Print this page
11/03/2020 - 10:30

«Տնտեսական ճգնաժամը մեր դուռն է թակում, իսկ մենք, այս խնդիրը թողած, զբաղւում ենք հանրաքւէով. սա լուրջ չէ». Արթուր Խաչատրեան

Նաւթի գինն ընկնում է, դրան զուգահեռ նաեւ ռուբլին է արժէզրկւում, պղինձի գինը եւս նւազում է, մինչդեռ, օրինակ, 2019 թ.-ին Հայաստանից արտահանւող պղնձի քանակը 32%-ով աճել է. Այս ամէնի տնտեսական հետեւանքների, Հայաստանի վարած քաղաքականութեան եւ այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանի հետ:

«alikonline.ir» - Նաւթի գինն ընկնում է, դրան զուգահեռ նաեւ ռուբլին է արժէզրկւում, պղինձի գինը եւս նւազում է, մինչդեռ, օրինակ, 2019 թ.-ին Հայաստանից արտահանւող պղնձի քանակը 32%-ով աճել է. Այս ամէնի տնտեսական հետեւանքների, Հայաստանի վարած քաղաքականութեան եւ այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանի հետ:

Խաչատրեանի խօսքով՝ Հայաստանից արտահանումները շատ կենտրոնացւած են, մեծամասամբ գնում են դէպի ռուսական շուկայ, ինչը ցոյց է տալիս, որ Հայաստանի տնտեսութիւնը շատ խոցելի է էկզոտգեն շոկերի նկատմամբ: Տնտեսագէտի պնդմամբ՝ Հայաստանում կարող է կրկնւել 2009 թ.-ի պատկերը, երբ այն ժամանակւայ վարչապետ Տիգրան Սարգսեանը յայտարարել էր, թէ ճգնաժամը շրջանցել է Հայաստանը:

«Այդ ելոյթն աչքիս առաջ է, երբ նա ասում էր՝ եթէ մենք կարողանանք ճիշտ տնտեսական քաղաքականութիւն վարել, ապա Հայաստանը սրանից շահումով դուրս կը գայ, որովհետեւ փողը, որը դուրս կը գայ այլ շուկաներից, կը գայ Հայաստան, բայց ՀՀ-ն ունեցաւ ամենամեծ անկումն ապրած տնտեսութիւններից մէկը: Երբ այս իշխանութիւնները խօսում են տնտեսական յեղափոխութեան մասին, մենք ասում ենք, որ տնտեսական յեղափոխութիւն կը լինէր, եթէ տեղի ունենար տնտեսութեան կառուցւածքի փոփոխութիւն, ինչը չունենք: Յոյսը դրել ենք հանքանիւթի, կոնեակի վրայ, եւ այլ բան չենք արտադրում»,-ասաց Խաչատրեանը:

Հարցին՝ այժմ էլ մեր կառավարութիւնը նոյն կերպ չի՞ առաջնորդւում, թէ ճգնաժամը կը շրջանցի Հայաստանը՝ հաշւի առնելով, որ վարչապետը արձակուրդ է վերցրել եւ «Այո»-ի քարոզարշաւն է առաջնորդում, տնտեսագէտը պատասխանեց, թէ դա տարակուսելի է, քանի որ այս պայմաններում պէտք է խորհել, հասկանալ՝ ինչով է Հայաստանը դիմագրաւելու այս տնտեսական եւ քաղաքական ճգնաժամին:

«Կեղծ օրակարգով քարոզարշաւի ենք ականատես լինում: Հայաստանի տնտեսութիւնը շատ խոցելի է այս ճգնաժամերի նկատմամբ: Նաւթի գների ընկնելը մի կողմից լաւ կը լինի, որովհետեւ բենզինը կէժանանայ, բայց տրանսֆերները, արտահանումները կը նւազեն, երկիրը կը կանգնի մեծ տնտեսական խնդիրների առաջ: Անցած տարւայ տնտեսական աճը մենք ունեցել ենք առեւտրի եւ ծառայութիւնների հաշւին, ինչը, բնականաբար, ոչ թէ աճ է եղել, այլ եղել է ստւերից դուրս բերում, աւել տպւած ՀԴՄ կտրոններ, մեքենաների եւ հանքանիւթի արտահանում: Հիմա լրացուցիչ առեւտուր չի լինի. ինչքան ՀԴՄ տպւում էր, նորից այնքան տպւելու է, միանգամեայ էֆեկտ էր: Հանքանիւթը, պղինձը, մոլիբդենը էժանանում են: Այս պայմաններում տնտեսական աճի որեւէ նախադրեալ չկայ, տնտեսական ճգնաժամը մեր դուռն է թակում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ տնտեսական ճգնաժամերը բերում են նաեւ քաղաքական ճգնաժամերի:

«2016 թ.-ին՝ նաւթի գների անկման ֆոնին Ադրբեջանը ժողովրդի ուշադրութիւնը բարեկեցութեան անկումից շեղելու համար գնաց Ապրիլեան պատերազմի, եւ չեմ բացառում, որ նոյնը կը լինի նաեւ այս տարի: Եթէ նաւթի գներն սկսեն կատաստրոֆիկ ընկնել, շատ վատ է լինելու ադրբեջանական տնտեսութեան վիճակը: Ինչ պէտք է անեն, մանաւանդ՝ ընտրութիւնների նախաշեմին: Նաեւ Հայաստանի ներսում կարող է խնդիր առաջանալ, երբ մարդկանց բարեկեցութիւնը նւազի»,- ասաց նա՝ նշելով, թէ Հայաստանում լայնաֆորմատ քաղաքական կոնսուլտացիաների, հասարակութեան համերաշխութիւնն աւելացնելու, միասնաբար խնդիրները լուծելու փոխարէն իշխանութիւններն էլի գնում են «հներ»-«նորեր», «սեւեր»-«սպիտակներ» բաժանման ճանապարհով:

«Պէտք է տնտեսութիւնը հնարաւորինս զարգացնել: Միայն ասելով, որ կոռուպցիա չկայ, մոնոպոլիա չկայ, տնտեսութիւնը չի զարգանայ: Նաեւ՝ շատ վիճելի է, որ մոնոպոլիա չկայ, որովհետեւ եթէ ասենք՝ իսկ ինչ մոնոպոլիա կար, օրինակ, 2018 թ.-ի յունւարին, որ 2019 թ.-ի դեկտեմբերի 31-ին չկայ, վստահ եմ, որ կոնկրետ անունով կը դժւարանան նշել»,-ասաց նա:

Տնտեսագէտի կարծիքով՝ ՀՀ կառավարութիւնը չի կատարում առկայ մարտահրաւէրներին հակազդելու քայլեր:

«Մեր առաջարկած բաղադրատոմսը պետական աւելի ակտիւ միջամտութիւնն է, որովհետեւ եթէ շուկան քայլեր չի անում, պետութիւնը պէտք է անի: Պէտք է կարգաւորել այնքան, ինչքան անհրաժեշտ է, բայց այս կառավարութեան կողմից ես չեմ տեսնում քայլեր, որոնք ուղղւած են՝ կանխելու ճգնաժամի հնարաւոր բացասական ազդեցութիւնը ՀՀ տնտեսութեան վրայ: Կարծես թէ մոլիբդենի, պղնձի, նաւթի գների անկումը Հայաստանին չի վերաբերում: Վախենամ, որ մեզ մոտ կը կրկնւի 2009 թ.-ի պատկերը: Այս լուրջ խնդիրները թողած՝ զբաղւել հանրաքւէով, կարծում եմ, այնքան էլ լուրջ չէ: Երկրի առաջ ծառացած շատ աւելի կարեւոր խնդիրներ կան, որոնք լուծման են սպասում»,- ասաց Արթուր Խաչատրեանը:

Յարակից լուրեր