Հա

Ազգային

02/04/2020 - 11:40

Պէտք է գործել արագ եւ օր առաջ կանգնեցնել վիրուսի տարածումը

Կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասների, կառավարութեան ցուցաբերած աջակցութեան եւ առհասարակ տնտեսութեան ներկայիս վիճակի վերաբերեալ «Իրաւունք»-ը զրուցել է ՀՅԴ էկոնոմիկայի եւ ֆինանսների յանձնախմբի նախագահ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանի հետ:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի հասցրած տնտեսական վնասների, կառավարութեան ցուցաբերած աջակցութեան եւ առհասարակ տնտեսութեան ներկայիս վիճակի վերաբերեալ «Իրաւունք»-ը զրուցել է ՀՅԴ էկոնոմիկայի եւ ֆինանսների յանձնախմբի նախագահ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանի հետ:

 

- Ձեր կարծիքով, նոր տեսակի կորոնավիրուսով պայմանաւորւած, ստեղծւած իրավիճակը ի՞նչ ազդեցութիւն կարող է ունենալ ՀՀ տնտեսութեան վրայ:

- Իսկապէս բարդ հարց է, քանի որ կարող են լինել համավարակի տարածման եւ զարգացման ամենատարբեր սցենարները: Այս փուլում մեր կառավարութիւնը պէտք է անցնի ճգնաժամային կառավարման: Մարտի 23-ին ՀՅԴ Գերագոյն մարմինը հրապարակեց ճգնաժամային կառավարման առաջարկութիւնների փաթեթ եւ փոխանցեց կառավարութեանը: Այն իր մէջ ներառում է շուրջ հիսուն առաջարկներ, որոնց մի մասից կառավարութիւնը սկսել է օգտւել: Մինչդեռ այն աւելի արագ արդիւնքներ կը տայ, եթէ կիրառւի ամբողջական եւ միաժամանակ: Իսկ դա ենթադրում է նաեւ բիւջէ 2020-ի արմատական վերանայում՝ իր թէ՛ եկամուտների, թէ՛ ծախսերի առումով: Արդէն ՊԵԿ նախագահ պարոն Անանեանը յայտարարել է, որ կունենանք հարկային եկամուտների թերակատարում: Սա իրականութիւն է, աւարտին է մօտենում հաշւետու տարւայ առաջին եռամսեակը, եւ այս իմաստով նրա կանխատեսումները կարող են ճիշտ լինել: Յատուկ պէտք է նշեմ, որ եկամուտների բացակայութեան պայմաններում պէտք է անցնենք ծախսերի խնայողական ռեժիմի: Եկել է գօտիները ձգելու ժամանակը, այս փուլում առաջարկել ենք դադարեցնել պարգեւատրումները, վերանայել բարձր վճարւող աշխատավարձերը, սկսել պրոցես՝ պարտադիր կուտակային մասնահանումները դադարեցնելու համար, պետական պարտքի սպասարկման համար ինտենսիւ բանակցութիւններ վարել, վերակառուցել դրանք: Դադարեցնել այն ծրագրերի ֆինանսաւորումը, որոնք այս իրավիճակում հրատապ չեն, դադարեցնել գնումների մրցոյթների իրականացումը՝ բացառութեամբ այն դէպքերի, որոնք վերաբերում են արտակարգ դրութեան պայմանների ապահովմանը: Մենք դեռեւս չգիտենք, թէ ուր կը հասցնի մեր երկրին ու ժողովրդին այդ համավարակը, պէտք է մտածենք պարէնային անվտանգութեան մասին: Մեր ժողովրդին պէտք կարողանանք պահել, մինչեւ վիճակը լաւանայ:

 

- Յատկապէս ո՞ր ոլորտներերում այն կարող է մեծ ճեղք առաջացնել:

- Որոշ ոլորտներ արդէն ունեն մեծ ճեղքեր: Կտրուկ անկում է ապրել տուրիզմի ոլորտը. ինչպէս մեր երկրում, այնպէս էլ աշխարհի աւելի քան 190 երկրներում մարդկանց համար սահմանւել են տեղաշարժման սահմանափակումներ, դադարեցւել են չւերթները եւ փակւել սահմանները: Անկում է գրանցւել նաեւ հանրային սննդի ոլորտում, հիւրատներում եւ մի շարք սպասարկման ոլորտներում: Պէտք է առաջին հերթին կանգնեցնել վիրուսի տարածումը, մեր ժողովրդի առողջութիւնից թանկ ոչինչ չկայ: Որպէսզի ոչ մի ոլորտ վերջնականապէս իր շունչը չփչի, պէտք է գործել արագ եւ օր առաջ կանգնեցնել վիրուսի տարածումը: Ընկերութիւնների գործունէութիւնների սահմանափակելը բաւարար չի, մարդկանց շարժը պէտք է մինիմումի հասցնել:

 

- Ինչպէ՞ս էք գնահատում ՀՀ կառավարութեան աջակցութեան փաթեթը տնտեսվարողներին: Այն կարո՞ղ է էական ազդեցութիւն ունենալ տնտեսվարողների գործունէութեան վրայ:

- Կառավարութեան փաթեթը հետեւեալն է: Ասում են՝ ընկերութիւնները թող գնան, վարկ վերցնեն, մենք կը մասնակցենք վարկի տրամադրմանը մեր չափաբաժնով եւ կսուբսիդաւորենք վարկի տոկոսները: Ու սա անւանել են պետական աջակցութեան փաթեթ: Նաեւ 25 մլրդ. դրամ տրամադրում են, որպէսզի ընկերութիւնները վճարեն աշխատավարձերը, հարկերը եւ ձեռք բերեն որոշ շրջանառու միջոցներ: Սա նշանակում է միջնորդաւորւած նորից փողը տալ ֆինանսական շուկային` պարտքեր կուտակելով ընկերութիւնների վրայ: Չի կարելի բիզնեսին վարկ տալ եւ ասել՝ տար, աշխատավարձ տուր: Այն դէպքում, երբ բիզնեսը չի աշխատում: Իսկ յաջորդ ամիս ի՞նչ պէտք է անեն, չէ՞ որ համավարակի զարգացման դինամիկան անորոշ է: Պէտք է կիրառել ուղիղ աջակցութեան գործիքներ: Գիւղատնտեսութեանն ուղղւած միջոցառումները շատ կարեւոր են: Հիմա արդէն բոլորին պարզ դարձաւ, որ մեր երկրին պէտք էր ոլորտում ռազմավարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ գերատեսչութիւն` Գիւղատնտեսութեան նախարարութիւն: Վարչապետը կարծես թէ գիւղատնտեսութեան մասին վերջերս աւելի յաճախ է խօսում, բայց լաւ կը լինէր, որ լինէր ոլորտի ղեկավար եւ իր փոխարէն դա անէր այդ ղեկավարը: Գիւղատնտեսութիւնն իսկապէս կենսական կարեւոր ոլորտ է, սակայն նոյնպէս ամբողջական լուծում չեն առաջարկում: Գումարների տրամադրումը վարկերի տեսքով եւ դրանց համար ընդամենը վերադարձի աւելի երկար ժամկէտների սահմանումը բաւարար չի: Անհրաժեշտ է գիւղատնտեսական աշխատանքների մեկնարկի այս փուլում ոռոգման ջուրը, պարարտանիւթը, սերմերը տրամադրւեն գիւղացիական տնտեսութիւններին անհատոյց` այն գիւղմթերքների արտադրութեան համար, որոնց մասով առկայ է երաշխաւորւած պետական գնում: Գիւղացիական եւ ֆերմերային տնտեսութիւններին պէտք է պատւիրել որոշակի մթերքի արտադրութիւն այս տարւայ ընթացքում եւ նոյնպէս երաշխաւորւած պետական գնումով: Այսինքն` ռեսուրսները պէտք է ուղղել գիւղմթերքի, հացահատիկային մշակաբոյսերի լայնամասշտաբ արտադրութեան կազմակերպմանը: Իսկ մեր կառավարութիւնը փող է տրամադրում, բայց յետոյ արտադրւած գիւղմթերքը իրացնելու խնդիրներ են առաջանալու: Պէտք է, ի վերջոյ, սովորել պլանաւորել, հասկանալ ներքին սպառման շեմը եւ գնահատել պոտենցիալը:

 

Զրոյցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐԵԱՆԻ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։