Հա

Ազգային

18/05/2020 - 10:20

«Մինչեւ համավարակն էլ ակնյայտ էր, որ իշխանութեան համար հանրաքւէի դրական արդիւնք ապահովելը խնդիր է, հիմա, երբ հասունանում են դժգոհութիւններ, խուսափելու են հանրաքւէից». Իշխան Սաղաթելեան

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ ՍԴ հարցը խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու համար Վենետիկի յանձնաժողով դիմելու յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ:

«alikonline.ir» - Վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ ՍԴ հարցը խորհրդարանում մասնակի կամ ամբողջական լուծելու համար Վենետիկի յանձնաժողով դիմելու յայտարարութեան եւ այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի հետ:

 

- Պարո՛ն Սաղաթելեան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը երէկ ասուլիսին յայտարարեց, որ Վենետիկի յանձնաժողով են դիմել, եւ քննարկւում է ՍԴ հարցը որեւէ բանաձեւով՝ մասնակի կամ ամբողջական խորհրդարանում լուծելու հարցը: Ի՞նչ է իրենից ենթադրում մասնակի կամ ամբողջական լուծել ՍԴ հարցը խորհրդարանում:

- Սա ենթադրում է, որ իշխանութիւնը չի հրաժարւել Սահմանադրական դատարանը նւաճելու իր մտադրութիւնից եւ փնտրում է ելքեր՝ իր նպատակին հասնելու համար: Ինչպէս բազմիցս ենք համոզւել, այդ նպատակին հասնելու համար իշխանությունը պատրաստ է դիմել նոր ապօրինութիւնների:

 

- Կարծիք կայ՝ վարչապետը հանրաքւէ չի ցանկանում անցկացնել, քանի որ չի կարող անհրաժեշտ թւով կողմ ձայն հաւաքել հանրաքւէին եւ այդ պատճառով է գնացել արտակարգ դրութեան երկրացմանը: Հաւանական համարո՞ւմ էք այս տարբերակը:

- Ակնյայտ էր, որ մինչեւ համավարակն էլ հանրաքւէի՝ իրենց համար դրական արդիւքն ապահովելը արդէն իսկ խնդիր էր: Իսկ հիմա, երբ եւս մէկ անգամ փաստւեց, որ իշխանութիւնները յատկապէս հակաճգնաժամային իրավիճակում կառավարման ընդունակ չեն, եւ գնալով հասունանում են  հասարակական դժգոհութիւնները, այս իրավիճակում իշխանութիւնը, բնականաբար, խուսափելու է հանրաքւէից եւ փորձելու է գտնել այլ միջոցներ: Իշխանութեան հիմնական նպատակն է ունենալ սեփական խամաճիկ Սահմանադրական դատարան, եւ ամէն ինչ անում են՝ այդ նպատակին հասնելու համար:

 

- Իշխող ուժը հանրաքւէ անցկացնելու ԱԺ որոշումը չէր ուղարկել Վենտիկի յանձնաժողով, հիմա ինչը փոխւե՞ց ըստ Ձեզ, արդեօ՞ք այն, որ պատասխանատւութիւնը հանրաքւէով ընկնում էր ժողովրդի վրայ, իսկ հիմա մէկ այլ մարմին է պէտք՝ իրենց ապահովագրելու համար:

- Քանի որ իշխանութիւնների գործողութիւնների մէջ տրամաբանութիւն գտնելը շատ դժւար է, ես հիմա չեմ փորձում այդ տրամաբանութիւնը գտնել: Այո, սկզբում խորհրդարանի միջոցով էին ցանկանում հարցը լուծել, յետոյ որոշեցին հանրաքւէ անել, յետոյ ասում էին՝ սահմանադրական փոփոխութիւնները տեղի են ունենալու 3-4 տարի յետոյ, հիմա ասում են՝ միւս տարի տեղի կունենան: Այսինքն՝ ակնյայտ է, որ հերթական անգամ չեն կողմնորոշւում, որովհետեւ իրական դատական համակարգի եւ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու խնդիր իրենց առջեւ դրւած չէ. իրենք ունեն մէկ հիմնական նպատակ՝ ուժեղացնել իրենց իշխանութիւնը, եւ բոլոր գործողութիւնները տեղաւորւում են այս հիմնական նպատակից ելնելով: Հետեւաբար, անընդհատ ու նաեւ հաշւի առնելով իրենց մտաւոր, մանսագիտական եւ այլ կարողութիւնները, նաեւ իրավիճակից հախուռն բխող գործողութիւնները, յաճախ չեն կողմնորոշւում իրենց գործողութիւնների մէջ, դրա համար շատ դժւար է տրամաբանութիւն գտնել եւ մեկնաբանել իրենց քայլերի հերթականութիւնը:

Բացի այդ, ես չեմ կարծում որ Վենետիկի յանձնաժողովը կը միանայ իշխանութիւնների ապօրինութիւնների պատասխանատւութեանը, եւ ես չեմ կարծում, որ իրենք կարող են այս ապօրինութիւնը, որ ցանկանում են թոյլ տալ, ինչ-որ մէկի վրայ գցել, որովհետեւ այս բոլոր գործողութիւնների պատասխանատուն իրենք են:

 

- Վարչապետը յայտարարել է, որ քննարկւում է նաեւ Սահմանադրական դատարանի ինստիտուտը վերացնելու եւ Գերագոյն դատարան ունենալու հարցը: Դրա համար, սակայն, անհրաժեշտ են են մի շարք գործողութիւններ՝ սկսած նախաքննական, հետաքննական մարմիններից մինչեւ դատական բոլոր տեղերում պէտք է փոփոխութիւն արւի, սակայն այս ամէնը չկայ եւ միանգամից խօսւում է Գերագոյն դատարան ստեղծելու հարցը, սա ի՞նչ վտանգներ կարող է ունենալ:

- Ես հէնց սա էի ասում՝ տեսնելով իշխանութեան վերջին երկու տարւայ գործողութիւնները, կարող ենք փաստել, որ իրենք համակարգային, արմատական եւ որեւէ լուրջ բարեփոխում իրականացնելու պատրաստ չեն, տարրական հարցեր չկարողնաալով լուծել՝ գնալ նման գլոբալ փոփոխութեան, դրան ես չեմ հաւատում եւ չհաւատալու ամբողջ հիմքերն ունեմ: Իրենք պէտք է այստեղ անկեղծ լինեն եւ ասեն, որ իրենց պէտք է ընդամենը մէկ բան՝ սեփական խամաճիկ, իրենց որոշումներն անվերապահօրէն կատարող ՍԴ, եւ դրան հասնելու համար ինչ անուն ասես՝ կը յօրինեն, ինչ նպատակ ասես՝ կը դնեն դրա տակ, իրենց ուզածին հասնելու համար: Իրենց խորքային նպատակը իսկական իրաւական արդիւնաւէտ դատական համակարգ ունենալը չէ, իրական նպատակը սեփական դատական համակարգ ունենալն է, եւ դրա անունը կը դնեն Գերագոյն դատարան կամ մէկ այլ բան, սա արդէն կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ մենք չպէտք է թոյլ տանք, որ իշխանութիւնը ապօրինի, հակասահմանադրական քայլերի միջոցով ամբողջ դատական, իրաւական համակարգը ձեւախեղի, աղաւաղի՝ յանուն իր իշխանութեան ամրապնդման: Իսկ թէ ինչպէս պէտք է թոյլ չտալ, դրա համար կան գործիքակազմեր, կան ընդդիմադիր քաղաքական ուժեր, անհատներ, գործիչներ եւ վերջապէս ամենակարեւորը՝ ժողովուրդ, որն արդէն շատ պարզ գնահատում է իրավիճակը եւ հասկանում է իշխանութեան գործողութիւնների իրական նպատակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։