Հա

Ազգային

09/03/2020 - 10:50

Կառավարութիւնը եւ իշխանութիւնը չունի գաղափարախօսութեան վրայ հիմնւած երկարաժամկէտ ներդրումային ծրագրեր

168.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծւիկ Մինասեանը։

«alikonline.ir» - 168.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծւիկ Մինասեանը։

 

- Պարոն Մինասեն, վերջերս Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրեանն իր հարցազրոյցներից մէկում նշել էր, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասեանի հեռացումը դրական ազդեցութիւն կունենա ներդրումային միջավայրի վրայ։ Դուք կիսո՞ւմ էք այս տեսակէտը, ի՞նչ կապ ունեն ներդրումներն ու Սահմանադրական դատարանը։

- Ես չեմ լսել Էկոնոմիկայի նախարարի ուղիղ խօսքը, հետեւաբար` տեսակետս չեմ կառուցի իր հիպոթեզի վրայ։ Ակնյայտ է, որ այն, ինչ արւում է՝ ի դէմս Սահմանադրական դատարանի փոփոխութեան, չի կարող դրական ազդել ներդրումների վրայ, այլ ուղիղ հակառակը։ Իմ համոզումը պայմանաւորւած է նրանով, որ ցանկացած, յատկապէս՝ օտարերկրեայ ներդրող, իր ներդրումային ծրագրերը կառուցում է` յոյսը կապելով կայուն, անկախ եւ երկարաժամկէտ դատական համակարգի հետ։

Հետեւաբար, եթէ քաղաքական իշխանութիւնը ձեւաւորում է իր դատական համակարգը՝ անկախ նրանից` ինչ ճանապարհով՝ հանրաքւէի՞, թէ՞ օրէնքի, նշանակում է` այդ ներդրողն իր յոյսն ու ապագան պէտք է կապի քաղաքական իշխանութեան հետ, բայց քանի որ ժամանակ առ ժամանակ քաղաքական իշխանութիւնները փոփոխւում են, նշանակում է` կա՛մ նրա ներդրումային որոշումը չի կարող երկարաժամկէտ լինել, կա՛մ ընդհանրապէս հրաժարւել, մանաւանդ, եթէ երկիրն անցումային երկիր է համարւում, եւ ոտնահարւում են մի շարք հիմնարար սկզբունքներ՝ անմեղութեան կանխավարկած, սեփականութեան իրաւունք, եւ այլն։

Բացի այդ, Հայաստանում ձեւաւորւած չէ ինստիտուցիոնալ ներդրումային համակարգ, այսինքն՝ ներդրողը պաշտպանւած չէ անգամ միջազգային արբիտրաժով իր իրաւունքները պաշտպանելու հնարաւորութիւնով։ Թէեւ կարող է մասնաւոր ներդրման դէպքում պայմանագրով նախատեսի այդպիսի հնարաւորութիւն, բայց յաճախ վարչական մարմինների կամ քաղաքական իշխանութեան վարքագիծը ստիպում է, որպէսզի այդ ներդրողը չկարողանայ իր երկարաժամկէտ ծրագրերը կառուցել նոյնիսկ միջազգային արբիտրաժով պաշտպանելու սկզբունքի վրայ։

Կառավարութիւնը եւ իշխանութիւնը չունի գաղափարախօսութեան վրայ հիմնւած երկարաժամկէտ ներդրումային ծրագրեր, հետեւաբար՝ ներդրողն ինչի՞ հիման վրայ պէտք է կարողանայ գնահատել՝ արժէ՞ արդեօք ներդրում կատարել, թէ՞ ոչ։ Այնպէս որ, ցանկացած նման վարքագիծ, յատկապէս, եթէ ներկայացւում է իշխանութեան առանձին ներկայացուցիչների կողմից, թէ իբրեւ Սահմանադրական փոփոխութիւնները կարող են նպաստել ներդրումային միջավայրի բարելաւմանը՝ վստահաբար դա դատական իշխանութեան՝ այս ճանապարհով փոխելու մէջ չէ։ Վերջին հաշւով, ներդրողը գնում է այնտեղ, որտեղ կայ կայունութիւն. «պերմանենտ յեղափոխութեան» պայմաներում որեւէ ներդրող իր որոշումը չի կայացնի այդ երկրում ներդրում կատարելու առումով։ Այնպէս որ, խորհուրդ կը տամ եւ կառաջարկեմ զերծ մնալ նման գնահատումներից, սա ոչ միայն ծիծաղ կառաջացնի միջազգային մակարդակում, այլեւ ակնյայտ անվստահութիւն Հայաստանի հանդէպ։

