Հա

Ազգային

07/03/2020 - 18:00

«Վերջին 50 տարում ընտրութիւններում ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախմբերն են եղել առաջնորդողը». Հրաչ Վարժապետեան

Թեկնածուներ ընտրելու հարցում ֆրանսահայութիւնն առաջնորդւում է երկու սկզբունքով՝ առաջինը՝ համայնքային, երկրորդը՝ համահայկական, համազգային շահեր: Վերջին 50 տարում ընտրութիւններում առաջնորդողը հիմնականում եղել են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայ Դատի յանձնախմբերը:

«alikonline.ir» - Թեկնածուներ ընտրելու հարցում ֆրանսահայութիւնն առաջնորդւում է երկու սկզբունքով՝ առաջինը՝ համայնքային, երկրորդը՝ համահայկական, համազգային շահեր: Վերջին 50 տարում ընտրութիւններում առաջնորդողը հիմնականում եղել են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հայ Դատի յանձնախմբերը: ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբն արդէն երեք ամիս է, ինչ նախաձեռնել է քաղաքապետական ընտրութիւնների ցուցակների կազմում եւ այս անգամ առաջնորդւում է մէկ՝ Արցախի միջազգային ճանաչման ու օժանդակութեան սկզբունքով. Yerkir.am-ի հետ զրոյցում յայտնեց Եւրոպայում գործունէութիւն ծաւալող քաղաքական եւ հասարակական գործիչ, դաշնակցական Հրաչ Վարժապետեանը:

Ըստ նրա՝ ՀՅԴ Ֆրանսիայի Հայ Դատի յանձնախումբը կոչ է արել համայնքին՝ աջակցել բոլոր այն թեկնածուներին՝ առանց կուսակցական դիմագծի, աջակողմեան կամ ձախակողմյան, որոնք Արցախի ճանաչման ուղղութեամբ աշխատանքներ են տարել իրենց քաղաքներում: Յանձնախումբը որոշել է նաեւ չաջակցել այն թեկնածուներին, որոնք մրցակից են հայամէտ հայեացքներ ունեցող թեկնածուներին. «Սա է Հայ Դատի յանձնախմբերի այս անգամւայ որոշումը, եւ արդէն իսկ սկսել է յարգւել այս սկզբունքը»,- նշեց Վարժապետեանը:

Հարցին՝ ինչպիսի՞ն են հայկական համայնքի տրամադրութիւնները, մասնաւորապէս՝ այն շրջաններում, որոնք վերջին ժամանակաշրջանում չեղեալ են յայտարարել Արցախի քաղաքների հետ կնքւած բարեկամութեան հռչակագրերը, Վարժապետեանը պատասխանեց, որ բոլոր այն քաղաքապետների նկատմամբ, որոնք ենթարկւել են Ելիսէյեան պալատի «թելադրանքին», «ցուցմունքին» եւ հետ կանչել բարեկամութեան կամ համագործակցութեան ստորագրութիւնը, յստակ կեցւածք կայ՝ չքւէարկել ու դատապարտել:

«Նաեւ՝ հակառակը, նրանք, ովքեր տեղի չտւեցին այդ ճնշումներին եւ ցուցումներին՝ քւէարկել 100 տոկոսով»,- նշեց դաշնակցական գործիչը՝ յաւելելով, որ այն դատարանների դէմ, որոնք չեղարկել են հռչակագրերը, արդէն բողոքի ակցիաներ են տեղի ունենում, եւ կայ քաղաքական յստակ կեցւածք:

«Ֆրանսիայի Հանրապետութեան նախագահի հետ ուղղակի, անմիջական կապերի շնորհիւ այդ հարցը, շատ հաւանական է, վերանայւի: Հանրապետութեան նախագահը Փարիզում հայ համայնքի կազմակերպութիւնների խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ արդէն խոստացել է տարբեր ձեւերով «սրբագրել» այդ հարցը»,- յայտնեց Վարժապետեանը:

Մարտի 4-ին ֆրանսիական Marianne.net կայքում Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բիւրոյի անդամ Մուրադ Փափազեանը, խորհրդի անդամ եւ Ֆրանսիայում լոյս տեսնող հայկական Nouvelles d’Arménie ամսագրի գլխաւոր խմբագիր Արա Թորանեանը եւ «Արեւելքի վտանգւած քրիստոնեաների համագործակցութեան» (CHREDO) նախագահ, իրաւապաշտպան Պատրիկ Կարամն ահազանգել են, որ Փարիզում քաղաքապետի թեկնածու է առաջադրւել նաեւ Ֆրանսիայում ադրբեջանական քարոզչութիւն իրականացնող Ռաշիդա Դատին: Դատին «Ադրբեջանի ընկերների ասոցիացիայի» խորհրդի անդամ է, Ֆրանսիայում ադրբեջանական «խաւիարային դիւանագիտութեան» առաջամարտիկ, բազմիցս է քննադատել եւրոպական կառոյցներին՝ Ադրբեջանին բռնութիւնների, աւտորիտարիզմի եւ կոռուպցիայի մէջ մեղադրելու համար:

