Հա

Ազգային

28/03/2020 - 11:20

Համաճարակւածները

Ամենահաս համաճարակը բացայայտում է ժամանակակից աշխարհի իրական էութիւնը: Ամէնից առաջ ակնառու է դառնում, թէ որքան փոքրացած է աշխարհը եւ փոխկապակցւած: Եթէ ամազոնեան անտառների եւ Աւստրալիա մայրցամաքի հրդեհները բաւարար չէին համոզւելու համար, որ մեծ աղէտները երկրագնդի որ անկիւնն էլ պատուհասեն, ուղղակիօրէն առնչւում են մեզ, ապա նորայայտ գրիպը ամերիկեան ֆանտաստիկ ֆիլմի աշխարհակործան հրէշի պէս փաստում է մարդկութեան շաղկապւածութիւնը ճակատագրով:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Ամենահաս համաճարակը բացայայտում է ժամանակակից աշխարհի իրական էութիւնը: Ամէնից առաջ ակնառու է դառնում, թէ որքան փոքրացած է աշխարհը եւ փոխկապակցւած: Եթէ ամազոնեան անտառների եւ Աւստրալիա մայրցամաքի հրդեհները բաւարար չէին համոզւելու համար, որ մեծ աղէտները երկրագնդի որ անկիւնն էլ պատուհասեն, ուղղակիօրէն առնչւում են մեզ, ապա նորայայտ գրիպը ամերիկեան ֆանտաստիկ ֆիլմի աշխարհակործան հրէշի պէս փաստում է մարդկութեան շաղկապւածութիւնը ճակատագրով:

Աշխարհակալ թագավարակն ի ցոյց դրեց այն իրողութիւնը, որ զարգացման ու բարեկեցութեան գագաթները նւաճած 21-րդ դարի մարդկութիւնը պատրաստ չէ ինչպէս ակնյայտ եւ մասամբ ծանօթ երեւոյթների գիտական ըմբռնմանը, այնպէս էլ նիւթատեխնիկական ու պարէնային ապահովւածութեան հարցերին: Կարճ ժամանակում արձանագրւեցին տնտեսական (եւ ոչ միայն տնտեսական) ճգնաժամի առաջին դրսեւորումները, եւ լուրջ մտավախութիւնների տեղիք է տալիս այն հանգամանքը, թէ իրավիճակի երկարաձգման պայմաններում այս գործընթացներն ինչի կարող են յանգեցնել:

Այս ամէնի խորապատկերին հասարակութիւնններին համակել է համընդհանուր տագնապը: Պետութիւնների հզօր առաջնորդները շփոթի մէջ են հնարաւորութիւնների սահմանափակութեան եւ հնարաւոր վատթարագոյն հեռանկարի պատճառով, ինչը ստիպում է մի կողմ թողնելով քաղաքական նրբանկատութիւնը փակել սեփական սահմանները եւ արգելել օտարերկրացիների մուտքը, Եւրամիութեան օրինակով վճռել, որ ունեցած դեղորայքն ու առողջապահական միջոցները չպէտք է դուրս բերւեն սեփական տարածքից, իսկ երկրների ներսում` պարտադրել մարդկանց իրաւունքների ու գործողութիւնների աննախադէպ սահմանափակումներ:

Պետական ու հանրային եսասիրութիւնը, ստեղծւած իրավիճակին արդիւնաւէտօրէն դիմակայելու անպատրաստութիւնը եւ դաշինքային գործելակերպի` անցեալից գրանցած սխալների հետեւանքներն անխուսափելիօրէն մղում են միասնականութեան հոգեբանութիւնից ազգային մեկուսացումների եւ ինչն էլ իր հերթին կը յանգեցնի ազգայնական տրամադրութիւնների աճի:

Հպանցիկ անդրադառնալով լայնամասշտաբ պատերազմներ հրահրելու հաւակնութիւններին` հարց է ծագում՝ աշխարհի հզօրագոյն բախտախնդիրները պարզորոշ պատկերացնո՞ւմ են արդէն շուրջ քառասուն տարի բորբոքւող հրդեհների մեծ բռնկումների հետեւանքները, երբ աշխարհն այսօր այսպիսի շփոթի մէջ է գրիպի վարակի պատճառով, որը իհարկէ պատճառել է կորուստներ որոնց թիւը չի կարող չանհանգստացնել, միաժամանակ այն անհամեմատելի է այլ բնոյթի աղէտների հնարաւոր հետեւանքների հետ:

