Հա

Ազգային

28/04/2020 - 12:00

Հայոց Ցեղասպանութիւնն ու քրդերը. ինչո՞ւ ենք ներել քրդերին

Լրացաւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը։ Ինչպէս ամէն տարի, այս տարւայ ապրիլ ամսին նոյնպէս, Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում ակտիւացաւ Հայոց Ցեղասպանութեան թեման։

ԱՐԳԱՄ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

 

Լրացաւ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցը։ Ինչպէս ամէն տարի, այս տարւայ ապրիլ ամսին նոյնպէս, Թուրքիայի հասարակական-քաղաքական շրջանակներում ակտիւացաւ Հայոց Ցեղասպանութեան թեման։ «ԱՄՆ-ն նախագահն ասաց «Մեծ Եղեռն», բայց չասաց Ցեղասպանութիւն», «Էրդողանը ցինիկօրէն ցաւակցում է Պոլսոյ պատրիարքին եւ կիսում 105 տարի առաջ հայ եւ թուրք զոհերի ցաւը», «Ֆրանսիայի եւ Կանադայի ղեկավարները դատապարտում են Հայոց Ցեղասպանութեան ժխտողականութիւնը եւ իրենց զորակցութիւնը յայտնում հայ ժողովրդին», «աշխարհի տարբեր ծայրերում Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած միջոցառումներ, տարբեր քաղաքներում յուշատախտակներ» եւ այլն. այս բոլորն արդէն դարձել են ապրիլքսանչորսեայ ամենամեայ օրակարգ։

Այդուհանդերձ մշտապէս հետաքրքրական է, թէ ինչ են խօսում եւ ինչպիսին է դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ մեր արեւմտեան հարեւան երկրում՝ Թուրքիայում՝ Հայոց Ցեղասպանութիւնն իրականացրած Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդ երկրում։ Տրամաբանական է, որ մի երկրում, որտեղ ժխտողական քաղաքականութիւնն իրականացւում է պետական մակարդակով, Հայոց Ցեղասպանութեան թեման միշտ էլ թոյլ օղակ է եւ ամենազգացմունքային թեմաներից մէկը։

Վերջին տարիներին (փաստացի, տենդենցը նկատւել է Էրդողանի իշխանութեան հաստատումից յետոյ) Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ համարձակ յայտարարութիւններով նորանոր հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ են հանդէս գալիս։ Անշուշտ, փոքր ուրախութիւն է, երբ թուրք յայտնի անձինք հանդէս են գալիս Հայոց Ցեղասպանութեան ճանաչման կոչով եւ դատապարտում են ժխտողականութիւնը։

Սակայն ինչպիսին է դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան իրագործման մէջ իրենց ներդրումը ունեցած այլ էթնիկ խմբի՝ քրդերի այժմեական դիրքորոշումը եւ ինչո՞ւ ենք մենք՝ հայերս, քրդերին կարողացել ներել (թէկուզ մասամբ)։

Ինչպէս գիտենք Հայոց Ցեղասպանութեան տարիներին (նաեւ համիդեան ջարդերի տարիներին) թուրքերի արիւնալի ծրագրերին իրենց գործուն մասնակցութիւնը ցուցաբերեցին քրդերը՝ շատ յաճախ օգտագործւելով որպէս գործիք։ Բայց այն, որ քրդերի պապերի ձեռքերն արիւնոտւած են հայերի արիւնով՝ փաստ է։

Քրդերը Օսմանեան կայսրութեան ժամանակ (մասնաւորապէս վերջին տարիներին) բազմիցս մասնակցել են թուրքերի գազանային եւ ապօրինի գործողութիւններին. դրա դիմաց թուրքական պետութիւնը նրանց խոստանում էր բնիկների (հայերի, յոյների, ասորիների) ունեցւածքը, հողերը, յաճախ նաեւ խոստանում ինքնավարութիւն։ Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, ըստ բազմաթիւ աղբիւրների, քեմալական «ազգային-ազատագրական պայքարի» ժամանակ, համագործակցելով քրդական ցեղախմբերի՝ աշիրեթների հետ, նրանց խոստացել էր ինքավարութիւն։ Սակայն 1923 թ. Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրումից յետոյ, քրդերը հասկացան, որ խաբւել են, ինչի հետեւանքը դարձաւ 1926-30 թթ. Արարատեան ապստամբութիւնը, 1937-38 թթ. Դերսիմի ապստամբութիւնը եւ, արդէն անվերադարձ, թուրք-քրդական յարաբերութիւնների վատթարացումը։ 1980-ականներին Թուրքիայում ակտիւացաւ քրդերի անջատողական պայքարը, որը, առանձին ընհատումներով, շարունակւում է ցօրս։ Այդ պայքարում շատ յաճախ քրդերին իրենց աջակցութիւնն են ցուցաբերում նաեւ ծագումով հայերը։

Հայ-քրդական մերձեցումը կասեցնելու համար Թուրքիան դիմում է տարբեր մեթոդների։ Նմանատիպ մեթոդներից մէկը Հայոց Ցեղասպանութեան ժամանակ քրդերի գործուն մասնակցութեան փաստերը ի յայտ բերելն է, որը, ըստ թուրքական քարոզչամեքենայի, ենթադրում է հայ-քրդական յարաբերութիւնների վատթարացում։

