Հա

Ազգային

05/06/2020 - 08:30

«Եթէ ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կը ձեւաւորւի նոր օրակարգ». Իշխան Սաղաթելեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ԱԺ-ից պահանջում է էատուկ նիստ գումարել մինչեւ արտակարգ դրութեան աւարտը։

«alikonline.ir» - Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը ԱԺ-ից պահանջում է էատուկ նիստ գումարել մինչեւ արտակարգ դրութեան աւարտը։

«Մենք գտնում ենք, որ իբրեւ խորհրդարանական կառավարման երկիր՝ ժողովրդի կողմից առաջնային մանդատ ստացած թիւ մէկ քաղաքական մարմինը ամբողջական եւ անմիջական պատասխանատւութիւն է կրում երկրում ստեղծւած իրավիճակի համար եւ ինքը պէտք է կառավարութեանը հրաւիրի քննարկման, ստեղծւած իրավիճակին տայ ամբողջական եւ լիարժէք գնահատական, որից յետոյ անի համապատասխան եզրակացութիւններ եւ քայլեր»,- Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ մեկնաբանելով կուսակցութեան նախաձեռնութիւնը։

Երկիրը ծանր մարտահրաւէրի առջեւ է՝ նկատեց նա, մօտենում ենք հումանիտար աղէտի։ Մինչդեռ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը, նրա համոզմամբ, այս ժամանակահատւածում փաստել է իր անկարողութիւնը եւ ձախողումը։

Ինչո՞ւ է ՀՅԴ-ն հէնց ԱԺ-ից քայլեր պահանջում՝ կառավարութեանը պատասխանատւութեան կանչելու համար, Իշխան Սաղաթելեանը բացատրեց՝ ժողովուրդն ԱԺ-ին  է տւել այդ մանդատը, իսկ ԱԺ-ն ձեւաւորել է այս կառավարութիւնը, հետեւաբար, դրա գործունէութեան համար ինքը պատասխանատւութիւն է կրում եւ պէտք է ձեռնարկի քայլեր։

«Եթէ խորհրդարանը առաջիկայ 10 օրւայ ընթացքում արտահերթ նիստ չգումարի, ընդ որում՝ դա պէտք է չլինի ձեւական, դա պէտք է լինի իրական քննարկում եւ գտնեն լուծումներ, եթէ ինքը չգնայ այս քայլին, սա կը բերի նոր խնդիրների, սա քաղաքական դաշտում կը ձեւաւորի նոր օրակարգ եւ դրանից յետոյ շատ յստակ կը լինի, որ այսօրւայ խորհրդարանը այլեւս անելիք չունի։ Սա վերջին յոյսն է եւ շանսն է այսօրւայ խորհրդարանում. մենք ձեւակերպել ենք քաղաքական պահանջ, ձեւաւորել ենք իրաւական պահանջ եւ ներկայացրել ենք խորհրդարանին»,- ասաց Իշխան Սաղաթելեանը։

Քաղաքական նոր օրակարգի շուրջ ՀՅԴ-ն կը ձեւաւորի նաեւ հասարակական-քաղաքական պահանջ եւ համախմբում։ Երկրի քաղաքական դաշտում նշմարւում է արտախորհրդարանական ուժերի կոնսոլիդացիա։ Իշխան Սաղաթելեանը հաստատեց, որ Դաշնակցութիւնը քննարկումներ է անցկացնում քաղաքական այլ դերակատարների հետ միասնական օրակարգի շուրջ միաւորման նպատակով։ Ո՞ր քաղաքական ուժերն են ներգրաււած՝ նա չյստակեցրեց, միայն ասաց, որ ընդդիմադիր դաշտի տարբեր ուժեր են, իսկ քննարկումները վերաբերում են բացառապէս երկրում ստեղծւած իրավիճակին։ Այս պահին պայմանաւորւածութիւն առայժմ չկայ, երբ լինի՝ հանդէս կը գան յայտարարութեամբ։

ԱԺ յատուկ արտահերթ նիստի օրակարգը, որի շուրջ պէտք է տեղի ունենայ քննարկումը կառավարութեան հետ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը նշել է։ Իշխան Սաղաթելեան մանրամասնեց՝ ամբողջական գնահատական տալ ստեղծւած իրավիճակին, պատասխանատւութեան կանչել ստեղծւած իրավիճակի համար ձախողած պաշտօնեաներին եւ շատ արագ սեղանի վրայ դնել ստեղծւած իրավիճակից բխող համապարփակ ծրագիր. «Սա Ազգային Ժողովի անելիքներից է եւ պարտաւոր է րոպէ առաջ սա իրականացնել»։

