Հա

Ազգային

22/04/2020 - 10:20

Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ խնդրի լուծման փուլային փաթեթը, այն հակասում է հայութեան շահերին. Արցախի ԱԺ փոխնախագահը՝ Լաւրովի յայտարարութեան մասին

Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ հիմնախնդրի լուծման փուլային փաթեթը, այն չի արտայայտում այն իրավիճակը, որն այսօր գոյութիւն ունի, եւ հակասում է հայութեան շահերին: 

«alikonline.ir» - Արցախի համար անընդունելի տարբերակ է ԼՂ հիմնախնդրի լուծման փուլային փաթեթը, այն չի արտայայտում այն իրավիճակը, որն այսօր գոյութիւն ունի, եւ հակասում է հայութեան շահերին: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգէյ Լաւրովի այն յայտարարութեանը, թէ «Ղարաբաղեան հակամարտութեան հարցով բանակցութիւնների սեղանին փուլային տարբերակն է դրւած»:

«Մենք անհրաժեշտութիւն չունենք մտնելու մի բանի մէջ, որի մասին շատ տեղեկացւած չենք: Արցախեան կողմը բանակցային գործընթացի նրբութիւններին տեղեակ չէ: Մենք աւելի շատ տեղեկութիւն ենք ստանում զանգւածային լրատւամիջոցներից, եւ շատ դժւար է որեւէ կարծիք յայտնել՝ ինչ են քննարկում կամ ինչ չեն քննարկում: Առանց արցախեան կողմի մասնակցութեան՝ թէ որ երկրի արտգործնախարարն ինչ է յայտարարում, ինչ է ասում, իր գործն է, մենք փաստերի մէջ չկանք: Երբ Արցախի ժողովրդի կողմից ընտրւած իշխանութիւնները կը մասնակցեն այդ գործընթացներին, այն ժամանակ մենք կարող ենք այս կամ այն հարցի վերաբերեալ տեսակէտ ներկայացնել»,- ասաց Բալայեանը:

Հարցին՝ հայկական կողմն Արցախին չի՞ տեղեկացնում քննարկումների ընթացքի վերաբերեալ, Բալայեանն ասաց, թէ ինքը՝ որպէս ԱՀ ԱԺ փոխնախագահ, նման տեղեկութիւն չունի: «Ես տեղակացւած չեմ՝ ընդհանուր առմամբ քննարկւո՞ւմ է, թէ՞ չի քննարկւում: Նման պայմաններում կարծիք ասելն աւելի շատ ենթադրութիւնների դաշտում կը լինի»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպէ՞ս է գնահատում այն հանգամանքը, որ ԼՂ հիմնախնդրի փուլային լուծման մասին յայտարարութիւն է անում ՀՀ ռազմավարական դաշնակից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ՌԴ-ի արտգործնախարարը, Բալայեանը պատասխանեց.

«Դիւանագիտութեան մէջ այսպիսի բան կայ՝ կարող մի բան ասւել, հակառակն՝ արւել: Ես վստահ չեմ կարող ասել՝ ՌԴ արտգործնախարարն ինչ նպատակ է հետապնդել այդ յայտարարութեամբ, կամ այն ո՞ւմ է ուղղւած: Եթէ բանակցային գործընթացի նրբութիւններին տեղեակ չես, դժւար է ասել՝ այս կամ այն պաշտօնեան, որն անմիջականօրէն մասնակից է այս գործընթացին, ինչ նպատակ է հետապնդում: Յամենայն դէպս, մենք նման յայտարարութիւնները մերժել ենք, հիմա էլ ենք մերժում, ինչ փուլային տարբերակի մասին կարող է խօսք լինել: Ես կարծում եմ՝ դա տարիներ առաջւայ զրոյցն է, որ անընդհատ խօսւում է, եւ որն անընդունելի է»,- ասաց Վահրամ Բալայեանը:

Նրա կարծիքով՝ արցախահայութիւնը, հայ ժողովրդի օժանդակութեամբ իրեն հիմնական յուզող հարցը լուծել է: «Մեր հիմնական խնդիրը լուծւած է, մեզ մնում է ամրապնդել պետականութիւնը եւ այդ ճանապարհով վերջիվերջոյ հասնել մի հանգրւանի, երբ երկու հայկական պետութիւնները կարող են հանգիստ պայմաններում քննարկել միացեալ երկրի գաղափարը»,- նշեց ԱՀ ԱԺ փոխնախագահը:

 

Հեղինակ Մարիամ Սարգսեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։