Հա

Ազգային

08/03/2020 - 10:20

Ինչպէս Լեւոն Տէր-Պետրոսեանն ու Հրայր Մարուխեանը հանդիպեցին փարիզեան նեղ բնակարանում․ կին դաշնակացական գործչի մարտի 8-եան պատմութիւնները

Շաղիկ Մարուխեանի փարիզեան փոքրիկ բնակարանում, որտեղ երկտեղանոց մի բազմոց էր միայն տեղաւորւում, հանդիպեցին Լեւոն Տէր-Պետրոսեանն ու Հրայր Մարուխեանը ու իրար կողքի նստեցին այդ բազմոցին։

«alikonline.ir» - Շաղիկ Մարուխեանի փարիզեան փոքրիկ բնակարանում, որտեղ երկտեղանոց մի բազմոց էր միայն տեղաւորւում, հանդիպեցին Լեւոն Տէր-Պետրոսեանն ու Հրայր Մարուխեանը ու իրար կողքի նստեցին այդ բազմոցին։

Այս պատմութիւնը Yerkir.am-ին պատմեց ՀՅԴ Բիւրոն 20 տարի ղեկավարած, Դաշնակցութիւնը 1990-ականներին Հայաստան բերած, մի քանի տարուց՝ հէնց այդ Լեւոն Տէր-Պետրոսեանի կողմից արտաքսւած՝ ծանրակշիռ քաղաքական գործիչ Հրայր Մարուխեանի, դուստրը՝ Շաղիկ Մարուխեանը։ Շաղիկն այժմ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ է։

Կանանց միջազգային օրւայ՝ մարտի 8-ի, առիթով Շաղիկ Մարուխեանը յիշեց իր ընտանիքի այն մթնոլորտը, որն իրեն՝ ընտանիքի կրտսեր դստրիկին, կոփեց իբրեւ սեփական դիրքորոշումն ունեցող անհատ ու քաղաքական գործիչ։

1991-ի այն շրջանն էր, երբ ՀՀՇ-ն Լեւոն Տէր-Պետրոսեանին պէտք է առաջադրէր ՀՀ նախագահի թեկնածու։ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանին Փարիզում յայտնեցին, որ Լեւոն Տէր-Պետրոսեանը եւս այցով այնտեղ է եւ ուզում է տեսնել իրեն։ Առաջարկեց դստեր սենեակ-ստուդիոյում հանդիպել, որտեղ Շաղիկն ապրում էր ուսման տարիներին։

Դուռը թակեցին։ Շաղիկը բացեց ու մի քանի ոտնաչափ սենեակ հրաւիրեց բարձրահասակ Լեւոն Տէր-Պետրոսեանին, որի պարանոցին այն ժամանակ շարժումները սահմանափակող ֆիքսատոր կար։

Հայրիկն ու ՀՀ ապագայ առաջին նախագահը նստեցին նեղլիկ բազմոցին։ Մարուխեանն ասաց՝ ես իմ աղջկանից գաղտնիքներ չունեմ, Տէր-Պետրոսեանն ասաց՝ գուցէ ես ունեմ։ Շաղիկն առաջարկեց՝ թէյը բերել ու առանձնանալ խոհանոցում։

Խոհանոց կոչւածը սենեակի մի անկիւնն էր՝ դռնով առանձնացւած, որտեղ ակամայ կարելի էր լսել ամբողջ խօսակցութիւնը։

«Նախագահական ընտրութիւններից առաջ էր, երբ փորձում էին համոզել Դաշնակցութեանը, որ միանայ Հայոց համազգային շարժմանը՝ մտնի ՀՀՇ-ի մէջ։ Ես շատ լաւ յիշում եմ, որ ընդհանուր յայտարարի չեկան, որովհետեւ Մարուխեանը փորձում էր համոզել, որ Դաշնակցութիւնը համահայկական կուսակցութիւն է եւ ուժ է, որը որեւէ շարժման մէջ մտնելու խնդիր չի դրել, ինքնուրոյն է։ Առաջարկում էր՝ համահունչ, միասին քայլելով գնալ, բայց ՀՀՇ-ի մէջ մտնելու խնդիր չդնել, այլ, հակառակը, օգտւել Դաշնակցութեան հնարաւորութիւններից եւ թոյլ տալ, որ Դաշնակցութիւնն իր պատկերացրած ձեւով առաջ տանի իր գաղափարախօսութիւնը եւ օգտակար լինի ժողովրդին անկախութեան այդ առաջին տարիներին։ Այդ էր այդ օրւա խօսակցութեան թեման եւ չեկան որեւէ յայտարարի, որից յետոյ եղաւ այն՝ ինչ եղաւ․ նախագահական ընտրութիւններին Դաշնակցութիւնն ունեցաւ իր առանձին թեկնածուն, ընտրւեց Լեւոն Տէր-Պետրոսեանը, որից յետոյ սկսւեցին կոնֆլիկտները, որովհետեւ նա այդպէս էլ չընկալեց այն փաստը, որ Դաշնակցութիւնը, որն ունէր այդքան ազդեցութիւն եւ ուժ Սփիւռքում, պէտք է Հայաստանում լինէր առանձին քաղաքական միաւոր, առաւել եւս՝ ընդդիմութիւն իրեն»,- պատմեց Շաղիկ Մարուխեանը։

