Հա

Ազգային

06/03/2020 - 09:00

Համարձակւում եմ չհաւատալ ձեր անկեղծութեանը

Առիթ ունեցայ ուշացումով ընթերցելու «Ասպարէզ» թերթի փետրւարի 25-ի համարում Ռազմիկ Շիրինեանի հրապարակած «Քաղաքական զարգացման հրամայականը» յօդւածը: «Ուշացումով» ընթերցելը կարեւոր փաստարկ էր չարձագանքելու գրւածին, մանաւանդ ամէն բանի չէ, որ առհասարակ արձագանքելու անհրաժեշտութիւն կայ, միւս կողմից, երբեմն չպատասխանելը «դատավճիռ կայացնողների» մօտ տպաւորութիւն է ստեղծում, թէ այնքան անհերքելի ճշմարտութիւններ են բացահայտել, որ դիմացինները հակափաստարկ չունենալով պապանձւել են: 

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Առիթ ունեցայ ուշացումով ընթերցելու «Ասպարէզ» թերթի փետրւարի 25-ի համարում Ռազմիկ Շիրինեանի հրապարակած «Քաղաքական զարգացման հրամայականը» յօդւածը:«Ուշացումով» ընթերցելը կարեւոր փաստարկ էր չարձագանքելու գրւածին, մանաւանդ ամէն բանի չէ, որ առհասարակ արձագանքելու անհրաժեշտութիւն կայ, միւս կողմից, երբեմն չպատասխանելը «դատավճիռ կայացնողների» մօտ տպաւորութիւն է ստեղծում, թէ այնքան անհերքելի ճշմարտութիւններ են բացահայտել, որ դիմացինները հակափաստարկ չունենալով պապանձւել են: Մանաւանդ նոյն մտայնութիւնը կարող է փոխանցւել իրականութեանը քիչ ծանօթ ընթերցողին: Այս հանգամանքը ոչ պակաս ծանրակշիռ համարելով որոշեցի անդրադառնալ տւեալ յօդւածին:

Ռազմիկ Շիրինեանն, իր գրութեամբ անդրադառնալով հայաստանեան իրականութեանը իրեն իրաւունք է վերապահում հրապարակավ դասեր տալու «հարիւր-երեսունամեայ կուսակցութեանը» այն մասին, թէ նա ինչ պէտք է անի հայրենիքում եւ փոխարէնը ինչ է անում, որ չպէտք է անի: «Իրաւունքի» հարցին չեմ ցանկանում անդրադառնալ քանզի վերջին ժամանակներում որոշ մարդիկ իրենք են որոշում իրենց իրաւունքները:

Ցանկանում եմ խօսել հարցի քաղաքական եւ մանաւանդ բարոյական կողմի մասին: Ռ. Շիրինեանը թւում է մի քանի հարցեր, որոնցով պէտք է զբաղւի կուսակցութիւնը (իսկ զբաղւո՞ւմ է դրանցով կուսակցութիւնը ընդհանրապէս եւ արդեօ՞ք միայն այդ հարցերով պէտք է զբաղվի, սա էլ առանձին խնդիր է) եւ եզրակացնում է.«Ունինք փոքր հայրենիք մը, զօր պէտք է պահենք ու զարգացնենք, բայց շեղած ենք մեր հիմնական օրակարգէն եւ կեդրոնացած ենք իշխանութիւն-ընդդիմութիւն յարաբերութիւններու ժխորին մէջ: Թէ՛ կրթական համակարգի եւ թէ դատական համակարգի մեր հարցերը խորքին մէջ ոչ մէկ կապ ունին երկրի քաղաքական զարգացման ենթակառույցին հետ»:

Ինչի՞ց ելնելով Ռազմիկ Շիրինեանը որոշեց, որ այդ հարցերը «Երկրի զարգացման քաղաքական ենթակառուցին հետ ոչ մէկ կապ ունին», եւ, որ այդ հարցերով զբաղւելը նշանակում է. «Շեղել հիմնական օրակարգէն»: Ի՞նչ աղբիւրների տւեալներից ելնելով նա կատարեց այդ եզրակացութիւնը: Ռազմիկ Շիրինեանը տեղեա՞կ է, որ ՀՀ իշխանութիւնների ներկայացրած կրթութեան բարեփոխումների նախագիծը ալեկոծութիւն է առաջացրել Հայաստանի հասարակական, գիտական ու մտաւորական շրջանակներում, որ շատերը այս նախագիծը որակեցին հարւած հայագիտական կրթութեանը, ինչպէս եւ համալսարանական-ակադեմիական կառավարման վրայ իշխանութեան ազդեցութեան լուրջ մեծացման փորձ: Տեղեա՞կ է Ռազմիկ Շիրինեանը, որ 2019-թւականի վերջերին այս փաստաթղթի դէմ Դաշնակցութեան երիտասարդական միութեան կազմակերպած ցուցական գործողութիւններին միացաւ ոչ միայն ուսանողութեան ստւար հատւած, այլեւ համալսարանական ու ակադեմիական բազմաթիւ ամբիոններ ու ինստիտուտներ արձագանքեցին պաշտօնական քննադատութեամբ, եւ որ հէնց այս օրերին, նոյն այդ հաստատութիւնները անում են իրենց ժողովները եւ մերժում են ներկայացվող առաջարկները: Եթէ ազգային լեզւի, գրականութեան, ու պատմութեան, ինչպէս եւ գիտական ու ուսումնական հաստատութիւնններին վերաբերող փոփոխութիւնների նախագիծը դառնում է հանրային ալեկոծումների առարկայ, քաղաքական բախման նիւթ իշխանութեան ու թիւարկածս շրջանակների միջեւ, արդեօ՞ք այդ հարցերով ազգային կուսակցութեան զբաղւելը շեղւել է նշանակում եւ ընդամենը. «Իշխանութիւն-ընդդիմութիւն յարաբերութիւններու ժխոր»: Ըստ Ռազմիկ Շիրինեանի երկրի զարգացման ենթակառոյցի հետ կապ չունեցող եւ ժխորի արժէք ունեցող միւս հարցը դատական համակարգի խնդիրն է: Լրատւութիւն քաղելու իր աղբիւրներից Ռազմիկ Շիրինեանը իրազե՞կ է դարձել, որ դատական համակարգի խնդիրները այնքան են սկզբունքային ու մեծ նշանակութիւն ձեռք բերել, որ դրանց հարցով գալիք ապրիլի 5-ին Հայաստանում տեղի է ունենալու համաժողովրդական հանրաքւէ:

Տեղեա՞կ է նա, որ այս հարցը կիսել է հասարակութիւնը, մասնագիտական ու ոչ մասնագիտական բուռն քննարկումների առարկայ է դարձել, որ շատերի, այդ թւում Դաշնակցութեան կարծիքով, հնարաւոր փոփոխութիւնների ճանապարհով երկրի իշխանութիւնը ձգտում է ստեղծել ձեռնասուն Սահմանադրական դատարան, իրեն ցանկալի, երկրի համար վտանգաւոր որոշումներ անցկացնելու համար: Գուցէ այդ հարցը շատ չի՞ յուզում Ռազմիկ Շիրինեանին, բայց նա ինչո՞ւ է որոշել, որ դրանք չպէտք է յուզեն նաեւ Հայաստանցի ժողովրդին, մտաւորականններին գիտնականններին, քաղաքական ուժերին, որոնց թւում եւ Դաշնակցութեանը: Ռազմիկ Շիրինեանն առհասարակ տեղեա՞կ է, որ Հայաստանի այսօրւայ ներքաղաքական գործընթացները հիւսւում են իրաւական-դատական խնդիրների շուրջ, եւ որ դրանք դարձել են զէնք իշխանութեան ձեռքին՝ ընդդիմութեան դէմ իր պայքարի համար:

Շիրինեանի յօդւածի միջով անցնող կարմիր թելը կամ, ինչպէս ասում են, մեխը այն է, որ Դաշնակցութիւնը Հայաստանում զբաղւած է ընդդիմութիւն-իշխանութիւն ինքնանպատակ պայքարով, անտեսելով իր անելիքը եւ, ինչպէս ասելիքի խորքում կարելի է կարդալ, օգնելու փոխարէն խանգարում է իշխանութեանը:

Նորից հարցնենք. Ինչի՞ց ելնելով է Ռազմիկ Շիրինեանը որոշում, որ ընդդիմադիր այս գործունէութիւնը ինքնանպատակ է եւ մերժելի: Սա ճաշակի՞ հարց է, թէ սուրճի բաժակ նայելով կարելի է կողմնորոշւել:

Եթէ յօդւածի հեղինակը պատիվ կանի համաձայնելու մտքիս հետ՝ ընդդիմադիր գործունէութեան կարեւորն ու անկարեւորը որոշւում է առաջին հերթին երկրի ճակատագրի համար ճշմարիտ մտահոգութեամբ, որն իր հերթին պայմանաւորւած է իշխանութեան գործունէութեան ազդեցութեամբ՝ երկրի եւ ժողովրդի կեանքի վրայ:

Ռազմիկ Շիրինեանը տեղեա՞կ է, որ Հայաստանի հասարակութիւնը ներակիւմս պառակտւած է, որ ատելութեան մթնոլորտն է գերիշխում երկրում, որի կրակի տակ փայտ նետողն էլ հենց երկրի վարչապետն է՝ իր փողոցին վայել գնահատականներով, հայհոյանքներով ու սպառնալիքներով, հասարակութեան մէջ ուժային կառոյցների միջոցով վախի մնթոլորտը սրելու գործելակերպով: Տեղեա՞կ է, որ կեղծ թւերի ետեւում, երկրում չկան ներդրումներ, չկայ տնտեսական ծրագիր, կենսաթոշակների ու աշխատավարձերի նւազ բարձրացումները հալւում են բարձրացող գների հորձանուտում:

Որ պարզ ժողովրդի ընկերային կարիքների խորապատկերի վրայ իշխանութիւնը, ժողովրդի գնահատականով, օրինական կոռուպցիայով է զբաղւած, կարճ ժամանակում ինքն իրեն պարգեւատրելով տասնեակ միլիոնաւոր դոլարներով:

Չհաշւած անգամներ բարձրացւած աշխատավարձերը, շռայլ գործուղումներն ու այլ ծախսերը: Ռազմիկ Շիրինեանը տեղյա՞կ է, որ Հայաստանում հաստատւում է մէկ անձի բացարձակ իշխանութիւն, որ պետական համակարգից դուրս են մղւում բոլոր ոչ իւրայինները՝ փոխարինվելով իւրայիններով, որ լրջագոյն մտահոգութիւնների տեղիք են տալիս Արցախի շուրջ զարգացումները, իսկ արտաքին աշխարհում Հայաստան պետութեան հեղինակութիւնը

լուրջ անկում է ապրել: Շարունակե՞մ, թէ այսքանը բաւական է, մնացածը Ռազմիկ Շիրինեանն ու իր պէս մտածողները կարող են լրացնել ուշադրութիւն դարձնելով իրենց ցանկալի աղբիւրներից բացի այլ աղբիւրների: Իսկ Դաշնակցութիւնը, ի դեմս իր անդամների, հաճոյքի համար ընդդիմադիր կեցւածք «չի խաղում», այլ քաղաքական վարքը բխեցնում է առկայ մտահոգութիւնններից եւ դրանց մեծութիւնից: Ի վերջոյ ինչով որ Հայաստանում զբաղւած է կուսակցութիւնը բառացիօրէն թելադրւած է նախորդող ՀՅԴ Ընդհանուր եւ Հայաստանի Գերագոյն ժողովների որոշումներով: Որպէս խելացի եւ պատասխանատու մարդ Ռազմիկ Շիրինեանն ի՞նչ է կարծում այդպէս վարւե՞լն է ճիշտ, թէ հակառակը պիտի անէր կուսակցական կառոյցն՝ իր ղեկավարութեան հետ:

Ինձ վաղուց չի զարմացնում այն հանգամանքը, որ մի քանի Սփիւռքահայ եւ հայաստանցի բարեկամներ, ինչպէս, որ այսօր Նիկոլ Փաշինեանին են պաշտպանում եւ Դաշնակցութեանն են քննադատում, ոչ վաղ անցեալում «Սասնայ ծռերին» էին պաշտպանում Դաշնակցութիւնից, նրանից առաջ նոյն կերպ վարւելով, նախորդող հրապարակ ելնողների պարագայում: Ու թէեւ որոշ ժամանակ անց հէնց ժամանակն է պարզում, թէով էր ճիշտ, բայց խելոքներն ու մտահոգները ամենաճշմարիտի բարձունքից, անվրդով շարունակում են անել իրենց որդեգրած գործը: Գուցէ հէնց սա՞ է ինքնանպատակ, կամ բոլորովին այլ դրդապատճառներ են առաջնորդում: Այլապէս եթէ մարդկանց յուզում է հայրենիքի եւ հայրենի ժողովրդի ճակատագիրը, ինչո՞ւ ոչ մի խօսք չեն ասում իշխանութեան այն թերացումների մասին, որոնց ականատեսն ենք լինում գրեթէ ամէն օր: Մի՞թէ ոչինչ նրանց աչքին չի զարնում, ականջը չի լսում:

Համարձակւում եմ չհաւատալ ձեր անկեղծութեանը Ռազմիկ Շիրինեան եւ եթէ ձեր բարձունքից թոյլ կը տաք մենք էլ այնպէս կը սիրենք ու այնպէս կը ջանանք հայրենիքի համար, ինչպէս թելադրում է մեր սիրտը, խիղճը եւ ազգայի-կուսակցական պարտականութիւնը:

Յարակից լուրեր

  • Նիկոլ Փաշինեանն ընդունել է իր պարտութիւնը
    Նիկոլ Փաշինեանն ընդունել է իր պարտութիւնը

    Վերջնագծին մօտեցող նախընտրական քարոզարշաւին քիչ թէ շատ հետեւած շատերը կարծում եմ կընդունեն, որ Փաշինեանի առաջնորդած իշխանական ուժն այս ընտրութիւններին ներկայացաւ բացարձակապէս անպատրաստ: Լինելով ընտրութիւնների եւ դրանց ժամկէտների մասին որոշում կայացնող ուժը իւրաքանչիւր իշխանութիւն մշտապէս հնարաւորութիւն ունի աւելի վաղ սկսելու նախապատրաստական աշխատանքները (մանաւանդ արտահերթ ընտրութիւնների դէպքում): 

  • Անբարոյ մարդու գեղջկական խորամանկութիւնը
    Անբարոյ մարդու գեղջկական խորամանկութիւնը

    Յունիսի 8-ի նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլը հայ ժողովրդին «ցնցեց» իր «մեծ զոհաբերութեան» պատրաստակամութեամբ: Նա յայտարարեց, թէ պատրաստ է ադրբեջանական բանտերում պահւող գերիների ազատման դիմաց գերութեան ուղարկել իր որդուն: Բնութեան կողմից օժտւած լինելով միայն ամբոխվարութեան փեշակով այս անուղղելին երեւի հաշւարկ էր արել, թէ դրանով խիստ յուզելու է դեռեւս իրեն հաւատացող, պարզ մարդկանց եւ պահպանելու է այդ մոլորեալ փոքրամասնութեան քւէն: 

  • Չարի վերջը
    Չարի վերջը

    Վերջին օրերի հանդիպումների ժամանակ, ապօրինաբար վարչապետի պաշտօնակատարի աթոռը գրաւած Նիկոլը, անընդհատ կրկնում է, թէ ընտրութիւններից յետոյ անխուսափելի է լինելու նախկիններին պատժելը: Այս յայտարարութիւններն, այլեւս որեւէ մէկի համար լուրջ չեն կարող համարւել, որովհետեւ եթէ Նիկոլը պատժող էր, ապա այդ բանը նա պէտք է արած լինէր նախորդ երեք տարիների ընթացքում: Իսկ չի՞ ցանկացել անել: 

  • «Վերյիշելով Մուշեղ Իշխանին եւ նրա թողած ժառանգութիւնը». միջոցառում` ԵՊՀ-ում
    «Վերյիշելով Մուշեղ Իշխանին եւ նրա թողած ժառանգութիւնը». միջոցառում` ԵՊՀ-ում

    Համազգային հայ կրթամշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ ապրիլի 21-ին Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրութեան ֆակուլտետի դալիճում տեղի է ունեցել Մուշեղ Իշխանին նւիրւած գիտաժողովի զեկոյցների շնորհանդէսը։

  • «Մեղրիից ճանապարհ ստանալով Թուրքիան բացում է պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի ճամբան». Շահբազեան
    «Մեղրիից ճանապարհ ստանալով Թուրքիան բացում է պանթուրքիզմի եւ պանթուրանիզմի ճամբան». Շահբազեան

    Թուրքիայի յաւակնութիւնները տարծաշրջանում շատ մեծ են եւ շօշափում են շատերի շահերը: Մինչ այժմ նրան գրեթէ ամէն ինչ թոյլատրւել ու ներւել է, բայց ի՞նչ կը լինի հեռանկարում: Այս մասին VERELQ-ի հետ հարցազրոյցում նշեց ԱԺ նախկին պատգամաւոր, ՀՅ Դաշնակցութեան «Դրօշակ» պաշտօնաթերթի խմբագիր Արտաշէս Շահբազեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։