Նա մտահոգութիւն յայտնեց, որ հէնց այս օրերին, երբ երկիրը ունի բազմաթիւ խնդիրներ ու աղէտի շեմին ենք կանգնած՝ ԱԺ-ում քննարկում են երկրորդական հարցեր։ Այնինչ այս պահին  քաղաքական մեծամասնութիւնն ու խորհրդարանական ընդդիմութիւնը ունեն հրատապ խնդիր եւ պէտք է զբաղւեն դրանով։

Իբրեւ ընդդիմադիր պատասխանատու քաղաքական ուժ Դաշնակցութիւնը կորոնավիրուսի տարածման հէնց առաջին օրից կառավարութեան կողքին էր՝ իր ուսումնասիրութիւններով, առաջարկներով, անգամ հումանիտար օգնութեամբ՝ ընդգծեց Իշխան Սաղաթելեանը։

Քաղաքական պատասխանատւութիւնը, սակայն, Դաշնակցութեանը պարտաւորեցնում է չլռել. «Մենք չենք կարող նստել ու սպասել եւ տեսնել, թէ մեր աչքի առջեւ մեր երկիրը ոնց է քայլ առ քայլ գլորւում դէպի անդունդը»։

Հանրային դիսկուրսը, թէ բարդ իրավիճակում ընդդիմադիրները կառավարութեանը մեղադրում են՝ օգնելու փոխարէն, արդարացւած չէ՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելեանը՝ բերելով փաստեր։

«Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ ինչո՞ւ էք քննադատում կառավարութեանը, ինչո՞ւ էք խօսում, պատերազմի մէջ ենք, եկէք՝ օգնենք, նրանց ես մէկ անգամ եւս պէտք է յիշեցնեմ. մարտի 16-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն հանդէս եկաւ կոչով՝ ուղղւած ՀՀ քաղաքացիներին, որ՝ հետեւէք պարետատան կանոններին, հետեւէք ձեր առողջութեանը, խուճապի մի մատնւէք։

Այդ նոյն յայտարարութեան մէջ կար նաեւ կոչ կառավարութեանը, որ՝ մի կողմ դրէք քաղաքական տարաձայնութիւնները, համախմբէք մեր ժողովրդի կարողութիւնները, հնարաւորութիւնները, իրական գնահատական տւէք ստեղծւած իրավիճակին եւ ձեռնարկէք համապատասխան քայլեր։ Դրանից յետոյ ՀՅԴ Բիւրոն մարտի 21-ին հանդէս եկաւ յայտարարութեամբ, որտեղ մեր ժողովրդին, համայն հայութեանը, մեր Սփիւռքի քոյր կառոյցներին, ուղեկից միութիւններին կոչ էինք անում համախմբել մեր բոլոր ուժերը, կանգնել պետութեան եւ երկրի կողքին։ ՀՅԴ-ն նոյնիսկ հրապարակեց հաշւեհամարը, որտեղ կոչ արեց նւիրատւութիւններ անել մեր պետութեանը, ունենք նաեւ բազմաթիւ լաւ օրինակներ, որ ընդառաջել են այդ կոչին։ Պարզ ասացինք՝ մի նաւի մէջ ենք, պէտք է միասին, համատեղելով մեր ուժերը ստեղծւած իրավիճակից դուրս գանք։

Դրանից յետոյ Դաշնակցութեան Գերագոյն մարմինը մարտի 23-ին մի ամբողջական փաթեթ կազմեց ստեղծւած իրավիճակից բխող գործողութիւնների, որը վերաբերում էր արտակարգ դրութեան պայմաններին, տնտեսական հարցերին՝ 48 կէտ, ուղարկեց կառավարութիւն, ասաց՝ պատրաստ ենք հանդիպել, խօսել, քննարկել միասնաբար՝ մի կողմ դնելով տարաձայնութիւնները ստեղծւած իրավիճակից դուրս գալու համար։ Այս ամէն ինչին մենք կառավարութեան կողմից ունեցել ենք «զրօ» արձագանք»,- յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Կառավարութեան կողմից անարձագանք մնալուց յետոյ էլ Դաշնակցութիւնը «ձեռքերը ծալած» չի նստել՝ վստահեցրեց Իշխան Սաղաթելեանը. այս ժամանակահատւածում կուսակցութեան ուսանողական, երիտասարդական միութիւնները շուրջ 2000 կարիքաւոր ընտանիքների սոցիալական օգնութիւն են ցուցաբերել, Սփիւռքի տարբեր գաղթօջախներից ՀՅԴ կառոյցների միջոցով Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւններին տարբեր օգնութիւններ են եկել։

