Հա

Ազգային

24/04/2020 - 17:50

«1915-ին մարդ-կորոնավիրուսները ուզեցին հայ ժողովրդին դագաղի մէջ դնել՝ իրենք դագաղի մէջ դրւեցին»․ Արամ Ա կաթողիկոս

Մեր ժողովուրդը պահանջում է ոչ միայն Ցեղասպանութեան դատապարտում, այլեւ հատուցում՝ մեր հողերի վերադարձ. ըստ Yerkir.am-ի ասաց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի վանական համալիրում պատարագի ժամանակ։

«alikonline.ir» - Մեր ժողովուրդը պահանջում է ոչ միայն Ցեղասպանութեան դատապարտում, այլեւ հատուցում՝ մեր հողերի վերադարձ. ըստ Yerkir.am-ի ասաց Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը Անթիլիասի վանական համալիրում պատարագի ժամանակ։

«Մենք իրաւազրկւած ժողովուրդ ենք, մեր պապենական հողերից արտաքսված ժողովուրդ ենք: Մենք չենք կարող Արեւմտեան Հայաստանն ու Կիլիկիան պատմութեան փոշիների տակ ծածկված պահել: Մենք պահանջատեր ենք»,- յայտարարեց նա:

Ցեղասպանութիւնն այսօր էլ շարունակւում է, ասաց կաթողիկոսը, երբ ներկայիս Թուրքիան գրաււած է պահում մեր հազարաւոր վանքերը, եկեղեցիները, ազգապատկան կալւածքները: Ցեղասպանութիւնը շարունակւում է, երբ Թուրքիան մեր կալւածքների, շինութիւնների ինքնութիւնը փոխում է եւ ամէն տեսակ հայկական հետք զանազան ձեւերով փորձում է ջնջել:

«Ո՞ւր է ԻՒՆԵՍԿՕ-ն, ո՞ւր է միջազգային կարծիքը, միջազգային դատարանները: Ցեղասպանութիւնը շարունակւում է, երբ Թուրքիան շարունակում է իր հակահայ եւ ուրացումի քաղաքականութիւնը: Մենք իրաւունք չունենք լուռ մնալու»,- ասաց նա:

Պահանջատիրութիւնը, նրա խօսքով, մեր ժողովրդի համար լոզունգ չէ, դա ամենօրեայ ապրում ու տագնապ է․ «Մենք Թուրքիայից ցաւակցութիւն, երկխօսութիւն չենք պահանջում, այլ միայն արդարութիւն՝ միջազգային օրէնքի համաձայն: Թուրքիան պէտք է փոխհատուցի եւ սա միայն իմ կարծիքը չէ, այդպծէս է ասում միջազգային օրէնքը»։

Արամ Ա կաթողիկոսը կոչ արեց հայ ժողովրդի բոլոր զաւակներին՝ վերանորոգելու մեր պահանջատիրական կամքն ու յանձնառութիւնը:

Որքան էլ ժամանակը մեզ հեռացնում է 1915 թւականից, մեր ժողովրդի իրաւունքների հետանդումը նոր նւաճումներ ու յաջողութիւններ է արձանագրում՝ նշեց նա։

Հայ Դատը հայ ժողովրդի դատն է, հետեւաբար Հայ Դատը մենք պէտք է շարունակենք համահայկական մասշտաբով, մեր ժողովրդի արդար իրաւունքները պէտք է քաղաքական եւ իրաւական հիմնաւորումներով հետապնդել միջազգային շրջանակներում՝ յայտարարեց Արամ Առաջին կաթողիկոսը՝ ընդգծելով, որ հայ ժողովրդի զաւակները աշխարհին յիշեցնում են՝ անպատիժ մնացած ցեղասպանութիւն կայ:

«Պէտք է լինել իրապաշտ: Դժբախտաբար, այսօրւայ աշխարհը իրաւունքներից հեռու է: Այսօրւայ աշխարհաքաղաքական պայմանները, այսօրւայ քաղաքական դասաւորումները հիմնւած են ազգերի ու գերտէրութիւնների տնտեսական ու քաղաքական շահերի վրայ: Մարդու իրաւունքների հռչակագիրը, դժբախտաբար, թղթի վրայ է մնացել: Ազգերի իրաւունքները, աստւածատուր արդարութիւնը մարդկային կեանքի լուսանցքում են գտնւում: Հետեւաբար, մեր մօտեցումը պէտք է լինի իրապաշտ: Մեր Դատի այժմէականացումը, քաղաքական ու իրաւական հիմքերով աշխարհի առջեւ պարզելը հրամայական է: Այսօրւայ աշխարհի լեզւով, մօտեցումով պէտք է մեր Դատը ներկայացւի ազգերին»,- ասաց Արամ Առաջինը:

Այստեղ, ըստ նրա, իրենց դերն ունեն թէ՛ Հայաստան պետութիւնը, թէ՛ Սփիւռքը՝ Հայաստանը որպէս պետութիւն իր մարտավարական ու ռազմավարական մօտեցումներով եւ Սփիւռքն իրեն յատուկ մօտեցումներով:

Նա ընդգծեց, որ մեր Դատը միջազգային իրաւունքի շրջագծից ներս պէտք է ներկայացնենք եւ ներկայ աշխարհի քաղաքական, տնտեսական պայմանների լոյսի տակ։

«1915-ին մարդ-կորոնավիրուսները, որոնք կոչւեցին թալեաթներ, էնւերներ, ուզեցին հայ ժողովրդին դագաղի մէջ դնել, բայց պատմութիւնը վկայում է, որ իրենք դագաղի մէջ դրւեցին»,- յայտարարեց Արամ Առաջինը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։