Կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած իրավիճակի, դրա տնտեսական հետեւանքների, նոր մարտահրաւէրների յաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպութիւնների, տարբեր ոլորտների մասնագէտների հետ:
«alikonline.ir» - Կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած իրավիճակի, դրա տնտեսական հետեւանքների, նոր մարտահրաւէրների յաղթահարման ուղիների քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը հանդիպումների շարք է նախաձեռնել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպութիւնների, տարբեր ոլորտների մասնագէտների հետ: Գրում է Yerkir.am-ը:
Այս շրջանակում նախագահ Սարգսեանն երէկ հանդիպում է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանի եւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանի հետ: Հանդիպմանն անդրադարձ է կատարւել համավարակի հետեւանքով ստեղծւած իրավիճակին, տնտեսական դժւարութիւններին, դրանց յաղթահարման հնարաւորութիւններին եւ ուղիներին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս մարտահարւէրը հնարաւոր է յաղթահարել միայն ուժերի համախմբման միջոցով: ՀՅԴ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց տեսլականն իրավիճակը յաղթահարելու հնարաւոր ճանապարհների մասին: Մտքեր են փոխանակւել նաեւ երկրի ներքին եւ արտաքին խնդիրների վերաբերեալ, ինչպէս նաեւ անդրադարձ է եղել համազգային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, այդ շրջանակում անցկացւած եւ նախատեսւող, այդ թւում՝ Հայոց Ցեղասպանութեան 105-րդ տարելիցին, Սեւրի դաշնագրի կնքման 100-ամեակի եւ Առաջին Հանրապետութեան առաջիկայ տարեդարձին նւիրւած միջոցառումների շուրջ:
Հայաստանի Հանրապետութեան նախագահին տեղեկութիւններ են ներկայացւել ՀՅԴ ծրագրած մի շարք միջոցառումների մասին, որոնք, համավարակով պայմանաւորւած, ժամանակաւորապէս յետաձգւել են: Անդրադարձ է եղել նաեւ նախագահ Սարգսեանի առաջարկած Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման նախաձեռնութեանը:
Հիւրերը ողջունելի են համարել համահայկական նշանակութեան այս նախաձեռնութիւնը, որն ուղղւած է ազգային միասնականութեան ապահւմանը: