Հա

Ազգային

31/05/2020 - 11:25

Սխալ է ամէն ինչ ժողովրդի ինքնագիտակցութեան վրայ բարդելը

«Երեւան» բժշկական կենտրոնի նախկին տնօրէն, ռազմական բժիշկ, վիրաբոյժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարօն Տօնոյեանի հարցազրոյցը «Հրապարակ» օրաթերթին։

«alikonline.ir» - «Երեւան» բժշկական կենտրոնի նախկին տնօրէն, ռազմական բժիշկ, վիրաբոյժ, ՀՅԴ ԳՄ անդամ Տարօն Տօնոյեանի հարցազրոյցը «Հրապարակ» օրաթերթին։

 

- Պարոն Տօնոյեան, որպէս բժիշկ, ռազմական բժիշկ բացատրէք՝ երբ վարչապետն ու նախարարը յայտարարում են, որ ինտենսիւ թերապիայի մահճակալները պակաս են։ Այսինքն՝ ի՞նչ, այդ հիւանդներին չե՞ն բուժելու, նրանք մահանալո՞ւ են։

- Եթէ ինտենսիւ թերապիայի տեղերը չհերիքեն, հարց համար առաջին՝ պետութիւնը պէտք է ամէն ինչ անի, որ դրանք հերիքեն։ Բայց արդարութեան առաջ չմեղանչելու համար, պէտք է փաստենք, որ զարգացած եւրոպական երկրներում էլ հիւանդների քանակի այնպիսի արագ աճ եղաւ, որ նոյնիսկ նրանք չկարողացան ապահովել իրենց ծանր հիւանդներին, եւ 20 մահճակալ ունեցող ռեանիմացիոն բաժանմունքում 100-ից աւելի հիւանդներ կային։ Գուցէ դա էլ տւեալ երկրների համար կազմակերպչական խնդիր է, բայց ուզում եմ ասել, որ իրենք էլ չեն կարողացել անել։ Բայց այն, որ վարքագծի եւ ճիշտ աշխատանքներ կազմակերպելու իմաստով լուրջ թերացումներ ենք ունեցել, անժխտելի փաստ է։ Եւ համեմատութեան մէջ․ երկակի-եռակի ավել ազգաբնակչութիւն ունեցող մեր հարեւանները, եթէ նայենք ստատիստիկան, կը տեսնենք այնտեղ ինչ վիճակ է, մեզ մօտ՝ ինչ։ Եւ մեկնաբանել, որ ժողովրդի ինքնագիտակցութեանը թողեցինք ու այդտեղ սխալւեցինք, ես չեմ կարծում, որ մեր ժողովրդի գիտակցական մակարդակն աւելի ցածր է, քան, օրինակ, ադրբեջանցիներինը։ Ես վստահ եմ, որ մերոնք աւելի պատասխանատու են, պետականութեան զգացումը մեր մէջ աւելի բարձր է՝ կարգապահութեան ու կրթւածութեան իմաստով, քան իրենցը։ Կամ թուրքերինը։ Եւ քաւութեան նոխազ ման գալը՝ մեղաւորին ման գալն էս պարագայում ճիշտ քաղաքականութիւն չէ։ Հարկաւոր է ճիշտ գործողոււթիւններով... բայց արդէն վիճակն էն մասշտաբներին է հասել իմ կարծիքով, ես ճիշտ է՝ դրա նեղ մասնագէտը չեմ, վիրաբոյժ եմ, բայց ամէն ինչ էնքան է բաց թողնւած, որ արդէն միջոցառումների էֆեկտիւութիւնը շատ ցածր է լինելու։

 

- Այսինքն՝ բազմաթիւ մարդիկ, որոնց կարելի էր փրկել, ուղղակի մահանալո՞ւ են։

- Ուղղակի մահանալն էլ էսպէս պիտի ասեմ. հիւանդանոցներում հիմա կան շատ մարդիկ, որոնց բուժումները կարելի է հեշտ ու հանգիստ տանը կազմակերպել։ Հիւանդանոցը կը մնայ աւելի ծանր հիւանդների համար։

 

