Հա

Ազգային

29/03/2020 - 10:20

«Ապառաժ»-ի խմբագրական. Յաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կը զարգանա՛նք միասին

Մարտի 31-ին Արցախում կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Ավարտին է մօտենում ընտրութիւնների քարոզարշաւի փուլը: Մի քանի օրից Արցախի ժողովուրդն առիթ կունենայ քւէարկութեան միջոցով իր կամքն արտայայտել՝ նախագահի եւ կուսակցութիւնների նախընտրած թեկնածուներին յանձնելով երկրի կառավարման ղեկը:

Մարտի 31-ին Արցախում կայանալու են նախագահական եւ խորհրդարանական ընտրութիւններ: Ավարտին է մօտենում ընտրութիւնների քարոզարշաւի փուլը: Մի քանի օրից Արցախի ժողովուրդն առիթ կունենայ քւէարկութեան միջոցով իր կամքն արտայայտել՝ նախագահի եւ կուսակցութիւնների նախընտրած թեկնածուներին յանձնելով երկրի կառավարման ղեկը:

Վերջապէս կավարտւի հանրութեան մէջ տիրող այն լարւած մթնոլորտը, որը ծայր առաւ 2018 թւականի ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութիւնից յետոյ եւ որը շարունակւեց ու իր գագաթնակէտին հասաւ վերջին օրերին:

Այժմ իւրաքանչիւրի համար խօսքից գործին անցնելու պահն է մօտենում, գործի ստանձնման պատասխանատւութեան ծանր բեռը կրելու պահը: Դաշնակցութիւնը միշտ էլ յանձնառու է եղել այն պատասխանատւութեանը, որն իր ուսերին է դրւել ժողովրդի կողմից: Ընդունւած է ասել, որ քւէարկութեան պահին ժողովուրդն արտայայտում է իր վստահութիւնը, սակայն կա շատ աւելի խորքային զգացողութիւն՝ յոյսը, որը ժողովուրդը կապում է իւրաքանչիւր քաղաքական ուժի կամ քաղաքական առաջնորդի հետ: Դա չի չափւում քւէով: Դա թէ՛ պատմութիւն է, թէ՛ յիշողութիւն եւ թէ՛ հոգեկան ապրում: Դաշնակցութիւնը վայելում է այդ վստահութիւնը:

Քարոզարշաւի ընթացքում զանազան առիթներով ականատեսն ենք եղել լարւած մթնոլորտի առկայութեան: Հանդիպումների ընթացքում դաշնակցական գործիչներին հանրութեան ներկայացուցիչները դժգոհել են թեկնածուների առատութիւնից, կուսակցութիւնների եւ դաշինքների բազմազանութիւնից: Շատերը դժւարացնում են ընտրութիւն կատարել, քանի որ ներկայացւած խոստումներն ու ծրագրերը հիմնականում նոյնանման են: Հարկ ենք համարում յիշեցնել, որ այս կացութիւնը մեզ համար կանխատեսելի էր: Ժամանակին Դաշնակցութիւնը հանդէս եկաւ միասնական օրակարգի եւ համաձայնեցւած նախագահի թեկնածուի առաջարկով: Քաղաքական ուժերը չընկալեցին պահի լրջութիւնը: Մենք մեր ջանքը գործադրեցինք՝ միաւորելու համախոհ քաղաքական ուժերին, սակայն իշխանատենչութիւնն ու անձնական ցանկութիւններին յագուրդ տալը չթոյլատրեց հեռատես լինել: Նոյն իրավիճակն էր նաեւ 2017 թ. Սահմանադրութեան ընդունման նախօրէին: Աւաղ այն օրերին էլ քաղաքական ուժերն անտեսեցին մեր յորդորները: Արդիւնքում ունենք այն, ինչ ունենք: Այժմ եւս մնում ենք նոյն համոզմանը: Իւրաքանչիւրս էլ գիտակցում ենք, որ կայանալիք ընտրութիւններից յետոյ մեր հայրերի, եղբայրների արեամբ սրբագործւած հայրենի պետութեան զարգացման գործում ամէն ոք պէտք է ստանձնի իր դերակատարութիւնը:

Անկախ ընտրութիւնների արդիւնքներից, որեւէ քաղաքական ուժ՝ թէ՛ ընդդիմութեան եւ թէ՛ իշխանութեան դիրքերում, պարտաւոր է յիշել միասնութեան ուժը: Անցեալ, ներկայ եւ ապագայ քաղաքական ղեկավարները, ժողովրդին առաջնորդելու յաւակնութիւն ունեցող իւրաքանչիւր ոք եւ ժողովրդի իւրաքանչիւր մասնիկ պարտաւոր է անսալ իր ներքին ձայնին, երբեք թոյլ չտալ, որ առօրեական շահերը պատճառ դառնան մեր երկրի հզօրութեան հիմքը հանդիսացող հաւաքական ուժի եւ արժէքների խաթարման:

Յաղթե՛լ ենք միասին, չե՛նք զիջի միասին, կը զարգանա՛նք միասին:

27 մարտի, 2020 թ.

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։