 

- Յեղափոխութիւնից յետոյ Ձեզ համար տեսանելի՞ են եղել քայլեր, որոնք իշխանութիւնը կատարել է ներդրումներ ներգրաւելու համար։

- Չմոռանանք, որ ես եւ Դաշնակցութիւնը Նիկոլ Փաշինեանի կառավարութեան մաս է կազմել 4.5 ամիս։ Այդ ժամանակ բաւականին շատ էին ցանկութիւն յայտնողները, բայց հիմնական խնդիրը ձեւակերպւում էր հետեւեալով՝ ինչ ինստիտուցիոնալ համակարգ է գործում Հայաստանում, որի համար էլ մենք առաջ քաշեցինք մի քանի կարեւոր առաջարկութիւններ: Դա օտարերկրեայ ներդրումների մասին նոր օրէնքի ընդունումն էր, ներդրումային սուվերեն հիմնադրամի ստեղծման մասին նոր մօտեցումը, որը գրասենեակներ կը ձեւաւորէր ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս, եւ հնարաւորութիւններ կի տրւէր ներդրողներին պաշտպանւելու, եթէ որեւէ ազգայնացման կամ քաղաքական որոշման արդիւնքում հնարաւոր վտանգ կը սպառնար ներդրմանը, ապա այդ ներդրողը կարողանար իր իրաւունքները պաշտպանել վերպետական դատական ատեաններում։

Այս առաջարկներից միայն անցաւ այն, որ այս պահին կիսատ-պռատ լուծում է տրւած՝ պետութիւն-մասնաւոր հատւած համագործակցութեան մեր օրէնքը, որը, սակայն, շատ է կտրտւել, եւ այն էլ լիարժէք չէ։ Այսօր տեսնում ենք, որ այս օրէնքը պարզապէս չի աշխատում։ Այս պահին մենք չենք տեսել այնպիսի փոփոխութիւններ, որոնք ներդրման տեսակէտից կարող են երաշխաւորել, չկայ որեւէ հիմնարար փոփոխութիւն, որը թոյլ կը տայ, ներդրողին կատարել վստահ գործողութիւն, անգամ իրենց գովերգած «Հարկային օրէնսգրքի» փոփոխութիւնները ոչինչ են մեծ ներդրողի համար։

 

- Նաեւ Ամուլսարի հետ կապւած այս իրավիճակը բացասաբար չի՞ ազդել ներդրումների վրայ։

- Սրա մասին մենք ասել ենք վաղուց, սկզբունքային հարցը հետեւեալն է՝ կարեւոր չէ, թէ ինչ որոշում են կայացնում՝ թոյլատրե՞լ, թէ՞ կասեցնել, կարեւորն այն է, որ այդ որոշումը լինի հիմնաւոր եւ չձգձգւի։ Տեսնում ենք, որ այսօր որոշում չկայ, որի արդիւնքում միջազգային մակարդակում անվստահութիւն է ձեւաւորւում, անգամ «Էլարդի» զեկոյցից յետոյ իշխանութեան պահւածքը ցոյց է տալիս, որ չեն կողմնորոշւել, թե այս հարցի վերաբերեալ ինչ ձեւով են շարժւելու առաջ։ Քանի որ իշխանութիւնը որոշեց հարցը քաղաքականացնել, այդ դէպքում տեղափոխել հանրաքւէի դաշտ, հանրաքւէն բաւարար հիմնաւորւածութիւն է այս կամ այն որոշումը կայացնելու համար։ Այս հարցը հանրաքւէի դնելու փոխարէն՝ վերցնում են եւ 7 հոգու աշխատանքից ազատելու հարց են դնում հանրաքւէի։ Այստեղ ակնյայտ է, որ իշխանութիւնը կարեւորն ու երկրորդայինը չի տարբերում:

 

- Իսկ այս ամէնի արդիւնքն ի՞նչ է լինելու։

- Ակնյայտ է, որ երկրի նկատմամբ անվստահութիւն է ձեւաւորւում, կրկնում եմ՝ կարող է որոշում կայացւել արգելելու, բայց դա պէտք է լինի հիմնաւոր եւ վճռական։

