Հա

Ազգային

29/05/2020 - 10:30

«Այն քաղաքական ուժը, որը կերտել է Մայիսի 28-ը, այսօր զրկւած էր Սարդարապատ գնալու հնարաւորութիւնից». ՀՅԴ ԳՄ անդամ

Տօնը մթագնում է, որովհետեւ ունենք մոլեգնող համավարակ, ոչ կոմպետենտ կառավարութիւն, անհասկանալի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականութիւն եւ այլ խնդիրներ…

«Անկախ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, Գիւղատնտեսութեան նախկին  նախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրեանը: 

«alikonline.ir» - Տօնը մթագնում է, որովհետեւ ունենք մոլեգնող համավարակ, ոչ կոմպետենտ կառավարութիւն, անհասկանալի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականութիւն եւ այլ խնդիրներ…

«Անկախ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, Գիւղատնտեսութեան նախկին  նախարար, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրեանը:

 

- Պարոն Խաչատրեան, այսօր տօն է, Հայաստանի Առաջին Հանրապետութեան հռչակման տարեդարձը: Ձեր տրամադրութիւնը տօնակա՞ն է:

- Իհարկէ տօնական է, որովհետեւ դարերի ընդմիջումից յետոյ հայ ժողովուրդը վերականգնեց իր պետականութիւնը: 1918 թւականին Հայաստան աշխարհագրական անունը դարձաւ քաղաքական անուն, եւ աշխարհը սկսեց խօսել հայկական պետականութեան մասին: Եթէ չլինէր Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը, ապա այսօր հայ ազգն ուղղակի գոյութիւն չէր ունենայ, որովհետեւ Ցեղասպանութիւնից մազապուրծ ժողովուրդը հանգրւանելու տեղ չէր ունենայ, չէր լինի մի ուժ, որը կը դիմագրաւէր քեմալական շարժմանը: Եթէ չլինէր Առաջին Հանրապետութիւնը, չէր լինի նաեւ այսօրւայ Հայաստանը: Աւելին, չէր լինի սփիւռքահայութիւնը, որովհետեւ սփիւռքահայութիւնն ապրում էր Հայաստանով, անկախութիւնը վերակերտելու յոյսով ու երազանքով: Իսկ եթէ չլինէր այդ յոյսը, հայ մնալու իմաստ էլ չէր լինի: Այնպէս որ, մենք մեր գոյութեամբ այսօր պարտական ենք Հայաստանի Առաջին Հանրապետութեանը:

Իսկ այն, որ տօնը մթագնում է, դա փաստ է, որովհետեւ ունենք մոլեգնող համավարակ, ոչ կոմպետենտ կառավարութիւն, անհասկանալի սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականութիւն եւ այլ խնդիրներ:

 

- Իշխանափոխութիւնից անցել է երկու տարի: Կարո՞ղ ենք արձանագրել, որ ժողովրդի սպասումները չեն արդարացել, խոստումները չեն կատարւել, աւելին, շատ ոլորտներում ունենք յետընթաց ու փլուզումներ, որի հետեւանքն օրէցօր խորացող հիասթափութիւնն ու անվաստահութիւնն է իշխանութեան նկատմամբ: Եթէ այս ամէնին գումարենք նաեւ համավարակի հետ կապւած ճգնաժամը, ապա ի՞նչ է մեզ սպասւում:  

- Այո, իշխանութիւններն այսօր չեն վայելում այն յարգանքը, որ ունէին երկու տարի առաջ: Մարդիկ ակնկալիքներ ու յոյսեր ունէին, բայց այդ ակնկալիքները չեն իրականանում: Մարդիկ արդէն յոգնել են լսել, որ ամէն ինչում նախկիններն են մեղաւոր: Ժողովուրդն ակնկալում էր, որ նոր իշխանութիւնը կը սրբագրի նախորդների սխալները, բայց այն, ինչ տեղի է ունենում այսօր, ցոյց է տալիս, որ այս իշխանութիւնները որեւէ բան փոխելու ունակ չեն: Երբ ասում ես՝ կայ այսինչ խնդիրը, ասում են՝ նախկիններն են պատասխանատու: Գազի գինը բարձրացել է, ասում են՝ նախկինների օրօք է եղել: Կամ ասում են՝ Ղարաբաղի հարցում ստացել ենք վատ ժառանգութիւն: Լաւ, դուք ինչի՞ համար եկաք, եթէ պիտի չշտկէիք նախկինների սխալներն ու բացթողումները եւ որեւէ բնագաւառում առաջընթաց չպիտի ապահովէիք: Եկաք բարձր պարգեւավճարներ ստանալո՞ւ: Նախկինում գոնէ արտաքին յարաբերութիւններում որոշակի հաւասարակշռութուն կար, սակայն այսօր ակնյայտ է, որ ՌԴ-ի հետ յարաբերութիւնները սրւած են: Ռուսաստանի հետ յարաբերութիւնները վատացրեցին, բայց փոխարէնը ԱՄՆ-ի հետ չկարողացան որեւէ դրական յարաբերութիւն ստեղծել: Այսօր Արեւմուտքի սիրելին համարւում է Վրաստանը, եւ մենք տեսանք, որ Վրաստանն աւելի մեծ աջակցութիւն ստացաւ համավարակի հետ կապւած, քան Հայաստանը: 

