Հա

Ազգային

21/05/2020 - 18:50

Թատրո՞ն, թէ կեանք

Ի՞նչ է Թատրոնը: Կարելի է բանաձեւել այսպէս. թատրոնը կեանքից վերցւած, իրավիճակների ներկայացում է դերասանների կամ տիկնիկների միջոցով: Թատրոնի մեծ տեսաբան Կ. Ստանիսլաւսկին նաեւ այսպէս է բնութագրում. թատրոնը սուտ է, որ խաղարկւում է դերասանների եւ հանդիսականի փոխադարձ համաձայնութեամբ:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Ի՞նչ է Թատրոնը: Կարելի է բանաձեւել այսպէս. թատրոնը կեանքից վերցւած, իրավիճակների ներկայացում է դերասանների կամ տիկնիկների միջոցով: Թատրոնի մեծ տեսաբան Կ. Ստանիսլաւսկին նաեւ այսպէս է բնութագրում. թատրոնը սուտ է, որ խաղարկւում է դերասանների եւ հանդիսականի փոխադարձ համաձայնութեամբ: Այսինքն նախապէս, առանց նոյնիսկ իրար հանդիպելու, տեղի է ունենում փոխպայմանաւորւածութիւն, որ դերասանները իբրեւ թէ իրական կեանքը կը պատկերեն բեմի վրայ կամ առանձնացւած այլ հարթակում, իսկ հանդիսականը, կը տրամադրւի այդ կեղծիքը ընդունելու, որպէս ճշմարտութիւն: Օրինակ հայ հանդիսականը գալիս է Երեւանի ծանօթ մի թատրոն եւ տեսնում է, որ բեմի վրայ դրւած են դեկորացիաներ ու զանազան իրեր, իբրեւ թէ դա ոչ թէ բեմ է, այլ իտալական միջնադարեան Վերոնա քաղաքը, իսկ այլ բեմադրութիւններից ու ֆիլմերից ծանօթ դերասանները էժանագին փայլփլուն հագուստներով ու կեղծ ակնեղէնով զուգւած բեմ են դուրս գալիս, որպէս միջնադարեան Վերոնայի ազնւականներ եւ ներկայացնում են մի ողբերգական սիրոյ պատմութիւն: Հանդիսականը այդ մէկուկէս-երկու ժամում ամբողջովին ընկղմւում է բեմադրւած ստի մէջ, տանջւում-տառապում է խեղճ Ռոմէոյի ու Ջուլիետի դժբախտ սիրոյ համար: Որովհետեւ, ինչպէս ասացի, կողմերը պայմանաւորւել են, որ մէկը կը խաբի, իսկ միւսը նրա կեղծիքը կընդունի որպէս ճշմարտութիւն: Թատրոնը լաւ բան է, սակայն լաւ է բեմի համար, երբ բոլորը գիտեն, որ տեղի ունեցողը հաճելի եւ կարճատեւ ժամանց է: Թատերական ներկայացումը, սակայն իսկական դրամա է կամ ողբերգութիւն, եթէ խաղում են իրական կեանքում եւ հասարակութիւնը հանդիսականի դերի մէջ մտած, որպէս ճշմարտութիւն է ընդունոմ հրամցւող սուտը:

Երբ անդրադառնում ես այն ամէնին ինչը որ արդէն երկու տարի տեղի է ունենում Հայաստանում, այնպիսի տպաւորութիւն է, թէ մեր կեանք է ներխուժել դերասանական մի թափառախումբ, վարժ պրեմիեր դերասանի գլխաւորութեամբ, վարժ բեմադրւած ինչ որ ներկայացում է խաղում, բեմադրութեան մէջ ներքաշելով ժողովուրդ-հանդիսականին, որն էլ հալած իւղի տեղ է ընդունում ասւած ու ցուցադրւած ամէն բան:

