Հա

Ազգային

05/03/2020 - 09:30

«Անկախ դատարանը» աւելի կարեւոր սկզբունք է, քան իշխանութեան հետապնդած շահը․ Արծւիկ Մինասեանը՝ ՍԴ մասին ԱՄՆ-ի օրինակով

Սահմանադրութեան փոփոխութեան հանրաքւէի քարոզարշաւի ընթացքում «Այո» քարոզողները բազմաթիւ մանիպուլեացիաներ են անում՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը։

«alikonline.ir» - Սահմանադրութեան փոփոխութեան հանրաքւէի քարոզարշաւի ընթացքում «Այո» քարոզողները բազմաթիւ մանիպուլեացիաներ են անում՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծւիկ Մինասեանը։

Քարոզչապաստառներին գրւած է եւ հոլովակում հնչում է «Յեղափոխութեանը ասում ենք այո» արտայայտութիւնը, այնինչ հանրաքւէի է դրւում ոչ թէ յեղափոխութեանը, այլեւ ՍԴ 7 անդամի լիազօրութիւնների դադարեցմանը «այո» կամ «ոչ» ասելու հարցը։

«Իրականում, ոչ միայն չի ներկայացւում, թէ ինչ է դրւած հանրաքւէի, այլեւ հասարակութեանը յստակ չի ներկայացւում, թէ ինչ է հանրաքւէ․ «հանրաքւէ» արտայայտութիւնը շահարկւեց իշխանութիւնների կողմից»,- արձանագրեց Արծւիկ Մինասեանը։

Նա նկատի ունի, որ իշխանութիւնները ժողովրդին հարցը հրամցրին այնպէս, իբր՝ տեսէք, ժողովուրդ, ձեր կարծիքն ենք ուզում, այնինչ իրականում իրենք խուսափեցին այդ պատասխանատւութիւնը վերցնել իրենց վրայ՝ յստակ գիտակցելով, որ սա Քրէական օրէնսգրքով պատժելի արարք է՝ իշխանութեան իւրացում եւ սահմանադրական կարգի տապալում։ Եւ որպէսզի քողարկւի այս առանձնապէս ծանր յանցագործութիւնը՝ պետութեան սահմանադրական կարգի դէմ ուղղւած յանցագործութիւնը, նրանք հարցը տեղափոխում են հանրաքւէի, որ հիմնաւորեն, թէ ժողովուրդն է որոշում կայացրել։

«Սա խեղաթիւրում է հանրաքւէի գաղափարը, էութիւնը, իմաստը եւ ժողովրդին մղում է մի գործողութեան, որը հետագայում շատ աւելի վատ հետեւանքներ է ունենալու՝ ի դէմս միջազգային հանրութեան բացասական արձագանքի, որն իր հերթին թէ՛ ստեղծելու է վտանգ մեր երկրի արտաքին քաղաքականութեան հարցում, թէ՛ երկրում ձեւաւորելու է նախադէպ, որտեղ ցանկացած նոր եկած իշխանութիւն իրեն յարմար դատական համակարգ կը ձեւաւորի, թէ՛ աւիրում է իշխանութիւնների բաժանման ու տարանջատման սկզբունքը եւ թէ՛ նաեւ ապագայում օրակարգ մտնող ցանկացած հարցի վերաբերեալ «այս գլխից» ունենում իր միանշանակ որոշումը»,- ասաց Արծւիկ Մինասեանը։

Սահմանադրութեամբ շարժվելու պարագայում, այս փոփոխութիւնները անպայման պէտք է ներկայացւէին ՍԴ դիրքորոշումն ստանալու։

«Այն հիմնաւորումները, թէ իբր՝ ՍԴ-ն չէր կարող այս օրենքի նախագիծը քննարկել, որովհետեւ վերաբերում էր իրենց, սխալ են։ Միջազգային փորձն էլ է վկայում, որ այսպիսի դէպքերում ՍԴ-ն, այո՛, իրաւասու է քննել այս գործը, որովհետեւ ոչ թէ կոնկրետ դատաւորի մասին է խօսքը, այլ ինստիտուտի մասին, որից ածանցւում է դատաւորների հարցը, հետեւաբար, ՍԴ-ն իրաւասու էր որոշում տալ։ Հարցը հանրաքւէի դնելու դէպքում եւս ՍԴ-ն պէտք է դիրքորոշում արտայայտէր»,- ասաց Արծւիկ Մինասեանը։