- Դէ իրենք հիմա այդպէս էլ անում են։ Բայց հիմա ի՞նչ։

- Իրավիճակն է թելադրում։ Հիմա մեզ տարբեր հիւանդներ դիմում են, կոնկրետ իմ ամենամտերիմներին, ասում եմ՝ սա մեր մասնագէտը, ասենք թէ թոքաբորբ է տանում, բուժումները ստացէք, եթէ ունէք հնարաւորութիւն, որ մւկը կը գայ, կը միացնի սիստեմաները, բուժումները կազմակերպել, գալ կրկնակի ռենտգենաբանական հետազօտութեան, աւելի լաւ է՝ էդպէս արէք, քան հիւանդանոցում պառկէք ծանրաբեռնւած հիւանդանոցում, հոգեբանական աւելի ճնշող մթնոլորտում։ Խօսքը միջին եւ թեթեւ ծանրութեան հիւանդների մասին է։ Էդ խեղճ բժիշկներն արդէն կէսից աւելին հիւանդ են, նորերն են գնացել փոխարինելու, որոնք գուցէ նախկինների փորձառութիւնն էլ չունեն։ Վերակենդանցման բաժանմունքներում բժշկական անձնակազմի հիւանդացութիւնն այնքան է բարձրացել, որ... պէտք է ռէալ նայենք էս ամէնին։

 

- Պարբերաբար յայտնի բժիշկները կոչ են անում, որ եկէք, միացէք։ Կա՞յ այս վիճակը, եւ արդեօք ճիշտ չէր լինի նաեւ ներգրաւել ռազմական բժիշկներին, որոնք պատերազմ անցած ու զինւորական կարգապահութիւն ունեցող են։

- Ռազմական բժիշկները, այո, արտակարգ պայմաններում գործելու փորձ ունեն, բայց պէտք է հաշւի առնենք, որ էն ժամանակւայ ռազմական բժիշկներից շատերն արդէն 55, 60-ից բարձր են։ Յետոյ, սա մի քիչ համադրելի չէ, բայց որ լրացուցիչ ուժերի կարիք կայ, այո։ Յիշում էք՝ Իտալիան կոչ արեց, որ եկէք օգնէք, որ չենք հասցնում արդէն թէ՛ մարդուժի, թէ՛ սարքաւորումների իմաստով։ Բայց կարողացան յաղթահարել։ Մենք էլ ենք կարողանալու, ես վստահ եմ։ Ուղղակի պէտք է ունեցած ռեսուրսներն աւելի ճիշտ ուղղորդել, եղած միջոցները։ Նախեւառաջ, իրավիճակի ճիշտ գնահատական տալ է պէտք։ Երբ հիւանդին սխալ ես ախտորոշում, չես կարող ճիշտ բուժել։ Հիմա մենք ի սկզբանէ սխալ մօտեցում ցոյց տւեցինք, դրա հետեւանքները հիմա են զգում։ Էսքան ֆինանսական միջոցներ, էսքան կորուստներ ենք ունենում պետական գանձարանից դրամների, որը կարող էր եւ չլինել։

 

- Նիկոլ Փաշինեանը, ով բժիշկ չէ, պատասխանելով հարցին, թէ ո՞վ է որոշումներ ընդունում, ասաց՝ լսում եմ բոլորին, կայացնում եմ որոշում։ Ձեր կարծիքով՝ վարչապետը, որը բժիշկ չէ, արդեօք չպէ՞տք է իր մօտ հրաւիրէր յայտնի ռեանիմատոլոգների, թոքաբանների եւ լսէր նաեւ նրանց եւ միայն Արսէն Թորոսեանի յոյսին չմնար։

