Հա

Ազգային

09/05/2020 - 12:30

Շուշիում մեր յաղթանակն այսօր ըստ արժանւոյն չի գնահատւում

Շուշիի ազատագրումը Արցախի եւ Հայաստանի ֆիզիկական միաւորման տանող ճանապարհի բանալին էր: Այս մասին «Հայեացք Երեւանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«alikonline.ir» - Շուշիի ազատագրումը Արցախի եւ Հայաստանի ֆիզիկական միաւորման տանող ճանապարհի բանալին էր: Այս մասին «Հայեացք Երեւանից. Երկրագունդ» հաղորդման շրջանակներում ասել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

«Շուշին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի շարունակութիւնն էր, եւ մի պահ եթէ պատկերացնենք, որ չլինէր Շուշիի ազատագրումը, մենք այսօր այստեղ այս վիճակում չէինք լինի: Լաւ իմաստով՝ այս վիճակում: Առանց Շուշիի ազատագրման Ստեփանակերտի ժողովուրդն արդէն ծնկի գալու ընթացքի մէջ էր»,- ասել է նա:

Ըստ Մանոյեանի, հայ ժողովրդի հոգեվիճակի մէջ փոփոխութիւնը տեղի էր ունեցել արդէն նախքան յաղթանակը, նման քայլի գնալու վճառական որոշում կայացնելու պահին:

«Այդ յաղթանակը բերեց մեզ մօտ մի ինքնագիտակցութիւն, որ մենք ոչ միայն զոհ ենք եղել, այլ նաեւ փայլուն յաղթանակներ կարող ենք արձանագրել: Կարելի է ասել, որ Շուշին այդ բոլորի բանալին էր»,- ասել է նա:

Կիրօ Մանոյեանը նշել է, որ այսօր այս յաղթանակն ըստ արժանւոյն չի գնահատւում: «Կարծում եմ` ովքեր չեն ծառայել հայկական բանակում եւ այսօր քաղաքական պաշտօններ են զբաղեցնում, հաւանաբար, ճիշտ չեն գնահատում այն, ինչ տեղի ունեցաւ եւ այն, ինչ կարող է տեղի ունենալ»,- ասել է նա:

Անդրադառնալով Արցախեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին, նա խօսել է Հայաստանի իշխանութիւնների յայտարարած դիրքորոշման մասին: Ըստ նրա՝ գլխաւոր կէտը, որ բացակայում է այս իշխանութիւնների արցախեան քաղաքականութեան գծում, Արցախի անկախութեան ճանաչումն է եւ պայքարը միջազգային ճանաչման համար: Առաջին քայլն այս ուղղութեամբ, ըստ նրա, կարող է լինել Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը, որը դէ-իւրէ կամրագրի դէ-ֆակտօ առկայ իրավիճակը:

Մանոյեանն ընդգծել է, որ յաղթանակի գնահատման եւ երիտասարդների մօտ արժէքների ձեւաւորման տեսանկիւնից կարեւոր են նաեւ մայիսի 9-ի տօնակատարութիւնները եւ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Եռաբլուր այցելութիւնների բացարձակ արգելումը սխալ որոշում է: «Մայիսի 9-ի միջոցառումները հեռուստացոյցով անելը չի կարող փոխարինել զոհւածների շիրիմներին գնալուն ու յարգանքի տուրք մատուցելուն, որդի կորցրած ծնողներին ու հարազատներին տեսնելուն: Այս բոլորն այդ մթնոլորտը ստեղծելու խնդիր է, որը չկայ այս իշխանութեան մօտ»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։