Նա յիշեցրեց, որ 2015 թ-ին հէնց Դաշնակցութիւնն է հիմնականում պնդել, որ անմիջական ժողովրդավարութեան գործիքները ներառւեն Սահմանադրութիւն․ հանրաքւէները, քաղաքացիական նախաձեռնութեան կարգով օրէնսդրական նախաձեռնութիւններ իրականացնելը, համաժողովրդական հարցումները, ուղղակի ընտրութիւնները եւ այլն։ Բայց սա չի նշանակում, որ ամէն հարց կարելի է դնել հանրաքւէի․ օրինակ, օրէնսդրութիւնը թոյլ չի տալիս  հանրաքւէի դնել բանակում ծառայութիւնը 2 թէ 1 տարի լինելու հարցը, կամ բոլոր հարկերը զրոյացնելու հարցը՝ կան սահմանափակումներ, որտեղ ժողովրդի որոշումը փոխանցւում է իրաւասու մարմինների միջոցով։

Սահմանադրութեան կոնկերտ դրոյթը՝ այս դէպքում 213 յօդւածը, փոխելու լիազօրութիւնը վերապահւած է ԱԺ-ին։ Այնինչ, ԱԺ-ում քաղաքական մեծամասնութիւնը նախընտրեց ոչ թէ ինքը որոշում կայացնել, այլ հանրաքւէով պատասխանատւութիւնը դնել ժողովրդի վրայ, քանի որ, ըստ Արծւիկ Մինասեանի, շատ յստակ հասկանում է, որ այս հարցը վերաբերում է իշխանութեան 3-րդ ճիւղի՝ դատական համակարգի նւաճմանը։

Այսպիսի փորձեր այլ երկրներում եւս եղել են՝ նկատեց Արծւիկ Մինասեան ու բերեց ԱՄՆ օրինակը։  

«ԱՄՆ-ում դեռեւս 1937 թ. ճգնաժամի տարիներին, երբ Կոնգրեսը բազմաթիւ օրէնքներ էր ընդունում, ԱՄՆ Գերագոյն դատարանը դրանց մի մասը ճանաչում էր Սահմանադրութեանը հակասող։ Եւ նախագահ Ռուզւելտը որոշեց ազդել Գերագոյն դատարանի վրայ, որը մեր Սահմանադրական դատարանի գործառոյթն էր իրականացնում։ Ի տարբերութիւն Հայաստանի, իրենց մօտ Սահմանադրութեամբ չէր նախատեսւած, թէ որքան է դատաւորների թիւը, այլ օրէնքով էր սահմանւած։ 9 դատաւոր էր սահմանում օրէնքով եւ նախագահ Ռուզւելտը որոշեց մտցնել օրինագիծ, որի համաձայն 70 տարեկանից աւագ իւրաքանչիւր դատաւորի դիմաց աւելացւում է լրացուցիչ 1 տեղ եւ երկրորդը՝ նրանք կարող են վաղաժամ թոշակի գնալ։ Երկրորդ մասը կամաւոր էր, առաջին մասը՝ պարտադիր։ Թէեւ Կոնգրեսի մեծամասնութիւնը պաշտպանում էր Ռուզւելտին, թէեւ հասարակութիւնը աջակցում էր Ռուզւելտին, բայց օրինագիծը չընդունւեց։ Եւ հիմնաւորումը գիտէ՞ք որն էր՝ պարզ մի բան. մեզ համար անկախ դատարանը աւելի կարեւոր սկզբունք է, քան այն շահը, որը հետապնդում է իշխանութիւնը»,- պատմեց Արծւիկ Մինասեանը։

Նա ընդգծեց հանգամանքը, որ Կոնգրեսը չընդունեց՝ յետ կանգնեց այդ մօտեցումից, հասարակութիւնն էլ ընկալեց, որ անկախ ինստիտուտը պահպանելը չափազանց կարեւոր է։

