Հա

Ազգային

28/06/2020 - 08:45

«Ալիեւը փորձում է մեր անցած 30 տարիների ճանապարհը նսեմացնել, նա ուզում է հայ հանրութեան տարբեր շերտերի միջեւ հակասութիւններ որոնել. խոհեմութիւն կը լինի, որ հրաժարւենք իրար ոչնչացնելուց». Վահրամ Բալայեան

Արցախի խորհրդարանի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանի խօսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է պահպանել իր հակահայկական գիծը:

«alikonline.ir» - Արցախի խորհրդարանի «Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն» խմբակցութեան պատգամաւոր Վահրամ Բալայեանի խօսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է պահպանել իր հակահայկական գիծը:

Նա Tert.am-ի հետ զրոյցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին յայտարարութիւններին, որոնցով նա քննադատել է անկախ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանութիւններին:

«Նա փորձում է մեր անցած այս 30 տարիների ճանապարհը նսեմացնել, սեւ բծեր յայտնաբերել մեր անցած ուղու վրայ: Իրականում, իհարկէ, նրա ասածները հերիւրանք են: Անկախ ամէն ինչից՝ այս 30 տարիների ընթացքում թէ՛ Հայաստանի Հանրապետութիւնում, թէ՛ Արցախի Հանրապետութիւնում տարբեր ղեկավարների ժամանակ մեր ունեցած թերութիւններից, մենք նաեւ ունեցել ենք շատ ձեռքբերումներ, յաջողութիւններ: Մեր հայրենիքի մի մասն ազատագրւել է, մենք այսօր ունենք պետական սահմանում հայոց երկիր՝ 42 հազար քառ. կմ  տարածքով: Սա ակնյայտ փաստ է, եւ պէտք է ընդունել»,- ասաց նա:

Վահրամ Բալայեանի խօսքով՝ իհարկէ, բանակաշինութեան ոլորտում էլ, անկախ նրանից, թէ ինչ վիճակ է եղել, նոյնպէս ունեցել ենք յաջողութիւններ, այնպէս որ, Ալիեւի յայտարարութիւնները իրականութեան հետ կապ չունեն:

«Դա նաեւ փորձ է հայ հանրութեան տարբեր շերտերի միջեւ հակասութիւններ որոնելու, փորձելու մեր երկրի ներքին անդորրը ինչ-որ ձեւով խախտել»,- ասաց նա:

Հարցին, թէ երբ ձերբակալւում են արցախեան պատերազմի հերոսները, գեներալները, արդեօք կանխատեսելի չէր, որ Ադրբեջանը դա որպէս յաղթաթուղթ կօգտագործէր, Վահրամ Բալայեանը պատասխանեց.

«Իհարկէ, այն մօտեցումները, որոնք դրսեւորւում էին մեր բանակի հրամկազմի եւ ընդհանրապէս արցախեան հերոսամարտի մասնակիցների նկատմամբ, անընդունելի էին:  Նորից եմ կրկնում՝ սխալները, որոնք կան, հասկանալի են, բայց միւս կողմից էլ՝ մենք չենք կարող անընդհատ յետ նայել եւ խնդիրներ գտնել եւ նորից փորձել այդ հիմքերի վրայ մեր ներսում խնդիրներ առաջացնել, հասարակութեան տարբեր շերտերի բաժանել,- ասաց նա՝ նկատելով, որ մենք ե՛ւ տարածքով, ե՛ւ թւաքանակով փոքր ժողովուրդ ենք, եւ հակասութիւնները չեն օգնում անգամ նոր իշխանութիւններին՝ յաջողութիւններ արձանագրելու գործընթացում,- ես կարծում եմ, որ պէտք է առաջ նայել, անցած էջը փակել եւ փորձել նոր հիմքեր կառուցել՝ աւելի զարգացած երկիր ունենալու տեսլականով»:

Վահրամ Բալայեանը նշեց, որ պատմութիւնն է վկայում, որ դարերի ընթացքում մենք, անընդհատ իրար ոչնչացնելով, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: «Կարծում եմ, որ խոհեմութիւն կը լինի, որ հրաժարւենք այդ ճանապարհից, եւ փորձ արւի ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը հնարաւորութիւն կը տայ միասնական ջանքերով շարունակել մեր երկրի զարգացումը: Չպէտք է մոռանանք նաեւ, որ մենք պատերազմող երկիր ենք, եւ Աստւած մի արասցէ, վաղը պատերազմ լինելու պարագայում, խրամատում միմեանց թշնամի չհամարենք»,- ասաց նա:

Վահրամ Բալայեանը չցանկացաւ մեկնաբանել Հայաստանի վարչապետի մամուլի խօսնակի եւ արտաքին գործերի նախարարութեան արձագանքները՝ Ալիեւի յայտարարութիւններին՝ համարելով, որ դրանք ՀՀ իշխանութիւնների մօտեցումներն են, ինքն իրեն իրաւունք չի վերապահում դրանց գնահատականներ տալ:

Դիտարկմանը, թէ վարչապետի խօսնակը, արձագանքելով Ալիեւի յայտարարութիւններին, նորից անդրադարձել էր նախորդ իշխանութիւններին, Վահրամ Բալայեանը պատասխանեց.

«Իմ ասածը հէնց դրան է վերաբերում, որ ես ցանկանում եմ, որ այդ մեղադրանքները չլինեն: Անընդհատ փորձել փորել, ինչ-որ նոր բաներ գտնել, իրար մեղադրել... դա յամենայն դէպս իմ ճանապարհը չէ: Դա անընդունելի է: Կուզէի մեր ներքին խնդիրները լուծելու համար առաւել սահուն ճանապարհ գտնէինք: Ես այդ ճանապարհն եմ նախընտրում»,- ասաց նա:

 

ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։