Այս ամէնին գումարւում է նաեւ Հայաստանի ներսում փոխադարձ ատելութեան մակարդակը, որը երբեք այսքան խորը չի եղել: Հանրային համերաշխութիւնը գտնւում է երբեւէ եղած ամենացածր վիճակում: Այս համավարակի պայմաններում գոնէ պէտք է համերաշխութիւն լինի, բայց չկայ: Այսօր Մայիսի 28-ն է, իսկ իշխանութիւնը նոյնիսկ քաղաքական պարկեշտութիւն չունեցաւ հրաւիրելու այն քաղաքական ուժին, որը կերտել է Մայիսի 28-ը: Այն քաղաքական ուժը, որը կերտել է Մայիսի 28-ը, այսօր զրկւած էր Սարդարապատ գնալու հնարաւորութիւնից:  

 

- ՀՅԴ Գերագոյն մարմինը արտակարգ դրութեան պայմաներում միջոցառումների վերաբերեալ առաջարկութիւններ էր ներկայացրել կառավարութիւն: Այդ առաջարկներին որեւէ արձագանք եղա՞ւ: Առհասարակ, իշխանութիւնը հակւա՞ծ է որեւէ առաջարկ, թէկուզ օբիեկտիւ քննադատութիւն ընդունելու: 

- Երբ յայտարարւեց արտակարգ դրութիւն, ՀՅԴ-ն հանդէս եկաւ յայտարարութեամբ եւ ասաց, որ պատրաստ է աջակցել կառավարութեանը համավարակի դէմ պայքարում (շեշտելով` համավարակի դէմ պայքարում, որպէսզի քաղաքական շահարկումներ չլինեն): ՀՅԴ-ն նոյնիսկ յայտարարեց, որ պատրաստ է ի սպաս դնել իր համահայկական կարողութիւնը: Մենք կառավարութեանը ոչ թէ մէկ կամ մի քանի առաջարկներ ենք ներկայացրել, այլ առաջարկների մի ամբողջական փաթեթ: Այո, մենք գտնում ենք, որ երբ ազգը կանգնած է աղէտի շեմին, պէտք է մի կողմ դնել քաղաքական խնդիրները եւ համատեղ ուժերով պայքարել:

Ցաւօք, կառավարութիւնից բացարձակապէս որեւէ արձագանք չեղաւ: Դա ուղղակի իշխանութեան կողմից փոքրոգութեան դրսեւորում էր:

 

- Կարո՞ղ ենք փաստել, որ համավարակը վերահսկելու, առողջապահական, սոցիալ-տնտեսական հետեւանքները մեղմելու ուղղութեամբ կառավարութեան կողմից իրականացւող միջոցառումներն արդիւնաւէտ չեն, յատկապէս, եթէ հաշւի առնենք համավարակի վերջին ցուցանիշները:  

- Վարակը չի վերահսկւում: Եթէ յատկապէս համեմատւենք մեր երկրի համար համեմատելի երկրների հետ, ապա ակնյայտ է, որ մենք ունենք վատագոյն ցւոցանիշները: Միւս կողմից ունենք տնտեսական անկում, որը 17 տոկոսից աւելի է: Այսինքն, կառավարութեան միջոցառումների արդիւնքում ո՛չ վարակը կանխւեց, ո՛չ տնտեսական անկումը: Կառավարութիւնն ի սկզբանէ սխալ գնահատեց վարակի ռիսկը, ստորադասեց այն իր քաղաքական նպատակներին, սխալ գործողութիւններ ձեռնարկեց եւ սխալ ուղերձներ յղեց հասարակութեանը: Հիմա, երբ ջինը շշից դուրս է եկել, փորձում են արդէն հակառակն անել, բայց արդէն ուշ է: Ինչ որոշում կառավարութիւնը կայացրեց արտակարգ դրութեան ժամանակ վարակը նւազեցնելու ու կանխելու նպատակով, փառաւորապէս տապալեց: Յետոյ էլ սկսեցին արդարանալ, թէ ռեսուրսներ չունեն: Բա եթէ ռեսուրս չունէք, ապա ինչո՞ւ էք այդ որոշումներն ընդունում: Ի դէպ, մեր առաջարկած միջոցառումները կանխարգելիչ բնոյթ ունէին: Լինելով ընդդիմութիւն՝ մենք ոչ պոպուլեար առաջարկներ էինք ներկայացրել: Բայց, ցաւօք, իշխանութիւնը կայացրեց որոշումներ, որոնք ոչ միայն չկարողացաւ իրականացել, դեռ մի բան էլ փորձում է պատասխանատւութիւնից խուսափել՝ մեղադրելով հասարակութեանը:

 

- Առողջապահութեան նախարարը յայտարարեց, որ մեր առողջապահական համակարգը երբեք այսքան կայացած չի եղել: Միւս կողմից նոյն նախարարը դիւանագիտական սկանդալ հասունացրեց հարեւան Վրաստանի հետ՝ կասկածի տակ դնելով համավարակի դէմ պայքարում մեր հարեւանների արդիւնքները: Նորմա՞լ է, որ այսքանից յետոյ Թորոսեանը շարունակում է պաշտոնավարել:

- Ընդհանրապէս, Առողջապահութեան նախարարութեան արձագանքն այս համավարակին, Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան յորդորներն ու այդ ֆոնին նախարարի անլուրջ մօտեցումները պէտք է լուրջ քննարկան առարկայ դառնան՝ ընդհուպ անձնական պատասխանատւութեան մակարդակով:

 

- Պարոն Խաչատրեան, վերջին օրերին աւելի ու աւելի յաճախ են հնչում յայտարարութիւններ, որ գործող իշխանութիւնը պէտք է հրաժարական տա կամ ներսից վարչապետի նոր թեկնածու առաջադրի, հնչում են նաեւ հակաճգնաժամային կառավարութիւն կամ խորհուրդ ձեւաւորելու կոչեր: Այդ ամէնը իրատեսական համարո՞ւմ էք, եւ արդեօ՞ք դա է ելքը: 

- Անկեղծ ասած, ես ներքին փոփոխութեան տարբերակին չեմ հաւատում, որովհետեւ մեր խնդիրը անձերի հետ չէ, այլ վարւող քաղաքականութեան: Եթէ գայ մէկը, որը նոյն քաղաքականութեան կրողն է, ապա ոչինչ չի փոխւի: Այս կառավարութիւնը պէտք է գիտակցի, որ չունի բաւարար կարողութիւն ու հեղինակութիւն, եւ քաղաքական ուժերը միասնաբար պէտք է պարտադրեն նոր որակի իշխանութիւն: Իսկ նոր որակի իշխանութեան ձեւաւորման ճանապարհը նոր խորհրդարանական ընտրութիւններն են: Չմոռանանք, որ այսօրւայ Ազգային ժողովը ձեւաւորւեց յեղափոխական էյֆորիայի պայմաններում եւ այն այլեւս չի արտայայտում այսօրւայ հասարակութեան սպասումներն ու պահանջները: Մենք բոլորս տեսնում ենք, թէ ինչ ծաղկեփունջ է այնտեղ հաւաքւած: Պառլամենտարիզմի առումով միայն յետընթաց ու ձախողում ենք արձանագրում: Պառլամենտն ուղղակի ճգնաժամի մէջ է:

 

- Վերադառնալով օրւայ խորհրդին՝ ուզում եմ յիշեցնել, որ վերջերս ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտէն դիմել էր քաղաքապետարան Արամ Մանուկեանի արձանի մօտ տեղեկատւական ցուցանակ տեղադրելու նպատակով, սակայն Երեւանի գլխաւոր ճարտարապետը պատասխանել էր, որ առաջարկն անընդունելի է: Փոխարէնը, սակայն, Երեւանի աւագանին հաստատեց Գանդիի արձանը տեղադրելու նախագիծը: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս երկու իրողութիւնները:

- Չմոռանանք, որ Արամ Մանուկեանի արձանի տեղադրման համար էլ այս իշխանութիւնների օրօք բաւականին մեծ ջանքեր պահանջւեցին, որովհետեւ իշխանութեան մէջ կային մարդիկ, ուժեր, որոնք դէմ էին այդ արձանի տեղադրմանը: Այո, այսօր իշխանութեան են եկել կոսմոպոլիտիզմի հետեւորդներ, եւ իրենց համար ազգային առաջնորդի արձանը կարեւոր չէ: Այսօր Հայաստանում գլոբալիստ, կոսմոպոլիստ իշխանութիւն է, որի համար ազգայինն առաջին տեղում չէ: Հետեւաբար նրանց համար աւելի նախընտրելի է կանգնեցնել Գանդիի արձանը, իսկ Արամ Մանուկեանի արձանի մօտ տեղեկատւական ցուցանակի տեղադրումը համարել անընդունելի:

 

Անի Գասպարեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։