Հա

Ազգային

07/05/2020 - 10:00

Հրանտ Մարգարեան. «Հայոց ազատամարտի դրօշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանւել»

Հարցազրոյց Արցախեան ազատագրական պայքարում Հ.Յ. Դաշնակցութեան մարտական գործունէութեան կազմակերպիչ եւ պատասխանատու Հրանտ Մարգարեանի հետ:

Հարցազրոյց Արցախեան ազատագրական պայքարում Հ.Յ. Դաշնակցութեան մարտական գործունէութեան կազմակերպիչ եւ պատասխանատու Հրանտ Մարգարեանի հետ:

 

- Ընկե՛ր Հրանտ, մայիսը իրաւացիօրէն համարւում է հայութեան յաղթանակների ամիս: Այդ յաղթանակների շարքում իր փառաւոր տեղն ունի Շուշիի ազատագրումը: Ի՞նչ նշանակութիւն ունեցաւ այն Արցախեան ազատագրական պայքարի համար:

- Շուշիի ազատագրումը բազմակողմանի եւ շատ խոր ազդեցութիւն ունեցաւ թէ՛ Արցախեան ազատագրական պայքարի, թէ՛ Հայաստանի անկախ պետականութեան կերտման ընթացքի վրայ: Այն չափազանց կարեւոր էր նաեւ մեր ժողովրդի ոգու ամրապնդման ու մեր պետութեան քաղաքական հեռանկարի առումով: Առանց Շուշիի ազատագրման` ազատ Արցախ, ազատագրւած Արցախ, անկախ Արցախ պատկերացումն անգամ հնարաւոր չէր։

Յիշում եմ՝ նախքան Շուշիի ազատագրումը ՀՀ-ում Արցախի շտաբի այդ ժամանակւայ պատասխանատուն ինձ եւ լուսահոգի ընկեր Վահան Յովհաննիսեանին հանդիպման հրաւիրեց՝ զրոյցի։ Նա փորձում էր քննարկել մեզ հետ, թէ արդեօք հնարաւո՞ր չէ խուսափել Շուշին ազատագրելու մտքից: Ապշեցի՝ ինչպէս կարող էր մարդը, ով Արցախի շտաբի պետն է, այդպէս մտածել: Անկախ ինձանից հարցրի՝ Դուք եղե՞լ էք Արցախում: Պատասխանը «ոչ» էր: Այդ մարդուն առաջարկեցի՝ նախ կարդացէք Րաֆֆի, ով ասում է` եթէ մկը չի եղել Արեւմտահայաստանում, նա չի կարող ծրագրել Արեւմտահայաստանի ազատագրումը, յետոյ Արցախ գնացէք, Ձեր աչքով տեսէք Արցախը, Շուշին եւ ստեղծւած վիճակը ու դրանից յետոյ մտածէք՝ Դուք Ձեր տեղո՞ւմ էք, թէ՞ ոչ:

Չազատագրւած Շուշին նստած էր Արցախի շնչի վրայ: Առանց Շուշիի մենք ոչ միայն ազատագրւած Արցախ չէինք ունենայ, այլեւ հաւանաբար հայաբնակ Արցախ էլ չէինք ունենայ։ Շուշիի ազատագրմամբ ունեցանք ազատագրւած Արցախ, եւ հնարաւոր եղաւ վերականգնել Արցախի եւ մայր հայրենիքի կապը։

9 դար շարունակ մենք կորուստների պատմութիւն ենք ունեցել, եւ Շուշիի ազատագրումով մենք բան փոխեցինք, ու մենք փոխւեցինք, ամրացրինք մեր ազգային արժանապատւութիւնն ու ինքնավստահութիւնը։ Դա յիրաւի մեծ շրջադարձ էր մեր կեանքում: Մեր պետականութիւնը սկսեց կամա-ակամայ ազգային նկարագիր ձեռք բերել, իսկ հայ ժողովուրդը` իր սեփական ուժերի եւ իր լուսաւոր ապագայի հանդէպ հաւատ ու վստահութիւն։

