Հա

Ազգային

03/03/2020 - 12:40

Այդ շրջաններով մի ողջ երկիր կը կերակրենք. Բենիամին Պչաքճեանը՝ «ԱՐԻ»-ի արցախեան ծրագրերի մասին

Արցախը Հայաստանի Հանրապետութեանը կապող եւ Արցախի ռազմավարական դարպաս հանդիսացող երկու կարեւոր օղակների՝ հարաւ-արեւմտեան թեւի՝ Քաշաթաղի շրջանի, հիւսիսային եւ հիւսիսարեւմտեան թեւի՝ Շահումեանի շրջանի, վերաբնակեցման եւ զարգացման նպատակով արդէն երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներից գործարարների ներգրաւման միջոցով ազգանւէր ծրագրեր է կեանքի կոչում «ԱՐԻ»՝ «Արցախ ռութս ինւեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերութիւնը՝ զարկ տալով այս շրջաններում բնակարանաշինութեան, գիւղատնետսութեան եւ անասնաբուծութեան զարգացմանը, ծնելիութեան խթանմանը:

«alikonline.ir» - Արցախը Հայաստանի Հանրապետութեանը կապող եւ Արցախի ռազմավարական դարպաս հանդիսացող երկու կարեւոր օղակների՝ հարաւ-արեւմտեան թեւի՝ Քաշաթաղի շրջանի, հիւսիսային եւ հիւսիսարեւմտեան թեւի՝ Շահումեանի շրջանի, վերաբնակեցման եւ զարգացման նպատակով արդէն երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներից գործարարների ներգրաւման միջոցով ազգանւէր ծրագրեր է կեանքի կոչում «ԱՐԻ»՝ «Արցախ ռութս ինւեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերութիւնը՝ զարկ տալով այս շրջաններում բնակարանաշինութեան, գիւղատնետսութեան եւ անասնաբուծութեան զարգացմանը, ծնելիութեան խթանմանը:

«ԱՐԻ»՝ «Արցախ ռութս ինւեսթմենթ» ներդրումային ընկերութեան բաժնետէրերը պարբերաբար այցելում են Արցախ՝ տեղում ծանօթանում կատարւած աշխատանքներին, նախորդ տարիների գործունէութեան արդիւնքներին: Սփիւռքահայ գործարարները յաճախակի հանդիպումներ են ունենում Արցախի պետական այրերի, երկրի նախագահի հետ, քննարկում ծրագրերը, հեռանկարները:

Ընկերութիւնն ի սկզբանէ ստեղծւել է լիբանանահայ մի քանի գործարարների մասնակցութեամբ, բայց այսօր ներդրողների թիւը հասել է շուրջ 200 անհատ գործարարի, որոնք ներկայացնում են Սիրիան, ԱՄԷ-ն, Քուվէյթը, Շւէյցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Աւստրալիան: «ԱՐԻ»-ին վերջին միացողները 20 նոր ներդրողներ են Մելբուռնից եւ Սիդնէյից, ովքեր ստանձնել են Քարվաճառի բարձրադիր, գեղատեսիլ մի տարածքում նոր՝ «Սիդնէյ» կոչւող թաղամասի կառուցման յանձնառութիւնը:

Վերջերս Քարվաճառ էր այցելել «ԱՐԻ» հիմնադրամի տնօրէնների խորհրդի անդամ, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի անդամ Բենիամին Պչաքճեանը` ԱՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Գագիկ Մարտիրոսեանի ուղեկցութեամբ ծանօթանալու հիմնադրամի ներդրումներով իրականացւող Սիդնէյ բնակելի թաղամասի շինարարական աշխատանքների ընթացքին:

«2008 թ. Արցախում կայացած կոնֆերանսի ընթացքում տարբեր երկրներից բազմաթիւ կազմակերպութիւններ ներկայացրեցին Արցախի վերաբնակեցման եւ զարգացման ծրագրերը՝ գինու, կաթնամթերքի մշակման գործարաններ հիմնելու, գիւղատնտեսութիւնը զարգացնելու տեսքով: Լիբանանում ստեղծւած «Արցախ Ֆոնդ»-ը եւս մասնակցում էր կոնֆերանսին, մենք համոզւեցինք, որ Արցախի վերակառուցմանը, տնտեսութեան զարգացմանը նպաստելու համար անհրաժեշտ է փոխշահաւէտ ներդրումներ ապահովել: Գործարարների փոքր խումբ հաւաքւեց եւ որոշեցինք ներդրումներ անել այնպիսի շրջաններում, որ նպաստի կայուն զարգացմանը, աշխատատեղեր ստեղծելուն եւ եկամտաբեր լինի: Արցախի իշխանութեան հետ հանդիպեցինք, քննարկեցինք, որոշւեց «Արցախի գիւղի եւ գիւղատնտեսութեան զարգացման հիմնադրամ»-ում գումարներ ներդնել, գիւղատնտեսութեան զարգացումը խթանելու նկատառումով երկարաժամկէտ, ցածր տոկոսադրոյքով, առանց գրաւի վարկեր տրամադրել գիւղացիներին: Ներդրեցինք, մէկ տարւայ ընթացքում արդիւնքը տեսանելի էր, 250-300 ընտանիք կարողացան վարկ վերցնել»,- Yerkir.am-ի հետ զրոյցում նշեց Բենիամին Պչաքճեանը եւ համառօտ ներկայացրեց իրականացւող ծրագրերը՝ կոչ անելով ողջ աշխարհի հայ գործարարներին միանալ իրենց եւ ազգանւէր ու փոխշահաւէտ այս ծրագրերի իրականացման համար կատարել ներդրումներ:

 Ըստ պարոն Պչաքճեանի՝ ընկերութիւնը տասը տարւայ ընթացքում Նոր Շահումեանի եւ Քաշաթաղի շրջաններում ընդհանուր առմամբ շուրջ 7 միլիոն դոլարի ներդրում է արել գիւղատնտեսութեան եւ բնակարանաշինութեան ոլորտներում. «Հազարաւոր հեկտարներ ցորեն, գարի է ցանւում, անասունների գլխաքանակը կրկնապատկւել է: Քաշաթաղում բնակչութեան 24 տոկոս աճ է արձանագրւած, եթէ համեմատենք Արցախի այլ շրջանների հետ, սա մեծ առաջընթաց է: Եթէ հաշւի առնենք որքան միս է ներկրւում Հայաստան, որքան ցորեն, ապա պէտք է նշել, որ եթէ այդ շրջանների բնակլիմայական նպաստաւոր պայմանները ճիշտ օգտագործելու դէպքում, մի ողջ երկիր կը կերակրենք»,- փաստեց ՀՅԴ Բիւրոյի անդամը:

«Նոր կեանք, նոր յոյս» կոչւող ծրագիրը վերաբնակեցւող բնակավայրերում մշտական բնակութիւն հաստատած ընտանիքների կենսապահովման խնդիրները լուծելուն է ուղղւած, ծնելիութեան աճը խրախուսելուն: Ընտանիքում ծնւած երրորդ եւ յաջորդ երեխաների դէպքում մէկական կով է տրամադրում: 

«Ամէն տարի Արցախի կառավարութիւնից ստանում ենք նորածին երեխաների անւանացանկը, տեղեկատւութիւն, որ տւեալ ընտանիքի երրորդ երեխան է: Մեր մասնագէտները շրջում են գիւղ առ գիւղ, համայնք առ համայնք, ստուգում են, թէ տւեալ նորածինն իսկապէս այդտեղ բնակւում է եւ նւիրում ենք կթու կով: Արդէն 1550 կթու կով ենք բաժանել, պայամանագիր է ստորագրւում կովը վաճառողի, կովը ստացողի եւ մեր ներկայացուցչի միջեւ, որ երեք տարի այդ կովը պէտք է չմորթի, վաճառի եւ լաւ խնամւի: Ազատագրւած Շահումեանի, Քաշաթաղի շրջաններում անասունների գլխաքանակը զգալիօրէն բարձրացրել ենք: Այս ծրագրի առանցքային նպատակն է խրախուսել բազմազաւակութիւնը, նպաստաւոր պայմաններ ստեղծել մարդկանց կենսամակարդակի բարձրացման համար»,- ծրագիրը մանրամասնում է Բենիամին Պչաքճեանը:

«Գոյք Արցախի դպրոցների համար» ծրագրի շրջանակներում լիբանանահայ աշակերտները խորհրդանշական գումարներ են հաւաքում եւ ամէն անգամ Արցախի որեւէ համայնքի դպրոցի համար սարքաւորումներ, համակարգիչներ են ուղարկում կամ գրասեղաններ: Պարոն Պչաքճեանին խնդրեցինք այս մասին եւս ներկայացնել.

«Մենք ունենք ռազմադաստիարակչական ուղղւածութեան ծրագրեր եւս, ճամբարներ ենք կազմակերպում, Լիբանանից աւարտական դասարանի աշակերտները գալիս են, 15-20 օր անցկացնում զօրամասում, ապրում զինւորի կեանքով, նոյն ճաշը ուտում, մարմնամարզութիւն անում՝ շփւելով իրենց հասակակից երիտասարդների հետ: Իսկ Կովսական համայնքում կանանց համար հետաքրքիր համագործակցութիւն ենք իրականացնում: Հաշւի առնելով այն փաստը, որ ձմռան ամիսներին տեղի կանայք զբաղմունք չունեն, որոշեցինք անհրաժեշտ նիւթեր տրամադրել, որպէսզի կանայք սովորեն ձեռագործ աշխատանքներ անել: Նրանց ձեռագործ աշխատանքները վաճառւում են Լիբանանում՝ վաճառքի գումարն ուղարկելով այդ կանանց՝ լիբանանցի եւ արցախցի կանանց միջեւ այսպիսով ձեւաւորելով բարիդրացիական յարաբերութիւններ»,- պատմեց բանախօսը:

Հարցին՝ արդեօ՞ք Լիբանանից կամ Սիրիայից ընտանիքները ցանկութիւն են յայտնում տեղափոխւելու եւ Արցախում բնակւելու, մեր զրուցակիցը պատասխանեց, որ, դժբախտաբար՝ կենցաղի, պայմանների հսկայան տարբերութեան պատճառով ընդամենը մի քանի ընտանիք են Լիբանանից, Սիրիայից եկել եւ ապրում են Արցախում: Իրենք օժանդակում են նման ընտանիքներին, տուն տրամադրում եւ վեց ամսւայ համար ապրուստի գումար:

«ԱՐԻ»՝ «Արցախ ռութս ինւեսթմենթ» (Artsakh Roots Investment) ներդրումային ընկերութեան գործարարների խումբը յաճախ է լինում Աղաւնօ գետի ափին կառուցւած Արիաւան գիւղում, քանզի գիւղի կառուցապատումը «ԱՐԻ»-ի ամենախոշոր ներդրումային ծրագրերից է:

«Արցախում մենք ձեռնամուխ եղանք բնակարանաշինութեան գործընթացին, որոշեցինք ընտրել ռազմավարական նշանակութիւն ունեցող մի համայնք, որը օրինակելի աւան կը հանդիսանայ: Մեզ տրամադրւեց տարածք եւ Արիաւանում արդէն կառուցւել է 50 տուն իր տնամերձ հողամասով: Արիաւանում բնակելի տները տրամադրւել են բազմազաւակ ընտանիքներին, բանակում աւելի քան քսան տարի ծառայած սպաներին եւ այն բնակիչներին, որոնք այդտեղ ապրում էին անմարդկային պայմաններում»,- գոհունակութեամբ նշեց պարոն Պչաքճեանը:

Զրուցակցի խօսքերով՝ Քարվաճառում կառուցւող 15 բնակելի տները պատրաստ կը լինեն մայիսին՝ կոմունալ բոլոր յարմարութիւններով, ջերմամեկուսացմամբ: Վարչակազմի ղեկավարի հետ քննարկման արդիւնքում եկել են այն եզրակացութեան, որ նորակառոյց այս թաղամասում հարկաւոր է մասնագէտներ վերաբնակեցնել, գիւղատնտեսներ, ուսուցիչներ: Բենիամին Պչաքճեանի հաւաստիացմամբ՝ այս տները չեն ծառայի ոչ մի դէպքում որպէս ամառանոցներ, այնտեղ պէտք է ապրեն բազմազաւակ ընտանիքներ:

Հարցին, թէ Քարվաճառը վերադարձնելու մասին ժամանակի մամուլում շրջանառւող խօսակցութիւնները ձեզ չէի՞ն մտահոգում ներդրումներ անելիս, ՀՅԴ Բիւրոյի անդամը պատասխանեց.

«Երբ առաջին անգամ եղայ Քարվաճառում՝ տպաւորւած էի եւ վստահ, որ սա հարուստ մի քաղաք է եղել՝ հաշւի առնելով փլատակ տների ցանկապատների հաստութիւնը, տների յարակից տարածքները, քաղաքի կենտրոնական փողոցը: Ամէն ինչ շատ տպաւորիչ էր, յիշեցնում էր իւրայատուկ մի քաղաք: Եթէ ներդրումներ արւեն, զարգացնենք այս շրջանը, անհնար է վերադարձը: Մենք պէտք է զարգացնենք եւ ամէն ճիգ թափենք, որ այդ տարածքները պահպանենք»:

Բենիամին Պչաքճեանը սփիւռքահայ գործարարներին պարբերաբար պատմում է իրենց ծրագրերի, փորձառութեան մասին, լուսանկարներով ներկայացնում կատարւած աշխատանքները, քաջալերում՝ ներդրումներ անել Արցախում:

«Կոչ եմ անում աշխարհի տարբեր երկրների հայ գործարարներին, որոնք ուզում են ազգանւէր ինչ որ բան անել իրենց հայրենիքի համար, միանան մեզ՝ Արցախի վերաբնակեցման, վերաշինութեան համար փոխշահաւէտ ներդրումներ անելով»,- զրոյցը եզրափակեց Բենիամին Պչաքճեանը: 

ԱՐԻ՝ «Արցախ ռութս ինւեսթմենթ» (Artsakh Roots Investment) հիմնադրամի գործունէութեանը բոլորը կարող են ծանօթանալ ընկերութեան պաշտօնական էջի միջոցով:

 

Վարդինէ Իսահակեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։