Հա

Ազգային

29/03/2020 - 10:00

«Ժողովրդին զանգելու անկեղծութիւնը». Լիլիթ Գալստեան

ՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակին, դրա դէմ պայքարին, նաեւ վարչապետ Փաշինեանի` քաղաքացիներին զանգահարելու ակցիային: Գրառումը նա վերնագրել է` «Ժողովրդին զանգելու անկեղծութիւնը»:

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան գրառմամբ անդրադարձել է կորոնավիրուսի համավարակին, դրա դէմ պայքարին, նաեւ վարչապետ Փաշինեանի` քաղաքացիներին զանգահարելու ակցիային: Գրառումը նա վերնագրել է` «Ժողովրդին զանգելու անկեղծութիւնը»:

«Երկիր մոլորակում պատերազմ է, աներեւակայելի, պարականոն պատերազմ: Այս մասին անկեղծ ու անթաքոյց յայտարարում են աշխարհի մեծերը:

Այս մասին է համաշխարհային լրահոսը. գամւած հեռուստացոյցի առջեւ՝ զարհուրած հետեւում ենք, թէ ինչպէս են բառացիօրէն մաշւում ազգերն ու պետութիւնները, արձանագրում ենք, որ բոլորս մէկ կաթսայի մէջ ենք, որ աներեւոյթ «հակառակորդը» չի խնայում հարուստ, աղքատ, վարչապետ կամ իշխան: Արձանագրում ենք, թէ, ինչպէս են անճարակութիւնից խենթանում առաջնորդները, ինչպէս է աշխարհը կամաց-կամաց համակերպւում աներեւակայելի մարդկային կորուստների հետ… ու, ինչպէս է քո սիրելի քաղաքը թաղւում լռութեան ու վատ լուրերի սպասումի մէջ:

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը հակամարտութիւնները սառեցնելու, ՄԱՐԴԵՂԷՆ ու մեծատես լինելու կոչ է անում:

Աշխարհի քսան մեծերը՝ մէկ սեղանի շուրջ հաւաքւելու բարդոյթ ունեցող մեծերը, հաւաքւում են հեռավար մէկ սեղանի շուրջ: Ամէն ինչ աւելի քան պարզ է՝ աշխարհը աննկարագրելի փոքրացել է ու այդ ցանցի մէջ են բոլորը: Համաշխարհային մարտահրաւէրը յաղթահարելու դեղատոմսը պարտադրում է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՋԱՆՔԵՐ, այլընտրանք չկայ:

Աներկբայ է, համավարակին յաջորդելու են նոր ժամանակներ, ուր մրցունակ կը լինեն այն հասարակութիւնները, որոնք արագօրէն կը վերադասաւորեն քաղաքական եւ բարոյական արժէքները, քաղաքական փիլիսոփայութեան եւ վարքագծի միանգամայն նոր չափանիշեր կը սահմանեն, կը գիտակցեն կառավարչական նոր որակներով եւ սկզբունքներով առաջնորդվելու հրամայականը:

Աներկբայ է, որ համաշխարհային նոր՝ յետհամաճարակային իրողութիւններում, փոխւելու են շեշտադրումները եւ անգամ աշխարհի մեծերը կենտրոնանալու են նախ սեփական մարտահրաւէրներն ու իրենց դիրքերն ամրապնդելու կոորդինատում:

Աներկբայ է, որ շատ պետութիւններ կը փորձեն խաղարկել ճգնաժամից շահեկան դուրս գալու սեփական սցենարները: Այստեղ է, որ յատկապէս փոքր, սահմանափակ ռեսուրսներով երկրներից բացառիկ ճիգ, ռեսուրսների մոբիլիզացիա, իշխանութիւնների բարոյական լեգիտիմութիւն, լայնախոհութիւն եւ ազգային համախոհութիւն է պահանջւում:

Յանուն արդարութեան պիտի արձանագրեմ, որ մեր իշխանութիւնները քայլեր ձեռնարկում… որակի եւ արդիւնաւէտութեան մասին յետոյ կը խօսենք…

Երէկւանից, ինձ ստիպելով, հետեւում եմ վարչապետ Փաշինեանի քաղաքացիների հետ հեռախօսազրոյցները: Գուցէ PR տեսակէտից արդարացւած է, գուցէ… չգիտեմ…

Նպատակը ինչ-կայ-չկայ հասկանալն է, անկեղծանում է վարչապետը: Ես, առհասարակ, գնահատում եմ անկեղծութիւնը, անգամ քաղաքականութեան մէջ: Միշտ եմ հաստատել՝ ամենաարդիւնաւէտ քաղաքականութիւնը բարոյական քաղաքականութիւնն է:

Բայց, եթէ վարչապետի եւ նրա թիմի անկեղծ նպատակը ինչ-կայ-չկայ հասկանալն է, եւ նրանք անկեղծ են այդ մղումի մէջ, ապա ինչպէս հասկանալ այս օրերին խորհրդարանական հարցու պատասխանի ժամանակ ընդդիմութեանը կրկին սւիններով հակազդելու, «լաւ տղու» բարեվարքութեամբ ընդդիմադիրներին լռեցնելը: Մենք սովորել ենք, արդէն հասկացել ենք ու ճանաչել ձեզ, բայց մի տեսակ՝ ժամանակներն են շատ ուրիշ:

Մոռանում էք, որ այդ պոտենցիալ զանգւողների ներկայացուցիչներն են խորհրդարանում, պատգամաւորներ, ովքեր հաւաքական, ամբողջական տեսակէտ են փոխանցում:

Այն հին՝ համավարակին նախորդած ժամանակներում դրսեւորած աննախադեպութեան, ամէն ինչ քանդել-սարքելու, այլակարծութիւնը մերժելու, ժողովրդի «ум, честь и совесть» (միտք, պատիւ եւ խիղճ)-ի անունից խօսելու, լաւ տղու վարքագիծը մերժելի է, զզւելի եւ անհեռատես:

Այս օրերին եւ առաջիկայում մէկ՝ այն էլ անփորձ քաղաքական ուժի ներուժով, քաղաքական մոնոպոլացման, մտահորիզոնի եւ մտայնութեան ներկայ որակներով, առաջարկութիւններն ու տեսակէտները մերժելու վարքագծով գործնականում անկարելի է յաղթահարել ներկայ եւ առաջիկայ մարտահրաւէրները:

Ժողովրդին զանգելու եւ թոշակների` բոլորին յայտնի գումարն ու եոլա գնալու ռեժիմը ճշտելու փոխարէն գուցէ զանգէք, դիմէք, հրաւիրէք եւ միասնական լուծումներն ու ջանքերը համադրելու անկեղծ, ոչ ցուցադրական սրտացավութեամբ լսէք ձեր թիմից դուրս իսկապէս փորձառուների տեսակէտն ու առաջարկութիւնը:

Մի թերագնահատէք նաեւ երեւոյթի բարոյական կապիտալը…

28.03. համավարակի տարում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։