Հա

Ազգային

28/05/2020 - 17:30

Օրւայ հրամայականն է՝ առաջնորդւել նրանց կերտած արժէքներով. ՀՅԴ-ն նշում է Մայիսի 28-ը

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում «իրեն յայտարարեց Անդրկովկասի հայկական գաւառների գերագոյն եւ միակ իշխանութիւն»: Արեւելեան Հայաստանի վերջին կտորների վրայ ապրող հայութեանը ոչնչացնելու եւ, դրանով իսկ, հայոց քաղաքակրթութիւնը սեփական հայրենիքում բնաջնջելու եկած թուրքական կանոնաւոր բանակին յետ մղելով, հայ ժողովուրդը հնարաւորութիւն ունեցաւ հայրենիքի մի փոքրիկ բեկորի վրայ ստեղծելու պետականութիւն:

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում «իրեն յայտարարեց Անդրկովկասի հայկական գաւառների գերագոյն եւ միակ իշխանութիւն»: Արեւելեան Հայաստանի վերջին կտորների վրայ ապրող հայութեանը ոչնչացնելու եւ, դրանով իսկ, հայոց քաղաքակրթութիւնը սեփական հայրենիքում բնաջնջելու եկած թուրքական կանոնաւոր բանակին յետ մղելով, հայ ժողովուրդը հնարաւորութիւն ունեցաւ հայրենիքի մի փոքրիկ բեկորի վրայ ստեղծելու պետականութիւն: Եւ ծնւեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, իսկ Մայիսի 28-ը դարձաւ հայոց պետականութեան վերածննդի խորհրդանիշը: 

Համավարակի վտանգներով պայմանաւորւած՝ 2020 թ. տօնական լայնամասշտաբ միջոցառումներ չեն անցկացւի, կարգելւի տրանսպորտային միջոցների եւ քաղաքացիների մուտքը Սարդարապատի յուշահամալիր: 

ՀՅԴ Բիւրոյի, Հայաստանի Գերագոյն մարմնի, Երեւանի Քաղաքային կոմիտէի եւ վարչական շրջանների կոմիտէութիւնների անդամները Մայիսի 28-ի առիթով այցելեցին Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի եւ քաղաքական, ռազմական ու պետական գործիչ Գարեգին Նժդեհի յուշարձաններին։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը լրագրողների հետ զրոյցում ընդգծեց, որ այս օրը ոչ միայն Դաշնակցութեան, այլեւ բովանդակ հայ ժողովրդի համար ունի կարեւոր եւ պատմական նշանակութիւն։

«Չնայած Հայաստանի Առաջին Հանրապետութեան գոյութիւնը կարճ տեւեց՝ ընդամենը 30 ամիս, բայց նրա դերը եւ նշանակութիւնը շրջադարձային է հայ ժողովրդի համար»,- լրագրողների հետ զրոյցում նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ յաւելելով, որ ցեղասպանութիւն տեսած, իր հայրենիքի մեծագոյն մասը կորցրած ժողովուրդը կարողացաւ իր մէջ ուժ գտնել, կամք գտնել եւ 1918 թ. մայիսին հիմնադրել Առաջին Հանրապետութիւնը՝ մինչ այդ կասեցնելով թշնամու գրոհը Բաշ-Ապարանում, Սարդարապատում եւ Ղարաքիլիսայում: 

Անդրադառնալով Դաշնակցութեան վաստակը ստւերող կարծրատիպերին, Իշխան Սաղաթելեանը վկայակոչեց Խորհրդային Միութիւնում 70 տարի ստեղծւած ֆիլմերը, գրականութիւնը, կեղծ պատմութիւնը, որը տարիներ շարունակ փորձում էր վարկաբերել Հայ Յեղափոխական Դաշնակցութեանը, որը Հայաստանի Առաջին Հանրապետութեան ծնունդի գլխաւոր քաղաքական ուժերից մէկն էր։

«Այս ամէնը դիտւում է այդ շրջանակում։ Իսկ նրանք, ովքեր ծանօթ են հայ ժողովրդի պատմութեանը, լաւ գիտեն Դաշնակցութեան դերը եւ նշանակութիւնը հայ ժողովրդի պատմութեան մէջ։ Հետեւաբար, նման անիմաստ բամբասանքները եւ խօսակցութիւնները լուրջ ընդունելը եւ դրանց անդրադառնալը անիմաստ է»,- ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը։

Նրա դիտարկմամբ՝ մինչեւ այսօր պատշաճ կերպով չեն գնահատել այն քաղաքական ուժին, այն քաղաքական, հասարակական գործիչներին, ում շնորհիւ կերտւեց Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը փաստեց, որ Առաջին Հանրապետութեան հիմնադիր նւիրեալներին արժեւորելու կարիքը կայ յատկապէս մեր օրերում, երբ ամէն կողմից մեր երկիր են ներմուծւում կեղծ եւ քայքայիչ արժէքներ ու ծրագրեր:

«Մեր նորօրեայ սերնդի համար չափորոշիչ եւ ուղենիշ պէտք է լինի այն արժեհամակարգը, որը կրում էին Առաջին Հանրապետութեան մեր նւիրեալները»,- նշեց Իշխան Սաղաթելեանը՝ յիշեցնելով այն դժնդակ տարիները, երբ Մայիսի 28-ը՝ այս փառաւոր տօնը, մարդիկ գաղտնի էին նշում, մենակ, անգամ յաճախ կեանքով հատուցելով դրա համար: 

«Առաջին Հանրապետութեան առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունին 1937 թ. Հրազդան գետի ափին միայնակ է նշել Մայսիսի 28-ը, յիշել իր ընկերներին, անցած փառաւոր ուղին եւ արտասւել: Յիշենք նաեւ, որ դրանից երկու ամիս անց նա ձերբակալւեց, դատապարտւեց գնդակահարութեան եւ մահացաւ բանտում: Այսինքն՝ անկախութեան գաղափարի կրողները կեանքով են հատուցել այն արժէքների համար, որոնց շնորհիւ կերտւեց Առաջին, իսկ նրա հենքի վրայ էլ՝ մերօրեայ հանրապետութիւնը»,- եզրափակեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։