Հա

Ազգային

30/03/2020 - 09:30

ՀՀ կառավարութիւնը գնաց «փող լցնելու»՝ որեւէ ստեղծագործ մօտեցումից զուրկ ուղիով

ՀՀ գիւղոլորտում առկայ խնդիրների, կորոնավիրուսի տարածման պայմաններում կառավարութեան ծրագրերի արդիւնաւէտութեան եւ այլընտրանքային առաջարկների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանի հետ:

«alikonline.ir» - ՀՀ գիւղոլորտում առկայ խնդիրների, կորոնավիրուսի տարածման պայմաններում կառավարութեան ծրագրերի արդիւնաւէտութեան եւ այլընտրանքային առաջարկների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանի հետ: 

 

- ՀՅԴ Գերագոյն մարմնի Գիւղատնտեսական յանձնախումբը դեռ 2019 թ., կառավարութեան կառուցւածքային փոփոխութիւնների փուլում, կարծիք էր յայտնել, որ Գիւղատնտեսութեան նախարարութեան միացումն այլ նախարարութեան՝ յանգեցնելու է խնդիրների։ Այժմ, կարծես, եկել է «քննութեան» շրջանը։ Տեղի՞ն էին այդ մտավախութիւնները։

- Դաշնակցութիւնը, բազմաթիւ այլ քաղաքական ուժեր, գիւղատնտեսութեամբ զբաղւող տնային տնտեսութիւններն ու ձեռնարկատէրեր, փորձագէտներ խիստ բացասական վերաբերմունք ունէին գիւղատնտեսութեան եւ էկոնոմիկայի նախարարութիւնները միացնելուն: Փաստարկները բազմաթիւ եւ բազմապիսի էին` սկսած նրացից, որ աշխարհում չկայ քիչ թէ շատ նորմալ պետութիւն, որը չունենար գիւղատնտեսութեան նախարարութիւն, մինչեւ այն որ այս երկու նախարարութիւնները, նախարարութիւնների ներքին մշակոյթը, գործառոյթները որեւէ ընդհանրութիւն չունեն:

Գիւղատնտեսութեան նախարարութիւնը ոլորտային նախարարութիւն է, էկոնոմիկայի նախարարութիւնը՝ ընդհանուր համադրող: Հայաստանի բնակչութեան մօտ կէսը բնակւում է գիւղական բնակավայրերում, զբաղւում է գիւղատնտեսութեամբ, գիւղատնտեսութիւնը գեներացնում է համախառն ներքին արդիւնքի շուրջ 20 տոկոսը (գիւղատնտեսական արտադրանքի վերամշակումը հաշւի առած՝ շուրջ 30 տոկոսը): Կառավարութիւնն ասում էր. 15-20 տոկոսը ՀՆԱ-ի կառուցւածքում աննորմալ մեծ թիւ է, բերում էր զարգացած երկրների օրինակը: Սակայն, ինչպէս շատ հարցերում, սխալ ծայրից էին սկսել: Փոխանակ տնտեսութեան այլ ճիւղերը զարգացնելու, գնացին գիւղատնտեսութիւնը փոքրացնելու ուղիով:

Վերջիվերջոյ, տրամաբանական չէ գիւղատնտեսունը համարել գերակայ ուղղութիւն, բայց վերացնել ոլորտային գերատեսչութիւնը: Այո, գիւղատնտեսութեան նախարարութեան արդիւնաւէտութիւնը ցածր էր, ծրագրերն էական ազդեցութիւն չէին ունենում ոլորտի զարգացման վրայ, բիւջէն փոքր էր, գործառոյթները սահմանափակ էին, բայց գլխացաւը բուժելու համար չի կարելի գլուխը կտրել: Փոխարէն բարձրացնէին նախարարութեան արդիւնաւէտութիւնը, որոշեցին գլխից էլ ազատւել, գլխացաւից էլ:

Կառավարութեան գործունէութեան ու կառուցւածքի մասին ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելուց յետոյ անցել է մօտ մէկ տարի: Կառավարութիւնն օրէնքի փոփոխութիւնը հիմնաւորում էր նախարարութիւնների արդիւնաւէտութիւնը բարձրացնելու անհրաժեշտութեամբ: Հետաքրքիր կը լինէր լսել կառավարութեան հաշւետւութիւնը, թէ որքանո՞վ կառավարման համակարգի արդիւնաւէտութիւնը բարձրացաւ:

 