- Որ կառավարութիւնն ու վարչապետը պիտի որոշում կայացնեն, եւ ամենակարեւորը՝ պատասխանատւութիւնը ինքը պէտք է կրի, միանշանակ է։ Ոչ թէ որոշումն ինքը ընդունի, պատասխանատաւութիւնը փորձի ուրիշի վրայ գցել։ Իհարկէ, պէտք է լսեն, իհարկէ՝ պէտք է լսեն մասնագէտներին։ Ես ինչո՞ւ շեշտեցի՝ ես վիրաբոյժ եմ, էպիդեմիոլոգ չեմ, չեմ կարող այդ հարցին լիարժէք գնահատական տալ։ Բայց մարդիկ կան, փորձ ունեն, աշխատել են, միջազգային փորձ կայ ուսումնասիրած, պատմութիւն կայ, Համաշխարհային պատերազմի ժամանակ՝ երկրորդ, ինչ է եղել։ Եւրոպայի՝ «Իսպանկա» վիրուսի դէմ պայքարի փորձը։ Չէ՞ որ ես դա գիտեմ այնքանով, որքանով, իսկ մարդիկ կան, որ դա խորապէս են ուսումնասիրել։ Պէտք է այդ մարդկանց լսել եւ կայացնել ճիշտ որոշումներ։ Բայց թէ այդ ամէնը այս մակարդակով արւե՞լ է, թէ ոչ, չեմ կարող ասել։ Բայց չեմ կարծում, որ ասում էք՝ միայն Արսէն Թորոսեանը, միայն ինքն է, վստահ եմ, որ Արսէն Թորոսեանը լսում է շատ-շատերին, որովհետեւ ինքն էլ միայնակ չի կարող որոշումներ կայացնել։ Նաեւ պէտք է խոստովանեմ, որ աշխարհի շատ այլ պետութիւններ էլ պատրաստ չէին սրան, որովհետեւ սա աննախադէպ, չուսումնասիրւած վարակ է, որի դէմ պայքարում շատ երկրներում ուղղակի պրոցեսների յետեւից են գնում։ Դժւարին վիճակում է աշխարհը։ Եւ չեմ կարող չասել, որ շատերն են հասկացել, որ տնտեսութիւնների չաշխատելու դէպքում հետեւանքները շատ աւելի աւերիչ են, քան բուն կորոնավիրուսը։ Պէտք է աշխատել, պէտք է տնտեսութիւնը պահել, սահմանները պահել, բանակը սնել։ Մենք առանց աշխատանք չենք կարող բանակ պահել եւ էս պարագայում ազգային անվտանգութեան հարցերը մեզ համար աւելի կարեւոր են, որովհետեւ մեր հարեւանը, եթէ հասկանայ, որ մեր բանակն ու պետութիւնը թուլացել են, անկախ նրանից, թէ իր մօտ կորոնավիրուսի առկայութիւնը կարող է փորձի իր սեւ գործն անել։

 

Անուշ Դաշտենց

Յարակից լուրեր

  • «Թեհրանում նոր սահմանափակումների կիրառման փաթեթի հիմնադրոյթներում ընդգծւած է ճանապարհային երթեւեկութեան օրէնքների չեղարկման հարցը». Զալի
    «Թեհրանում նոր սահմանափակումների կիրառման փաթեթի հիմնադրոյթներում ընդգծւած է ճանապարհային երթեւեկութեան օրէնքների չեղարկման հարցը». Զալի

    Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի ղեկավարութիւնը վերլուծելով  համավարակի տարածւածութեան պատճառահետեւանքային կապերը նշել է, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել կանխելու փակ տարածքներում մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները:

  • Համահայկական տեսլականի տագնապը
    Համահայկական տեսլականի տագնապը

    Հայաստանի վերանկախացումէն ի վեր բազմիցս հրապարակ իջած է Հայաստան-Սփիւռք կապերու բարելաւման եւ համակարգման խնդիրը։ Տակաւին Հայաստան պաշտօնապէս չէր անկախացած՝ 1991-ի ամռան, երբ Վազգէն Մանուկեանի կառավարութեան նախաձեռնութեամբ կայացաւ հայ գործարարներու առաջին համագումարը։ Սկզբնական խանդավառութիւնը, շատ վառ երազներով, պիտի յանգէր սահմանափակ տարողութեամբ մի քանի իրագործումներու։

  • «Թեհրանում արտակարգ իրավիճակի նախազգուշացման կարգավիճակ է յայտարարւում». Զալի
    «Թեհրանում արտակարգ իրավիճակի նախազգուշացման կարգավիճակ է յայտարարւում». Զալի

    Թեհրանում սահմանափակումների խստացման հարցի քննարկման, արտակարգ իրավիճակի մասին նախազգուշացման յայտարարման նպատակով՝ մայրաքաղաքի Կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբը արտահերթ նիստ է գումարել:

  • ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
    ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

    Հարկ է խուսափել բազմամարդ եւ հաւաքական միջավայրերում ներկայանալուց իսկ անհրաժեշտութեան պարագային հարկ է անպայմանօրէն դիմակ կրել եւ յարգել սոցիալական հեռաւորութիւնը՝ համավարակի տարածման շղթան կոտրելու կապակցութեամբ։

  • Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն
    Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն

    Ժողովրդավարական վարչակարգի տէր պետութեան մը մէջ գոյութիւն ունին մտածողութեան եւ մանաւանդ գործունէութեան անշրջանցելի արժեհամակարգ ու մշակոյթ, որոնք կը բացառեն կամայականութիւնը: Այդ արժեհամակարգէն ու մշակոյթէն որեւէ շեղում, կամայական որեւէ քայլ առնել կը նշանակէ մուտք գործել Լութովիկոս ԺԴ.-ի «Ես եմ պետութիւնը» մտածելակերպի աշխարհ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։