Հա

Ազգային

20/04/2020 - 10:25

Գուցէ հէնց մտածւած են թուլացնում ազգային դիմադրողականութիւնը

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հետ 168.am-ը զրուցել է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնների ու դրանց պատճառների ու նպատակների մասին:

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Գերագոյն մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամաւոր Լիլիթ Գալստեանի հետ 168.am-ը զրուցել է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ տեղի ունեցող իրադարձութիւնների ու դրանց պատճառների ու նպատակների մասին:

 

- Երկար տարիներ եղել էք Ազգային ժողովի պատգամաւոր: Ձեր` պատգամաւոր եղած տարիներին մտաբերո՞ւմ էք որեւէ պատգամաւորի, որ Ամենայն հայոց կաթողիկոսի հասցէին կարող էր արտայայտւել կամ արտայայտւել է նոյնքան քամահրանքով, որքան որ դա արեց ԱԺ փոխխօսնակ Ալէն Սիմոնեանը:

- Իհարկէ՝ ոչ: Նոյնիսկ այն պարագայում, որ խորհրդարանում կային մարդիկ, ովքեր քաղաքական կամ օրէնսդիր գործունէութիւնից մղոններով հեռու էին, այնուամենայնիւ, իրենց պատկերացումներում եւ համոզումներում Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին բացառիկ արժէք էր, իսկ նրա Հայրապետի նկատմամբ որեւէ ոտնձգութիւն գիտակցւում էր որպէս անարգանք մեր հաւատի եւ ինքնութեան նկատմամբ: Սա հաւաքական, ազգային վերաբերմունք է, արժէք, անքննելի իրողութիւն իւրաքանչիւր հայի համար:

Ցաւալին եւ անթոյլատրելին էլ հէնց դա է, որ նման վարքագիծ դրսեւորւում է բարձր պաշտօնեայի կողմից: Սա քաղաքական, բարոյական, ազգային ու պետական մտածողութեան յատակն է, անգամ՝ բացակայութիւնը:

 

- Ո՞րն է իշխանութիւնների նպատակը, ինչո՞ւ է արդէն որերորդ անգամ թիրախաւորւում հայոց եկեղեցին, ի դէմս Վեհափառի:

- Նոյնիսկ սարսափում ես բարձրաձայն մտածել: Մեր ազգային ինստիտուտների դէմ այս աննահանջ ու ցինիկ յարձակումը, կասէի՝ հերձւածողների յարձակումը առաջին օրից է սկսւել: Թիրախում են այն բոլոր ազգային ինստիտուտները, որոնք ազգային, պետական կարեւորագոյն յենարաններ են՝ ընտանիք, եկեղեցի, ազգային մշակոյթ, բանակ: Դժւար չի տեսնել այն քաղաքական տեխնոլոգիաները, որոնցով թիրախաւորում, նսեմացնում, ոչնչացնում են մեր ինքնութիւնը ամրապնդող արժէքները: Վեհափառն ու եկեղեցին այս շարքում են... Կոտրում եմ մեր ազգային հաւաքական դիմադրողականութիւնը, այն ընդհանրական արժէքները, որոնք միացնում են մեզ իբրեւ հաւաքականութիւն: Մտածենք՝ ո՞ւմ է սա ծառայում: Մի՞թէ սա մեր կորուստների ճանապարհը չէ՞... Զգացողութիւն ունեմ, թէ տանս մէջ օտար է մտել:

Նրանց հիւանդագին երեւականութիւնն այնքան է սրւել, որ Վեհափառի նոր ընտրութիւններից են խօսում: Այսպէս պատմութեան մէջ իրենց պահել են մեր հակառակորդները՝ Տիզբոնից մարզպան բերելով:

 

- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը միշտ էլ առանձնայատուկ վերաբերմունք է ունեցել եկեղեցու նկատմամբ: Դաշնակցական դրսի կառոյցների արձագանքն ինչպիսի՞ն է ստեղծւած իրավիճակին:

- Այո, եւ բնական է, պետականութիւն, բանակ, հաւատ. սրանք դաշնակցութեան համար անբաժանելի արժէքներ են: Հայաստանի Գերագոյն մարմինը քաղաքական յայտարարութիւն տարածեց այս առիթով` տւեալ վարքագիծը համարելով թշնամական հարւած մեր պետականութեանը: Դրսի կառոյցները ներկայացնող շատ գործիչներ գնահատականներ հնչեցրին՝ իրողութիւնը դիտելով որպէս երկիրն ու ազգը տկարացնող քայլ:

 

- Անթիլիասը ինչո՞ւ որեւէ կերպ չի արձագանքում կաթողիկոսի շուրջը տեղի ունեցողին:

- Կը դժւարանամ Անթիլիասի անունից ինչ-որ բան ասել: Գուցէ գնահատականն առջեւում է... Բայց այսօր արդէն երկու թեմերից բաւական ծանր գնահատականներ են հնչել: Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն ու Կանադահայոց թեմի Հոգեւորականաց դասը հրապարակային բաւական ծանր գնահատականներ են հնչեցրել:

 

- Համարո՞ւմ էք, որ Գարեգին 2-րդը միջամտում է քաղաքականութեանը կամ զբաղւում է քաղաքականութեամբ:

- Իհարկէ, ոչ: Ի՞նչ քաղաքականութեան մասին է խօսքը: Նոյնիսկ այս պիտակաւորմամբ են մոլորեցնում հասարակութեանը: Վեհափառը հէնց այդպէս պիտի խօսի իր Հայրապետական դիրքերից: Նա շատ յստակ ձեւակերպել է՝ ՉՄԵՐԺԵԼՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹԻՒՆԸ, յորդորել եւ խնդրել է գթասրտութիւն դրսեւորել: Միթէ՞ սա չի տեղաւորւում քրիստոնէական եւ քաղաքակրթական վարքականոնի մէջ: Այս օրերին մարդասիրական լրացուցիչ ճիգի, բարեսիրութեան եւ գթասրտութեան կոչեր են հնչեցնում միջազգային մի շարք կազմակերպութիւններ՝ ներառեալ ԵՄ խոշտանգումներին դէմ յանձնաժողովը:

 

- Ինչո՞ւ իշխանութիւններն այդքան սուր արձագանքեցին կաթողիկոսի կոչին: Չէ՞ որ ըստ էութեան Վեհափառի խօսքը դատական իշխանութեանն էր ուղղւած, ինչո՞ւ գործադիրն ու օրէնսդիրը դա այդքան ցաւոտ տարան:

- Ցաւօք սրտի, քաղաքական իշխանութիւնը տառապում է ամբարտաւան մեծամտութեամբ եւ անսխալականութեան բարդոյթով: Քաղաքական եւ պետական մշակոյթի ժառանգականութիւն չկայ նրանց մէջ: Առհասարակ ցաւոտ են տանում այն ամէնն, ինչ չի տեղաւորւում իրենց պատկերացումների մէջ, եւ դիմում են պիտակաւորման եւ հրէշայնացման զինանոցին: Ըստ էութեան, սա նաեւ հոգեբանական ահաբեկչութեան ձեւ է, դատական իշխանութեանը լրացուցիչ կաշկանդելու եւ ուղղորդելու գործիքակազմից:

 

- Ինչո՞վ կավարտւի այս փոխհրաձգութիւնը: Կը կարողանա՞յ արդեօք եկեղեցին դիմագրաւել այս ճնշմանը:

- Մեր եկեղեցին իր հազարեօթհարիւրամեայ պատմութեան մէջ հերձւածողներ շատ է տեսել: Վստահ եմ՝ հաւատաւոր ժողովրդի հետ սա էլ կը յաղթահարի, բայց կը մնան վէրքերն ու վիրաւորանքը: «Հպարտ ու նոր» Հայաստանի այսպիսի դէմքը դժւար էր երեւակայել... Սրանք չեն պատկերացնում, իսկ գուցէ հյնց մտածւած են թուլացնում ազգային դիմադրողականութիւնը, դժւար յաղթահարելի դարձնում առաջիկայ մարտահրաւէրները...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։