Այս օրինակով կարելի՞ է երեւակայել, թէ ինչ տեղի կունենայ, եթէ հնարաւոր պատերազմների դէպքում զոհւեն հարիւր հազարաւոր, միլիոնաւոր մարդիկ, հաշմւի մի քանի անգամ շատ մարդ, քանդւեն երկրներ, կապեր ու տնտեսութիւններ եւ այլն: Բայց վերադառնանք հիմնական ասելիքին: Իհարկէ, այս ամէնի կենտրոնում մարդն է, նրա վախերը ոչ միայն ներկայի, այլեւ աւելի շատ անորոշ հեռանկարի նկատմամբ: Առերեսւում ես այն իրողութեան հետ, որ անհատի ինքնուրոյնութիւնը, անհատական ազատութիւնը եւ հնարաւորութիւնների ու իրաւունքների ներուժն իրականում ունակ չեն պաշտպանելու վերջինիս համընդհանուր փորձութիւնից, եւ այդ գիտակցութիւնն անհատներից բաղկացած հանրոյթներին դատապարտում է հիստերիկ շփոթի: Ակնյայտ է դառնում, թէ իրականում որքան փխրուն եւ անպաշտպան է մարդկային այն արարածը, որին տասնամեակներով փորձել են ներշնչել, թէ նա իր անհատական ազատութեամբ ամենակարող է, կերտողն ու տնօրինողն է սեփական ճակատագրի: Իրականում ընդհանուր գաղափարախօսութիւններից, իդեալներից, նպատակներից, պարտականութիւններից ու վարքականոններից ձերբազատելը նրան հեռացրել են ամբողջից՝ նրա նկատմամբ հեշտութեամբ բարոյական, հոգեբանական, հասարակական եւ այլ բնոյթի հաշւեյարդարներ տեսնելու, ինչպէս եւ դիւրութեամբ կառավարելու համար:

Իբրեւ թէ ազատելով մարդուն գաղափարական ընդհանուր համակարգերի «ամբողջատիրութիւնից»` զրկել են նրան գաղափարի եւ մտածելակերպի հիմք-ելակէտից, երեւոյթների իրական գնահատման համակարգւած դատողութիւնից՝ նետելով նրան կողմնորոշիչների չգոյութեան, գիտակցական քաոսի, անսկզբունքայնութեան, նպատակի բացակայութեան նեղ «բանտախուցը»: Որքան էլ պարադոքսալ (հակասական) թւայ, եթէ արժեհամակարգն ու գաղափարներն ապահովում են մարդու մտաւոր հասունութիւնն ու այդ հարթակից ազատ թռիչքներ կատարելու հնարաւորութիւնը, նման ելակէտային հնարաւորութիւնների բացակայութիւնը կամ, այսպէս ասած, «բեռից ազատ» գիտակցութիւնը հեշտութեամբ ստրկացւում է` ենթարկւելով ցանկացած այլ արժէքների ու գաղափարների պարտադրանքին: Այս ճանապարհով մարդը կորցնում է սեփական անհատականութիւնը եւ վերածւում է ամբոխի անդէմ մասնիկի: Նա դառնում է դիմակ, «անոնիմուս»՝ իր նման անդեմների բազմութեան մէջ, դառնում է ենթակայ ամբոխային տրամաբանութեանը՝ կառավարւող հոտի հոգեբանութեամբ: Մարդուն ներշնչւում է, թէ ինքն իր Աստւածն է, ազատ` հոգով ու մարմնով, եւ ինքն է սահմանում իր առաքելութիւնն աշխարհի վրայ, իր բարոյական արժեհամակարգը, պատկանելութիւնը տեսակին եւ հաւաքականութեանը, իր պարտականութիւնները ի սկզբանէ սահմանւած պարտականութիւններից հրաժարման պայմաններում: Իրականում վերջինս «դատապարտւում» է անգաղափարայնութեան գաղափարախօսութեանը եւ «այլընտրանքային» արժէքներին, նա վերածւում է հօտի հլու անդամի, որի համար գերիշխող արժէքներ են սեփական անձի հանապազօրեայ սնունդը, բնազդային պահանջները, գովազդւող իրերը, եւ ազատութիւնը իր նմանների բազմութեանը վերահսկողութեան տակ պահող հովիւների թելադրանքի ներքոյ:

Զիջելով սեփական բարոյականի, արժեհամակարգերի եւ պարտականութիւնների սահմանները` նման մարդը չի կարող նախանձախնդիր լինել այլ սահմանների պաշտպանութեան հարցում:

Մարդուն զոմբիացնելու գլխաւոր պայմանը նրան պարտականութիւններից ազատելն է: Ի տարբերութիւն այն երեւակայական էակի, որ մարդկութեան քարտէզից դուրս ինքն իրեն կարող է ծնել, մնացած բոլորը աշխարհ են գալիս մերկ ուսերին կրելով բազմաթիւ պարտականութիւնների բեռը: Իւրաքանչիւր անձ առաջին հերթին պարտական է այն մարդկանց, ովքեր իրեն լոյս աշխարհ են բերել եւ ամէն ինչ արել են նրա ոտքի կանգնելու եւ որպէս մարդ կայանալու համար: Նոյն չափով եւ գուցէ աւելի շատ նա ժառանգում է պարտականութիւններ` պահպանելու եւ զարգացնելու այն նիւթական ու հոգեւոր արժէքները, որոնք ստեղծել, պաշտպանել եւ իրեն են փոխանցել նախնիները: Պարտական է դառնում հասարակութեանը եւ այդ հասարակութեան կազմակերպական ղեկավարութեանը, որոնք ապահովել են իր կենսագործունէութիւնը՝ կրթւելու, բուժւելու, աշխատելու, հանգստանալու եւ միւս պահանջները: Այլ կերպ կարելի է ասել, որ մարդն աշխարհ է գալիս որպէս հասարակական էակ, իր սոցիալական պարտաւորութիւններով: Մարդ առանձնեակների բազմութիւններին քարոզել պարտականութիւններից լիակատար ազատութիւն նշանակում է ոչ միայն զրկել պաշտպանելու եւ պաշտպանւած լինելու բնական իրաւունքից, այլեւ ստրկացնել վերջինիս` դարձնելով ամբոխի զոմբիացւած անդէմութիւն, միաժամանակ ներսից խորտակել հասարակութեան մաս կազմող անդամների թիկունքներով ստեղծւած երկրի պարիսպները, որպէս տրոյական ձիերի ներդնել անդեմների զանգվածներին պարիսպներից ներս եւ ազգ, պատմութիւն, եկեղեցի, մշակոյթ, արժեհամակարգեր քանդելով ստրկացնել նաեւ դէմք ունեցողներին եւ նրանց երկրները:

Կարող է թւալ, թէ մեր ասելիքը շեղւեց իր նախնական նպատակից, բայց այսօր, երբ համաճարակի պատճառով մարդիկ յայտնւել են խուճապի մէջ, եւ յատկապէս զգալի է մտքի, գործի ու նպատակի միասնութեամբ համաշխարհային աղէտը յաղթահարելու հրամայականը, զգալի է դառնում, թէ որքան անյաղթահարելի կարող են լինել վերահաս փորձութիւնները այն հասարակութիւնների համար, որոնք պառակտւած են արժէքների ու պարտականութիւնների «այլընտրանքներով»:

Այո որոշակի ուժերը պառակտում են, որ տիրեն մարդկանց կամքին, ժողովուրդների ժառանգութեանը եւ պետութիւնների ինքնիշխանութեանը: Այդ նոյն ուժերը փորձում են ներշնչել, թէ տեղի ունեցողը քաղաքակրթութեան ու գլոբալիզացիայի անխուսափելի հետեւանքն է: Իրականում այն, ինչ տեղի է ունենում այսօր, շատ վաղուց եւ բազմիցս կատարւածի կրկնութիւնն է, համաշխարհայնացումն իրողութիւն է դարձել դեռեւս հելլենիզմի դարաշրջանում, ժողովուրդների մեծ գաղթի ընթացքում՝ իրականում սկիզբ առնելով վաղնջական ժամանակներից, երբ տարբեր հանրոյթների միջեւ տեղի ունեցան առաջին փոխառնչութիւնները:

Օրինաչափութիւն է նաեւ, որ երբ հասարակարգերը սպառւելով յայտնւում են ճգնաժամի մէջ, այդ ճահճի մէջ են յայտնւում նաեւ արժէքներն ու արժեհամակարգերը: Օրինակները շատ են` սկսած Հին Հռոմից եւ գուցէ աւելի վաղ ժամանակներից: Ակնյայտ է, որ աշխարհն այսօր նոյնպիսի ճգնաժամի մէջ է: Պատկերաւոր ասած` մենք գիտակցում ենք, որ յայտնւել ենք պատի առջեւ, բայց թէ ինչպէս յաղթահարել արգելքը, եւ ինչ է սպասւում պատի միւս կողմում, առայժմ յայտնի չէ ոչ ոքի: Աշխարհը քաղաքական, իրաւական, բարոյական ու արժեհամակարգային քաոսը յաղթահարելու խնդրի առջեւ է կանգնած, եւ այդ անհրաժեշտութեան մասին եւս մէկ անգամ ահազանգեց համաճարակի ցնցումը:

Չինաստանում եւ այլուր մարդկանց հերոսական ինքնազոհաբերութիւնները, բարձր կազմակերպւածութեան դասերը, միասնականութեան դրսեւորումները փաստում են, որ այնուամենայնիւ դրականը բազմապատիկ գերազանցում է վատին, անբարոյականին եւ հակամարդկայինին:

Մենք` որպէս քաղաքակրթութեան վաղորդայնից մեծ երթի մասնակից ժողովուրդ եւ քրիստոնէական արժէքների ջահակիր, կարիք ունենք սեփական ինքնութեան աւազանում մաքրւելու, այդ առանցքի շուրջ ամրանալու եւ վաղւայ օրւան ներկայացնելու մեր յաւակնութիւնների յայտը:

 

«ԴՐՕՇԱԿ», թիւ/3 մարտ 2020, էջ 6-7

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։