 

- Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հայտարարեց, որ պետական կառավարման համակարգը, իրաւապահ մարմինները դիմադրում են յեղափոխութեանը, ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս յայտարարութիւնը, պետական համակարգն ու իրաւապահ մարմինները կարո՞ղ են դիմադրել բարձրագոյն իշխանութեանը։

- Երբ սկզբնական շրջանում էր այս մասին խօսւում, հասկանալի էր, կար անփորձութիւն պետական կառավարման համակարգի, չկար անհրաժեշտ ընկալումը, թէ ինչ ձեւով է այն շնչում, բայց երբ սա ասւում է արդէն մէկ տարուց աւելի բարձրագոյն պաշտօններ զբաղեցնող անձանց, նաեւ ԱԺ պատգամաւորների կողմից, խօսում է այն մասին, որ մարդիկ այդպէս էլ չեն փորձում ըմբռնել պետութեան կառավարման առանձնայատկութիւնները եւ արհեստական թշնամիներ են փնտրում։ Որպէս բարձր պաշտօններ զբաղեցրած անձ՝ նաեւ կադրային քաղաքականութեան հարցում առաջնորդւել եմ այդ սկզբունքով՝ չկայ որեւէ պետական համակարգ, նոյնիսկ դրսում, որտեղ 100 տոկոս արդիւնաւէտութեամբ աշխատեն, բայց կայ մոտիւացիոն համակարգ եւ յստակ կադրային քաղաքականութիւն, որը կստիպի եւ կը մղի, որպէսզի պետական կառավարման համակարգը հնարաւորինս արդիւնաւէտութեամբ աշխատի։

Մեր իրականութեան մէջ մենք չենք տեսնում ծանօթ-բարեկամ-խնամի ինստիտուտի բացակայութիւնը, հակառակն ենք տեսնում, որտեղ հնարաւոր է՝ խցկում են իրենց ծանօթ-բարեկամներին, տեսնում ենք քաղաքական դրդապատճառներով պայմանաւորւած աշխատանքից ազատումներ՝ չնայելով մարդու անցած ճանապարհը, փորձը, եւ նրանց փոխարինում են մարդկանցով, որոնք պարզապէս չեն տիրապետում համակարգին։ Միամտութիւն է սպասել, որ այդ մարդիկ կարող են պետական կառավարման համակարգում դրական փոփոխութիւններ ապահովել։ Սեփական կադրային ձախողումները քողարկելու համար ներկայացւում է մեղադրանք, թէ իբրեւ պետական կառավարման համակարգը դիմադրում է, իբրեւ չի ըմբռնել յեղափոխութեան ոգին։ Յայտնի փաստեր են, երբ մարդը չի կարողանում որեւէ գործողութիւն անել, սկսում է մեղաւորեր փնտրել։ Անյարմար էլ է, բայց երբ Սուրբ գրքից մէջբերումներ են կատարւում, դա արդէն ճիշտ չէ՝ առնվազն պետութեան ղեկավարի մակարդակով, նման մօտեցումներ առաջ տանելը։

Միւս խնդիրն այն է, որ կառավարութեան ծրագրերում չկայ գաղափարախօսութիւն, յայտարարեցին փոքր կառավարութեան քաղաքականութեան մասին, բայց բանից պարզւեց, որ դրա հետ կապւած իրենց պատկերացումը կարեւորագոյն նախարարութիւնների վերացումն էր եւ դրա փոխարինումը գերլիազօրութիւններով օժտւած նախարարութիւններով, որոնք իրականում տեղից չեն էլ շարժւում։

Աւելին՝ բարձրագոյն պաշտօնատար անձանց տրւող վճարումների կենտրոնացումն ու մեծացումը, իսկ հիմնական գործ անողների մասով յետընթացի արձանագրումն է։ Այո, այս երկրում նախարարը պէտք է ստանայ պատշաճ վարձատրութիւն, որպէսզի հակակոռուպցիոն սեփական ընկալումը լինի լիարժէք պատկերացնելի եւ գործադրելի։ Բայց երբ խախտում են հիմնական համամասնութիւնները, որոնք սահմանւած են առաջին կարգի մասնագէտից մինչեւ նախարար յարաբերակցութեան միջեւ, սպանում են միջին եւ ներքին օղակներում անհրաժեշտ մոտիւացիան, սա սկզբունքային հարց է, ի՞նչ է, նախորդ կառավարութիւնները չէի՞ն կարող վերցնել միլիոնաւոր դրամներ պարգեւատրումներ տալ, բայց մոտիւացիայի սպանելը բերում է ձախողումների, ինչի ականատեսը մենք լինում ենք։

