Հա

Ազգային

06/05/2020 - 12:30

Այս ճգնաժամը տեւելու է ոչ թէ մէկ կամ երկու ամիս, այլ մէկ տարուց աւելի

Մի փաստ եւս արձանագրենք․ արտակարգ դրութեան ընթացքում եւս մէկ անգամ հաստատուեց, որ Հայաստանի տնտեսութիւնում մենաշնորհները պահպանուել են եւ աւելի են ամրապնդել իրենց դիրքերը։

«alikonline.ir» - Մի փաստ եւս արձանագրենք․ արտակարգ դրութեան ընթացքում եւս մէկ անգամ հաստատուեց, որ Հայաստանի տնտեսութիւնում մենաշնորհները պահպանուել են եւ աւելի են ամրապնդել իրենց դիրքերը։

Ապրիլի 30-ին, «Հորիզոն» շաբաթաթերթի հետ հարցազրոյցի ընթացքում ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հարցերի հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու Սուրէն Պարսեանն անդրադարձել է գորոնավիրուսի հետեւանքով Հայաստանում առաջացած տնտեսական խնդիրներին եւ դրանց լուծմանը միտուած՝ կառավարութեան ձեռնարկած քայլերին։

 

- Պարո՛ն Պարսեան, վարչապետ Նիկոլ Փաշինեանը յայտարարել է, որ գորոնավիրուսի հետեւանքով առաջացած ճգնաժամը յաղթահարելու նպատակով գործադիրը կարեւոր է համարում կապիտալ (հիմնական) ծախսերը։ Ըստ Ձեզ՝ կառավարութիւնն ունի՞ բաւարար կարողութիւններ խոշոր ծախսեր անելու եւ կապիտալ (հիմնական) ծրագրեր իրականացնելու համար։

- Կապիտալ (հիմնական) ծրագրերը շատ կարեւոր են երկրի համար ե՛ւ գորոնավիրուսից առաջ, ե՛ւ դրանից յետոյ։ 2018-2019 թուականների ընթացքում այս կառավարութիւնը ձախողել է կապիտալ (հիմնական) շինարարական ծրագրերի մեծ մասը, մասնաւորապէս՝ 2019 թուականին ձախողել է այդ ծրագրերի 61 տոկոսը, իսկ դա բաւական լուրջ ցուցանիշ է․ սա մտահոգիչ է։ Եթէ այս ծրագրերը 2019 թուականին իրականացուէին, մենք հիմա աւելի լաւ որակի տնտեսութիւն կ’ունենայինք, աւելի պատրաստ՝ մեծ խնդիրներ դիմակայելու։ Հիմա՝ այս գորոնավիրուսի պայմաններում, շատ դժուար է նման ծրագրեր իրականացնել մի քանի պատճառներով․ առաջին՝ մենք չունենք այնպիսի հնարաւորութիւններ, որ կարողանանք մեծ շինարարական ծրագրեր իրականացնել։ Կապիտալ շինարարական ծրագրեր ասելով՝ պէտք չէ սահմանափակուել միայն ճանապարհաշինութեամբ։ Ճանապարհաշինութեան համար մեծ խելք, ջանք պէտք չէ, ես նկատի ունեմ խոշոր շինարարական ծրագրեր, պիզնես ծրագրեր, որոնք երկրի համար կ’ապահովեն երկարաժամկէտ ներառական աճ։ Այդպիսի ծրագրեր չկան, չեն եղել նաեւ նախորդ տարի։ Հիմա եղած գումարները սահմանափակ են, եւ դրանք պէտք է հնարաւորինս արդիւնաւէտ օգտագործել։ Չի կարելի պոպուլիստական (ժողովրդական) յայտարարութիւններ անել, այլ պէտք է գումարներն արդիւնաւէտօրէն ծախսել։ Այս տարի կանխատեսւում են ֆինանսատնտեսական լուրջ հետեւանքներ ամբողջ տնտեսութիւնում։ Հարկային եկամուտները կրճատուելու են, եւ մենք հնարաւորութիւն չենք ունենալու այս տարուայ պետական պիւտճէով նախատեսուած ծրագրերն իրականացնել։ 2020 թուականի համար մենք պէտք է գօտիների ձգման քաղաքականութիւն որդեգրենք։ Այս ճգնաժամը տեւելու է ոչ թէ մէկ կամ երկու ամիս, ինչպէս կառավարութիւնն էր կանխատեսում, այլ մէկ տարուց աւելի։