Տարաձայնութիւնները Շաղիկի հետ հայրիկն ինքն էր հրահրում՝ իմանալով որ նա կամ քոյր-եղբայրներից որեւէ մէկը այլ կարծիքի են, կարծես մղում էր վիճաբանութեան, որպէսզի գուցէ նաեւ այդ կերպ սովորեցնի վիճելու ժամանակ արգումենտնէր ներկայացնել, լսել հակափաստարկները․ «Փոքրուց դա դրւած էր՝ ինչ ձեւով անպայման կարծիքն արտայայտել, լինել ակտիւ քաղաքացիական կեանքում։ Մեծ սիրով եմ յիշում հիմա, մի քիչ յուզմունքով՝ իմ եւ հօրս հակասութիւնները։ Երբ ես հասուն տարիքում էի, ինքն արդէն ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ էր, յաճախ ճամփորդութիւնների մէջ էր  եւ այն քիչ ժամանակը, որ հասցնում էր անցկացնել ընտանիքում, շատ հարցերում մենք ունեցել ենք հակադիր կարծիքներ։ Աւելի ուշ, երբ ես արդէն Փարիզում դարձայ դաշնակցական, կուսակցական հարցերի շուրջ չէինք համաձայնում։ Յաճախ շատ բուռն էին մեր վէճերը․ ես դա շատ մեծ սիրով եմ յիշում»։

Մի առիթով վէճը հասաւ նրան, որ Շաղիկն ու հայրիկը գժտւեցին՝ դադարեցին խօսել իրար հետ․ ասելիքը փոքրիկ թղթիկների վրայ գրում էին, թողնում սեղանին, միւսը գալիս էր՝ կարդում։

Դա այն շրջանն էր, երբ 1988-ի շարժման տարիներին Սիլւա Կապուտիկեանը  եւ այլ մտաւորականներ կոչ էին արել գործադուլներ չանել՝ բողոքել այլ կերպ, քանի որ գործադուլները թուլացնում էին հէնց այն երկրի տնտեսութիւնը, որում բողոքաւոր մարդիկ եւս պէտք է ապրէին եւ դա լաւ տեղ չէր տանում։ Դաշնակցութիւնը միացել էր այս կոչին։  Երիտասարդ սերունդը, սակայն, համաձայն չէր։

«Դաշնակցութիւնը ձայնակցել էր այդ շարժմանը, որ, այո՛, մեզ անկախութիւնը պէտք է, բայց այնպէս չանենք, որ երկիրը տնտեսապէ վերջնականապէս քանդւի։ Այդ ժամանակ մենք 18-19 տարեկան էինք եւ բաւական բուռն էինք հակազդում, որ՝ ո՞նց, մենք յեղափոխական կուսակցութիւն ենք, մենք, այո՛, պէտք է կանգնենք ժողովրդի կողքին եւ ժողովուրդն ինչ ասում է՝ պէտք է անվերապահօրէն պաշտպանենք։ Եւ այդտեղ ոչ միայն ես, այլեւ իմ սերնդակից ընկերները, ունեցել ենք վէճեր։ Եւ ինքը մեծ սիրով էր մեզ հետ նստում եւ բացատրում, որ հարցը յեղափոխականութեան մէջ չէ, հարցն այն է, որ, այո՛, մենք ժողովրդի կողքին ենք, մենք քաջալերում ենք, որ շարժումը թափ ստանայ, եւ, ի վերջյո, բոլորս գիտէինք, որ դա տանելու է անկախութեան, որովհետւ քաղաքական կոնտեքստն էր դա թելադրում։ Նա փորձում էր բացատրել մեզ, որ Դաշնակցութիւնն անվերապահօրէն կանգնած է ժողովրդի կողքին, բայց նաեւ իր պարտականութիւնների մէջ է մտնում զգաստ պահել ժողովրդին եւայն խնդիրները, որոնք կարող են առաջացնել, օրինակ, գործադուլային ակցիաները երկրի ընդհանուր տնտեսութեան համար, որի մէջ յետոյ նոյն ժողովուրդը պիտի խնդիր ունենայ, մենք պարտաւոր ենք՝ որպէս կուսակցութիւն, զգաստացնել»,-պատմեց Շաղիկ Մարուխեանը։