- Կորոնավիրուսի տարածումը համընկաւ գարնանացանի եւ գիւղատնտեսութեան եռուն շրջանի հետ։ Արդիւնաւէ՞տ են, արդեօք, կառավարութեան՝ համաճարակի տարածման, մարդկանց տեղաշարժի սահմանափակման եւ բազմաթիւ այլ արտակարգ միջոցառումների այս փուլում գիւղոլորտի ուղղութեամբ կիրառւող ծրագրերը։ Կարճ ասած՝ արտակարգ դրութեան պայմաններում կառավարութիւնն ունի՞ կամ կիրառո՞ւմ է, արդեօք, գիւղոլորտին առնչւող «արտակարգ» ծրագրեր։

- Կառավարութիւնը կորոնավիրուսի հետեւանքների յաղթահարմանն ուղղւած հինգ ծրագիր է հաստատել: Ծրագրերից մէկը վերաբերւում է գիւղատնտեսութեանը: Նախ, սկսենք նրանից, որ այսօր որեւէ մէկը չի կարող գնահատել համավարակի տնտեսական ազդեցութիւնը: Հետեւաբար, չի կարելի խօսել հետեւանքների յաղթահարման մասին, կարելի է խօսել լոկ համավարակով պայմանաւորւած դժւարութիւնների մեղմման մասին:

Քանի որ գիւղատնտեսութիւնը գերակայ ոլորտ է, եկամուտով ապահովում է հարիւր հազարաւոր մարդկանց եւ պարէնային ապահովութեան հիմնական երաշխաւորն է, զարմանալի չէ, որ օգնութեան փաթեթներից մէկը պէտք է ուղղւած լինէր գիւղատնտեսութեանը: Սակայն, առաջարկւող միջոցառումները բաւարար չեն, իսկ որոշ դէպքերում կարող են նաեւ ռիսկեր պարունակել:

Կառավարութիւնը նախատեսում է զրոյացնել բոլոր այն տոկոսագումարները, որոնք առայսօր գիւղոլորտում առկա տարբեր ծրագրերով սահմանւած էին: Միւս բաղադրիչը կոոպերացիայի խթանումն է: Կառավարութիւնը, ցաւօք սրտի, գնաց «փող լցնելու»՝ որեւէ ստեղծագործ մօտեցումից զուրկ ուղիով: Բայց արդեօ՞ք գումարի պակասը այսօր գիւղատնտեսութեան առջեւ ծառացած հիմնական խնդիրն է:

Բազմաթիւ երկրներ, ներառեալ Հայաստանը, արգելել են սննդամթերքի որոշ տեսակների արտահանումը: Ռուսաստանն, օրինակ, արգելել է հացահատիկի արտահանումը: Այս պայմաններում պետութիւնը պէտք է իր սահմանափակ ռեսուրսներն ուղի պարէնային անվատանգութեան ապահովմանը եւ որոշ գիւղմթերքների երաշխաւորւած գնումներին: Այս տրամաբանութիւնից ելնելով, սահմանափակ ռեսուրսները պէտք է առաջնահերթութեան կարգով ուղղւեն մեր պարէնային անվտանգութիւնն ապահովող գիւղմթերքների արտադրութեանը:

Պետութիւնը պէտք է երաշխաւորած ծաւալով եւ գնով գնի այդ գիւղմթերքը: Խօսքը, առաջին հերթին, վերաբերւում է հացահատիկին եւ հատիկաընդեղէնային մշակաբոյսերին, կարտոֆիլին: Գարնանացանի ոռոգման ջուրը, պարարտանիւթը եւ սերմերը գիւղացիական տնտեսութիւններին պէտք է տրամադրել անհատոյց` այն գիւղմթերքների արտադրութեան համար, որոնց մասով առկայ է երաշխաւորւած պետական գնում:

Շուկայ փող մտցնելով եւ բոլոր տեսակի բնամթերքների արտադրութեան խրախուսումը կարող է նոյնիսկ վտանգաւոր հետեւանքներ ունենալ: Որոշ բնամթերքներ մենք աւելի շատ ենք արտադրում, քան կարող ենք երկրում սպառել: Այսօր, երբ մարդկանց ու բեռների շարժը սահմանափակւած է (յայտնի չէ, թէ ինչ կը լինի վաղը), իսկ ռուբլու փոխարժէքը 6 դրամի միջակայքում է, մեր արտահանումներին էական վտանգ է սպառնում: Աւել արտադրելով մարդիկ կարող է չկարողանան իրենց մթերքը վաճառել ոչ ներքին, ոչ արտաքին շուկաներում: Ի՞նչ են անելու, երբ բերքը չվաճառւի, իսկ վարկը ստիպւած լինեն սպասարկել (թէկուզեւ անտոկոս վարկը):