«Հետաքրքիր է, որ այն ժամանակ օգտագործւող լեքսիկոնը նոյնն էր, ինչ այսօր դիտարկւում է մեզ մօտ։ Օրինակ, այն ժամանակ ասում էին, որ ԱՄՆ 60 գերհարուստ ընտանիքներ կառավարել են երկիրը եւ շարունակում են ազդեցութիւն ունենալ Գերագոյն դատարանի վրայ եւ Գերագոյն դատարանը սպասարկում էր այդ անձանց շահերը։ Գրեթէ նոյն լեքսիկոնն էր օգտագործւում, բայց մերժեցիան այս մօտեցումը եւ մինչեւ այսօր 9 դատաւորով ԱՄՆ Գերագոյն դատարանը կայացնում է որոշումներ, որոնք պարտադիր կատարման ենթակայ են»,- նշեց Արծւիկ Մինասեանը։

Հանրաքւէի քարոզարշաւի ընթացքում Դաշնակցութիւնը այս մասին չի լռելու․ ընտրողների հետ հանդիպումներով, պաստառներով, լրատւամիջոցներով ներկայացնելու է «Այո»-ն բացառելու կարեւորութիւնը ու գործընթացի մտահոգիչ կէտերը։ Դաշնակցականները ակտիւ ներգրաււել են նաեւ յանձնաժողովներում։

Արծւիկ Մինասեանը ներկայացնում է մեխանիզմը․ «Ըստ ՀՀ հանրաքւէի մասին սահմանադրական օրէնքի՝ «Ոչ»-ի շտաբը կարող էին ձեւաւորել պառլամենտական այն ուժերը եւ խմբաւորումները, ովքեր դէմ էին քւէարկել այս հանրաքւէի որոշմանը։ Բայց մենք տեսանք, որ պառլամենտի 2 ուժերը՝ ԲՀԿ-ն եւ «Լուսաւոր Հայաստանը» չձեռնարկեցին այս գործողութիւնը։ Օրէնքը նախատեսում է, որ այդպիսի դէպքում 50 եւ աւելի քաղաքացիներ կարող են կամաւոր միաւորւել եւ ԿԸՀ դիմել՝ «Ոչ»-ի շտաբ ձեւաւորելու համար։ Օրէնքը չի վերապահում որեւէ քաղաքական ուժի առանձին վերցրած կամ միասնական, որպէսզի իրենք դառնան «Ոչ»-ի շտաբի պատասխանատու, բայց օրէնքը հնարաւորութիւն է տալիս, որ այս քաղաքացիների ձեւաւորած խմբի շրջանակներում նաեւ համագործակցութիւն ծաւալւի այն քաղաքական ուժերի եւ անձանց հետ, ովքեր դէմ են արտայայտւում այս գործընթացին»։

Հետեւաբար, այլ ուժերի հետ, ովքեր ի սկզբանէ յայտարարում էին, որ հանրաքւէի որոշումը հակաօրինական է, Դաշնակցութիւնը եւս համաձայնել է համագործակցել «Ոչ»-ի շտաբի հետ, որը ձեւաւորւել է անկախ իրաւաբանների կողմից, որպէսզի, ինչպէս իրենք են յայտարարել, պարտադրւած հանրաքւէի օրը՝  ապրիլի 5-ին, ապահովեն ընթացակարգի պահպանումը՝ արձանագրել խախտումներ, հնարաւորինս կանխել, իսկ կանխելու անհնարինութեան դէպքում բարձրաձայնել դրա մասին եւ որպէս ապացուցման բազա ձեւաւորել այդ խախտումները, որ հետագայում բողոքարկման հնարաւորութիւն լինի։

«Մենք մեր համագործակցութեան շրջանակում առաջարկել ենք մեր աջակցութիւնը եւ բազմաթիւ դաշնակցականներ ներգրաււած են յանձնաժողովներում՝ «Ոչ»-ի շտաբով, որպէսզի բացառեն քաղաքացիների նկատմամբ որեւէ պարտադրանք կամ առնւազն արձանագրեն դրանք։ Մենք հասկանում ենք, որ միայն մեր ուժերով դա հանարաւոր չէ անել, դրա համար «Ոչ»-ի շտաբը նաեւ այլ քաղաքական ուժերի է դիմել, ստացել է այդ աջակցութիւնը, եւ այս պահի դրութեամբ առնւազն յանձնաժողովներում պէտք է ապահովւի այս հսկողութիւնը»,- ասաց Արծւիկ Մինասեանը։