 

- Գործող հակաճգնաժամային ծրագրերի միջոցով հնարաւո՞ր է ամբողջապէս կամ գոնէ մեծ մասամբ վերացնել գորոնավիրուսի հետեւանքները։

- Կառավարութեան՝ գորոնավիրուսի բացասական հետեւանքները վերացնող այս փաթեթն իրականութեան հետ առնչութիւն չունի, քանի որ առաջին՝ մենք դեռ գորոնավիրուսը չենք յաղթահարել եւ չգիտենք՝ ինչ հետեւանքներ են լինելու, բայց ծրագրեր են մշակւում այդ հետեւանքների վերացման ուղղութեամբ, երկրորդ՝ մենք պէտք է հասկանանք, որ այս իրավիճակի պատճառը գորոնավիրուսն է, այն պէտք է յաղթահարել։ Գորոնավիրուսի յաղթահարման ուղղուած քայլերը ոչ արդիւնաւէտ են ու ոչ բաւարար։ Վարակուածների թիւը բաւական մեծ է, եւ դա մտահոգիչ է։

Ցաւօք, այս կառավարութիւնը չկարողացաւ պատշաճ կերպով ապահովել կարանտինը, որը շատ կարեւոր էր։ Մենք խորհուրդ էինք տուել, որ եղած հնարաւորութիւնների առաւելագոյն չափով կարանտին ապահովուէր․ դա թոյլ կու տար նախ պատճառը վերացնել, բայց կառավարութիւնը չկարողացաւ դա անել, ինչի հետեւանքով երկրի տնտեսութիւնը մեծ վնասներ կրեց։

 

- Գորոնավիրուսի դէմ պայքարելու ու հակաճգնաժամային ծրագրեր իրականացնելու համար Հայաստանը բաւական մեծ ֆինանսական աջակցութիւն է ստացել տարբեր երկրների, կառոյցների ու անհատների կողմից։ Ի՞նչ էք կարծում, այդ միջոցներն արդիւնաւէտօրէ՞ն են օգտագործւում։

- Այս պահի դրութեամբ՝ տարբեր միջազգային կազմակերպութիւններ, պետութիւններ Հայաստանին օգնութիւն են տրամադրել կամ խոստանում են տրամադրել։ Այդ օգնութիւնների մեծ մասը դեռեւս Հայաստան չի հասել։ Մեծաքանակ բժշկական պարագաներ, սարքաւորումներ են հասել Հայաստան։ Սակայն եւ, մենք այդ ֆինանսական միջոցներով չենք կարողանալու մեր երկրում առաջացած խնդիրները լուծել։ Որպէս համեմատութիւն՝ ասեմ, որ գորոնավիրուսի յաղթահարման նպատակով Գանատան նախատեսել է 105 միլիարդ Գանատական տոլար (մօտաւորապէս 75 միլիարդ ամերիկեան տոլար), որը կազմում է այդ երկրի տարեկան ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդիւնք) մօտ 7 տոկոսը, իսկ Հայաստանը՝ ընդամէնը 310 միլիոն տոլար, որը մեր երկրի տարեկան ՀՆԱ-ի (Համախառն ներքին արդիւնք) մօտաւորապէս 2 տոկոսն է։ Հայաստանը ի սկզբանէ բաւական սուղ միջոցներ ունի, որպէսզի կարողանայ պայքարել գորոնավիրուսի դէմ, իսկ միջազգային օգնութիւնը շատ դէպքերում հասցէական չէ եւ կոնկրետ նշուած նպատակով կարելի է ծախսել, այսինքն՝ այդ գումարներով չենք կարող, ենթադրենք, կենսաթոշակները տրամադրել կամ աշխատավարձեր տալ մարդկանց։