 

- Մինչ Շուշիի ազատագրումը այս բերդաքաղաքն անառիկ էր թւում, բայց հայկական մարտական ուժերը տիրացան նրան թերեւս հնարաւոր նւազագոյն կորուստներով: Նոյնիսկ ասւում էր, թէ Շուշին հեշտ ազատագրւեց: Որտե՞ղ է թաքնւած այդ յաջողութեան գաղտնիքը՝ լաւ մշակւած ռազմական մարտավարութեա՞ն մէջ, հայ մարտիկի քաջութեա՞ն, ժողովրդի ոգո՞ւ, թէ՞ այլ տեղ: Ի վերջոյ ի՞նչ գործօններ կատարեցին որոշիչ դերը:

- Շուշիի ազատագրումը շատ համարձակ գործ էր թէ՛ ռազմական առումով, թէ՛ քաղաքական իմաստով։ Բայց առաջին հերթին դժւար եւ պատասխանատու հարց էր հէնց ազատագրելու որոշումը: Ենթադրւում էր՝ մեծ են լինելու մարդկային կորուստները, իսկ ցանկալի արդիւնքը չապահովելու դէպքում նույնքան մեծ ու անկանխատեսելի էին լինելու հետեւանքները՝ թէ՛ ներքին, թէ՛ արտաքին առումով:

Նաեւ կար այն հանգամանքը, որ նրանք, ովքեր պէտք է կայացնէին որոշումը, ընդհանրապէս նոյնանման չէին մտածում. ոչ բոլորն էին Շուշի ազատագրումը անհրաժեշտութիւն համարում, եւ յաճախ այն չէր համապատասխանում Արցախի հարցի լուծման իրենց պատկերացումներին։

Այնուամենայնիւ, այդ օրերի իրականութիւնում հնարաւոր չէր նման որոշում չկայացնել. կար համընդհանուր պահանջ, ճնշող, աւելի ճիշտ՝ պարտադրող մթնոլորտ։ Շուշին ազատագրելու խնդիրն այլընտրանք չունէր. նախ պահանջատէր էին արցախցիները, ապա` Դաշնակցութիւնը, որը լրջագոյն դերակատարութիւն ունէր Արցախում եւ վերջապէս` նոյն իշխանութիւնների մէջ առկայ ազգային թեւը։ Իսկ ամենակարեւորը՝ հազարաւոր հայորդիներ պատրաստ էին նետւելու մարտի՝ արհամարհելով վտանգը եւ միաժամանակ պաշտօնական Երեւանի տատանումներն ու ուշացող որոշումը։ Պարզ էր` Շուշին ազատագրելու գործողութիւնը սկսւելու էր որոշումով կամ առանց որոշման։