Մենք՝ թէ՛ Էկոնոմիկայի, թէ՛ Բնապահպանութեան նախարարութիւններում ունէինք պարգեւատրման ֆոնդեր, եթէ չեմ սխալւում, եռամսեակային պարգեւատրման ամենաբարձր թիւը եղել է 1.5 մլն. դրամ, որը տրւել է փոխնախարարին, դրանից բարձր ես չեմ յիշում։

Չեմ ուզում, որ ասածս մարդիկ դիտարկեն՝ որպէս ինքնագովազդ, բայց ես՝ որպէս նախարար, երբեք ինձ պարգեւատրում չեմ գրել, թէեւ դա ձեւաւորւած պրակտիկա էր, քանի որ կարծել եմ, որ նախարարը պէտք է խրախուսի այն մարդկանց աշխատանքը, որոնք սպասարկում են պետական կառավարման համակարգը, սա ես սկզբունքային եմ համարել։

 

- Պարոն Մինասեան, ներկայիս իշխանութիւնները Ձեր իշխանութեանը մեղադրում են, որ Դուք բարձր պարգեւավճարներ չէք ստացել, սակայն գործել են կոռուպցիոն սխեմաներ, այսինքն՝ դրա փոխարէն՝ կոռուպցիա է եղել։ Ընդունո՞ւմ էք այս մեղադրանքները։

- Կոռուպցիան միշտ եւ բոլոր իշխանութիւնների ժամանակ եղել է, համոզւած եմ, եթէ փոքր հնարաւորութիւն լինի, ապա անպայման մեղադրանքները ներկայացւած կը լինէին։ Բայց պատճառաբանել, որ հիմա պէտք է բազմապատիկ անգամ բարձր պարգեւատրումներ տան, որպէսզի կոռուպցիա չլինի, անընդունելի է։ Բայց միանշանակ կողմ եմ, որ որոշում կայացնող անձինք պէտք է պատշաճ վարձատրութիւն ստանան, բայց չխաթարելով անհրաժեշտ յարաբերակցութիւնը։ Ամենահեշտն է կոռուպցիայի համար մեղադրանք ներկայացնել նախորդ իշխանութիւններին, բարդն այն է, թէ ի՞նչ են իրենք անում։ Եթէ որեւէ մէկը կարող է հիմնաւորել, թէ ինչ տարբերութիւն նախորդ, ինչպէս իրենք են ձեւակերպում, «յանցաւոր ռեժիմի» կոռուպցիոն դրսեւորումների եւ ներկայումս պետական գնումներն առանց մրցոյթի իրականացնելու, շրջապատի բարեկեցութիւնը բարձրացնելու, խնամի-ծանօթ-բարեկամին աշխատանքի տեղաւորելու միջեւ, ապա ես ներողութիւն կը խնդրեմ, տարբերութիւն չկայ։ Առնւազն ազնիւ չէ, որ փորձում են քողարկել այս ամէնը։

 

- Վարչապետի յայտարարած տնտեսական յեղափոխութիւնն այսօր ի՞նչ փուլում է։

- Չկայ եւ չի կարող լինել նման բան, յեղափոխութիւնը բնորոշ չէ տնտեսութեանը՝ յատկապէս ներկայումս։ Յեղափոխութիւնը կարող է լինել միայն բարձր տեխնոլոգիաների եւ նորագոյն ինովացիան տնտեսութեան մակարդակով, եւ դա էլ աշխարհում ձեւակերպւած է այլեւս։

Մեզ մնում է ընդամենը չորրորդ տնտեսական յեղափոխութեան արդիւնքներն արդիւնաւէտօրէն ներդնել մեր երկրում՝ սա բարձր տեխնոլոգիաների եւ ինովացիոն տնտեսութեան քաղաքականութիւնն է, որը, ցաւօք, չի իրականացւում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։