Հայաստանի կառավարութիւնը որոշել է աւելացնել արտաքին պարտքը։ Կառավարութիւնն այս տարուայ ընթացքում լրացուցիչ 150 միլիարդ դրամ (մօտաւորապէս 300 միլիոն ամերիկեան տոլար) պարտք պէտք է վերցնի, որպէսզի կարողանայ լրացնել պետական գանձարանի եկամուտների բացասական մասը, որն առաջացել է գորոնավիրուսի հետեւանքով։ Մեծ աշխատանքներ պէտք է իրականացնել միջազգային կազմակերպութիւնների, դոնորների (նուիրատու), պետութիւնների հետ, եւ այդ աշխատանքներն այս պահին ամբողջ ծաւալով չեն իրականացւում, արդիւնաւէտութիւնը բաւական ցածր է։ Մեր երկրի կառավարութեան կողմից իրականացուող հակաճգնաժամային փաթեթները պէտք է կարողանանք համադրել միջազգային ծրագրերի հետ։

Օրիակ՝ Գանատայում գորոնավիրուսի ճգնաժամը յաղթահարելու համար մի շարք ծրագրեր են իրականացւում՝ գործազուրկների ու երեխայ ունեցող ընտանիքների հետ կապուած, աջակցութիւն է տրւում նաեւ փոքր ու միջին բիզնեսին։ Հայաստանում եւս նման ծրագրեր կան, բայց հասցէականութեան տեսանկիւնից լուրջ խնդիրներ կան։ Հայաստանում վիճակագրութիւնը զարմանալի թիւեր է արձանագրում։ Օրինակ՝ 2020 թուականի մարտին ողջ աշխարհում գործազրկութեան թիւն աճում է, օրինակ՝ Գանատայում գործազրուրկների թիւն անցել է 5 տոկոսի շեմը։ Իսկ Հայաստանում մօտ 3900 նոր աշխատատեղեր են ստեղծուել, գործազուրկների թիւը չի աւելացել, ընդհակառակը՝ կրճատուել է, իսկ աշխատավարձի ֆոնտը, միջին աշխատավարձը նախորդ տարուայ մարտի եւ այս տարուայ փետրուարի համեմատ՝ աճել է, այսինքն՝ 2020 թուականին ունեցել ենք աշխատավարձերի, աշխատատեղերի աճ․ սա անհասկանալի է, դա դուրս է տնտեսական տրամաբանութիւնից։ Մենք Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին ճիշտ տեղեկատուութիւն ունենալու խնդիր ունենք․ այս վիճակագրական տուեալները կասկածելի են, դրանցով հնարաւոր չէ արդիւնաւէտ, հասցէական որոշումներ կայացնել։

 

- Հայաստանում քաղաքացիները գանգատում են, որ առցանց դիմումների լրացման ընթացքում խնդիրներ են առաջանում։ Հնարաւոր չէ՞ր Հայաստանում այս գործընթացը կազմակերպել այնպէս, որ նման խնդիրներ չառաջանային։