Ամէն տարի Հայոց Ցեղասպանութեան զոհերի տարելիցի օրերին Թուրքիայում գործող քրդական հասարակական, քաղաքական կազմակերպութիւններն (Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի՝ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան գլխաւորութեամբ) ու գործիչները հանդէս են գալիս Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ ժխտողականութեան քննադատութեան կոչերով։

Քուրդ փաստաբան, գրող Ֆըրաթ Այդընքայան Nupel.net կայքում «Քրդերն ու Հայոց Ցեղասպանութիւնը 8 հարցում» վերնագրով հարցազրոյցում անդրադառնում է Հայոց Ցեղասպանութեան ժամանակ քրդերին գործուն մասնակցութեանը։

Առաջին՝ «Մասնակցել ե՞ն քրդերը Հայոց Ցեղասպանութեանը, ո՞վ է դա արել եւ բացի մի քանի քրդական աշիրեթներից, ինչպիսին է մնացած քրդերի դիրքորոշումը» հարցին ի պատասխան Այդընքայան նշում է, որ կան բազմաթիւ տեղեկութիւններ, որ քրդերը մասնակցել են հայերի կոտորածին՝ մասնաւորապէս այն վայրերում, որտեղ կար թշնամութիւն հայերի եւ քրդերի միջեւ, սակայն յաւելում, որ քրդերը կապ չունեն հայերին կոտորելու որոշման հետ եւ այդ որոշումը կայացւել է առանց նրանց համաձայնութեան, ուստիեւ նրանց մեղքն այդտեղ չկայ։

Ըստ Այդընքայայի՝ գործում էր «ցեղասպանութեան բիւրոկրատիա» եւ շատ յաճախ քրդերն այդ բիւրոկրատական շղթայում զբաղեցնում էին վերին եւ միջին օղակներում. Հարպուտի (Խարբերդ) նահանգապետ Սաբիթ բէյը, Դիարբեքիր-Մարդին նահանգային Ցեղասպանութեան ղեկավարներից Ֆէյզի Փիրիզադէն, Մուսթաֆա Ջեմիլփասազադէն, Մուշի կոտորածների կազմակերպիչ Հոջա Ըլեաս Սամին նմանատիպ քուրդ գործիչներից են. «Եթէ քրդերը չմասնակցէին Ցեղասպանութեանը, հայերին պաշտպանէին կամ գոնէ չէզոք մնային, ապա այսօր այլ պատկեր կունենայինք»,- նշում է Այդընքայան։

Անդրադառնալով թուրքական այն թեզին, որ հայերը մահացել են պատերազմական գործողութիւնների ընթացքում, քուրդ փաստաբանը նշում է, որ նմանատիպ բան չկայ, քանզի հայերի եւ քրդերի մէջ պատերազմ չի եղել եւ հայերը սպանւել են ախոռներում, ամառանոցներում, դաշտերում եւ այլն։

Ֆըրաթ Այդընքայայի յօդւածը մեծ աղմուկ բարձրացրեց մասնաւորապէս քրդերի մօտ, որոնք իրենց դժգոհութիւնն էին յայտնում իրաւաբանի հնչեցրած մտքերի վերաբերեալ։

Թուրքական հայամէտ GazeteDuvar կայքը, որն աչքի է ընկնում տարբեր թեմաների վերաբերեալ իր ռացիոնալ դիրքորոշմամբ, անդրադարձել է Այդընքայայի յօդւածին։ Լրագրող Ֆէյզի Չելիքը նշում է, որ ինչքան էլ քննադատւի քուրդ փաստաբանի յօդւածը, միեւնոյն է իրականութիւնը չի փոխւի, եւ բացի այդ, յօդւածի հիմնական միտքն այն է, որ Օսմանեան կայսրութիւնն է Հայոց Ցեղասպանութեան միակ մեղաւորը, իսկ քրդերի դերը երկրորդական է եղել եւ նրանք, որպէս հանրոյթ, մեղաւոր չեն։

Չնայած թուրքական պետութեան՝ արխիւները բացելու կոչերին եւ Հայոց Ցեղասպանութեան ընթացքում քրդական մասնակցութեան վերաբերեալ յայտարարութիւններին, կարծում ենք, որ ե՛ւ Այդընքայան, ե՛ւ GazeteDuvar-ը կարողացել են աւելի ճշգրիտ ներկայացնել քրդերի մասնակցութիւնը Հայոց Ցեղասպանութեանը։

Այն, որ քրդերը մասնակցութիւն են ունեցել Հայոց Ցեղասպանութեանը, անհերքելի է։ Սակայն այս հարցում գլխաւորն այն է, որ քրդերը, ի տարբերութիւն թուրքերի, ընդունել եւ ընդունում են իրենց մասնակցութիւնը Հայոց Ցեղասպանութեանը՝ այն դէպքում, երբ քրդերի մասնակցութիւնը չի եղել համատարած ու պետականօրէն իրագործւած եւ բազմաթիւ հայեր, թէկուզ դաւանափոխման գնով, կարողացել են մազապուրծ լինել կոտորածներից հասարակ քուրդ բնակչութեան շնորհիւ։

 

Yerkir.am

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։