Անշուշտ, Շուշիի ազատագրման ծրագիրը վարպետօրէն էր մշակւել: Այստեղ արժանին պէտք է մատուցել գեներալներ Արկադի Տէր-Թադէոսեանին եւ Ֆելիքս Գզողեանին։ Սակայն Շուշիի ազատագրման ոգին Աշոտ Ղուլեանն էր՝ Աշոտ Ասկոլկան կամ Բեկոր Աշոտը, նաեւ Արցախի զինւած ուժերի առաջին հրամատար Արկադի Կարապետեանը՝ դաշնակ Ակոն։ Մինչեւ հիմա ականջներիս մէջ զնգում է Աշոտի անթելից հնչող ոգեւորող, պահանջող, անընդհատ մարտի կոչող ձայնը: Բեկորն էր, որ առաջ տարաւ հարիւրաւոր զինւորների՝ պատրաստ, ասես մագնիս դարձած, իր մարմնում ընդունելու թշնամու բոլոր փամփուշտները, Բեկորն էր, որ առաջինը բարձրացաւ Շուշիի բերդի վրայ՝ ասես յաղթանակի դրօշակ: Յիշում եմ` գործողութիւնը հէնց նոր էր աւարտւել, տեսայ իրեն. դէմքը երջանկութիւնից փայլում էր: Նկատեցի, որ վիրաւոր է. ռումբի բեկորը հերթական անգամ մխրճւել էր ձեռքի մէջ: Ասացի` իջնի Ստեփանակերտ՝ հոսպիտալ: Կտրուկ մերժեց` ասելով, թէ վտանգաւոր պահ է, եւ ամէն րոպէ հնարաւոր է թշնամու հակայարձակումը: Իրական քաջ էր Բեկոր Աշոտը, հերոս։ Իհարկէ, քաջ հերոսներ էին նաեւ միւս բոլոր ազատամարտիկները, ովքեր առանց տատանւելու նետւեցին մարտի՝ հրաշալի գիտակցելով, որ ամէն վայրկեան կարող են ընկնել դիրքային անասելի առաւելութիւն ունեցող թշնամու կրակոցից: Նրանք երկար էին սպասել գործողութեան մեկնարկին, ոգեւորութիւնը բարձր էր, գնում էին վճռականօրէն, երգով ու անվախ: Աչքիս առաջ պատկերւում են Դուշման Վարդանը, իրանահայ Փոքր Հրանտը՝ Հրանտ Մինասեանը, լիբանանահայ Էլի-Գոգոն եւ հազարաւոր տղերք, ովքեր հպարտ էին, համեստ ու ուրախ թէ՛ նախքան գործողութիւնը, թէ՛ գործողութիւնից յետոյ։ Գիտակցո՞ւմ էին՝ որքան մեծ գործ էին արել, թէ՞ ոչ` չգիտեմ, բայց շրջել էին հայոց պատմութեան պարտութիւնների էջը։

Շուշիի ազատագրումը յաջողւեց մեզ այնպէս, ինչպէս եղաւ, նաեւ որովհետեւ մենք նախքան այդ արդէն հոգեբանօրէն յաղթած էինք, իսկ թշնամին՝ պարտւած։

Մի խորհրդանշական պատմութիւն եմ ուզում յիշել, որը գուցէ էլի եմ առիթ ունեցել պատմելու:

Շուշիի գրաւումից ամիսներ առաջ ընկեր Վահան Յովհաննիսեանի հետ այցելեցինք Շուշւայ բարձունքների տակ ծւարած Քարին տակ գիւղ: Հերթական այցելութիւնն էր մեր կռւող տղաներին, բայց ստիպւած էինք այն կատարել գիշերով, որովհետեւ ցերեկը գիւղն անշարժութեան էր մատնւած. ցանկացած շարժւող թիրախ էր բարձունքից՝ Շուշիից։ Գիւղը մենք տեսանք կամ չտեսանք գիշերով, համատարած մթութեան մէջ եւ հեռացանք գիւղից լոյսը չբացւած։ Այցելութիւնը մեզ վրայ ծանր ազդեցութիւն ունեցաւ, երկար ժամանակ մտածում էինք` ինչ մեծ զոհաբերութիւնների գնով են ազատամարտիկները պահում գիւղը: Ամբողջ ցերեկը նրանք ստիպւած էին անշարժ մնալ իրենց դիրքերում՝ զգուշանալով թշնամու կրակոցներից, իսկ գիշերւայ մթի մէջ շարժւելիս ստիպւած էին զգուշանալ Շուշւայ բարձունքից անընդհատ գլորւող ժայռակտորներից, որոնք թնդանոթի արկերի նման հազարաւոր բեկորների էին վերածւում՝ սփռւելով գիւղի ողջ տարածքով: Բայց մարդիկ մնում էին անտրտունջ ու անխռով՝ սպասելով Շուշիի ազատագրմանը, որը միաժամանակ ու առաջին հերթին Քարին տակի ազատագրում էր նշանակում։

