Հա

Ազգային

04/03/2020 - 14:10

Արդարադատութիւնը գլխիվայր

Պետութեան ղեկավարումը ստանձնելուց ի վեր նոր իշխանութիւնները ոչինչ այնպիսի ջանադրութեամբ չեն անում, ինչպէս, քրէական հետապնդումները, մասնաւորապէս` իշխանութեան նախկին ներկայացուցիչների նկատմամբ` սկսած երկու նախագահներից ու նախարարներից մինչեւ ցածրաստիճան պաշտօնեաները:

Ներկայացնում ենք «Դրօշակ» պաշտօնաթերթի «Առաջնորդող» յօդւածը

 

Պետութեան ղեկավարումը ստանձնելուց ի վեր նոր իշխանութիւնները ոչինչ այնպիսի ջանադրութեամբ չեն անում, ինչպէս, քրէական հետապնդումները, մասնաւորապէս` իշխանութեան նախկին ներկայացուցիչների նկատմամբ` սկսած երկու նախագահներից ու նախարարներից մինչեւ ցածրաստիճան պաշտօնեաները:

Որքան էլ զարմանալի թւայ, իշխանութեան ներկայացուցիչները տարբեր առիթներով յայտարարել են, որ այս կամ այն քրէական գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ: Այդպիսի գնահատականներ հնչել են նոյնիսկ երկրի բարձրագոյն՝ Սահմանադրական դատարանի շուրջ ծաւալւող իրադարձութիւնների վերաբերեալ, որի անցանկալի անդամներից ազատւելու համար իշխանութիւնն անգամ համաժողովրդական հանրաքւէ է նախաձեռնում: Ակնառու իրողութիւն է, որ հարուցւող քրէական գործերն ու հետապնդումներն ի սկզբանէ դարձել են իւրատեսակ գործիք իշխանութեան ձեռքին, որի միջոցով փորձ է արւում սահմանափակելու եւ կանխելու անցանկալիների քաղաքական գործունէութիւնը, մարդկանց ենթարկելու շանտաժի, պարտադրելու պետական ու մասնաւոր գանձարկղեր մուծել որոշակի գումարներ: Այս ճանապարհով ներշնչւում է հանրութեանը, որ իւրաքանչիւր ոք ընդդիմադիր գործունէութեան համար մի օր կարող է յայտնւել իրաւապահ համակարգի ուշադրութեան առանցքում: Պատահականութիւն չէ, որ մի շարք դէպքերում իշխանութեան գործողութիւնները առկայ եւ հնարաւոր օրինազանցութիւնների դէպքում չափազանցւած ու անհամարժէք են: Պատահականութիւն չեն երկրում քիչ թէ շատ յայտնի անձանց` թէկուզ կարճ ժամանակով ձերբակալութիւնները, յատուկջոկատայինների մասնակցութեամբ կոշտ ուժի կիրառման, ձեռքեր ոլորելու, ասֆալտին պառկեցնելու տեսարանները:

Ընդ որում, հասարակական հնչեղութիւն ունեցող գրեթէ բոլոր դէպքերում նախապէս մանրամասնօրէն ներկայացւում են ենթակայի կատարած «յանցանքները»: Այսինքն` աղաղակող կերպով ոտնահարւում է արդարադատութեան այն երկաթեայ կանոնը, ըստ որի` իւրաքանչիւր անձ անմեղ է, քանի դեռ վերջնական վճռով դատարանը չի ապացուցել վերջինիս մեղաւորութիւնը: Եւ կարծես ոչ ոքի չի յուզում տւեալ անձի արժանապատւութեան հարցը, ապրումներն ու կրած դժւարութիւնները, անձնական կեանքում տեղի ունեցած կտրուկ փոփոխութիւնների հետեւանքները, նրա ընտանիքի հոգեկան ալեկոծումները եւ այլն: Արձանագրենք, որ մի շարք դէպքերում լուրջ մեղադրանքների հիման վրայ իրականացւած համապատասխան իրաւական գործընթացներից յետոյ տւեալ գործերը կարճւել են, այլ դէպքերում դրանց վերջը չի երեւում, թէեւ ի սկզբանէ ներկայացւել էին շատ յստակ մեղադրանքներ: Այլ պարագաներում գնալով ակնյայտ է դառնում, որ իշխանութիւնները «խաղում են ժամանակի վրայ»` որքան հնարաւոր է երկար ժամանակ մարդկանց պահելով փակի տակ եւ սահմանափակելով նրանց ակտիւ գործունէութեան հնարաւորութիւնը: Ակնյայտ է նաեւ այն իրողութիւնը, որ, ըստ էութեան, իշխանութիւնները որդեգրել են ներքաղաքական խնդիրներն իրաւական մահակով լուծելու գործելակերպը:

