Հա

Ազգային

18/05/2020 - 09:00

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան յայտարարութիւնը՝ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի շուրջ ծաւալւող զարգացումների շուրջ

Վերջին շրջանում Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի շուրջ ծաւալւող զարգացումներն արդարացիօրէն մտահոգութիւնների առիթ են տալիս:

Վերջին շրջանում Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի շուրջ ծաւալւող զարգացումներն արդարացիօրէն մտահոգութիւնների առիթ են տալիս:

1995 թ. հիմնադրւած եւ ՀՀ ԳԱԱ  համակարգում գիտահետազօտական կենտրոնի կարգավիճակ ունեցող Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը ՀՀ-ում գործող միակ թանգարան-ինստիտուտն է, որն ունի մեր եւ համաշխարհային պատմութեան ամենադատապարտելի էջերից մէկի մասին ամբողջական եւ համալրւող հաւաքածու՝ ներառելով Հայոց Ցեղասպանութեան զոհերի, վերապրողների անձնական փաստաթղթեր, լուսանկարներ, յուշային մասունքներ, յուշագրութիւններ:

Իր նշանակութեամբ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը ոչ միայն ռազմավարական նշանակութեան համազգային գիտական կենտրոն է, այլեւ մեր հաւաքական ապրումների, յիշատակների, արժանապատւութեան եւ ազգային-քաղաքական իրաւունքների պահպանման, պաշտպանութեան խորհրդանշան եւ կենտրոն միաժամանակ:

2018 թ. հոկտեմբերից Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրէն Յարութիւն Մարութեանի նշանակմամբ կառոյցում սկսւեցին գործընթացներ, որոնց հանրագումարն ու ընթացքը մտահոգիչ են:

2019 թ. տնօրէնը հանդէս է եկել հիմնական ֆոնդում կառուցւածքային փոփոխութիւններ անելու առաջարկութեամբ: 2020 թ. փետրւարին  ՀՑԹԻ Ֆոնդային գնահատող յանձնաժողովին ներկայացւած տնօրէնի առաջարկի համաձայն՝ հիմնական ֆոնդում գրանցւած նիւթերը (հիմնականում՝ Հայոց Ցեղասպանութեանն առնչւող պատմագիտական եւ աղբիւրագիտական նշանակութեան գրքեր, եզակի օրինակներ), համապատասխան ընթացակարգով հանւում են հիմնական ֆոնդից եւ ընդգրկւում նոր ձեւաւորւող գրադարանում, այդպիսով փոխելով դրանց իրաւական կարգավիճակը:

Ըստ այդմ, հիմնական ֆոնդից, որը 2019 թ. դրութեամբ կազմում է շուրջ 95.000 միաւոր,  դուրս է գալիս ընդհանուր առարկաների շուրջ 1/3-ը՝ շուրջ 36.000 միաւոր: Սա ՀՀ բոլոր թանգարանների պատմութեան մէջ չգրանցւած գործընթաց է: Ի դէպ,  գործող կարգը երբեք որեւէ  ուսումնասիրողների համար նիւթերի անհասանելիութեան խոչընդոտ չի հանդիսացել:

Ի՞նչ նպատակ է հետապնդում այս գործընթացը. սոյն հարցը արդարացիօրէն շրջանառւում է հանրութեան լայն շրջանակների կողմից եւ սպասում իր թափանցիկ, հրապարակային գնահատականին: Արդեօք սա չի՞ կարող նախադէպային լինել եւ հետագայում «ոչ համապատասխան առարկաներ» հիմնաւորումով դուրս չեն գրւի այլ նիւթեր:

Ինչո՞ւ է խախտւում թանգարան-ինստիտուտի հիմնական ֆոնդի անձեռնմխելիութիւնը, փոխարէնը սկսում է ակտիւանալ մարդկային սուբիեկտիւութեան գործօնը: Ի դէպ, այս սուբիեկտիւութեամբ էր պայմանաւորւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրւայ նախօրեակին հիմնական կարգախօսից «պահանջում եմ» բաղադրիչի դուրս մղման ամօթալի փորձը: Արդեօք սա մեր պատմութիւնը, պահանջատիրութեան քաղաքականութիւնը ռեւիզիայի ենթարկելու անթաքոյց մղում չէ՞:

Նոյնքան մտահոգիչ է մէկ այլ հանգամանք. ինչո՞ւ է մեր թանգարանային ֆոնդերի պահպանման չափանիշների մշակման կարեւոր գործին լծւել մի հասարակական կազմակերպութիւն՝ սնւող Բաց Հասարակութեան ինստիտուտ-օժանդակութեան հիմնադրամի կողմից, որի հետ տնօրէն Մարութեանի՝ այլ դրւագներով գործակցութիւնը եւս յայտնի է:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը, ելնելով վերոյիշեալից, յայտարարում է՝ գործ ունենք համահայկական տարողութեան, մեր պետականութեան անվտանգութեանն ու ազգային բաղադրիչին առնչւող իրողութեան հետ:

Մենք խստօրէն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Յ. Մարութեանի գործունէութիւնը, ինչն ակնյայտօրէն միտւած է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման փաստաթղթային վկայութիւնների վերացմանը, ազգային ինքնութեան, հոգեւոր արժէքների ոչնչացմանը եւ սպառնում է Հայաստանի պետականութեան անվտանգութեանը:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը չի՛ հանդուրժելու նման կասկածելի եւ անվտանգային առումով խիստ մտահոգիչ գործընթացների առկայութիւնը ՀՑԹԻ-ում եւ բոլոր հնարաւոր միջոցներով պայքարելու է այդ քաղաքականութեան դէմ։  

ՀՅԴ «Նիկոլ  Աղբալեան» ուսանողական միութիւն

Մայիս 17, 2020 թ.

ք. Երեւան

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։