- Մեր պետական համակարգը պատրաստ չէ նման ճգնաժամային իրավիճակների։ Այդ ծրագրերը, մեխանիզմները պարզ չեն։ Մարդիկ խնդիրներ են ունենում, չեն կարողանում լրացնել դիմումները։ Նոյնիսկ վարչապետը չգիտէր հանրային ծառայութիւնների համարանիշի յապաւումը, ուստի քաղաքացիներից շատերը եւս կարող են դա չիմանալ՝ չկարողանալով դիմումները լրացնել։ Այս ընթացքում կառավարութիւնը որոշակի հետեւութիւններ է անում եւ վերանայում է առցանց դիմումների ծրագիրը հեշտացնելու հարցը։ Կարեւոր է նաեւ այն խնդիրը, որ այս աջակցութեան փաթեթները կարճաժամկէտ են, իսկ դրանց արդիւնաւէտութիւնը՝ ցածր։ Օրինակ՝ կառավարութիւնը աշխատանքից ազատուած մարդկանց աջակցութիւն է տրամադրում միայն մարտ ամսուայ համար՝ 68 հազար դրամ (150 ամերիկեան տոլար), իսկ Գանատայի կառավարութիւնը պատրաստ է գործազուրկներին երեք ամիս նպաստ վճարել՝ 2000 Գանատական տոլար (մօտ 1430 ամերիկեան տոլար)։ Մեր հարեւան Վրայստանում եւս այդ կարգավիճակում գտնուող քաղաքացիները 3-4 ամիս նպաստ են ստանալու՝ 63 ԱՄՆ տոլարի չափով։ Հայաստանում շատ դէպքերում պոպուլիստական (ժողովրդական), հատուածական որոշումներ կայացուեցին։ Իշխանութիւնը պէտք է կարողանայ ճիշտ ազդակներ տալ հանրութեան ու բիզնեսին։ Հարկաւոր է հասկանալ, որ սեւ օրերը դեռ առջեւում են, ֆինանսական միջոցները պէտք է խնայողաբար, արդիւնաւէտօրէն ծախսել, բայց, ցաւօք, կառավարութիւնն այսպիսի երկարաժամկէտ պլանաւորումներ, ծրագրեր չունի։

 

- Ըստ Ձեզ՝ գոնէ այս օրերին ըստ արժանւոյն գնահատւո՞ւմ է ուժային կառոյցների՝ յատկապէս ոստիկանների եւ ԱԻՆ (Արտակարգ Իրավիճակներու Նախարարութիւն) ծառայողների աշխատանքը։ Ինչպէս յայտնի է, նրանք համեստ աշխատավարձ են ստանում եւ այս օրերին է՛լ աւելի մեծ ծանրաբեռնուածութեամբ են աշխատում, բայց պարգեւավճար չեն ստացել։ Խնդրում եմ ձեր դիտարկումները ներկայացրէք սրա վերաբերեալ՝ որպէս համեմատութիւն հաշուի առնելով նաեւ այն փաստը, որ մինչ այս բարձրաստիճան պաշտօնեաները աստղաբաշխական չափերի հասնող պարգեւատրումներ են ստացել։

- Այս Կառավարութիւնը ձախողել է իր աշխատավարձային քաղաքականութիւնը։ Այս պարգեւավճարային մօտեցումները ոչ միայն արդար չեն՝ վերին եւ ստորին օղակների հետ կապուած, այլեւ արդար չէ, օրինակ, նախարարների մակարդակով։ Որեւէ մօտիվացիայ (շարժառիթ) չկա, որ նախարարը լաւ աշխատի, քանի որ նա տեսնում է՝ ինքը լաւ է աշխատում, ստանում է մէկ միլիոն դրամ աշխատավարձ, իսկ միւսը վատ է աշխատում, բայց դարձեալ նոյնչափ աշխատավարձ է ստանում։ Իրոք, պարգեւավճարների հետ կապուած՝ այդ մօտեցումն անարդարացի է։ Բժիշկներն էլ բաւական ցածր յաւելավճարներ են ստացել։ Մօտ երկու շաբաթ առաջ մի բժիշկ պատմում էր՝ թէեւ աշխատել են արտակարգ ռեժիմով, բայց ընդամէնը 20000 (40 ամերիկեան տոլար) դրամ յաւելավճար են ստացել։ Այս պարգեւավճարային համակարգը շատ անարդարացի է ու անարդիւնաւէտ։

 

- Ինչպէ՞ս կը գնահատէք ՀՀ Կեդրոնական պանքի կողմից իրականացուող դրամավարկային քաղաքականութիւնը։

- Կեդրոնական պանքն այս ընթացքում երկու անգամ 0.25 տոկոսով նուազեցրեց վերաֆինանսաւորման տոկոսադրոյքը։ Նման քայլեր իրականացրել են նաեւ ԱՄՆ-ն, Գանատան եւ մի շարք այլ երկրներ։ Այդ քայլի նպատակն այն է, որ վարկերն աւելի հասանելի դառնան։ Հիմա ՀՀ-ում վերաֆինասաւորման տոկոսադրոյքը կազմում է 5 տոկոս։ Բացի այդ՝ Կեդրոնական պանքը մարտ ամսին իր արտաքին պահուստներից (կամ արժութային պահուստներից) մօտ 122 միլիոն ամերիկեան տոլար է ծախսել հայկական դրամի արժեզրկումը կանխելու համար։ 122 միլիոն տոլարը Հայաստանի համար բաւական մեծ գումար է՝ պահուստների մօտ 5 տոկոսը։ Ապրիլ ամսին գրանցուել է դրամի կայունացում։ Բայց, այս վերջին երկու շաբաթուայ ընթացքում արտայժոյթի շուկայում մի մտահոգիչ երեւոյթ է նկատւում։ Արտայժոյթի առքի եւ վաճառքի գների միջեւ բաւական մեծ տատանում կայ։ Օրինակ՝ առքը կատարւում է 475 դրամով, վաճառքը՝ 483 դրամով։ Նախկինում առքի եւ վաճառքի տարբերութիւնը 2 կամ 3 դրամ էր․ սա նշանակում է, որ պանքերը հիմա արտայժոյթ են գնում եւ չեն վաճառում, այսինքն՝ այնպիսի գին են սահմանել, որ չվաճառեն։ Պանքերն իրենց գումարները վերածում են արտայժոյթի։ Սա վկայում է, որ պանքերը եւս պատրաստւում են ճգնաժամի՝ ենթադրելով, որ, հնարաւոր է՝ հայկական դրամը արժեզրկուի, եւ այդ ենթադրութեան համար հիմքեր կան։ Այս տարի արտաքին արեւտրաշրջանառութիւնը նուազել է 4 տոկոսով, միայն մարտ ամսին արտահանումը նուազել է 16,3 տոկոսով, դրա միջոցով արտայժոյթ էր հոսում Հայաստան։ Բացի այդ՝ մենք տարեկան 1,8 միլիարդ տոլար տրանսֆերներ ենք ստանում՝ արտերկրից՝ մեր բարեկամներից, հարազատներից․ այս տարի դա էլ է նուազելու... այս ամէնի արդիւնքում դրամը արժեզրկուելու է, թէեւ այս պահին դրամը բաւական արժեւորուած վիճակում է, ինչի պատճառով հայկական ապրանքները թանկացել են, դրանց մրցունակութիւնը նուազել է։

Տարիներ շարունակ՝ Կեդրոնական պանքի վարած դրամավարկային քաղաքականութիւնը սխալ է եղել։ Կեդրոնական պանքի թոյլտուութեամբ Հայաստանում կան բազմաթիւ վարկային կազմակերպութիւններ, որոնք քաղաքացիներից տարեկան 180 տոկոս միջնորդավճարներ, տոկոսներ ու յաւելավճարներ են գանձում։ Նման վաշխառուական տոկոսադրոյքներ աշխարհի շատ քիչ երկրներում կան։

Ցաւօք, այս կառավարութիւնը պանքային համակարգում, Կեդրոնական պանքում տնտեսական յեղափոխութիւն չիրականացրեց։ Աշխատակիցների բոլոր հաստիքները մնացին նոյնը, աւելին՝ Կեդրոնական պանքի նոր նախագահը հին աշխատակիցներից է, որը շարունակում է նախորդների աշխատաոճով աշխատել։ Այս իշխանութիւնները շարունակում են նախորդ իշխանութիւնների ծայրահեղ նէոլիպերալ տնտեսական քաղաքականութիւնը։

 

- Լայն սպառում ունեցող որոշ սննդատեսակներ (oրինակ՝ ալիւրը, ոսպը, հնդկաձաւարը, բուսական իւղը) նկատելիօրէն թանկացել են։ Արդեօ՞ք այս իրավիճակը չի առաջացել նաեւ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի աշխատանքի թերացման պատճառով։