Այդ շարքում առաջին սուտն այն է, թէ իբր Հայաստանում տեղի է ունեցել յեղափոխութիւն: Յեղափոխութիւն նշանակում է արմատական փոփոխութիւն, աւելի ճիշտ վերափոխութիւն եւ առաջին հերթին կապւում է արժեքային փոփոխութիւնների հետ: Մէկը կարո՞ղ է ասել, թէ արժէքային ինչ փոփոխութիւններ են տեղի ունեցել Հայաստանում, եթէ իհարկէ ազգային արժէք չհամարենք Նիկոլ Փաշինեանին եւ իր թիմակիցներին, ովքեր փոխարինել են Սերժ Սարգսեանին եւ նրա գործակիցներին: Անկախ Հայաստանի առաջին իշխանութիւնն, օրինակ, խորշում էր յեղափոխութիւն բառից, որովհետեւ այդ բառը յիշեցնում էր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մասին, բայց այն ինչ կատարւեց մեզանում անցած դարի 80-ականների վերջին եւ 90-ականների սկզբին իսկական յեղափոխութիւն էր: Տեղի ունեցաւ ողջ հասարակական կարգի, տնտեսական կացութաձեւի եւ արժէքների փոփոխութիւն: Այդ ամէնը համահանունչ էր փլուզւող կայսրութիւնում եւ կոմունիստական հսկայ ճամբարում տեղի ունեցող փոփոխութիւնների հետ: Այդ մասին գրւեցին հարիւրաւոր տեսական բնոյթի աշխատութիւններ ու հարիւր հազարաւոր յօդւածներ: Հիմա, երբ արդէն Հայաստանի բարձրագոյն իշխանութեան բեմերում վիճում են, թէ ով է յեղափոխական ով՝ ոչ, նրանցից մէկը կարո՞ղ է ասել, թէ ինչ վերափոխումներ ու արժէքներ է բերել այդ յեղափոխութիւնը, կա՞յ գրւած թէկուզ մէկ տող, որ կարդանք ու լուսաւորւենք, թէ պարտաւոր ենք հաւատալ շարժման գլխաւոր դերակատարի հաւաստիացումներին:

Ձայնակցելով իրադարձութիւնների դերակատարներին յանկարծ շատերն սկսեցին գոռալ, թէ մեզ ճնշում, կեղեքում, սպանում էին, իսկ Նիկոլը եկաւ ու ազատագրեց ազգին, վերջապէս ճաշակեցինք ազատութեան ու ժողովրդավարութեան բարիքը: Ուզում եմ հարցնել, իսկապէ՞ս կեանքն այդքան դաժան էր ու ժողովուրդը ստրկական վիճակում էր «նախայեղափոխական» Հայաստանում:

Այդ դէպքում ինչպէ՞ս էր, որ լրատւամիջոցները քննադատում էին այդքան ազատօրէն, որոշներն էլ հայհոյում էին սանձարձակութեան աստիճանի: Քննադատում էին հրապարակներում, տարբեր մակարդակի ժողովներում, խորհրդարանում եւ այլն: Սերժ Սարգսեանի ղեկավարման գրեթէ ողջ շրջանում տեղի են ունեցել ընդդիմադիրների բողոքի գործողութիւններ, փակւել են փողոցներ, կաթւածահար է եղել բնականոն կեանքը, զինւած խումբը գրաւեց ոստիկանութեան ռազմականացւած հաստատութիւնը, սպանւեցին երեք ոստիկաններ, երկու շաբաթ զինւած մարդիկ իրենց ձեռքում պահեցին գրաւած օբիեկտը յետոյ հանգիստ հեռացան: Կարելի՞ է նման բան երեւակայել այսօրւայ Հայաստանում:

Կարելի՞ է երեւակայել որ այսօրւայ Հայաստանում կամ ցանկացած այլ երկրում ցուցարարների ղեկավարի կոչով կը շրջափակւի ու կաթւածահար կարւի երկրի գործադիր իշխանութեան գործունէութիւնը, ցուցարարները կը ներխուժեն յատուկ պաշտպանութեան տակ գտնւող հաստատութիւններ, իսկ անչափահասներին հրապարակայնօրէն կոչ կարւի ներգրաււելու ներքաղաքական յորձանուտների մէջ: Իշխանութիւնները ցանկացած միջոցներով չե՞ն կանխի այս երեւոյթը եւ բանտերը չե՞ն լցնի կազմակերպիչներին: Յիշենք նաեւ, թէ Փաշինեանի իշխանութիւնն ինչպէս է ի սկզբանէ արձագանքել բողոքի ամէն մի դրսեւորման, յիշենք Իջեւանի դէպքերը, Դաշնակցութեան երիտասարդութեան դէմ հանւած ոստիկանների բանակը: Իսկ փաշինեանական ոստիկանութիւնը խիստ հանդուրժող է եղել միայն մէկ դէպքում, երբ ԼԳՏԲ-ականները խուժեցին ոստիկանութիւն, հարւածեցին ոստիկաններին, թքեցին նրանց վրայ:

Գուցէ Սերժ Սարգսեանին արժէ մեղադրել անգործութեան եւ ամենաթողութեա՞ն համար: Ի վերջոյ յիշո՞ւմ ենք, որ նախկինների օրօք գոյութիւն ունէին սոցցանցերը եւ, ոստիկանների, կամ իշխանութեան այլ ներկայացուցիչների ցանկացած կոշտ գործողութիւն ընդվզման ալիք էր բարձրացնում եւ իշխանութիւնը գրեթէ բոլոր դէպքերում պարտաւորւած էր լինում արձագանքելու, շատ դէպքերում հէնց երկրի առաջին դէմքն էր խոստովանում, որ իշխանութիւնների նախաձեռնութիւնը սխալ է եղել եւ այն կասեցւում էր: Այնուամենայնիւ կարելի՞ է ասել, որ Հայաստանում լիարժէք ժողովրդավարութիւն էր Սերժ Սարգսեանի օրօք: Կարծում եմ, որ ոչ, որովհետեւ մասնաւորապէս դատարաններում ու առհասարակ արդարադատութեան եւ կառավարման համակարգերում կոռուպցիան շարունակում էր իշխել, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը անհաւասար վիճակի մէջ էին տնտեսական հնարաւորութիւնների առումով եւ այլն: Որքանո՞վ էր երկիրը ժողովրդավար եւ որ հարցերում էին ազատութիւնները կաշկանդւած: Եթէ ուղիղ չնայենք ճշմարտութեան աչքերին եւ չմատնանշենք իրական խոցերը կը նշանակի, որ մենք մեզ դատապարտում ենք ինքնախաբէութեան, ինչպէս թատրոնում:

Ի դէպ կարող է մեկնաբանւել, թէ փորձ է արւում նախկին իշխանութիւններին պաշտպանել, բայց նման բան այսօր նոյնիսկ իրենք չեն անում: Այնուամենայնիւ լաւի ու վատի համեմատութեան համար, ուզենք թէ չուզենք, ճշմարտօրէն պէտք է գնահատենք ոչ միայն ներկան, այլեւ անցեալը, քանի որ ներկայ իշխանութիւնը համատարած ձախողումների համար ինքնարդարացման աւելի լաւ մեթոդ չգիտի, քան համեմատութիւնը նախկինի հետ:

Ժողովրդավարութեան հետ ուղղակիօրէն ածանցւում է սիրոյ եւ համերաշխութեան թեման, որը դրոշ դարձրած Փաշինեանը եկաւ իշխանութեան եւ այդ մասին յիշում է, երբ հերթական անգամ անհրաժեշտ է սիրաշահել ժողովրդին: Նիկոլ Փաշինեանը իշխանութեան գալու օրւանից հայ ժողովրդին պառակտել է յեղափոխականների ու հակայեղափոխականների, սեւերի ու սպիտակների թշնամական բանակների: Երբեւէ եղե՞լ է եւ կարելի էր պատկերացնել, որ կարող է լինել այսքան շատ ու այսքան բացայայտ ատելութիւն հայի ու հայի միջեւ, երբ առնւազն բացայայտօրէն գործընթացներին մասնակից չէ օտար թշնամին: Կարելի՞ էր պատկերացնել, որ մեծ ու փոքրը, անգամ ուսուցիչ կոչեցեալը Նիկոլին քննադատողներին ընտանիքներով մորթելու կոչ կանեն: Կարելի՞ էր պատկերացնել, որ սոցիալական հրապարակային հարթակներում հայ կինը կը հայհոյի հարբած նաւաստու պէս: Կարելի՞ էր երեւակայել, որ ժողովրդական աջակցութեան եւ քաղաքական ուժերի համաձայնութեան պայմաններում, սիրոյ կարգախօսերով իշխանութեան եկած ուժը առաջին իսկ օրերից կը ստեղծի այս ու այնտեղ գործող կեղծ օգտատէրերի խմբեր, որոնց ամենօրեայ աշխատանքն է ամենակեղտոտ հայհոյանքներով անմիջապէս արձագանքել Փաշինեանին քննադատողներին, եւ լռել ստիպել:

Միաժամանակ երջանիկ ձեւանալ ինքնաներշնչումով, թէ իշխանութիւնը բերել է միասնականութեան ու համազգային համերաշխութեան մթնոլորտ: Մանաւանդ երբ այդ մթնոլորտի հիմնական բորբոքողը նոյն գլխաւոր դերակատարն է՝ փողոցային խուժանի բառապաշարով:

Կարելի՞ էր ենթադրել, որ թատրոնի վերածւած մեր կեանքում գլխաւոր դերակատարը, բեմի օրէնքներով, պիտի թելադրի ատել սրան ու նրան: Նաեւ ատել ու հրապարակայնօրէն հայհոյել նրանց, ովքեր չեն ցանկանում ատել եւ դատաստան պահանջել նրանց նկատմամբ ում նկատմամբ նոյնին է ձգտում պրեմիեր դերասանը: Եւ խանդավառութիւնից մթագնած մարդիկ, այս անգամ որպէս թատերականացւած գլադիատորական մարտի հանդիսականներ պիտի պահանջեն սնանկացնել, բանտարկել, ոչնչացնել՝ ընտանիքների հետ միասին: Այդ ինչպէ՞ս եղաւ, որ մինչեւ Նիկոլի հարթակ բարձրանալը նոյն մարդկանց նկատմամբ չկար նոյն չարութիւնն ու հաշւեյարդարի ցանկութիւնը:

Հայաստանի նախկին իշխանութիւնները, Լեւոն Տէր-Պետրոսեանից յետոյ վատն են եղել: Թալանը կոռուպցիան, հայրենիք ծախելը նոյնպէս եղել են Լեւոն Տէր-Պետրոսեանից յետոյ, ինչպէս, որ պարզւեց Փաշինեանի իշխանութեան օրօք եւ հետեւորդները ատելով ըստ յանձնարարութեան, ոչ մի վերաբերմունք չեն արտայայտում նրանց նկատմամբ ում ատել ու հայհոյել են գրեթէ երեք տասնամեակ:

Հետաքրքիր է, իսկ ովքե՞ր էին ընտրում ժողովրդի թշնամի այդ վատ իշխանութիւններին: Գուցէ դարձեալ խաբենք մեզ, թէ ոչ ոք չի՞ ընտրել, իրե՞նք են իրենց են դարձրել ղեկավարներ, խորհրդարան, տեղական իշխանութիւն եւ այլն: Եթէ հարցնեմ, թէ այն ժամանակ բաժանւո՞ւմ էր արդեօք ընտրակաշառք հաւանաբար բացարձակ մեծամասնութիւնը կասի որ այո եւ շատ-շատ: Այդ դէպքում ովքե՞ր էին վերցնում այդ ընտրակաշառքը: Ովքե՞ր էին հերթեր առաջացնում ընտրատեղամասերի առջեւ եւ ում էին ընտրում, ովքե՞ր էին նստում շէնքերի առջեւ սպասող երթուղային եւ այլ տաքսիները, գնում ընտրական տեղամասեր եւ նոյն ձեւով վերադառնում: Հայ մարդի՞կ, թէ այլմոլորակայինները: Եւ եթէ իշխանութիւններն իրենք կարող էին իրենց ընտրութիւնների արդիւնքները ապահովել այդ դէպում ինչի՞ համար էին կաշառքը, խնամի-ծանօթ-բարեկամի միջնորդութիւնը, համատիրութիւնների աշխատողներից էլեկտրիկներ, գիւղապետեր եւ մինչեւ նախարարներ միջնորդութիւնները եւ այլն: Յեղափոխութեան թոհուբոհում ծնւածներից բացի մնացածը յիշո՞ւմ են, թէ ինչպէս էին ամէնուր դիմաւորում նախորդ իշխանութեան առաջնորդներին, իշխանափոխութիւնից մօտ մէկ տարի կամ քիչ աւել ժամանակ առաջ: Երեւանցիներն ինչ խանդավառութեամբ ընտրեցին քաղաքապետ Տարօն Մարգարեանին եւ այլն: Գուցէ չի՞ եղել այս ամէնը:

Վերջին մտքերից յետոյ ընթերցողին կարող է թւալ, թէ շեղւեցի սկզբնական ասելիքից եւ հիմա ուրիշ ուղղութեամբ եմ գնում: Պատասխանեմ, որ չեմ շեղւել, ասելիքս սկսել եմ դերասանի եւ հանդիսականի համատեղ խաղից եւ հիմա ցանկանում եմ փաստել, որ եթէ հանդիսականը կամ հանդիսատեսի վերածւած ժողովուրդը չի ցանկանում հաւատալ կեղծիքին ու ստին, ապա հնարաւոր չէ այդ բանը ստիպել նրան: Հետեւաբար եւ կեանքում փորձարկւող բեմադրութիւնների համար հասարակութիւնը ունի իր բաժին, շատ որոշակի պատասխանատւութիւնը: Կոմունիստներին ճանապարհելու ժամանակներից մեր երկրում տեղի է ունենում ընտրութիւն դէմի սկզբունքով: Ընտրութիւն, որի նախընտրական ծրագիրը լինում է ատելութիւնն ու մերժումը: Իսկ, ինչպէս յայտնի է, ատելութիւնն ու մերժումը բանականի ու ռացիոնալի ընտրութիւն չեն: Երկու տարի առաջ բազմաթիւ մարդիկ ասում էին, թէ օրւայ իշխանութիւնը թող գնայ յետոյ ինչ ուզում է՝ թող լինի: Այդպէս կարելի է կապել աչքերը եւ նետւել անդունդը մերժելով յետեւում եղած ամէն ինչ եւ բնականաբար շատ չանցած հետեւում է զղջումը, ինչպէս եղաւ ԼՏՊ-ից յետոյ, ինչպէս ընթանում է Նիկոլի մերժման գործընթացը:

Երկարացնելով ասելիքը ցանկանում եմ անդրադառնալ մէկ օրինակի: Նիկոլ Փաշինեանը վերաբացեց մարտի մէկի գործը, որպէսզի կարողանայ ձեռքում ունենալ պատժիչ գործիք եւ առաջին հերթին մեկուսացնի Ռոբերտ Քոչարեանին:

Հակառակորդի եւ հակառակորդների չէզոքացման համար իր թիկունքում մարտի մէկի նահատակների հարազատների ֆիզիկական եւ մանաւանդ զգացմունքային աջակցութիւնը ունենալու համար նա վերջիններիս, որպէս փոխհատուցում պետական բիւջէից յատկացրեց 30 մլն. ական դրամ: Ես համոզւած եմ, որ երիտասարդ տղամարդկանց կորցրած ընտանիքները իրաւամբ արժանի էին այդ գումարին, եւ չեմ մեղադրում այդ մարդկանց տւեալ դրամը ստանալու համար, բայց ես նոյն չափով համոզւած եմ, որ ոչ պակաս չափով աջակցութեան արժանի էին նաեւ մայրաքաղաքի ռազմականացւած կառոյցը զինւած ներխուժողներից պաշտպանելու ժամանակ նահատակւած ոստիկանների հարազատները: Ինչո՞ւ օրինակ նրանք չստացան նման մի փոխհատուցում եթէ Փաշինեանի միտքը ծուռ չէր: Կարելի էր յիշել նաեւ քառօրեայ պատերազմի եւ այլ նահատակների:

Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ Ռոբերտ Քոչարեանը սպանել է տւել մարտի մէկի-երկուսի տասը զոհերին եւ հանդիսականը համաձայնութեան բացականչութիւններ արձակեց: Երկրպագուների այդ բանակից ոչ ոք չցանկացաւ հարցնել, իսկ ո՞վ եւ ո՞ւմ վերին գիտութեամբ բոլոր այդ մարդկանց տարաւ բախման «վատ» ոստիկանութեան հետ, դրանով սադրեց Երեւանի կենտրոնի լայնամասշտաբ անկարգութիւնները, հրկիզումները, թալանը ոստիկանի ու զինւորի ու միւսների սպանութիւնը եւ այլն: Չէ՞ որ մարտի մէկի կէսօրին իշխանութիւնը ընդդիմութեան ներկայացուցիչների հետ համաձայնւեց Մատենադարանի մօտ ցոյցերի շարունակմանը: Ով ում մօտից եկաւ, մերժեց ձեռք բերւած պայամանւորւածութիւնները եւ հրահանգեց նախապատրաստւել՝ կառուցելով բարիկադներ եւ պատնէշներ, հաւաքելով քարեր, փայտեր եւ այլ իրեր, իսկ ձեռքի տակ արդէն կային դեռ օրեր ու շաբաթներ առաջ մետաղէ սրւած ամրաններից պատրաստւած «ոզնիներ», երկաթաձողեր, կոկտէյլ մոլոտովներ եւ այլ տեսակի պայթուցիչներ եւ այլն: Եղե՞լ է այս ամէնը, թէ Նիկոլ Փաշինեանը հրամայել է չհաւատալ:

Մեր հասարակութիւնը հլու հանդիսակա՞ն է ում ինչ եւ ինչպէս մատուցեն պէտք է ընդունի որպէս վերին ճշմարտութիւն, թէ՞ քաղաքակրթութեան պատմական ճանապարհ անցած ժողովուրդ է՝ ազգ է:

Այս նիւթը գրելիս ես ցանկանում էի կիսւել հայ մարդկանց հետ այն մասին, որ այսպէս չի կարելի շարունակել:

Մեզանում ոչ թէ գաղափարի ու ծրագրի, այլ ատելութեան մրցակցութիւն է: Մօտ ապագայում Հայաստանում շարունակելու է շիկանալ հիասթափութեան մթնոլորտը այսօրւայ իշխանութեան նկատմամբ եւ հաւանաբար ժողովուրդը կրկին կը հետեւի ամենակոշտ ու ամենակրքոտ հայհոյողներին: Վաղւայ օրւայ եւ ապագայի մտահոգութիւնը թելադրում է, որ մենք դադարենք լինել խաբկանքի ենթակայ հանդիսական: Աշխարհը, մեզ հետ մեկնարկային նոյն կէտից ճանապարհ ընկածները այսօր բոլորովին ուրիշ տեղ են, քամահրանքով են նայում մեզ, որպէս անկիրթ ու ինքն իրեն յօշոտող զանգւածի, իսկ մենք դեռ խճճւած ենք գծուծ հաշիւների ու փոխյարաբերութիւնների սարդոստայնում: Եւ թոյլ եմ տալիս ասելու, որ այս բալագանային ներկայացման համար մեղաւոր են բոլորը՝ դերասանները, երկրպագուները, քաղքենին, ով պատւից ցածր է համարում բնակարանից դուրս գալ եւ քաղաքացիական պարտք կատարել ընտրութեան միջոցով, բայց յետոյ, լուռ ու մունջ վզակոթին ուտում է նոյն հարւածները, ինչ որ մնացածը, Նիկոլ Փաշինեանի «գաղափարական» հովանաւորները, ում համար միեւնոյն էր Նիկոլը կը գայ, թէ Պօղոսը, բայց առիթն օգտագործեցին, անցանկալիներին ու մրցակիցներին սեւացնելու նրանց դէմ կեղտոտ պայքար ծաւալելու համար, ինչպէս եւ միւս բոլորը, ովքեր կարող են համբերութեամբ հետեւել, թէ ինչպէս է քայքայւում հայոց պետականութիւնը:

Ժամանակն է մերժելու այս թատրոնը:

Arfd.am

Յարակից լուրեր

  • Վահան Յովհաննիսեանի կեանքի վէպը
    Վահան Յովհաննիսեանի կեանքի վէպը

    Երբ ամէն անգամ տարին եւ մէկ պտոյտ է կատարում, օգոստոսի 16-ին, ես յիշում եմ 96 թւականի նոյն այս օրը: Այդ օրը լրանում էր Վահան Յովհաննիսեանի 40-ամեակը եւ այդ առթիւ, նախագահական ընդդիմադիր թեկնածուները այցելեցին դատարան՝ նախագահի թեկնածու Վահան Յովհաննիսեանի տարեդարձը շնորհաւորելու: Փաստօրէն ընդդիմադիր դաշինք կազմած թեկնածուների եւ նրանց ներկայացնող քաղաքական ուժերի առաջին հրապարակային գործողութիւնն էր սա՝ մի քիչ արտառոց, մի քիչ համարձակ եւ անկասկած խորքում իշխանութեան դէմ մարտահրաւէր պարունակող:

  • Երկխօսութեան պայմանը առողջ բանականութիւնն է
    Երկխօսութեան պայմանը առողջ բանականութիւնն է

    Այս օրերին, երբ մեր երկիրը ներքաղաքական լարւածութեան մէջ է` մեր շուրջն ու մեզ հետ տեղի ունեցող իրադարձութիւնների պատճառով, ոմանք շարունակում են Դաշնակցութեան դէմ նոյն երգը երգել Ռոբերտ Քոչարեան եւ Սերժ Սարգսեան նախագահների հետ համագործակցութեան մասին: Հրատապ նշանակութի՞ւն ունի այսօր այդ հարցը, իհարկէ ոչ, բայց չեմ կարծում, թէ մարդիկ չգիտեն ինչ են անում:

  • Վկան` Մայիսի 28-ը
    Վկան` Մայիսի 28-ը

    Անվիճարկելի պէտք է համարել փաստը, որ 1918 թւականի մայիսի 30-ին Հայաստանի անկախութեան յայտարարութեան ընդունումը նախ եւ առաջ ուղղակի արդիւնքն է մայիսեան հերոսամարտերի: Այսինքն եթէ չլինէին այդ յաղթանակները, Թիֆլիսի Հայոց ազգային կենտրոնական խորհրդի որեւէ յայտարարութիւն աւելին չէր արժենայ քան այն թուղթը, որի վրայ տւեալ յայտարարութիւնը գրւել էր: 

  • «Ճանաչո՞ւմ էք որեւէ թուրքի, ով համաձայն է հայութեան հողային կորստի չնչին իսկ չափով փոխհատուցման». Ա. Շահբազեան
    «Ճանաչո՞ւմ էք որեւէ թուրքի, ով համաձայն է հայութեան հողային կորստի չնչին իսկ չափով փոխհատուցման». Ա. Շահբազեան

    ՀՅԴ անդամ Արտաշէս Շահբազեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

  • Համաճարակւածները
    Համաճարակւածները

    Ամենահաս համաճարակը բացայայտում է ժամանակակից աշխարհի իրական էութիւնը: Ամէնից առաջ ակնառու է դառնում, թէ որքան փոքրացած է աշխարհը եւ փոխկապակցւած: Եթէ ամազոնեան անտառների եւ Աւստրալիա մայրցամաքի հրդեհները բաւարար չէին համոզւելու համար, որ մեծ աղէտները երկրագնդի որ անկիւնն էլ պատուհասեն, ուղղակիօրէն առնչւում են մեզ, ապա նորայայտ գրիպը ամերիկեան ֆանտաստիկ ֆիլմի աշխարհակործան հրէշի պէս փաստում է մարդկութեան շաղկապւածութիւնը ճակատագրով:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։