Շուշիի ազատագրումից անմիջապէս յետոյ, երբ քայլում էինք քաղաքի փողոցներով, որտեղ դեռ թարմ էր վառոդի հոտը, անընդհատ մտածում էի` ինչու թշնամին չկարողացաւ լաւագոյնս օգտագործել իր դիրքային ահռելի առաւելութիւնը, ինչու ազերիներն այսքան հեշտ լքեցին իրենց դիրքերը, քաղաքը։ Պատասխանը ինքս ինձ համար յետոյ պիտի գտնէի, երբ կրկին իջնէի Քարին տակ:

Մինչ այդ տեսնում էի անշունչ, անհոգի, անտէր Շուշին, որն ազերիները ուրւական քաղաքի էին վերածել: Անխնամ տներն ու բակերը, անմշակ պարտէզներն ու այգիները, կեղտոտ փողոցներն ու մայթերը այնպիսի տպաւորութիւն էին թողնում, կարծես վաղուց լքւած քաղաքում էինք, թէպետ դեռ տներ կային, ուր տաք վառարանների վրայ եռում էին թէյնիկները:

Մինչդեռ Քարին տակում բոլորովին այլ էր պատկերը: Գիւղը խնամւած էր, այգիները` մշակւած, մարդիկ նոյնիսկ ցանք էին արել: Փաստօրէն, այդ ծանր ու անտանելի պայմաններում անգամ ժողովուրդը գիշերով մշակել էր իր հողը, որովհետեւ այն իրենն էր, որովհետեւ հաւատացել էր վաղւայ օրւան, որովհետեւ հաւատացել էր իր յաղթանակին ու իր ապագային: Իսկ անառիկ համարւող Շուշիում ազերիներն ի սկզբանէ պարտւած էին համարել իրենց։ Ահա եւ հարցի պատասխանը:

 

- Դաշնակցութեան Բիւրոյի պաշտօնաթերթի համար արւող հարցազրոյցի ժամանակ չենք կարող չհարցնել Շուշիի ազատագրութեան գործում Դաշնակցութեան ջոկատների դերակատարութեան մասին: Ու թէեւ այս հարցի շուրջ Դաշնակցութիւնը խուսափում է շատ բան ասելուց, խնդրում եմ, թէկուզ մի քանի նախադասութեամբ, անդրադառնալ ընդհանրապէս Արցախեան ազատամարտի կազմակերպման եւ իրականացման գործում Դաշնակցութեան դերակատարութեանը:

- Անկեղծօրէն չէի ուզենայ կամա-ակամայ նսեմացնել որեւէ ուժի դերակատարութիւնը, դերակատարութեան չափն ու կարեւորութիւնը: Արցախեան ազատամարտի կազմակերպման, իրականացման հարցում բոլորն էլ ունեցել են իրենց բաժին դերակատարութիւնը, մէկը` մի քիչ մեծ, միւսը` մի քիչ փոքր, բայց միշտ կարեւոր ու անուրանալի։ Սակայն անարդարօրէն մինչ այսօր փորձ է արւում փոքրացնելու մե՛րը, լռութեան մատնելով՝ նսեմացնելու Դաշնակցութեան կատարած գործն ու ունեցած դերակատարութիւնը։ Թէպետ հարցազրոյցի ծաւալը թոյլ չի տալիս ըստ արժանւոյն ու լրջօրէն անդրադառնալ այդ ամէնին, բայց պէտք է փորձեմ սեղմ ու հակիրճ նշել որոշ կէտեր։

ՀՅԴ ներկայութիւնն ու գործունէութիւնը Արցախում զանազան հանգրւաններ ունեցաւ:

Դաշնակցութիւնը նախ իբրեւ գաղափարախօսութիւն մուտք գործեց Արցախ: Նախքան այն, որ մենք որեւէ աշխատանք կը ծաւալէինք Արցախում, մի խումբ երիտասարդներ ստեղծել էին մի նոր կուսակցութիւն, եթէ չեմ սխալւում՝ «Արցախի ազգային սոցիալիստական կուսակցութիւն» անւամբ, եւ ամբողջութեամբ իբրեւ իրենց կուսակցութեան ծրագիր ընդունել էին Դաշնակցութեան ծրագիրը: Բոլոր այդ երիտասարդները անդամագրւեցին ՀՅԴ-ին։

