Հա

Ազգային

01/06/2020 - 10:40

Մի կտոր՝ մտահոգութիւն…, մի քիչ՝ զայրոյթ…, մի ամբողջ՝ ներում…

Դաշնակցական գործիչ, բլոգեր եւ ուսուցիչ Արա Նախշքարեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«alikonline.ir» - Դաշնակցական գործիչ, բլոգեր եւ ուսուցիչ Արա Նախշքարեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Կոմունիստական բարբաջանքն ասում է. դաշնակները (նկատի ունի դաշնակցականներին) ծախեցին Հայաստանն ու փողերն առնելով փախան՝ հայդա Փարիզ.

Հարց. մի քիչ հռետորական կարող է հնչել, բայց հարցնեմ.- Ո՞ւմ ծախեցին… Որ ամէն պատեհ-անպատեհ առիթն օգտագործելով խօսում ենք այս մասին։ Ո՞ւմ ծախեցին Հայաստանը, եւ ինչո՞ւ։ Էդ ի՞նչ կար թանկ, այդ օրերին Հայաստանում, որ գին արժէր ու դրա համար է, որ ծախեցին։

Այսինքն նշանակում է, որ 1890-ից սկսած, կռիւ տալով ազատութեան ու արդարութեան համար, 1918-ին Հայրենիք կառուցեցին, որ ծախէի՞ն։ Նշանակում է, որ եթէ Մեծ Հայաստանը կարողանային ազատագրել ուրեմն աւելի խոշոր հաշի՞ւ պիտի գրանցւէր։ Եւ ուրեմն լաւ եղաւ, որ գոնէ փոքր էր, հա՜…

Ուզում էք ասել, առանց կրակոցի Կարսն յանձնեցի՞ն… Մոսկւայում պայմանագիր կնքեցի՞ն, Ալեքպոլի պայմանագրով Հայաստանն յանձնեցի՞ն…

Կուզենայի հարց տալ «դաշնակները ծախեցին, փախան» միտքը անուղղելի սրբութեամբ փայփայողին.- դու, հէնց դո՛ւ, ի՞նչ որոշում կը կայացնէիր այդ օրերին, երբ մենակ կը մնայիր աշխարհի հզօրներին դէմ-դիմաց։ Այն էլ փոխշահաւէտ գործարքի մէջ իրար լիզող հզօրներին, երբ ամէն ինչի պատրաստ էին, մենակ թէ շահը գերակայէր, ամենամեծ պատառն իրանցով անէին։

Հազար փորձ արեցին օրւայ իշխաններն ու կառավարողները։ Ում ասես չհաւատացին, ում հետ ասես «գրոհի» չգնացին յանուն Հայրենիքի ու հայրենի Ժողովրդի բարօրութեան… Ընկան ու բարձրացան, զարկւան ու զարկեցին, որ այսօր մեծաբերանները իրենց էմոցիաներին չսանձելով՝ վայրահաչեն։

Ծախեցի՞ն, ո՞ւմ ծախեցին… ռուսներին։ Բայց, երբ քո ռուսական տիրապետութեան տակ եղած տարիներին ես յետյիշում, կարօտով ես լցւում։ Նշանակում է՝ օրհնւի՛ այն օրը, երբ դաշնակցականները երկիրը ծախեցին ռուսներին։ Բայց այստեղ չմոռանանք, որ հէնց այդ նոյն ռուսական քաղաքականութեան արդիւնքում էր, որ Արցախն ու Նախիջեւանը յանձնեցին Ադրբեջանին, Ջաւախքը՝ Վրաստանին, Մեծ Հայքի ողջ տարածքը՝ Թուրքիային (մասնաւորապէս՝ Կարս, Արդահան, Կարին, Վան…)։ Եւ դու, լաւ էիր ապրում «խորհրդայինների» օրօք ու ոչ մի բողոք չունէիր կարծես թէ։

Քեզ վատ զգացի՞ր, երբ ծախեցին։ Չէիր ուզո՞ւմ, որ ծախէին։ Եթէ չէիր ուզում, ապա ինչո՞ւ չկանգնեցիր նրա կողքին, երբ մենակ էր։