Շաղիկի պապիկը՝ Թորգոմ Մարուխեանը, երբեմն բացում էր փետրւարեան ապստամբութեան քարտէզն ու ցոյց տալիս։ Նա եւս մասնակից էր եղել բոլշեւիկների ապօրինութիւններին հակազդելու՝ դաշնակցականների այդ գործողութեանը։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատման հետ պապիկն այդպէս էլ չհաշւեց։

«Հայրիկս շատ էր բացակայում տանից, բայց փոխարէնը միշտ մեր կողքին էր պապիկս, որը փետրւարեան ապստամբութեան մասնակից էր եւ Հայաստանից տարագիր՝ Թաւրիզ էին տեղափոխւել, Իրանում էր ընտանիք կազմել, դրա համար էր հայրիկս Իրանում ծնւել, որից յետոյ բոլորով տեղափոխւել էին Բէյրութ։ Պապիկս, ճիշտ է՝ շատ դրւագներ չէր պատմում, բայց իր համար շատ կարեւոր էր, որ բոլորս մեծանայինք այդ շնչով՝ մեր  դաստիարակութեան հիմնաքարը դրել է մեծ պապաս՝ ինչպէս իրեն ասում էինք»,- յիշեց Շողիկ Մարուխեանը։

Նա շատ, շատ անգամ է փորձել մեծ պապային խօսեցնել, բայց ոչինչ չէր պատմում փետրւարեան ապստամբութիւնից, որովհետեւ երբ այդ ամէնը վերյիշում էր, յետոյ վատ երազներ էր տեսնում։

«Ինքը երբեք չյարմարւեց Հայաստանից դուրս իր գտնւելուն, 20 տարեկանում տարագրւել էր, մահացաւ 82 տարեկանում՝ Բէյրութում, երբեք չյարմարւեց․ ո՛չ Իրանում էր յարմարւել, ո՛չ Լիբանանում յարմարւեց։ Պատմում են, երբ նա առաջին անգամ Հայաստան էր վերադարձել արդէն մեծ մօրս հետ՝ 1971 թւականին, եւ երբ յետ էր վերադարձել, շատ ծանր սրտով էր վերադարձել, որովհետեւ Սովետական Հայաստանն իր համար ընկալելի չէր։ Ասում էին, որ վերդարձել էր ու ասում էր՝ ես այլեւս չեմ գնայ, ինչքան էլ որ ինձ հարազատ է, ինչքան էլ որ իմ ընտանիքն է այննտեղ, որովհետեւ պապիկիս եղբայրներն այստեղ են եղել, միայն ինքն է դաշնակցական ուղղութեամբ գնացել, Սովետական Հայաստանի գաղափարին պապիկս երբեք չյարմարւեց, իր համար այն էր  Հայաստանը, որն ինքը թողել էր, որի համար ինքը պայքարել էր։ Հնարաւոր է՝ այդ ամէն ինչը նաեւ անուղղակիօրէն մեր մէջ է անցել»,- ասաց Շաղիկ Մարուխեանը։

Կուսակցական լինել-չլինելու հարցը ընտանիքում երբեք չի դրւել, ընդհակառակը, միշտ ասւել է, որ պէտք է իմանան, որ Սփիւռքը ժամանակաւոր գաղթօջախ է, որ իրենց տունը Հայաստանում է, որ ֆիդայիների արածը իզուր չի անցել։

Ընտանիքում այդ դաստիարակութիւնն է եղել, յիշում է Շաղիկ Մարուխեանը, իսկ դաշնակցական լինելու որոշումը եղել է անհատական եւ դա չեն էլ քննարկել։ Թէպէտ, սովորաբար, Սփիւռքում դաշնակցական ընտանիքների երեխաների համար կուսկացական դառնալու հիմքը դրւում է պատանեկան միութիւններով, ՀՄԸՄ-ով, մշակութային տարբեր միջոցառումներով եւ նաեւ դպրոցից են ներարկում հայապահպանման արժեհամակարգը։

