զոհերի յիշատակը եւ պահանջելով ճանաչել եւ հատուցել այդ յանցագործութիւնների համար»,- ասել է ՀԵԻԱ Անիի մասնաճիւղի նախագահ Ալեքս Մանուկեանն ու յաւելել. «Ադրբեջանի նախագահ Ալիեւի շարունակական սպառնալիքներն ու յարձակումները ապացոյցն են այն բանի, որ յետ կանգնել չի կարելի եւ, որ Արցախի անվտանգութիւնը կարող է երաշխաւորւած լինել միայն նրա անկախութեամբ կամ պատմական հայրենիքի հետ վերամիաւորմամբ»:

Բողոքի ցոյցի մասնակիցներն, անդրադառնալով Բաքւի ջարդերի 30-ամեակի տարելիցին, նշել են, որ Ադրբեջանի կառավարութիւնը հրահրել է մէկ շաբաթ շարունակ բռնաբարութիւններ, խոշտանգումներ եւ քաղաքի հայ բնակչութեան սպանութիւններ: Արդիւնքում՝ հարիւրաւոր հայեր են սպանւել կամ վիրաւորւել, եւ հազարաւոր մարդիկ փախել են համակարգւած բռնութիւններից:

«Մենք յիշում ենք Բաքուն» վանկարկումներով ու պաստառներով ցուցարարները յարգել են սոսկալի այդ իրադարձութեանը զոհ դարձածների յիշատակը, որ մինչ օրս հերքւում է Ադրբեջանի կողմից:

Համայնքի անդամները հպարտօրէն ծածանել են Արցախի դրօշը, բայց եւ մտահոգութիւն յայտնել Հայաստանի իշխանութիւնների՝ «անթերի» մադրիդեան սկզբունքներին աջակցելու համար: Հայ համայնքի անդամները պարզ են իրենց ուղերձում, որ երկարատեւ խաղաղութեան հասնելու միակ ուղին արցախցիների ինքնորոշման իրաւունքը յարգող ճանապարհն է:

Մինչ համայնքի անդամները բողոքում էին Ստալինի որոշումը՝ հայկական Արցախը Ադրբեջանին նւէր տալու որոշման դէմ, Արւեստի ազգային պատկերասրահում ցուցադրւում էր Համօ Բեկ-Նազարեանի 1938-ի սովետական կինոնկարը` «Զանգեզուր»-ը, որը հովանաւորւում էր ՀՀ դեսպանութեան կողմից: Այս ստալինիստական ֆիլմը գովերգում է այն բոլշեւիկներին, որոնք Զանգեզուրում սովետական իշխանութիւնն էին հաստատել՝ միաժամանակ դեմոնիզացնելով Հայաստանի Երիտասարդ Դաշնակցութեան հիմնադիր եւ հայ ազգային հերոս, գեներալ Գարեգին Նժդեհին եւ Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, որոնք պայքարում էին հայ ինքնորոշման համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։