Ծախեցի՞ն, չծախեցին… այլ՝ դո՛ւ ծախւեցիր բոլշեւիկին։ Դա բոլշեւիկների քարոզն էր, վերջնականապէս հայ հասարակութեան աչքից հանելու համար, հէնց իր ծնած կազմակերպութեանն ու նրա փառաւոր գործիչներին։ Սա բոլշեւիկեան հերթական մանիպուլեատիւ գործողութիւնն էր։ Բնական էր, ոչ ոք չէր կարող տանել այն դառը, ճշմարտացի իրականութիւնը, որ հասարակ ժողովուրդը իր սէրն ու համակրանքն ուներ դէպի իր մարտիկը։ Էլ ո՞ւր մնաց թէ հանդուրժէին նրանց ներկայութիւնը։ Եւ Նախանձը տեղիք տւեց նեարդերին։ Առաջին իսկ պատահած դաշնակցականը գնդակահարւում էր տեղում, պատերի տակ, փողոցում, տանը, բանտում, երբ բացայայտւում էր նրա ով լինելը։ Ո՞վ էր դաւաճանը, իմ պա՞պը, որ դաշնակցական էր, ու Արաբոյի, Չաուշի, Մախլուտոյի, Դրոյի, Նժդեհի, Արամի հետ կռւելով, վտանգելով իր կեանքը, մոխիրներից Հայրենիք կերտեց, թէ՞ քո պապը, որ սեփական մորթին շնագայլերի ճանկերից փրկելու համար, ծախեց իր հայրենակցին, ով տարիներ շարունակ իր ու իր երեխայի ազատութեան եւ իրաւունքների համար կռիւ էր տւել Կարմիր Սուլթանից մինչեւ՝ Քեմալ ու Լենին եւ, ապա՝ Ստալին։ Աքսորւում էր Սիբիր, եւ եթէ բախտի բերումով ողջ կը մնար, ամենաքիչը՝ վտարում էին Հայաստանից, այլեւս Հայրենիք չվերադառնալու պայմանով, եթէ մեռնել չէ՛ր ուզում։

Ամէն հնար կիրառեցին, որ ՀՅԴ ոչ մի գործչի նկար տանդ պատին չփակցրեցիր, յիշողութեանդ ալբոմներից հեռացրեցիր, որ յանկարծ լուրը չհասնի բոլշեւիկ վարիչների ականջին։ Իսկ այդ օրերին, Հայրենիք կերտողներին կացնահարում էին բանտերում… Եւ դո՛ւ՝ լուռ էիր…

Լռում էիր, որ այսօր մեղադրես։

Ատելութիւնդ ամրապնդելու համար, մեղադրական պատմութիւններով գրքեր պատւիրեցին ու ֆիլմեր նկարահանեցին, արգելեցին որեւէ մէկի շուրթերից լսել, ազգային-յեղափոխական երգերը։ Բայց ծուռ նստի եւ դուզն ասա. որեւէ քաղաքական կամ հասարակական կազմակերպութիւն գիտե՞ս, որի անցեալի ու գործիչների մասին այսքան շատ երգեր գրւէին ու երգւէին։

Ծախեցի՞ն, ո՞ւմ ծախեցին… Դաւաճանեցի՞ն՝ ո՞ւմ… ե՞րբ… որտե՞ղ… Բանկ Օտոմանո՞ւմ, Գում-Գափուի հրապարակո՞ւմ, Խանասորո՞ւմ, Կարինո՞ւմ, Սասունո՞ւմ, Մուշո՞ւմ, Վանո՞ւմ, Կարսո՞ւմ, Սարդարապատո՞ւմ, Ինը դար պետութիւն կորցնելուց յետոյ Հայրենիք պարգեւելու գործու՞մ, գուցէ Սիւնիքո՞ւմ դաւաճանեցին, որ չթողեցին բոլշեւիկներին, իրենց տէր զգալու այդ հողակտորի վրայ ու անարգել բաժան-բաժան ու մէջ-մէջ անելու։ Լիզբոնու՞մ դաւաճանեցին, հա՞, թէ՞ Բուրգասում… գուցէ Արցախն ազատագրելու պահի՞ն կաշիներն ազատելու համար լքեցին ու փախան երկրից, թէ՞ վերադարձան երկիր, որ իրենց եղբայրներին մենակ չթողնեն թշնամու առաջ ու այ հէնց դրա համար է, որ դաւաճան համարեցիր։ Ամէն անգամ Թեհլիրեան ես գովերգում, ասում ես ժողովրդական վրիժառու է, բայց ամաչում ես ասել, որ դաշնակցական է, եւ առաջին հերթին, կատարել է կուսակցական յանձնարարութիւն։ Եւ այդ պատճառով է, որ «Գինի լից» երգը երգելուց, «դաշնակցութիւն ժողով արեց» տողը փոփոխում ես, ըստ քո ունկին հաճելի ճաշակի։ Օտար երկրների կողմից Հայոց Ցեղասպանութիւնն ընդունւող ու դատապարտող օրէնքների ու բանաձեւերի մէ՞ջ դաւաճանեցին՝ ՀԱՅ ԴԱՏԻ անխոնջ աշխատանքներո՞ւմ թերացան, թէ՞ մտածում ես, որ օրինակի համար վերցնենք Վենեսուէլայի բանաձեւը, եւ մտածենք, որ նախագահը գիշերը, երազին, Հայոց Սրբազան Նահատակած գանգերն էր տեսել ու խոստացել էր գոնէ ինքն իրեն, որ առաւօտեան բանաձեւ կընդունի։ Ամէն վայրկեան օգնութեան փութացող, իր քոյր կառոյցների՝ ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, Պատանեկան ու Երիտասարդական կառոյցների կողմից լրջագոյն ու սրտացաւ աշխատանքներու՞մ թերացան։ Ե՞րբ, որտե՞ղ դաւաճանեցին՝ կոալիցիաներու՞մ, երբ կնքում էին համաձայնագրեր, որպէսզի իրենց որոշակի դերակատարումով զսպաշապիկ հանդիսանային իշխող ուժերին։ Սակայն, դո՛ւ, մշտապէս եւ հաւասարաչափ քննադատեցիր… Դրամական աջակցութիւն ստացար ու քո սեփական ձայնը ափսոս զգալով տւեցիր քեզ ստրկացնողին, բայց՝ պահանջեցիր ՀՅԴ-ից։ Միշտ, միշտ ծախւեցիր ու որպէսզի մեղքդ մեղմացնես, արդարանում ես մեղադրելով Դաշնակցութեանն ու դաշնակցականին։