Արդէն 1998-ին, երբ Շաղիկ Մարուխեանը հաստատւեց Հայաստանում, նրա համար անհասկանալի էր՝ ինչու են մարտի 8-ը նշում որպէս կանանց մեծարման տօն․ «Չեմ փորձում ժխտականը գտնել այդ ամէնի մէջ, ուղղակի միակ խնդիրն այն է, որ մարտի 8-ի իմաստը կորել է այստեղ, մոռացւել է՝ ինչի համար է այն Կանանց իրաւունքների պաշտպանութեան միջազգային օր։ Կնամեծարութեան օր չէ, հակառակը, այն օրն է, երբ ամբողջ աշխարհում տարիներ շարունակ իրաւունքներից զուրկ կանայք ոտքի են ելել, իրենց իրաւունքներն են պաշտպանել»։

Հայաստանում հասարակական տարբեր կազմակերպութիւններ կանանց իրաւունքների պաշտպանութեան ծրագրեր են իրականացնում եւ, յաճախ, հանդիպում են հասարակութեան հակազդեցութեանը՝ ընկալւում են իբրեւ ընտանիքի գործերին միջամտող, կանանց արժեհամակարգը խաթարող խմբաւորումներ։ Շաղիկ Մարուխեանի համար հասկանալի է, թէ ինչու է այդպէս․ «Կանանց իրաւունքների պաշտպանութիւնը որեւէ մէկի մենաշնորհը չէ, ցանկացած իրաւունքի պաշտպանութեան գործընթացում պէտք է նկատի ունենալ կոնտեքստը, որում դու պայքարում ես եւ բարձրաձայնում ես այդ հարցերը եւ քաղաքական իրավիճակը։ Եթէ դու որեւէ արհեստական օրակարգով ես մտնում, այդ դէպքում այդ ամէն ինչը դառնում է արհեստական եւ առաջացնում է զգայունութիւն, առաջացնում է ռէակցիա, որը վնասում է գործին։ Ցաւօք, այսօր կանանց իրաւունքների պաշտպանութեան գործում այդպէս է արւում, որովհետեւ կանանց իրաւունքների պաշտպանութիւնը բոլորիս նպատակն է․ նոյն Դաշնակցութիւնը, որ եղել է ընկերվարական կուսակցութիւն, դեռեւս 130 տարի առաջւանից յստակ նշել է իր ծրագրում, որ դա մաս է կազմում իր անելիքների։ 1918-ին առաջին անգամ դաշնակցական կառավարութեան մէջ ունեցել ենք կին դեսպան, խորհրդարանում 3 կին պատգամաւոր, բացի կին գրողներից ունեցել ենք նաեւ դաշնակցական գործիչների կանանց ազդեցութիւնը ամուսինների վրայ։ Այդ ամթնը մեզ բերում է այն եզրակացութեան, որ մենք երբեք չենք թերագնահատում կնոջը իբրեւ կուսկացութիւն եւ գաղափարախօսութիւն։ Իրական կեանքում ես տեսնում եմ, որ այդ երեւոյթը, այո, կայ, դա շրջանցել հնարաւոր չէ, կայ երեւոյթը եւ պէտք է մատը դնել վէրքի վրայ, բայց թէ ինչ ձեւով ենք ուզում այդ վէրքը բուժել, այդտեղ է, որ ես հարց ունեմ»։

Շաղիկ Մարուխեանը վստահ է, որ կանանց իրաւունքների հարցը բարձրաձայնելը բացարձակապէս ընտանիքի հարցերին միջամուխ լինել չէ, այլ հակառակը՝ կամաց-կամաց հասարակութեանը բերել այն մտածողութեան, որ կինը եւ տղամարդը տարբեր են, բայց ունեն հաւասար իրաւունքներ։

«Շոկային գործառոյթներով չի կարելի, այդ ամէնը հակառակ ուղղութեամբ է գնում։ Եւ հիմա մենք տեսնում ենք այդ ծայրայեղական ֆեմինիստկանա շարժումները, որ ես չգիտեմ ինչքանով են յաջողութեան հասնում։ Իսկ եթէ շատ աւելի խորքային, հանգիստ վերլուծւած, կամաց-կամաց հասարակութեան մէջ մտայնութիւն փոխւի, կը գնանք ճիշտ ուղղութեամբ»,- ասաց նա։

Շաղիկ Մարուխեանը աւանդական արժէքները կնոջ իրաւունքի հետ բացարձակ չի հակադրում․ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ դա էլ է կեղծ օրակարգերից՝ հակադրել կանանց իրաւունքը եւ աւանդական արժէքները։ Թէ ինչքանով այդ աւանդութիւնները չափազանցվւած են, խեղւած են, դա ուրիշ հարց է, բայց աւանդութիւնը, հայկական ընտանիքը եւ կանանց իրաւունքը իրար հակադրել, չեմ կարծում, որ ճիշտ օրակարգ է»։

 

ԱՆՆԱ ԲԱԼԵԱՆ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։