Դաշնակցութիւնը` իբրեւ ազգային-ազատագրական պայքարի գաղափարակիր կուսակցութիւն, այդ հանգրւանին կենսական անհրաժեշտութիւն էր Արցախում։ ՀՅԴ-ն յորդորում եւ պահանջում էր յոյսը չդնել ո՛չ Մոսկւայի, ո՛չ Գորբաչովի, ո՛չ պարտիայի վրայ, այլ ոտքի ելնել, կազմակերպւել եւ պաշտպանել մեր իրաւունքները՝ վստահ լինելով, որ պայքարն օրըստօրէ կը հզօրացնի մեզ, անկարեւոր կը դառնան ուժերի պարզ մաթեմատիկական յարաբերութիւնները, եւ այլոց քաղաքականութիւնը եւս կը փոխւի ի նպաստ մեզ:

Մեզ չպէտք է յուսախաբ անի Մոսկւայի ադրբեջանանպաստ կեցւածքը, ոչ էլ թեւաթափ պէտք է լինէնք ի տես պաշտօնական Երեւանի անվճռականութիւնների։ Չպէտք է հակադրւել ո՛չ Մոսկւային, ո՛չ էլ պաշտօնական Երեւանին, այլ լծւել աշխատանքի, կազմակերպել ազգային-ազատագրական պայքարը եւ մարտի դուրս գալ: Եթէ կարողանանք նոր իրավիճակ ստեղծել, Մոսկւայի համար կառաջանան նոր շահեր, հետեւաբար կունենայ այլ դիրքորոշում, իսկ պաշտօնական Երեւանը վաղ թէ ուշ պարտաւորւելու է տէր կանգնել իրական պայքարի դուրս եկած Արցախին։

Այդ օրերին Արցախում էր Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրոյի գործիչ ընկեր Վարանդ Փափազեանը, ով կարեւոր դեր ունեցաւ տեղի մեր ընկերների հետ աշխատելու, դաշնակցական մտածողութեան ամրագրման հարցում։

Դեռ 1990 թւականն էր, Արցախում իշխանութիւնը Կոմունիստական կուսակցութեան ձեռքում էր: Մենք համագործակցութեան մէջ էինք, այսպէս կոչւած, Հայաստանի ՀՀՇ-ին յարող թեւի հետ եւ ունէինք միացեալ շտաբ, որում ընդգրկւած էին Դաշնակցութեան կողմից Արկադի Կարապետեանը, Գէորգի Պետրոսեանը, Ժաննա Գալստեանն ու Վալերի Բալայեանը, իսկ միւս կողմից` Ռոբերտ Քոչարեանը, Սերժ Սարգսեանը, Մուրադ Պետրոսեանը եւ Սամուէլ Բաբայեանը։ Շտաբը ղեկավարում էր իբրեւ չեզօք անձ` Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը։ Ի միջի այլոց, այդ օրերին չբացայայտւած դաշնակցական էր Սամուէլ Բաբայեանը, որը նիստերին մասնակցում էր իբրեւ միւս կողմի ներկայացուցիչ։

Շտաբի նիստերից մէկին, որին մասնակցել եմ նաեւ ես, համոզեցինք մէկս միւսին, որ ժամանակն է ինքնապաշտպանութիւնից պարտիզանական կռիւների անցնել։