Ես՝ դաշնակցական եմ, ու որեւէ մէկդ ինձ մեղադրել չէք կարող։ Ես Հայրենիք ծախող չե՛մ, ինչպէս էլ եւ իմ նախորդները։ Չէ՛ք կարող մեղադրական ներկայացնել նաեւ իմ կազմակերպութեան դրօշի տակ, երկու ոտքերի վրայ ամուր կանգնած, միւս ընկերներին։ Ինչքան էլ մեղադրէեք, միեւնոյնն է, երբ հարկը լինի, քո կարիքի պահին, էլի այդ նոյն «դաւաճաններն» ու «ծախւածներն» են կանգնած։ Ես կուզէի, ես շատ կուզէի, որ բոլոր մեղադրողներդ ինձ նման դաւաճան ու ծախւածներ լինէիք։ Ի՜նչ Հայրենիք կունենայիք, բայց։ Ու գիտէ՞ք ինչու, որովհետեւ այդ դպրոցի իւրաքանչիւր աշակերտ կարդում ու լսում է միայն հայերէնը, հայկեանը։ Մինչ դեռ, դու Փոքրիկ իշխանից ու Թքած ունենալու նուրբ արւեստից այն կողմ չանցար։ Նողկալի են բոլոր այն ճանաչւածներիդ ու երեւելիներիդ հարցազրոյցները, երբ ազգայինը թողած, մէջբերումներ էք անում՝ Շեքսպիրից ու Էկզիւպերիից։ Չարենց, Սեւակ, Շիրազ ծնած ազգ ես, բայց արաբաթուրքական վայրահաչոցների տակ ես պար բռնում։ Սա է՞ քո հայրենասիրութիւնը։ Անկախութեան վերահաստատումից յետոյ բազմաթիւ ծրագրեր իրականացվեց ՀՅԴ կողմից, հիւանդանոցներից մինչեւ բնակարաններ… Երբեւէ անգամ այդ մասին չբարձրաձայնւեց, որովհետեւ գովազդւելու կարիքը չկար։ Արւում է Հայաստանի ու հայութեան համար։ Իւրաքանչիւր դաշնակցականի համար Հայրենասիրութիւնը զուտ գաղափարախօսութիւն չէ, այլ՝ ապրելակերպ։

Ժամանակին, մէկ դրօշի տակ համախմբւելու, դաշնակցութեան կոչերին չանսացիր, որ այսօր ծախւած ու դաւաճան անւանես։

Քո՛, նախ քո մասին խորհիր, թէ արդեօք արժանի՞ ես այդ կազմակերպութեանն առնել «պոզերիդ»։ Դաշնակցութիւնը քո նահատակների թափորն է, որ մշտապէս գնում է պայքարի ելած ժողովրդիդ առաջից։

Իսկ դու՛, դու մինչեւ վերջ հաւատարիմ մնացիր բոլշեւիկեան մեղադրական հանդիսացող նախանձախնդրութեան, ամէն անգամ յիշելով «սովորածդ», կրկնում ես անսարք պատիֆոնին ամրացւած ձայնասկաւառակի վրայ թրթռացող, ջարդած ասեղի նման։

