Հա

Ազգային

27/04/2020 - 10:50

«Ճանաչո՞ւմ էք որեւէ թուրքի, ով համաձայն է հայութեան հողային կորստի չնչին իսկ չափով փոխհատուցման». Ա. Շահբազեան

ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«alikonline.ir» - ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Կողքից հետեւում եւ տեսնում եմ, որ շարունակվում են Թուրքերին ներելու կամ չներելու մասին խոսակցութիւնները: Գիտակցաբար կամ անգիտակցաբար շատերը ներքաշւում են այս բանավէճի մէջ՝ երեւի լաւ չպատկերացնելով, որ ինքը քննարկումը արդէն իսկ մեր ազգային-հաւաքական մեծ զիջումն է, որովհետեւ յանկարծ մեզանում կեանքի իրաւունք է ստանում այն հարցը, թէ. «իսկ գուցէ եւ կարելի է ներել, քննարկենք տեսնենք՝ հա՝ հա, չէ՝ չէ»: Իմ խորին համոզմամբ սա դրսից ներմուծւած գաղափար է եւ պատահական չէ, որ նման քննարկումը շրջանառութեան մէջ է մտնում հէնց Նիկոլ Փաշինեանի իշխանութեան օրօք: Նիկոլ Փաշինեանի հասցէին արւած ակնարկիս ամենաակնառու ապացոյցը այն է, որքան մարդիկ են նրա շրջապատից, պաշտօնեայ կամ ոչ պաշտօնեայ, այս հարցը քննարկման հրապարակ նետում կամ ակտիւօրէն ներկայ են այդ հրապարակում: Աւելին, նայէք ովքեր են, յաճախ տարբեր փիլիսոփայական, հասարակական-քաղաքական բնոյթի մանիպուլեացիաներ անելով, այս կամ այն տեսանկիւնից հարցի քննարկման վերաբերեալ դրական մօտեցում ցոյց տալիս: Չեմ զարմանայ, եթէ մօտ ապագայում կրկին ասպարէզ իջնի նոր մի «Հայ-թուրքական հաշտութեան» յանձնաժողով: Առողջ բանականութեամբ, նորմալ հայ մարդիկ պէտք է զգօն լինեն եւ չհանդուրժեն մեզ կրկին ներքաշելու նման ծուղակի մէջ:

Հիմա մի քանի սկզբունքային հարցադրում առկայ հարցի վերաբերեալ: Ո՞րն է գլխաւոր խնդիրը, որի պատճառով Թուրքիան խուսափում է այս հարցից: Մենք մոռանում ենք, որ Ցեղասպանութեան հետեւանքով, ոչ միայն վերացել կամ գրեթէ վերացել է իր բնօրրանում ապրող արեւմտահայ ժողովուրդը, այլեւ կորսւել ու թուրքացւել է Արեւմտահայաստան երկիրը: Երկիրը իր ժողովրդին միշտ կը վերարտադրի, իսկ օտարութիւնը միշտ կը սպառի կձուլի ու անհետացման կը դատապարտի հայրենիքի յաւերժ «նախկին» բնակչին: Հիմա ինչի՞ց ելնելով ներել: Դուք ճանաչո՞ւմ էք որեւէ թուրքի ով համաձայն է հայութեան հողային կորստի չնչին իսկ չափով փոխհատուցման: Ձեզ չի՞ թւում, որ ժամանակակից թուրքական քաղաքականութեան շրջագծում է տեղաւորւում նաեւ այդ որոշ սահմանափակ թուրք հաւաքականութեան գոյութիւնը, որը ցաւ է յայտնում, որ ժամանակին իր վատ պապերը սպանել են հայերին: Ինչքան լաւ են ծախում մեզ վրայ այս երեւոյթը այն օտարները, ովքեր ցանկանում են միջազգային օրակարգերից դուրս բերել Ցեղասպանութեան հարցը, առանց ֆիզիկական կամ, նոյնիսկ, բարոյական փոխհատուցման եւ ազգային հարցերի առուծախի պատրաստակամ մեր փերեզակները: Մնալով պատշաճութեան սահմաններում ես ցանկանում եմ հարցնել ներողներին եւ ներելու հարցը քննարկելու պատրաստակամներին, յարգելիներս ո՞վ էք դուք, դուք ո՞ւմ կողմից էք լիազօրւած ներելու կամ չներելու: Ձեզ այդպիսի լիազօրութիւն են տւել միլիոն ու կէս նահատակւածնե՞րը, 800000 թուրքացւածներն ու լլկւածնե՞րը, թէ Արեւմտահայաստանի տէրերը: Քանի որ այս տեսակի հետ շատ խօսելիք չկայ դարձեալ դիմում եմ միւսներին՝ բարեկամներ եւ հայրենակիցներ զգօն լինենք, զգուշանանք եւ երբեք թոյլ չտանք, որ նման քննարկումները ծլարձակեն մեր գլուխներում եւ մտնեն հանրային միջավայրեր: Վստահ եմ կանցնի ոչ շատ ժամանակ եւ կը բացայայտւի, որ շատ աւելի խորքային երեւոյթի արդիւնք է այն՝ ինչն այժմ տեսանելի է միայն մակերեսի մակարդակում: Յիշէք Լեւոնի Ժամանակները, յիշէք նրա, բանակցութիւնները թուրք դեսպանի ու լրագրողի հետ եւ բանակցելու նախաձեռնութիւնը գորշ գայլերի առաջնորդ Թիւրքեշի հետ: Հետեւենք, թէ մեր շուրջն ինչ ջրեր են հոսում: Սա էլ կը յաղթահարենք, վստահ եմ, միայն թոյլ չտանք մեր ծոցում մեծացած իժը թունաւորի մեզ»։

