Հա

Ազգային

03/03/2020 - 09:10

Երբ Արցախի հարցը 1994 թւականին չլուծեցինք` վտանգները սկսեցին բարդանալ

Անկախ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններից, Արցախի հարցում պաշտօնական Երեւանի դիրքորոշումները չեն փոխւել. «Առաւօտ»-ի զրուցակիցն է Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը:

«alikonline.ir» - Անկախ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններից, Արցախի հարցում պաշտօնական Երեւանի դիրքորոշումները չեն փոխւել. «Առաւօտ»-ի զրուցակիցն է Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը:

«Վտանգ միշտ կայ: Դեռ 1994 թւականին, երբ մենք հնարաւորութիւն ունէինք հարցը վերջնականապէս լուծելու, բայց չլուծեցինք, վտանգները սկսեցին բարդանալ, մանաւանդ, Ադրբեջանը շատ ռեսուրսներ ունի, ուստի վտանգները միշտ առկայ են»,- «Առաւօտ»-ի հետ զրոյցում ասաց Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանը` պատասխանելով հարցին` Արցախի հարցի կարգաւորման այս փուլում, նկատի ունենալով նաեւ աշխարհաքաղաքական զարգացումները, ի՞նչ վտանգներ է տեսնում, մանաւանդ, հայաստանեան շատ գործիչներ անընդհատ խօսում են տարբեր վտանգների մասին: Գասպար Կարապետեանի կարծիքով, շատ էական է եւ կարեւոր, բոլոր փուլերում առկայ վտանգների չափն ու սահմանը ճիշտ հասկանալ, որպէսզի հնարաւոր լինի դրանց հակազդել կամ պետական քաղաքականութեամբ դրանք չէզոքացնել:

Վերջերս Միւնխէնի անվտանգութեան կոնֆերանսի հարթակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանն իր տարբեր հանդիպումների ժամանակ խօսեց Արցախի հարցի կարգաւորման մասին, ապա կայացաւ Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի հրապարակային բանավէճը, որը Հայաստանում շատ քննադատւեց. ընդդիմադիր գործիչներից շատերի կարծիքով, աւելի ճիշտ էր բանավէճի չգնալ, քան անպատրաստ գնալ, ինչպէս վարչապետը ներկայացաւ:

Անդրադառնալով այդ բանավէճին, Գասպար Կարապետեանն ասաց, որ ինքը միշտ այն տեսակէտն է ունեցել, որ երկխօսութիւնն օգնում է եւ հէնց այդ պատճառով էլ մշտապէս մասնակցել է ադրբեջանցիների հետ տարբեր երկխօսութիւնների, հարցազրոյցների, որպէսզի հնարաւորութիւն ունենայ դիմացինին հասցնել իր ասելիքը. «Նոյն կերպ մենք ունենում ենք կոնֆերանսներ Եւրոպական խորհրդարանում, որոնց մասնակցում են նաեւ ադրբեջանցիներ: Եւ մենք շատ ուրախ ենք, որ գալիս են եւ մեզ հարցեր են ուղղում, որովհետեւ այդպիսով թէ իրենք կունենան իրենց տեսակէտների պատասխանները, թէ հանրութիւնը կը լսի այդ ամէնը, եւ թէ երիտասարդները կիմանան իրականութիւնն այդ կոնֆլիկտի մասին: Այդ պատճառով շատ կարեւոր է մեր ներկայութիւնն այս ձեւաչափի հանդիպումներում»: Իսկ ինչ վերաբերում է միւնխէնեան բանավէճից յետոյ ընդդիմադիրների քննադատութիւններին եւ վարչապետի կողմնակիցների գովեստին, ապա մեր զրուցակիցն ասում է`«միշտ գոյութիւն ունի միջին մակարդակ»:

«Երբեք ոչինչ բացառիկ չէ, ահաւոր չէ, ամէն ինչն իր արժէքն ունի: Սակայն, կարծում եմ, մեր պետութեան կողմից որոշ ուղերձներ, այնուամենայնիւ, հնչեցին: Օրինակ, որ Հայաստանը ժխտողական չէ, Ալիեւը մինչեւ վերջ ժխտողական էր: Չափաւոր կեցւածքը երբեմն թւում է տկար, սակայն շատ յաճախ դա նշանակում է, որ որոշումները պիտի կայացւեն մտածւած կերպով: Այն, որ վարչապետը կարող էր աւելի պատրաստւած գնալ հանդիպման, փաստ է: Միգուցէ եթէ ես գնայի այդ հանդիպմանը, ես այլ կէտեր կը հնչեցնէի: Վարչապետը պարզապէս նպատակայարմար է գտել այլ կէտեր բարձրաձայնել. ինքն ունի բոլոր տեղեկութիւնները, եւ եթէ կարծել է, որ այդ ձեւով պիտի ներկայանայ, ուրեմն միայն ինքն է պատասխանատու այդ ելոյթի համար: Վերլուծել` լաւ էր դա, թէ վատ՝ լուրջ չէ, որովհետեւ դրանով Արցախի հարցը չլուծւեց: Հանդիպումը չլինէր՝ ոչինչ չէր փոխւի, եղաւ՝ կրկին ոչինչ չփոխւեց. մնացինք այնտեղ, որտեղ կայինք, մարդկանց վրայ ազդեցութիւնն էլ չփոխւեց, որովհետեւ նոր բան չասւեց, նոյնիսկ միկրոյեղափոխութիւնները նորութիւն չէին, դա բոլորս էլ գիտէինք»,- ասաց մեր զրուցակիցը` յաւելելով, որ պէտք չէ, որ այդ հանդիպումը ընդդիմութեան կողմից օգտագործւի իբրեւ ներքին շահարկումների թեմա, իշխանութեան կողմից էլ՝ գովաբանելու: Իբրեւ Հայ Դատի յանձնախումբ, Գասպար Կարապետեանն ասում է, որ Արցախի հարցում շատ զգոյշ են, ինքն ամենօրեայ կապի մէջ է Եւրոպայում ՀՀ-ի դեսպանների հետ. «Եթէ մենք ընդդիմութիւն ենք՝ պիտի այդպիսի կապ չլինէր, ճի՞շտ է: Սակայն մենք պետութեան դէմ չենք: Նոյն իրավիճակն է մեր գրասենեակի եւ դեսպանորդների հետ համագործակցութիւնը: Միայն այդպէս կարելի է հայկական պետական շահերն աւելի լաւ պաշտպանել»:

Նկատեցինք, որ Նիկոլ Փաշինեանին մեղադրում են իշխանութեան գալուց յետոյ Արցախի հարցու տարբերւող, յաճախ միմեանց հակասող յայտարարութիւններ անելու եւ հարցի լուծման յստակ տեսլական չունենալու մէջ եւ հետաքրքրւեցինք՝ Դուք ասացիք, որ համազգային հարցերի մասով սերտ կապի մէջ էք ՀՀ դեսպանութիւնների հետ, ի՞նչ տպաւորութիւն ունէք, պաշտօնական Երեւանի մօտեցումներում փոփոխութիւններ եղե՞լ են, ի՞նչն է փոխւել: «Արցախի քաղաքականութեան մասով մեր դիրքերը չեն փոխւել: Երբեմն լինում են եւ կարող են լինել խնդրայարոյց յայտարարութիւններ, սակայն քաղաքականութիւնը, փաստաթղթերի ստորագրումը, խորհրդարանական բանաձեւերի քննարկումը յայտարարութիւնների հիման վրայ չեն ծագում: Դրանք ծագում են փաստարկներից, հիմնաւորումներից, փաստաթղթերից: Լաւ է ունենալ զգոյշ յայտարարութիւններ, ես միշտ այդպէս եմ խորհուրդ տալիս իմ կրտսեր գործընկերներին, պէտք է 2-3 անգամ մտածել, թէ ի՞նչ կը լինի յայտարարութեան արդիւնքը: Սակայն, եթէ թէկուզ արւած յայտարարութիւնն այս կամ այն շրջանակների համար ճիշտ չէ, հարցն այդքանով էլ սահմանափակւում է»:

 

Զրոյցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առաւօտ» օրաթերթ, 02.03.2020

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։