 

Յ․ Գ․

Բոլոր ժամանակների կառավարողների հետ համեմատելով, երբ փոխւում էին, յաջորդելով մէկը՝ միւսին, դաշնակցական կառավարողներն ու յատկապէս երկրի գրեագոյն վարիչը՝ վարչապետ Վրացեանը, Հայաստանից հեռանալու օրը, իր հետ ոչ թէ Ազգային դրամատան փողերը, այլ՝ ՀՅԴ կանոնագիր-ծրագիրն ու Հանրապետութեան խորհրդանիշ հանդիսացող՝ Եռագոյնը վերցրեց, որ մի քիչ մեղմէր կարօտը՝ Հայրենիքի հանդէպ եւ մի բուռ հող, այդ Հայրենիքի Սրբազան գետնին կացնահարւած ընկերների արեան յիշողութիւնը, մշտապէս թարմ պահելու համար։ Իսկ դու, անսալով իրական դաւաճանների ձայնին, սեփական կարծիք չունենալով հանդերձ, կրկնում ես, անթոյլատրելին իրականացնելու համար մէջտեղից հեռացնելու ջանքերի, անօրինականութիւններին դէմ կանգնող ու խանգարող ՀՅԴ-ին, որի համար՝ ԴէՊԻ ԷՐԳԻՐԸ մշտապէս եղել է հետեւողականօրէն առաջնային սկզբունք…»:

Յարակից լուրեր

  • Մի դրւագ Հայաստանի առաջին վարչապետ Քաջազնունու կեանքից՝ ի ցոյց Ալէն Սիմոնեանին
    Մի դրւագ Հայաստանի առաջին վարչապետ Քաջազնունու կեանքից՝ ի ցոյց Ալէն Սիմոնեանին

    Գրող, լրագրող եւ նկարիչ Արա Նախշքարեանը ֆէյսբուքի իր էջում գրել է. «Սիմոնեան Ալէնի այն պատճառաբանութեանը, թէ, բա, որ պարգեւավճար չստանայ, բա ոնց գնի իր հագուստը, բարձրագոյն հանդիպումներին պատշաճ ներկայանալու համար, յիշեցնեմ պատմական մի դրւագ Հայաստանի Հանրապետութեան առաջին վարչապետ՝ Յովհաննէս Քաջազնունու պետական կեանքից․

  • Երեք կուսակցութիւնների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանութեան գործողութիւնների վերաբերեալ
    Երեք կուսակցութիւնների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանութեան գործողութիւնների վերաբերեալ

    Երեք կուսակցութիւնների աշխատանքային խմբի գնահատականը կորոնավիրուսի համավարակին հակազդելու` իշխանութեան գործողութիւնների վերաբերեալ

  • Կուսակցական դպրոցի կարեւորութիւնը
    Կուսակցական դպրոցի կարեւորութիւնը

    Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցութեան լուսաւոր եւ պողպատեայ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՄՊԻՈՆէն, ՀՅԴ հիմնադրութեան 130-ամեակին առիթով ինքնասրբագրումի, ինքնաքննադատութեան եւ հաշուետուութեան շրջածիրէն մեկնելով, կը կատարենք կարգ մը խորհրդածութիւններ:

  • Դաշնակցութեան պատասխանատւութեան պահը
    Դաշնակցութեան պատասխանատւութեան պահը

    Հայ քաղաքական մտքի կազմակերպական ձեւաւորման շրջանում, 19-րդ դարի վերջին, հայ ժողովրդի տւեալ ժամանակի լաւագոյն զաւակները հիմնադրեցին հայկական կուսակցութիւնները: Իրենց կեանքը հայ ազատագրական պայքարին, իսկ այնուհետեւ պետականութեան կերտմանը նւիրած մարդիկ ստացել էին լաւագոյն կրթութիւն, առաջադէմ էին, ունէին լայն աշխարհայեացք, յաւակնութիւններ եւ մեծ երազանք:

  • Դաշնակցութեան ուժին գաղտնիքը
    Դաշնակցութեան ուժին գաղտնիքը

    Շատերու համար գաղտնիք մըն է դարձած Դաշնակցութեան ուժը: Յաճախ այս ուղղութեամբ մեկուսի խոստովանութիւններու եւս ականջալուր եղած ենք: Ի՞նչ է գաղտնիքը, որ, հակառակ անլուր հալածանքներու եւ անխոստովանելի միջոցներու, Դաշնակցութիւնը կէս դարէ աւելի ժամանակաշրջանի մը ընթացքին մնացած է ուժեղ եւ անսասան:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։