Մենք անցանք աշխատանքի, գրեթէ բոլոր շրջաններում ձեւաւորւեցին խմբեր, կոմիտէութիւններ, եւ վերջապէս ձեւաւորւեց Արցախի կենտրոնական կոմիտէութիւնը։ Մեր կառոյցի հիման վրայ կազմակերպւեց նաեւ ազգային-ազատագրական պայքարը: ՀՀ-ից եւ Սփիւռքից ժամանած փորձառու մարզիչների կողմից Արցախի տարբեր շրջաններում ու միաժամանակ ՀՀ բոլոր մարզերում նախաձեռնեցինք մարտական խմբերի կազմման, մարզումների ու զինման աշխատանքները։ Շնորհիւ այն բանի, որ մեզ յաջողւեց մեծ քանակութեամբ զէնք ձեռք բերել եւ տեղափոխել նախ Հայաստան, ապա Արցախ, սկզբնական շրջանում գետնի վրայ թշնամու յարաբերութեամբ ունեցանք զգալի առաւելութիւն։

Մինչ այդ արցախցին թշնամու ոտնձգութիւններին դիմադրում էր, ինչպէս կարողանում էր՝ քարերով կռիւներից մինչեւ որսորդական, ինքնաշէն հրացաններով մարտեր, որտեղ չկար կենտրոնացւած ղեկավարում եւ ծրագրում: Գործն ամփոփւում էր անասնագողութիւնները կանխելով, ինքնաբուխ կերպով գիւղերը պաշտպանելով: Մենք յաջողեցինք մարզւած, մարտական զէնքերով զինւած խմբերի միջոցով կազմակերպել շատ ու շատ շրջանների ինքնապաշտպանութեան գործը` կարգաւորելով նաեւ կենտրոնացած հրամանատարութիւնը։

Արցախի ինքնապաշտպանութեան գործը հիմնականում ծանրացած էր տեղական ուժերի վրայ. բացառութիւն էին կազմում Շահումեանի եւ Բերդաձորի ծայրամասային շրջանները, որոնք յաճախ թշնամու յարձակումների թիրախ էին, եւ այնտեղ մշտապէս ներկայութիւն ունէին Հայաստանից մեր մարտական խմբերը։

Դեռ թրքական եւ ռուսական ուժերը ներկայութիւն էին Արցախում, եւ մենք որոշեցինք անցնել պարտիզանական պայքարի: Անհանգստութիւնները եւ մտահոգութիւնները մեծ էին: Պարտաւորւեցինք ամրացնել շրջանների պաշտպանական հնարաւորութիւնները, Հայաստանից մեծ թւով մարտական խմբեր փոխադրեցինք Արցախ եւ նախաձեռնեցինք առաջին պարտիզանական յարձակումները Խոջալուի, Լեսնոյի եւ Ղարադաղլուի վրայ, որոնք երեքն էլ կարեւոր ռազմավարական դիրք էին զբաղեցնում։

Երբ 91 թւականին Ռուսաստանն անակնկալ կերպով զօրքերը հանեց Արցախից, պաշտօնական Երեւանը չէր յամարձակւում տէր կանգնել Արցախին: Անորոշութիւնը մեծ էր, բայց մեր կազմակերպութեան առկայութիւնը օգնեց վիճակից ելք գտնել: Մենք տէր դարձանք լքւած ռուսական զէնքին, մեր Մարտական խորհրդի հիմքի վրայ ձեւաւորւեց զինւած ուժերի հրամանատարութիւն՝ Արկադի Կարապետեանի հրամանատարութեամբ։ Իսկ քաղաքական անորոշութիւնից փորձեցինք ելք գտնել Գերագոյն խորհրդի նոր ընտրութիւնների կազմակերպմամբ, եւ քանի որ մենք արդէն իսկ կազմակերպւած էինք, ունեցանք Գերագոյն խորհրդում մեծամասնութիւն, եւ ԳԽ նախագահ ընտրւեց Դաշնակցութեան թեկնածու Արթուր Մկրտչեանը։ Անկախութեան հանրաքւէ կազմակերպւեց, Արցախը անկախացաւ։

Փաստօրէն, մենք կարողացանք անդուլ աշխատանքով, պայքարով, հարիւրաւոր ընկերների կեանքի գնով կարեւոր, շատ կարեւոր դերակատարութիւն ունենալ Արցախի ազատագրման եւ հայկական 2-րդ անկախ պետականութեան կերտման գործում։

