Հա

Ազգային

29/05/2020 - 10:40

«Անկախութեան օր. ովքե՞ր են խմբագրում, ուրանում պահանջատիրութիւնը». Լ. Գալստեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը գրում է.

 

«alikonline.ir» - ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Լիլիթ Գալստեանը գրում է.

«Օրեր առաջ անդրադարձել էի Հայոց Ցեղասպանութեան ինստիտուտ թանգարանի տնօրէն Յ. Մարութեանի (2019 թ. դեկտ.) յունական հեռուստաընկերութիւններից մէկին տւած հարցազրոյցին, ուր նա հետեւեալ հաստատումներն էր արել՝ «ԵՍ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԷՊՔԵՐԻ ՄԱՍՆԱԳԷՏ ՉԵՄ: Ես յիշողութեան խնդիրների մասնագէտ (ուսումնասիրող) եմ»:

«Ես տնօրէնի ՊԱՇՏՕՆԸ ՍՏԱՆԱՁՆԵԼ ԵՄ ՈՐՈՇ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐՈՎ/ԾՐԱԳՐՈՎ: ... ԻՆՉՈ՞Ւ ՄԻԱՅՆ ԽՕՍԵԼ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ԹԷ ՔԱՆԻ ՀԱԶԱՐ ԵՆ ԱՅՍՏԵՂ ԿԱՄ ԱՅՆՏԵՂ ՍՊԱՆՒԵԼ»:

Փաստօրէն, Յ. Մարութեանը ոչ միայն անթաքոյց յայտարարում է Ցեղասպանութեան դիսկուրսում փոփոխութեան իր յանձնառութեան մասին, այլեւ հետեւողականօրէն իրականացնում քայլեր, որոնք ապացուցում են Ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հատուցման պետականօրէն որդեգրւած քաղաքականութեան մէջ նրա կողմից իրականացւող տրանսֆորմացիայի ռազմավարութեան եւ նպատակադրումների մասին:

Սա հաստատւում է նաեւ մէկ այլ դրւագով. 2019 թ. մարտին Թուրքիայում կազմակերպւած Memory Sites, Memory Paths, Towards Another Future (Յիշողութեան ուղիներ. Դէպի այլ ապագայ) վերտառութեամբ խորհրդաժողովում խօսելով տնօրէնը դարձեալ հաստատում է փոփոխութիւն իրականացնելու իր նպատակադրումը: Խնդրում եմ ուշադրութիւն դարձնել վերնագրին. Ցեղասպանութեան կոնտեքստ եւ միայն յիշողութիւն... դէպքի վայրը՝ Թուրքիա:

Ահա թէ ինչպէս է եզրափակում իր խօսքը բանախօս Մարութեանը. «Հայ իրականութեան մէջ, մօտ մէկ դար, պաշտօնական եւ ոչ պաշտօնական մակարդակներում յիշատակւել է միայն Զոհերի յիշատակը: Վաղուց Զոհերի յիշատակի օրը վերափոխելու եւ մեր պատկերացումներում փոփոխութիւններ կատարելու ժամանակն է:

Օրինակ կարող ենք այսպէս ձեւակերպել՝ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԶՈՀԵՐԻ եւ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՕՐ:

Իսկ այս ծրագրերն իրականացնելու համար նւիրատուներ են հարկաւոր»: (Տեսանիւթ, 20-22ր):

Սա ասւում է Թուրքիայում, այն պարագայում, երբ այս ելոյթից չորս տարի առաջ՝ 2015-ին ընդոււել է Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը, ուր սեւով սպիտակի վրայ գրւած է՝ Հայ ժողովուրդը միակամ է «Հայոց Ցեղասպանութեան փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում, ինչի համար մշակում է իրաւական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրաւունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ»:

Հռչակագիրը նաեւ հաստատում է պատմական արդարութեան համար մղւող պայքարը շարունակել «Յիշում եմ եւ պահանջում» կարգախօսով»:

Եթէ վերը նշւած մտքերի հեղինակը միջակ ուսանող լինէր կամ մի մոլորւած ռեֆերատագիր, կարելի էր վրդովւել, ափսոսալ...

Բայց մեր Ցեղասպանութեան մասին այսպիսի խօսոյթով եւ հաստատումներով, իր նպատակների համար Թուրքիայում նւիրատւութիւն մուրալով խօսում է ՀՑԹԻ տնօրէնը:

Կարկամում ես, ու հասկանում, որ սա ցանց է, ծուղակ, ծրագիր... Կարկամում ես ու հասկանում, թէ ինչ հետեւողականօրէն են մաշում մեզ, թուլացնում ու նսեմացնում մեր պատականութեան ազգային բաղադրիչը, մեր ինքնութիւնը...

Արդեօք կարծո՞ւմ էք, որ Ապրիլի 24-ի նախօրէին կարգախօսից «պահանջում եմ» բաղադրիչը պատահական էր դուրս մնացել, իհարկէ՝ ոչ:

Մարդաբան Յ. Մարութեանը անձնական դիտարկումների կամ հիպոթեզների իրաւունք ունի...

Բայց տնօրէն Յ. Մ.-ը, ով ղեկավարում է է 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան յիշողութեան պահպանութեան, միջազգային ճանաչման եւ դատապարտման, հայկական դատի եւ պահանջատիրութեան գործընթացներում առանցքային առաքելութիւն ունեցող թանգարան-ինստիտուտը, իրաւունք չունի, երբեք չունի, այդ իրաւունքը նրան ոչ ոք չի տւել:

Միթէ՞ հարկ կայ բարձրաձայնելու, որ ՀՑԹԻ-ը քաղաքական, գաղափարախօսական, քարոզչական, տեղեկատւական պայքարի առաքելութիւն ունեցող կառոյց է եւ ղեկավարի արտասանւած իւրաքանրիւր բառ գին եւ արժէք ունի:

Մնում է հասկանալ՝ որտեղ է խմբագրւել մեր արտաքին քաղաքականութեան կարեւորագոյն առաջնահերթութիւններից մէկը:

Արդեօք մեր արտաքին քաղաքական դոկտրինում շեշտադրումներ եւ առաջնահերթութիւններ են փոխւե՞լ:

Ո՞ւմ շահերն է սպասարկում տնօրէնը կամ ո՞վ է նրան յիշողութեան տրանսֆորմացիայի յանձնարարութիւն տւել:

Իսկ, եթէ սրանք ձախողւած տնօրէնի թերացումներ են, արդեօք, անգամ տաղանդաւոր մարդաբանը իրաւունք ունի ղեկավարել այնպիսի ռազմավարական մի կառոյց, ոլորտ ինչից հեռու է եւ իր խոստովանութեամբ մասնագէտ չէ:

 

Յ.Գ.- Ի դէպ, այդ վերը նշւած զեկոյցի շրջանակներում խօսելով Արցախի ազատագրական պայքարի մասին այդ նոյն Յ.Մ.-ը օգտագործում է հայ-ադրբեջանական պատերազն եզրոյթը: Եւ չկայ ոչինչ պատահական...»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։