«Ոչ»-ի շտաբը նաեւ խողովակ է հանրութեանը տեսակէտներ եւ մտահոգութիւններ հասցնելու համար․ Դաշնակցութիւնը ժողովրդին տեղեկացնելու է, որ այս գործընթացը ամենեւին պետութեան իրաւական, ժողովրդավարական համակարգերն ամրացնելու մասին չէ, այլ ընդամենը օրւայ քաղաքական իշխանութեան շահը հետապնդող գործողութիւն է, որի համար հետագայում պատասխանատւութիւն է կրելու ամբողջ պետութիւնը։

«Այս տեսանկիւնից մենք չենք կարող գնալ, տանը նստել եւ ասել՝ քանի որ անօրինական հանրաքւէ է եղել, հետեւաբար՝ ինչ ուզում էք՝ արէք։ Որովհետեւ այս երկրի համար մենք էլ ենք պատասխանատու։ Անկախ նրանից իշխանութեան լծակներ ունես, թէ չունես, հասրակութեան մի էական հատւած սպասում է, թէ քաղաքական ուժերը, ի վերջոյ, ինչ տեսակէտ ունեն, իսկ Դաշնակցութիւնը, որպէս 130 տարւայ քաղաքական ուժ, չի կարող ուղղակի անտարբեր լինել այսպիսի գործընթացներին»,- ասաց Արծւիկ Մինասեանը։

Թիրախաւորւելուց Դաշնակցութիւնը չի վախենում՝ գիտակցելով, որ ցանկացած իշխանութիւն փորձում է պիտակաւորել ընդդիմութեանը․ «Դա եղել է առաջին նախագահի ժամանակ, եղել է երկրորդ նախագահի այն շրջանում, երբ ընդդիմութիւնը պիտակաւորում էր մեզ՝ որպէս իշխանութեան մաս, դա եղել է երրորդ նախագահի ժամանակ, երբ այն ժամանակւայ իշխանութիւնը մեզ պիտակաւորում էր հայ-թուրքականի մասով ընդդիմութիւն եղած ժամանակ, դա նաեւ այսօր է։ Սա մշտական գործընթաց է, մենք սրանից չենք խուսափում, այլ չափազանց կարեւոր է, որ հասարակութեան ճնշող մեծամասնութիւնը հասկանայ մեր տեսակէտները եւ այս գործողութեանն է, որ մենք գնում ենք»։

Հանրաքւէ անցկացնելու՝ իշխանութեան շտապողականութիւնը Արծւիկ Մինասեանը բացատրում է մի շարք հանգամանքներով․ «Առաջինը, որ Սահմանադրական դատարանը այսօր իրաւասու է Սահմանադրութեամբ կասեցնելու բազմաթիւ հարցեր, որոնք ի վնաս պետութեան եւ հանրութեանն են ընթանում՝ կը լինի Արցախի հարց, հայ-թուրքական յարաբերութիւնների հարց, աւանդական արժէքներին սպառնացող վտանգներ, դատական համակարգի վրայ ազդեցութեան մեծացում եւ այլն։ Երկրորդ՝ տեսնում ենք, որ Հայաստանում լայն թափով ընթանում են ամբոխավարական մօտեցումները՝ սկսած սեփականութեան իրաւունքի նկատմամբ գործողութիւններից, աւարտած՝ անմեղութեան կանխավարկածի կոպտագոյն խախտումներով։ Եւ սրանց բոլոր գործողութիւնների բարձրագոյն իրաւական հսկողութիւնը վերապահւած է Սահմանադրական դատարանին»։