Յարակից լուրեր

  • Թատրո՞ն, թէ կեանք
    Թատրո՞ն, թէ կեանք

    Ի՞նչ է Թատրոնը: Կարելի է բանաձեւել այսպէս. թատրոնը կեանքից վերցւած, իրավիճակների ներկայացում է դերասանների կամ տիկնիկների միջոցով: Թատրոնի մեծ տեսաբան Կ. Ստանիսլաւսկին նաեւ այսպէս է բնութագրում. թատրոնը սուտ է, որ խաղարկւում է դերասանների եւ հանդիսականի փոխադարձ համաձայնութեամբ:

  • Համաճարակւածները
    Համաճարակւածները

    Ամենահաս համաճարակը բացայայտում է ժամանակակից աշխարհի իրական էութիւնը: Ամէնից առաջ ակնառու է դառնում, թէ որքան փոքրացած է աշխարհը եւ փոխկապակցւած: Եթէ ամազոնեան անտառների եւ Աւստրալիա մայրցամաքի հրդեհները բաւարար չէին համոզւելու համար, որ մեծ աղէտները երկրագնդի որ անկիւնն էլ պատուհասեն, ուղղակիօրէն առնչւում են մեզ, ապա նորայայտ գրիպը ամերիկեան ֆանտաստիկ ֆիլմի աշխարհակործան հրէշի պէս փաստում է մարդկութեան շաղկապւածութիւնը ճակատագրով:

  • «Վարչապետի պատկերացումների շրջանակը սուպերմարկետներից այն կողմ չի անցնում, դարդ ու ցաւը դարձեալ ռէյտինգն է». Շահբազեան
    «Վարչապետի պատկերացումների շրջանակը սուպերմարկետներից այն կողմ չի անցնում, դարդ ու ցաւը դարձեալ ռէյտինգն է». Շահբազեան

    ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երէկ՝ խորհրդարանում տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հարցուպատասխանին:

  • Համարձակւում եմ չհաւատալ ձեր անկեղծութեանը
    Համարձակւում եմ չհաւատալ ձեր անկեղծութեանը

    Առիթ ունեցայ ուշացումով ընթերցելու «Ասպարէզ» թերթի փետրւարի 25-ի համարում Ռազմիկ Շիրինեանի հրապարակած «Քաղաքական զարգացման հրամայականը» յօդւածը: «Ուշացումով» ընթերցելը կարեւոր փաստարկ էր չարձագանքելու գրւածին, մանաւանդ ամէն բանի չէ, որ առհասարակ արձագանքելու անհրաժեշտութիւն կայ, միւս կողմից, երբեմն չպատասխանելը «դատավճիռ կայացնողների» մօտ տպաւորութիւն է ստեղծում, թէ այնքան անհերքելի ճշմարտութիւններ են բացահայտել, որ դիմացինները հակափաստարկ չունենալով պապանձւել են: 

  • Յունւարի 29-ը Արամ Մանուկեանի յիշատակի օրն է
    Յունւարի 29-ը Արամ Մանուկեանի յիշատակի օրն է

    Հայոց բազմադարեայ պատմութեան կերտած բազում մեծերի մէջ ամենամեծերից մէկն է Արամ Մանուկեանը: Քիչ չեն ազատագրական նոր պայքարի եւ հայոց պետականութեան վերականգնման բովում հերոսացածները, բայց նրանց բոլորի թւում առանձնայատուկ է Արամը, որպէս նոր պետականութեան հիմնադրի կերպարը առաւել չափով մարմնաւորող գործիչ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։