Հա

Ազգային

18/04/2020 - 12:20

«Պէտք է ուշադիր լինել, որ յանուն ներքին հաշիւների՝ չտկարացնենք մեր ամբողջ երկիրը եւ ազգը». Մուրադ Փափազեանը` կաթողիկոսի վերաբերեալ իշխանութիւնների քննադատութիւնների մասին

Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի խօսքով` մշտապէս թշնամական մթնոլորտում ապրող հայ ժողովուրդը` լինի Հայաստանում, թէ սփիւռքում, միասնականութեան կարիք ունի եւ ոչ թէ բաժանումների:

«alikonline.ir» - Ֆրանսիայում հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի խօսքով` մշտապէս թշնամական մթնոլորտում ապրող հայ ժողովուրդը` լինի Հայաստանում, թէ սփիւռքում, միասնականութեան կարիք ունի եւ ոչ թէ բաժանումների:

Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց` անդրադառնալով այս օրերին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ուղղւած ՀՀ իշխանութիւնների մեղադրանքներին:

«Թող յստակ լինի, որ ես Վեհափառի փաստաբանը չեմ, ոչ էլ պաշտպանը, բայց բոլորս պաշտպանն ենք հայկական եկեղեցի հաստատութեանը, որովհետեւ հայ ժողովրդի (ոչ միայն սփիւռքի) պատմութեան մէջ եկեղեցին ունեցել է կենտրոնական դեր: Այդ դերը նա խաղացել է երէկ, խաղում է այսօր եւ հաւանաբար վաղն էլ կը խաղայ»,- ասաց նա:

Յիշեցնենք, որ Ամենանայն Հայոց կաթողիկոսը յայտարարել էր, որ լաւ կը լինէր, որ փոխւէր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի խափանման միջոցը` հաշւի առնելով վերջինիս առողջական վիճակը: Նա, մասնաւորապէս, յայտարարել էր.

«Անսալով Ռոբերտ Քոչարեանի առողջութեան մասին բժիշկների կարծիքին՝ կարեւոր ենք համարում, որ արդարադատութեան իրականացմանը զուգահեռ ձեռնարկւեն բոլոր կանխարգելիչ միջոցները, այդ թւում եւ խափանման միջոցի փոփոխումը՝ կանխելու կորոնավիրուսի պայմաններում նրա առողջական վիճակի հետագայ վատթարացումը»:

Դրան յաջորդել էր ՀՀ իշխանութիւնների, մասնաւորապէս, ԱԺ փոխնախագահ Ալէն Սիմոնեանի, «Իմ քայլը» խմբակցութեան պատգամաւորների քննադատութիւններն ու վիրաւորանքները` ուղղւած Վեհափառին:

Մուրադ Փափազեանի խօսքով` մենք փոքր ազգ ենք, փոքր երկիր ունենք, իրաւունք չունենք տարանջատումներ անելու, ստիպւած ենք միասնական հարթակ եւ հաւասար հնարաւորութիւնների հարթակ, Հայաստան ստեղծել:

«Իհարկէ, սփիւռքի օժանդակութեամբ: Պէտք է կառուցենք երկիր` սոցիալական արդարութեան սկզբունքի շուրջ: Եւ միասնական` նաեւ սփիւռքի օժանդակութեամբ պէտք է զարգանայ երկիրը»,- ասաց նա:

Մուրադ Փազազեանը նկատեց, որ մի բան պէտք է բոլորի համար յստակ լինի` եթէ ներքին միասնականութիւն չկայ, դժւար թէ սփիւռքը կարողանայ ամբողջութեամբ իր դերը խաղալ:

«Իսկ եթէ հակառակը, ներքին միասնականութիւն հաստատւի, ապա շատ կը դիւրացւի սփիւռք-Հայաստան նոր յարաբերութիւնների ստեղծումը: Մենք միշտ մեր առջեւ իբրեւ թիրախ պէտք է ունենանք այդ միասնականութիւնը, որովհետեւ եթէ մեր ուժերը բաժանենք, մեզ կը տկարացնենք»,- ասաց նա:

Մուրադ Փափազեանի խօսքով` այդ ամէնը հաշւի առնելով` ներքին հաշիւները անիմաստ են դառնում: «Անիմաստ է, որովհետեւ մենք ունենք մեր ծրագիրը, որին մեծամասնութիւնը կարող է համաձայնել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ մեղադրողներն ու վիրաւողներն ասում են, որ իրենց խօսքերը եկեղեցուն չեն ուղղւած, այլ կաթողիկոսին, սփիւռաքահայ գործիչն արձագանքեց. «Ես չեմ ցանկանում մտնել այդ մանրամասնութիւնների մէջ, որովհետեւ ես այդտեղ չեմ ապրում, բայց պէտք է իմանալ, որ կարեւորն այն է, որ իրավիճակը լինի կայուն: Դա շատ կարեւոր է»,- ասաց նա` նշելով, որ հիմա այդ կայունութիւնը վտանգւած է,- «ներքին մթնոլորտը, որը միասնութեան չի գնում, այլ հակառակը՝ մեզ կարող է միայն տկարացնել: Պէտք է ուշադիր լինել, որ յանուն ներքին հաշիւների՝ չտկարացնենք մեր ամբողջ երկիրը եւ ազգը»:

Այս հարցում, ըստ նրա, մեծ պատասխանատւութիւն ունեն ՀՀ իշխանութիւնները. «Նրանք են ղեկավարում երկիրը եւ նրանք պէտք է միասնականութեան ազդանշան տան: Եթէ իշխանութիւնները չեն ցանկանում գնալ ներքին միասնականութեան, ուրեմն միասնականութիւն չի լինի: Իշխանութիւնները մեծ պատասխանատւութիւն ունեն, նրանք են ստացել ժողովրդի մանդատը, եւ նրանք են պատասխանատու մեզ համար. կարող են տանել մեզ դէպի կայուն ապագայ, կամ կարող են տանել դէպի քաոս»:

 

Հռիփսիմէ Յովհաննիսեան

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։