- Մեր երկիրը մեծ թիւով առաջին անհրաժեշտութեան ապրանքներ ներկրում է։ Օրինակ՝ մեր երկրում սպառուող ալիւրի 69 տոկոսը ներկրւում է։ Նոյն իրավիճակն է հաւի ու խոզի մսի, ոլոռի, հնդկաձաւարի, սիսեռի եւ այդ պարենամթերքների դէպքում այն պարագայում, երբ մենք կարող էինք դրանք հենց մեր երկրում արտադրել։ Չենք կարողանում արտադրել այն պատճառով, որ չկայ համապատասխան տնտեսական, գիւղատնտեսական քաղաքականութիւն։ Այս կառավարութիւնը նոյնիսկ Գիւղատնտեսութեան նախարարութիւնից հրաժարուեց այն դէպքում, երբ դրա անհրաժեշտութիւնը հիմա աւելի է զգացւում։ Օրինակ՝ եթէ գիւղացին ցորեն ցանի, նա չգիտի՝ աշնանն այն ինչ գնով կարող է իրացնել, քանի որ ինչ-որ հայ օլիգարխ (սակաւապետ) կարող է ռուսաստանից շատ էժան գնով՝ 80-90 դրամով ցորեն ներկրել այն պարագայում, երբ գիւղացին այնքան ծախսեր է անում, որ ցորենի 1 քիլոկրամի ինքնարժէքը կազմում է մօտ 130-140 դրամ, պետութիւնն էլ նրան սուբսիդիա (նպաստ) չի տրամադրում։ Մեր գիւղատնտեսական քաղաքականութիւնը որպէս այդպիսին՝ գոյութիւն չունի, ամէն ինչ ինքնահոսի է թողնուած։

Մի փաստ եւս արձանագրենք․ արտակարգ դրութեան ընթացքում եւս մէկ անգամ հաստատուեց, որ Հայաստանի տնտեսութիւնում մենաշնորհները պահպանուել են եւ աւելի են ամրապնդել իրենց դիրքերը։

 

- Ապրիլի սկզբին Կեդրոնական պանքը կանխատեսումներ ներկայացրեց, ըստ որոնց՝ 2020-ին տնտեսական աճը կը կազմի 0.7 տոկոս եւ կը վերականգնուի 2021-ին՝ կազմելով 7.2 տոկոս։ Ըստ Ձեզ՝ այս պահի դրութեամբ՝ հնարաւո՞ր է այս կանխատեսումներն իրատեսական համարել, եթէ հաշուի առնենք այն փաստը, որ գորոնավիրուսը շարունակում է տարածուել։

- Օրեր առաջ ֆինանսների նախարարը յայտարարեց, որ այս տարի կանխատեսւում է մինուս 2 տոկոս տնտեսական անկում, ու սա դեռ 4-րդ ամսին կատարուած կանխատեսում է։ Կարծում եմ՝ այդ կանխատեսումն աւելի կը ճշգրտուի տարուայ կէսին եւ այս մինուս 2-ի դէպքում մենք պետական պիւտճէն չենք կարողանայ համալրել մօտ 170 միլիարդ դրամով (մօտ 340 միլիոն տոլար) եւ հենց այս պատճառով է, որ նախատեսուել է վարկեր վերցնել։ Կարծում եմ՝ այս տարուայ տնտեսական ցուցանիշները մինուս 2-ից էլ աւելի վատ կը լինեն․ սա ասում եմ՝ հաշուի առնելով մեր նախորդ փորձառութիւնները, մասնաւորապէս՝ 2008-2009 թուականների ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ կանխատեսւում էր, որ մենք ունենալու ենք մինուս 5-7 տոկոս անկում, բայց ունեցանք 14.4 տոկոս անկում։

Մենք պէտք է փորձենք մեր երկրում առաջացած տնտեսական խնդիրները լուծել տարբեր գործիքակազմերով՝ խնայողութեամբ, արդիւնաւէտ ծախսերով, ներքին պահեստները վերանայելով, բայց, ցաւօք, պէտք է արձանագրեմ, որ մենք ունենք շատ անարդիւնաւէտ ծախսեր նաեւ հենց հիմա։

 

Հարցազրոյցը վարեց՝ Յասմիկ Բալէյեան

«Հորիզոն»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։