2019 թ.-ին ՍԴ-ն 11 օրէնքների դրոյթներ ճանաչել է Սահմանադրութեանը հակասող եւ անվաւեր՝ արձանագրեց Արծւիկ Մինասեանը․ «Հետաքրիրն այն է, որ սրանցից ընդամենը 3-4-ի վերաբերեալ է, որ կառավարութիւնը, որը պատասխանատու է օրէնսդրական նոր նախաձեռնութեամբ հանդէս գալու, միայն 3-4-ով է հանդէս եկել։ Այնպիսի կարեւորագոյն հարցեր, ինչպիսին, օրինակ, քրէական դատավարութեան օրէնսգրքում այն անձանց մասով չափորոշիչներ սահմանելն է, որոնք Սահմանդրութեամբ օժտւած են անձեռնմխելիութեամբ՝ այս դրոյթի վերաբերեալ որեւէ նախաձեռնութուն չի իրականացւել, կալանաւորումը եւ գրաւը, որ պէտք է տարանջատւի ՍԴ որոշմամբ, որպէս ինքնուրոյն խափանման միջոց՝ այս պահի դրութեամբ որեւէ օրէնսդրական նախաձեռնութիւն չի իրականացւել եւ էլի բազմաթիւ այլ ուղղութիւններ»։

Արծւիկ Մինասեանը սա բացատրեց առաջինը՝ այն հանգամանքով, որ իշխանութիւնները սպասում են ՍԴ կազմը համալրւի իրենց թելադրանքը կատարող դատաւորներով, որպէսզի նոր հանդէս գան օրէնսդրական նախաձեռնութիւններով, երկրորդը՝ այն նախաձեռնութիւնները, որոնք այժմ իրականացնում է կառավարութիւնը, շատ յստակ հասկանում է, որ ՍԴ կարող է սահմանափակել իրենց այդ լիազօրութիւները․ ինչպէս օրինակ, բանկային գաղտնիքի մասին օրէնքի փոփոխութիւնները, որոնք հիմա վիճարկւում են ՍԴ-ում, առանց մեղադրական դատավճռի գոյքի վրայ բռնագանձում տարածելու հարցը եւ այլն։ 

«Եւ սա գալիս է նրանից, որ օրւայ քաղաքական իշխանութիւնը չունի գաղափարախօսութիւն․ նա մի դէպքում շարժւում է ծայրայեղ ազատական մօտեցումով, մէկ այլ դէպքում՝ ծայրայեղ սոցիալիստական մօտեցումով, մէկ այլ դէպքում՝ ծայրայեղ կենտրոնաձիգ իշխանութիւն ձեւաւորելու մօտեցումով։ Գաղափարախօսութեան բացակայութիւնը նաեւ շփոթ է առաջացրել նրանց վարքագծի կանխատեսելիութեան առումով»,- ասաց Արծւիկ Մինասեանը։

Իբրեւ օրինակ նա բերեց աշխարհի առաջադէմ երկրներում ընդունւած՝ պրոգրեսիւ եկամտային հարկի համակարգը համահարթ եկամտահարկով փոխարինելու նախաձեռնութիւնը․ «Սրանով առաւելութիւնը տալիս է հարուստներին, որովհետեւ նրանք աւելի քիչ են հարկւելու եւ, հետեւաբար, նրանց եւ միջին ու ցածր եկամուտ ունեցողների միջեւ տարբերութիւնը աւելի մեծանում է՝ հարուստներին աւելի հարստացնում է։ Միւս դէպքում, օրինակ, երբ խօսում է պետական գոյքի ժամանակին անարդիւնաւէտ մասնաւորեցման մասին, ծայրայեղ կենտրոնաձիգ իշխանութեան վարքագիծ է դրսեւորում»։

Արծւիկ Մինասեանի համոզմամբ՝ բոլոր դէպքերը քննարկման ենթակայ են․ «Այո՛, այն պետական գոյքերը, որոնք ժամանակին անարդիւնաւէտ կամ որեւէ կոռուպցիոն սխեմայով օտարւել են, միանշանակ այս մասով պէտք է գործի քննութիւնը գնայ, պետութեանը վերականգնւի պատճառւած վնասը․ իսկ սա նշանակում է ունենալ յստակ օրէնսդրութիւն, իրաւապահ համակարգ եւ դատարանների նկատմամբ ճնշում չգործադրւի, որպէսզի արդար դատաքննութեամբ այս ամէնը հաստատւի»։ 

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։