Շուշիի ազատագրման գործում ՀՅԴ դերակատարութեանը անդրադառնալով՝ ասեմ, որ մենք գործողութեանը մասնակցել ենք միայն Հայաստանից աւելի քան 2000 ազատամարտիկներով` նոյնքան ուժ կազմ ու պատրաստ ունենալով հերթափոխի։

Սակայն, չնայած կարեւոր էր, մեր ուժերի շարունակական, կազմակերպւած ներկայութիւնը հարցը առաջին հերթին կարեւորւում էր հոգեբանական առումով։ Մինչ ռուսների հեռացումը Արցախից, ինչպէս արդէն ասացի, Շահումեանի եւ Բերդաձորի շրջաններից զատ, մենք բուն Արցախում բացէիբաց ներկայութիւն չէինք: Եւ քանի որ ռուսների հեռանալուց յետոյ անհրաժեշտ էր մենակ մնացած արցախցուն յոյս ներշնչել, մենք շատ լաւ պատրաստւած ու զինւած մի վաշտ ուղարկեցինք Ստեփանակերտ, որն անմիջապէս մասնակից դարձաւ Կրկժանի մարտերին: Այս վաշտի հիմքի վրայ ձեւաւորւեց Շուշիի առանձնակի գումարտակը, որը պատւով կատարեց Արցախի բանակի բոլոր յանձնարարութիւնները։

Այստեղ եւս կուզէի մի դէպք յիշել. մեր վաշտը մի քանի օր էր ժամանել Ստեփանակերտ, ես վայրէջք կատարեցի Քոլատակ կոչւող գիւղում եւ մի անծանօթ տեղացի վարորդի հետ շարունակեցի ճամփորդութիւնս դէպի Ստեփանակերտ: Ճանապարհին վարորդին հարցրի՝ ինչ կայ-չկայ, ոնց է ժողովուրդը: Վարորդը, որ ինձ չէր ճանաչում, ասաց. «Ախպե՛ր, հարց չկայ, լիբանանցի դաշնակները՝ մինչեւ ատամները զինւած, էնա Ստեփանակերտում են, էլ հարց չունենք»։ Իհարկէ, հարիւրից աւելի կռւողների մէջ մէկ լիբանանահայ կար, բայց տպաւորութիւնն էր, որ կարեւոր էր։

Խօսքս աւարտեմ մի յուշ եւս պատմելով, որն աւելի խօսուն կը դարձնի այդ օրերին Արցախում մեր շուրջ տիրող մթնոլորտը։

Շուշիի ազատագրումից որոշ ժամանակ առաջ մեր դասակներից մէկը հետախուզական աշխատանքների համար տեղակայւել էր Շուշիի թիկունքում գտնւող մի գիւղում: Նոր էին տղաները տեղաւորւում, ես եւս այնտեղ էի, երբ մի արցախցի տատիկ սկսեց անիծել մեզ, յետոյ դիմեց ինձ, թէ ինչու էք ուզում այս տղաներին տանել կոտորելու: Փորձեցի հանգստացնել՝ ասելով, թէ ինչու է մտածում, որ տղերքը պիտի կոտորւեն: Ձեռքն ուղղեց դէպի Շուշիի բարձունք եւ ասաց. «Դու գիտե՞ս` այնտեղ ովքեր են. ադրբեջանցի դաշնակները, նրանց յաղթել հնարաւոր չէ»։ Մոռացայ գաղտնապահութեան օրէնքները եւ ասացի. «Տատի՛, այս բոլոր տղերքը իսկական դաշնակցականներ են»։ Երբ լսեց տատին այս մասին, միանգամից փոխւեց, դէմքը խաչակնքեց, ձեռքերը խաչաձեւ դրեց կրծքին եւ ասաց. «Եթէ դաշնակցական էք, բան չունեմ ասելու»: Ու լուռ հեռացաւ։

 

«Դրօշակ», թիւ 5 (1639), մայիս, 2020 թ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։