Ինչ վերաբերւում է այսպէս ասած «կապիտալ» ծրագրերին (ոռոգման արդիական համակարգեր, «խելացի» անասնագոմեր, լիզինգ եւ այլն), ապա նախ պէտք է գնահատել, թէ ինչու են այդ ծրագրերը թերակատարւում, արդեօ՞ք բարձր տոկոսադրոյքներն են պատճառը, թէ այլ խորքային պատճառներ կան: Եթէ խնդիրը «փողի գնի» մէջ չէ, ապա տոկոսադրոյք զրոյացնելը որեւէ արդիւնքի չի յանգեցնի: Աւելին, ես կառաջարկէի այս տոտալ անորոշութեան պայմաններում ձեռնպահ մնալ այն կապիտալ ծախսերի աւելացումից, որոնք անմիջապէս չեն նպաստում համավարակի ազդեցութեան մեղմմանը կամ համավարակին հակազդեցութեանը:

Միւս հարցը վերաբերւում է կոոպերատիւներին: Կոոպերացիայի խնդիրը Հայաստանում շատ դժւար է լուծւում չնայած պետական եւ միջազգային ջանքերին, տրամադրւող գումարներին ու խորհրդատւական աջակցութեանը: Չի կարելի համավարակի հետեւանքների դէմ պայքարի անւան տակ փորձել «լուծել» կոոպերացիայի խնդիրը: Ընձեռնւող հնարաւորութիւնից օգտւելու համար կը ստեղծւեն կոոպերատիւներ, բայց կոոպերացիան չի զարգանայ: Գումարը կը ծախսւի, բայց հարցը չի լուծւի: Կոոպերացիան Հայաստանում այլընտրանք չունի, բայց դա կարճաժամկէտ խնդիր չէ. այն պէտք է դիտարկել համավարակի հետեւանքների մեղմումից անջատ՝ որպէս առանձին ռազմավարական հարց:

 

- Օրերս ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը ՀՀ կառավարութեանն է ներկայացրել արտակարգ դրութեան պայմաններում իրականացման ենթակայ միջոցառումների վերաբերեալ առաջարկութիւններ։ Կը բացէ՞ք փոքր-ինչ փակագծերը, ի՞նչ միջոցառումներ էք առաջարկել գիւղոլորտի վերաբերեալ։

- Ընդհանուր առմամբ վերը նկարագրւած մօտեցումները հէնց այն էր, ինչ առաջարկել էր Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմինը մարտի 23-ին:

Յարակից լուրեր

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Սիրելի հայրենակիցներ,

    Վերջին օրերի ընթացքում, ամբողջ երկրի մասշտաբով համավարակի տարածման զգալիօրէն աճի հետեւանքով, կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի կողմից կիրառւել են խիստ սահմանափակումներ։

  • Կապիտուլեացիայից մինչեւ պարենային անվտանգութեան խնդիրներ եւ հացի թանկացում
    Կապիտուլեացիայից մինչեւ պարենային անվտանգութեան խնդիրներ եւ հացի թանկացում

    Նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրւած «կապիտուլեացիայի» համաձայնագրից յետոյ ՀՀ-ն կանգնելու է պարենային անվտանգութեան լուրջ խնդրի առջեւ՝ յատկապէս հացահատիկային մշակաբոյսերի հետ կապւած։ Panorama.am-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց ՀՀ գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը։

  • Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով
    Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով

    Իրանական աբան ամսւայ ընթացքում, թեհրանահայ համայնքում կորոնավիրուսի պատճառով մահացութեան դէպքերի աճ արձանագրւելով, ունեցել ենք մահւան 15 նոր դէպքեր:

  • Այդ մարդը իրականացրեց թուրքերի երազանքը
    Այդ մարդը իրականացրեց թուրքերի երազանքը

    Վարչապետ Նիկոլ Փաշինեանն նոյեմբերի 20-ին Պաշտպանութեան նախարարութիւնում ներկայացրեց նորանշանակ նախարար Վաղարշակ Յարութիւնեանին՝ նշելով, որ մենք պէտք է լրջօրէն վերլուծենք տեղի ունեցածը, հասկանանք, թէ որտեղ ենք սխալւել, ինչու եւ ինչ պէտք է անենք՝ հետեւութիւններ անելու համար։ 

  • Պարտւած մարդու հետ չեն բանակցում
    Պարտւած մարդու հետ չեն բանակցում

    Պաշտպանութեան նախարարը պէտք է հրաժարական տար կապիտուլեացիոն փաստաթուղթը ստորագրւելուց 15 րոպէ յետոյ, ոչ թէ 10 օր յետոյ, եւ հրաժարականի առաջին քայլը պէտք է անէր նա, ով իր կոտրած ձեռքով ստորագրել է եւ բանակը հասցրել է այս վիճակին, որի պատճառով ունեցանք նոյեմբերի խայտառակութիւնը. Tert.am-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով պաշտպանութեան նախարարի պաշտօնից ազատման որոշմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։