Ընդ որում, ժողովրդական բնոյթ ստացած շարժման օրերից նոյն ուժը մշտապէս ոտնահարել է օրէնքը: Պատահական չէ, որ երկրի վարչապետի ղեկավարութեամբ իշխող ուժի ոտնձգութիւնների ու կամայականութիւնների թիրախում բազմիցս յայտնւել է դատական համակարգը, երբ չի ենթարկւել իշխանութեան հլու կամակատարը լինելու պահանջին: Նոյն տրամաբանութեամբ եւ տարբեր պատճառաբանութիւններով դատաւորներ են հեռացւում ընթացող դատավարութիւններից, նոյն տրամաբանութեամբ ցանկալիներով փոխարինւեց Բարձրագոյն դատական խորհրդի նման կարեւոր ինստիտուտի կազմը եւ այդ նոյն տրամաբանութեամբ դատական համակարգի գլխին կախւած է մնում, այսպէս կոչւած, Վեթինգի (անհատական վարքի ու գործունէութեան քննութեան) սուրը, չհաշւած այն, թէ քանի անգամ է վարչապետ Փաշինեանը ամենակոշտ որակումներով ու սպառնալիքներով արտայայտւել դատաւորների հասցէին:

Ամէն քայլափոխի քամահրելով օրէնքի շրջանակում գործելու պարտականութիւնը` իշխանութիւնը, խորհրդարանի մակարդակով, նախ որոշեց ժամանակից շուտ թոշակի ուղարկել իր կամքին անհնազանդ Սահմանադրական դատարանին, իսկ երբ վերջինիս բոլոր անդամները հրաժարւեցին կոռուպցիոն գործարքի դիմելուց, որոշեց նրանց հեռացնել համաժողովրդական հանրաքւէի միջոցով: Ընդ որում, Սահմանադրական դատարանի նկատմամբ այս յաւակնութիւնը եւս բաւարարւեց խորհրդարանի հակասահմանադրական որոշմամբ: Ղեկավարող ուժի ներկայացուցիչներից մէկը, փորձելով արդարացնել անօրինական վճիռը, հեռուստատեսային հարցազրոյցի ժամանակ պատճառաբանեց, թէ ժողովրդի կամքն օրէնքից վեր է: Եթէ ասւածը թարգմանենք պարզ մեկնաբանութեամբ, հաւանաբար այն այսպէս կը հնչի. «Մենք ոչ մէկ անգամ ոտնահարել ենք օրէնքը, եւ մեր գործողութիւնների արդարացում է համարւել ժողովրդական պահանջի պատճառաբանութիւնը, ուրեմն ինչո՞ւ չի կարելի նոյն բանն անել եւս մէկ անգամ»:

Թերեւս նոյն տրամաբանութեամբ կարելի է բացատրել նաեւ այն նշմարւող միտումը, որ Հայաստանի Հանրապետութեան տարբեր տարածքներում ներկայումս բազմաթիւ քրէական գործեր են յարուցւում գիւղապետների, դպրոցների տնօրէնների եւ այլ պաշտօնեաների նկատմամբ, որոնք Հայաստանում անմիջական ազդեցութիւն ունեն ընտրող զանգւածների վրայ: Գալիք հանրաքւէն կը փաստի, թէե որքանով էին արդարացւած այն ենթադրութիւնները, որ տւեալ քրէական գործերի գինը հանրաքւէի դրական ելքի ապահովման մէջ ունենալիք ծառայութիւնն է լինելու:

Երբ մի երկրի իշխանութիւն փողոցի իր «յեղափոխական» գործելակերպը շարունակում է պետական ղեկի մօտ, պէտք է ունենայ այն բանի գիտակցութիւնը, թէ դա որքան է վտանգաւոր սահմանադրական կարգի համար: Երբ մի երկրի «յեղափոխական» իշխանութիւն ղեկավարման լծակներին տիրանալուց յետոյ քրէական եւ այլ բնոյթի զանգւածային հետապնդումներ ու քննութիւններ է նախաձեռնում նախկին բարձրաստիճան պաշտօնեաների, պատերազմական գործողութիւնների մասնակից բարձրաստիճան զինւորականների նկատմամբ, այդ ամէնը ոչ միայն լրջագոյն հարւած է պետութեան հեղինակութեանը, այլեւ մի օր խնդրոյ առարկայ կարող է դարձնել եւ մղւած ազգային-ազատագրական պայքարի օրինականութիւնը եւ նորանկախ երկրի` երեսուն տարւայ վարկը: Ինչպէս տեսնում ենք, այդ գիտակցութիւնը հանդէս չեն բերում պետութեան նաւը ճոճող` երէկւայ փողոցի հերոսները:

Անօրինականութեան սանձարձակ ընթացքը եթէ օրինականութեան պահանջով չկանխւի, պատրանք չունենանք, թէ առկայ սպառնալիքը փոքր կորուստներով հնարաւոր կը լինի յաղթահարել:

 

«Դրօշակ»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։