«Նիկոլա Սարկոզիի իշխանութեան օրօք Դատին արդարադատութեան նախարարն էր, այժմ Փարիզի 7-րդ շրջանի ղեկավարը: Ներկայանում է Հանրապետական կուսակցութեան ցուցակով եւ այժմ, ըստ հարցումների, արդէն իսկ գրաւում է երկրորդ տեղը: Նա ադրբեջանամէտ է, գործակցութեան մէջ է ադրբեջանական լոբբիի, Ադրբեջանի կենտրոնական իշխանութեան հետ: Սա նորութիւն չէ, արդէն 10 տարի է՝ այդպէս է: Հայ Դատի յանձնախումբը եւ ՀՅԴ-ն այս առիթով ոչ մէկ անգամ են բարձրացրել այս հարցը, պախարակել, խայտառակել: Այս անգամ պայքարն արդէն շատ աւելի թէժ է նրա դէմ: Փարիզում ՀՅԴ երիտասարդականը, նոր սերունդը բաւական ակցիաներ է կազմակերպել նրա դէմ: Ամենուրեք բաժանում են թերթիկներ, ամենուրեք փորձում են Դատիի քաղաքականութիւնը, դիմագիծը դիմազերծել, եւ նրա դէմ ակցիաները պիտի շարունակւեն մինչեւ ընտրութիւնները, մինչեւ որ նա ձախողւի եւ չկարողանայ ընտրւել քաղաքապետ: Այս իմաստով մեզ համար ցանկացած մէկը, ով մօտ յարաբերութիւններ ունի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, վտանգ է ներկայացնում՝ թէ՛ ներհամայնքային, թէ՛ համահայկական իմաստով»,- նշեց Վարժապետեանը:

Մօտ 700 հազարանոց հայկական համայնքին սիրաշահելու համար թեկնածուները տարբեր խոստումներ են տալիս: Ըստ Վարժապետեանի՝ նախապէս այդ խոստումները վերաբերում էին Հայոց Ցեղասպանութեանը, բայց քանի որ այն երկրում արդէն ճանաչւած է, հիմա արդէն ներհամայնքային խոստումներ կան. բաւականին հայկական միութիւններ կան, գրասենեակներ, եկեղեցիներ, որոնք ստանում են պետական աջակցութիւն, եւ խոստումները վերաբերում են այդ աջակցութեան աւելացմանը: «Բայց կան նաեւ համահայկական խնդիրներին վերաբերող խոստումներ ՀՀ-ի, Արցախի հետ կապերի օժանդակութեան շուրջ»,- ասաց Վարժապետեանը:

Յայտնի է, որ Ֆրանսիայում մարզերի բնակիչներն իրենք են ընտրում իրենց ղեկավարութեանը՝ ի տարբերութիւն Հայաստանի, որտեղ մարզերի ղեկավարները նշանակւում են կառավարութեան կողմից: Հարցին՝ եթէ ՀՀ իշխանութիւնը ցանկանում է ժողովրդավարացնել ՀՀ Սահմանադրութիւնը, արդեօ՞ք առաջին հերթին չպէտք է առաջարկել՝ կենտրոնաձիգ կառավարւող մարզերը դարձնել ինքնակառավարւող, Հրաչ Վարժապետեանն արձագանքեց, որ եթէ խօսում ենք ժողովրդավար համակարգի եւ ժողովրդավար ընտրական համակարգի մասին, ամենաճիշտն այն է, որ նոյնիսկ ՏԻՄ ընտրութիւնները կատարւեն ժողովրդի կողմից՝ ոչ միայն Երեւանում, որը նախկինում ունէր մարզի կարգավիճակ, այլեւ բոլոր մարզերում, ինչպէս Ֆրանսիայում է:

«Հայաստանը պէտք է ընթանայ այդ ուղղութեամբ: Անհասկանալի է՝ ինչո՞ւ մարզերում չեն անցկացւում ընտրութիւններ: Հայաստանում, անշուշտ, կայ ժողովրդավարութիւն, բայց ժողովրդավարութիւնն աւելի ամրապնդելու խնդիր կայ, ժողովրդավարութիւնը յարափոփոխ հասկացութիւն է՝ միշտ եւ ամենուրէք»,- եզրափակեց Վարժապետեանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։