Հա

Ազգային

09/05/2020 - 08:40

Շուշիի ազատագրմամբ փոխւեց արցախեան ազատամարտի ամբողջ ընթացքը. ՀՅԴ ներկայացուցիչները Եռաբլուրում յարգանքի տուրք մատուցեցին

Շուշիի ազատագրումը հայ զինւորի սխրանքի, կամքի, ոգու դրսեւորումն էր։ Շուշիի ազատագրմամբ փոխւեց արցախեան ազատամարտի ամբողջ ընթացքը, եւ նրանով սկզբնաւորւեցին մեր հետագայ յաղթանակները՝ Yerkir.am-ի փոխանցմամբ մայիսի 8-ին Եռաբլուր պանթէոնում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ մայիսեան յաղթանակների եւ, մասնաւորապէս, Շուշիի ազատագրման առիթով շնորհաւորելով հայ ժողովրդին։

«alikonline.ir» - Շուշիի ազատագրումը հայ զինւորի սխրանքի, կամքի, ոգու դրսեւորումն էր։ Շուշիի ազատագրմամբ փոխւեց արցախեան ազատամարտի ամբողջ ընթացքը, եւ նրանով սկզբնաւորւեցին մեր հետագայ յաղթանակները՝ Yerkir.am-ի փոխանցմամբ մայիսի 8-ին Եռաբլուր պանթէոնում յայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ մայիսեան յաղթանակների եւ, մասնաւորապէս, Շուշիի ազատագրման առիթով շնորհաւորելով հայ ժողովրդին։

Մայիսեան յաղթանակների, ի մասնաւորի՝ Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանութեան բանակի կազմաւորման ամեակների առիթով մայիսի 8-ին Եռաբլուր պանթէոն էին այցելել ՀՅԴ Բիւրոյի, Հայաստանի Գերագոյն մարմնի, ՀՅԴ ՀԳՄ-ի ազատամարտիկների յանձնախմբի, ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան մի շարք անդամներ, ովքեր ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին Արցախեան գոյապայքարում ընկած հերոսների շիրիմներին՝ յարգանքի տուրք մատուցելով նահատակների յիշատակին։ 

«Մենք այսօր Եռաբլուրում ենք եւ հաշւետու ենք իւրաքանչիւր ընկած հերոսի առջեւ։  Հաշւետու ենք մեր պահւածքով, մեր գործերով, մեր առօրեայով, որովհետեւ նրանք իրենց կեանքը նւիրաբերեցին մեր հայրենիքին, հայ ժողովրդի անվտանգութեան ապահովմանը, Հայաստանի այսօրւան եւ ապագային։ Մենք պէտք է վառ պահենք իրենց յիշատակը եւ շարունակենք իրենց կիսատ թողած գործը»,- նշեց Ի. Սաղաթելեանը։ 

Մեր սերունդը պէտք է դասեր քաղի Արցախեան ազատամարտից, պէտք է դաստիարակւի մեր հերոսների ոգով եւ շարունակի նրանց գործը՝ Ի. Սաղաթելեանի կարծիքն է, ով նշեց նաեւ՝  պէտք է յստակ ձեւակերպել՝ մենք Արցախում սակարկութիւնների հարց չունենք, զիջումները բացառւում են, եւ պէտք է զարգանանք՝ չզիջելով։ 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը անդրադարձաւ նաեւ ՌԴ ԱԳ նախարար Ս. Լաւրովի վերջին յայտարարութեանը՝ հայկական կողմի արձագանքն անբաւարար համարելով. «Մենք շատ յստակ յայտարարել ենք, որ պաշտօնական Երեւանի այն հաւաստիացումները, որ սեղանին չկայ փուլային կարգաւորման տարբերակ, մեզ վստահութիւն չեն ներշնչում։ ՀՀ վարչապետը բառախաղերի միջոցով այդ հարցի յստակ պատասխանը չտւեց, եւ մենք պահանջում ենք նրանից՝ յայտարարել, որ ՀՀ-ն երբեք չի քննարկելու հակամարտութեան կարգաւորման փուլային տարբերակը։ Այդ իմաստով յստակ չէր վարչապետի՝ մայիսի 7-ին ԱԺ-ում ունեցած ելոյթը։ Այնինչ՝ ՀՀ վարչապետը պէտք է շատ յստակ, ուղիղ եւ առանց բառախաղերի յայտարարի, որ մենք փուլային տարբերակ չենք քննարկում եւ չենք քննարկելու»։ 

Ի. Սաղաթելեանը նաեւ նշեց, որ իրենք մանրամասներին չեն տիրապետում, որպէսզի յստակ գնահատականներ հնչեցնեն բանակցային գործընթացի վերաբերեալ, բայց գիտակցում են, որ Արցախի շուրջ տեղի են ունենում գործընթացները պահանջում են ուժերի կրկնակի լարում, աւելի պատասխանատու եւ հետեւողական աշխատանք։ 

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչը անդրադարձաւ նաեւ նոյն օրը ՀՀ Ազգային ժողովում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայէլեանի հրահրմամբ տեղի ունեցած ծեծկռտուքին՝ այն որակելով որպէս անթոյլատրելի եւ դատապարտելի երեւոյթ։ 

«ԱԺ ընդդիմադիր խմբակցութեան ղեկավարի վրայ յարձակւել նման ոճով՝ պարզապէս անընդունելի է։ Եւ սա տեղի է ունենում այն օրը, երբ սրանից ուղիղ երկու տարի առաջ ընտրվւած այս իշխանութիւնը խօսում էր այդպիսի բարքերի դէմ։ Այդ իշխանութիւնն իբրեւ թէ եկել էր վերացնելու այդ բարքերը, որից տարիներ շարունակ հանրութիւնը դժգոհում էր։ Այսօր ապացուցւեց, որ այդ բարքերը ոչ միայն չեն վերացել, այլ գնալով խորացել են։ Սա մէկ անգամ եւս փաստում է, որ այսօրւայ իշխանութիւնները պատրաստ չեն լսելու այլ կարծիք, քննադատութիւն, եւ դրանով մենք վերադառնում ենք 1996 թւական»,- եզրափակեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։