Հա

Ազգային

23/04/2020 - 14:10

Շեշտը պէտք է դնել Արցախի անկախութեան հարցի վրայ

Factor.am-ի հեռախօսազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի հետ:

«alikonline.ir» - Factor.am-ի հեռախօսազրոյցը ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնները համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազեանի հետ:

 

- Մօտենում է Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցի օրը: Ֆրանսիայի տարբեր հատւածներում, այդ թւում՝ Փարիզում, յիշատակի արարողութիւններ են անցկացւում: Այս տարի, կորոնավիրուսի համաճարակով պայմանաւորւած, ինչպէ՞ս էք նախատեսում յիշատակել այդ օրը:

- Նախ՝ բոլորի համար պէտք է յստակ լինի, որ մեր կամքը շատ զօրաւոր է: Այս տարի էլ, անգամ երբ պայմանները շատ տարբեր են, մենք շարունակել ենք քարոզչական եւ իրազեկման աշխատանքը տարբեր սոցիալական ցանցերում, որպէսզի հանրային կարծիքը ճանաչի Հայոց Ցեղասպանութիւնը եւ դատապարտի Թուրքիայի այսօրւայ կառավարութեանը, որը շարունակում է մերժել Ցեղասպանութեան իրողութիւնը եւ հատուցման հարցը, որ մեզ համար ռազմավարական նշանակութեան հարց է: Այսօր, անշուշտ, տարբեր իրավիճակ է, մենք բանակցում ենք Ֆրանսիայի կառավարութեան, նախագահի եւ մեծ քաղաքների քաղաքապետների հետ, որպէսզի նոյնիսկ այս պայմաններում յիշատակվի իրենց կողմից Ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը: Բոլորն էլ շատ դրական են ընդունում մեր մտահոգութիւնները: Փարիզում՝ կառավարութեան եւ Փարիզի քաղաքապետի հետ, Ապրիլի 24-ին պէտք է փոքր խմբով հաւաքւենք Կոմիտասի արձանի առջեւ՝ յարգանքի տուրք մատուցենք 1.5 մլն. նահատակների յիշատակին: Կառավարութեան կողմից ներկայ կը լինի արդարադատութեան նախարարը, ինչպէս նաեւ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Բոլոր այն քաղաքներում, որտեղ հայկական համայնք կայ, նոյն կերպ համայնքի ներկայացուցիչներն ու քաղաքապետները կը համախմբւեն՝ շատ փոքր թւով, որպէսզի նաեւ իրենց կողմից յիշատակւի Ցեղասպանութեան օրը: Յիշեցնեմ նաեւ, որ անցեալ տարի Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնն ընդունեց մեր պահանջը, եւ Ապրիլի 24-ը պաշտօնապէս հռչակվեց Հայոց Ցեղասպանութեան յիշատակի օր: Այսինքն՝ բոլոր մակարդակի իշխանութիւնները՝ ազգային, շրջանային, տեղական, պարտաւոր են յիշել այդ օրը որպէս Հայոց Ցեղասպանութեան օր: Այսպիսով, աշխատանքները շարունակում ենք՝ դրանք յարմարեցնելով կորոնավիրուսի այսօրւայ իրադրութեանը:

 

- Կորոնավիրուսի հետ կապւած՝ ի՞նչ վիճակ է ներկայում Ֆրանսիայում: Սահմանափակումները որքանո՞վ են ազդել երկրի բնականոն կեանքի վրայ:

- Շատ դժւար իրավիճակ է, տնտեսութիւնը գրեթէ զրոյի է հաւասարւել: Ամբողջ Ֆրանսիայում արգելւած է փողոց դուրս գալ՝ բացառութեամբ խիստ անհրաժեշտ դէպքերի, եւ այն մարդկանց պարագայում, ովքեր ստիպւած են աշխատանքի գնալ: Յիշեցնեմ, որ 10 մլն. մարդ անգործութեան մատնւեց այս 1.5 ամսւայ ընթացքում: Իրադրութիւնն այսպիսին կը մնայ մինչեւ մայիսի 11-ը՝ կարանտինի աւարտը, երբ կը կարողանանք դուրս գալ տանից, աշխատանքի գնալ: Հաւաքները, անշուշտ, կը շարունակեն արգելւել, ռեստորանները՝ փակ մնալ:

 

- Այս իրադրութեան մէջ ինչպէ՞ս են գործում հայկական կազմակերպութիւնները, մասնաւորապէս՝ ստեղծւած իրավիճակում հայ համայնքի կարիքաւոր ներկայացուցիչներին օգնելու հարցում:

- Փորձում ենք ներկայ լինել բոլոր այն վայրերում, որտեղ գաղութներ ունենք, հայկական կեանք կայ, որպէսզի օժանդակենք, եթէ դժւարութեան մէջ են, ասենք՝ տարեցները կամ հիւանդները: Ֆրանսիայում կառավարութիւնը բաւական լաւ է կազմակերպել, բայց մենք էլ մեր ջանքերն ենք գործադրում: Այս տարի այդպէս է, բոլորովին պէտք է փոխենք մեր մտածելակերպը: Բայց նաեւ, Ապրիլի 24-ի ծիրում, պէտք է ցոյց տալ, որ մենք շարունակում ենք ոչ միայն յիշել, բայց նաեւ պահանջել:

 

- Համաճարակը որքանո՞վ է տարածւել հայ համայնքի շրջանում: Տւեալներ ունէ՞ք՝ վարակւածների եւ մահւան դէպքերի մասին: Բոլորիս, իհարկէ, յայտնի դարձաւ, որ կորոնավիրուսի հետեւանքով կեանքից հեռացավ Պատրիկ Դեւէջեանը:

- Պատրիկ Դեւէջեանի մահը շատ մեծ կորուստ է: Նա ոչ միայն անձնապէս ընկեր էր, տասնեակ տարիներ միասին աշխատել ենք, մեզ շատ օգտակար է եղել Պատրիկը: Մեզ համար իսկապէս մեծ կորուստ էր նրա մահը: Վերադառնալով համայնքի վերաբերեալ հարցին՝ յստակ տւեալներ դժւար է ունենալ: Ֆրանսիայում 20.000 մահ ունեցանք, որոնց մէջ կարող են նաեւ հայեր լինել:

 

- Պարո՛ն Փափազեան, անդրադառնանք նաեւ ԼՂ հակամարտութեանը: Մոսկւան կրկին, կարծես, ակտիւացել է: ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը երէկ հանդէս եկաւ յայտարարութեամբ՝ խօսելով բանակցային սեղանին գտնւող փաստաթղթի մասին, որը ենթադրում է հակամարտութեան լուծման փուլային տարբերակ, այդ թւում՝ տարածքների վերադարձ: Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մէկն է: Արցախեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում Փարիզի ջանքերը բաւարար համարո՞ւմ էք:

- Մենք փորձում ենք Ֆրանսիայի նախագահին եւ կառավարութեանն իսկապէս ցոյց տալ, որ Արցախի հարցը առաջնահերթութիւնների առաջնահերթութիւնն է մեզ համար՝ իբրեւ ֆրանսիահայ, որպէս Ֆրանսիայի քաղաքացի, որ իսկապէս կապւած ենք Հայաստանին, Արցախին եւ Հայ Դատին: Սա մեր առօրեայ աշխատանքն է, որ տանում ենք մինչեւ ամենաբարձր մակարդակը: Բաւական մտահոգւած ենք Լաւրովի երէկւայ յայտարարութիւնների առիթով: Դա ցոյց է տալիս, որ մենք պէտք է աւելի ամուր լինենք մեր պահանջներում՝ պահանջելով նաեւ, որ Հայաստանը երբեք չզիջի, Հայաստանի կառավարութիւնը յստակ տեղեկացնի՝ արդեօ՞ք ճնշումների է ենթարկւում, արդեօ՞ք որեւէ մէկ պետութիւն ճնշում է, որ որեւէ փաստաթուղթ ստորագրւի այսօր: Շեշտը պէտք է դնենք Արցախի անկախութեան անհրաժեշտութեան վրայ՝ իբրեւ կենաց հարց, եւ հիմնւելով Արցախի ժողովրդի կամքի վրայ, որն արտայայտւել է հանրաքւէով: Բոլորի համար նաեւ յստակ պէտք է լինի, որ ժամանակն է՝ Հայաստանի դիւանագիտութիւնն ակտիւացնի աշխատանքները Սփիւռքի օժանդակութեամբ, որպէսզի հասնենք Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման: Հայաստանն այս հարցում կը ստանայ Սփիւռքի զօրակցութիւնն ու օժանդակութիւնը:

 

- Մարտին Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների ընտրութիւններ անցկացւեցին: Արդիւնքները գոհացուցի՞չ են, հայ համայնքի աջակցութիւնը վայելող թեկնածուները յաջողութիւն գրանցեցի՞ն:

- Մեծ քաղաքներում՝ Փարիզ, Լիոն, Մարսէլ, որոնք հայաշատ քաղաքներ են, դեռ ընտրութիւնների երկրորդ փուլ պէտք է տեղի ունենայ, որովհետեւ քաղաքապետեր չընտրւեցին: Երկրորդ փուլը, որ նշանակւած է յունիսի 21-ին, ամենայն հաւանականութեամբ, կը յետաձգվի՝ կա՛մ մինչեւ աշուն, կա՛մ 2021-ի սկիզբ: Հիմա դժւար է եզրակացնել, բայց կարծում ենք, որ այն թեկնածուները, որոնց մենք զօրակցում էինք, կընտրւեն: Պէտք է նաեւ ասեմ, որ Թուրքիան շատ աշխոյժ էր այս ընտրութիւնների ընթացքում՝ ներկայացնելով ոչ միայն ֆրանսիացիների, այլեւ թուրքերի, որոնք կապւած են Էրդողանի կառավարութեան հետ: Առաջին փուլում նրանք արդէն ձախողեցին, եւ մենք աշխատանք կը տանենք, որպէսզի երկրորդ փուլում նոյնպէս ձախողւեն, եւ Թուրքիան լծակներ չունենայ ֆրանսիական ներքաղաքական կեանքում:

 

- Փարիզի քաղաքապետի թեկնածուներից մէկը մտահոգութիւններ էր առաջացնում: Աւելի վաղ մեզ հետ զրոյցում խօսելով Ռաշիդա Դաթիի մասին՝ Դուք նրան որակեցիք որպէս «Ադրբեջանի զինւորը Ֆրանսիայում»: Առաջին փուլում Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն առաջ է անցել Դաթիից ստացած քւէներով: Երկրորդ փուլում այս պատկերը պահպանել հնարաւո՞ր է՝ Ձեր կարծիքով:

- Այո՛, մենք զորակցում ենք Անն Իդալգոյին, որը հայամէտ քաղաքականութիւն է վարում, մեզ հետ թէ՛ քաղաքական, թէ՛ անձնական շատ ջերմ յարաբերութիւններ ունի: Նրա մրցակից Ռաշիդա Դաթին Ադրբեջանի եւ Ալիեւների լծակն է: Երկրորդ փուլում խիստ պայքար է սպասւում Անն Իդալգոյի եւ Դաթիի միջեւ: Մենք շատ լուրջ աշխատանք տարանք, որպէսզի ներկայացնենք Ռաշիդա Դաթիի մտերմութիւնն Ադրբեջանի հետ: Այսօր մենք լաւատես ենք, որ երկրորդ փուլում Անն Իդալգոն է յաղթելու:

 

Թամարա Յակոբեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։