«Եւ շարունակելու են առաջիկայում գալ, մենք առաջիկայում շարունակելու ենք մեր ծրագրերը, օժանդակութիւնները, օգնութիւնները, ինչով կարող ենք՝ շարունակելու ենք կանգնել մեր քաղաքացիների կողքին։ Բայց սա չի նշանակում, որ կառավարութեան ձախողման, անգործութեան, անպատասխանատու կեցւածքի մասին մենք պէտք է չխօսենք եւ անհրաժեշտութեան դէպքում շատ յստակ քայլեր չձեռնարկենք»,- ընդգծեց Իշխան Սաղաթելեանը»։

Ընդ որում, նա յիշեցրեց, որ քննադատութիւնը առժամանակ դադարեցնելու պատրաստակամութիւն յայտնեցին ընդդիմադիր բոլոր ուժերը, բայց իշխանութիւնը կորցրեց իր հերթական պատմական շանսը, որ եզրակացութիւն անէր երկրում ստեղծւած իրավիճակից եւ առիթը բաց չթողնելով՝ համախմբեր տարբեր ուժերի ու հասարակութեանը՝ վերջ դնելով սեւ ու սպիտակի քաղաքականութեանը։ ՀՀ քաղաքական իշխանութիւնը, նրա համոզմամբ, հերթական անգամ իրավիճակը ճիշտ չգնահատեց եւ շարժւեց սխալ ուղղութեամբ։

Անդրադառանալով նախկին իշխանութիւնների ներկայացուցիչների կողմից վերջին շրջանում պարբերաբար հնչող մերկացումներին՝ ներկայ իշխանութիւնների ենթադրեալ յանցագործութիւնների մասին եւ ներկաների հակադարձումներին, Իշխան Սաղաթելեանը նկատեց. «Այս անձնական պայքարը՝ «դու գող ես, չէ՛, գողը դու ես», ՀՀ ժողովրդին ոչինչ չի տալու։ Բայց այս ոճը որդեգրել է իշխանութիւնը, երբ բոլորին ասում է՝ գող էք։ Հիմա, կան որոշ մարդիկ, որ ասում են՝ չէ՛, գողը գողը դուք էք։ Բայց բուն ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետութիւնը սրանից ոչինչ չի շահում։ Դրա համար ՀՀ-ում պէտք է ձեւաւորւի քաղաքական օրակարգ, քննարկումները պէտք է լինեն այդ օրակարգի շուրջ եւ այդ օրակարգում մեծ դերակատարութիւնը վերապահւած է ժողովրդին»։

Ստեղծւած իրավիճակի կնքահայրը եւ պատասխանատուն, Իշխան Սաղաթելեանի համոզմամբ, այսօրւայ իշխանութիւնն է՝ վարչապետի գլխաւորութեամբ։

Մինչդեռ վարչապետը աջ ու ձախ «քաւութեան նոխազ» է փնտրում իր ձախողումներն արդարացնելու համար եւ առաջացնելով կառավարման ճգնաժամ. «ՀՀ վարչապետը ընդդիմադիր պատգամաւորի կեցւածքով եւ հոգեբանութեամբ յայտարարութիւններ է անում, քննադատում է, որ պետական կառավարման համակարգում կանոնները չեն պահպանւում՝ ՊԵԿ-ում, Հայփոստում, բանկերում, դպրոցներում, պետական ապարատում չեն հետեւում կարոններին, կուտակումներ կան, խախտում են կանոնները... լաւ, բա ձեր գործի անունը ի՞նչ է, լուծէ՛ք այդ հարցերը, ումի՞ց էք բողոքում։ Տպաւորութիւն է, որ ի դէմս Նիկոլ Փաշինեանի՝ կառավարութիւնը ունի նոր ընդդիմութիւն։ Այսինքն, ձեր խնդիրը այս հարցերը լուծելն է, ոչ թէ քննադատելը»։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչը յաւելեց՝ թող նեղութիւն չքաշեն, մենք կը բարձրացնենք այդ հարցերը, կը քննադատենք։

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։