Հա

Ազգային

28/06/2020 - 10:20

«Խախտելով Սահմանադրութիւնը՝ վարչապետը չի կարող երկիրը տանել ժողովրդավարութեան․ սփիւռքում մտահոգութեամբ ենք հետեւում Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւններին». Մուրադ Փափազեան

Բոլորս էլ պէտք է իմանանք, որ ժողովրդավարութեան այբուբենը յարգանքն է Սահմանադրութեան նկատմամբ, պէտք է յարգել Սահմանադրութիւնը, եթէ ցանկանում ենք երկիրը տանել դէպի ժողովրդավարութիւն: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«alikonline.ir» - Բոլորս էլ պէտք է իմանանք, որ ժողովրդավարութեան այբուբենը յարգանքն է Սահմանադրութեան նկատմամբ, պէտք է յարգել Սահմանադրութիւնը, եթէ ցանկանում ենք երկիրը տանել դէպի ժողովրդավարութիւն: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական ընկերութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

«Կարելի է հասկանալ, որ իշխանութիւնները ցանկանում են փոփոխութիւններ անել Սահմանադրութիւնում: Եթէ որեւէ իշխանութիւն կարծում է, որ կարիքը կայ Սահմանադրութիւնում որոշ կէտեր փոխելու, իր իրաւունքն է, դա բնական է, բայց կան պայմաններ, որոնք եւս պէտք է ընդունի»,- ասաց նա՝ նկատելով, որ այսօր այդ պայմանները չեն յարգւում, եւ Սահմանադրութեան փոփոխութիւնները ճիշտ ձեւով տեղի չեն ունենում․ «Կայ կարգ, կայ օրէնք, եւ պէտք է այդ օրէնքներն այս իշխանութիւնները յարգեն, որպէսզի փոփոխութիւններն ընդունելի լինեն ոչ միայն մեր ժողովրդի, այլ, նաեւ՝ միջազգային հանրութեան կողմից»:

Մուրադ Փափազեանի խօսքով՝ շատ կարեւոր է միջազգային հանրութեան կարծիքն այսօր Հայաստանում տեղի ունեցողի վերաբերեալ, որովհետեւ այն միջազգային ընտանիքի մաս է կազմում: «Եթէ իշխանութիւնները խախտեն ընդհանուր ժողովրդավարական այբուբենը Սահմանադրութեան միջոցով՝ չյարգելով այն՝ միջազգային ընտանիքը վատ կեցւածք կընդունի Հայաստանի նկատմամբ: Հակասահմանադրական քայլերը չեն կարող նպաստ բերել Հայաստանին»,- ասաց նա:

Նրա նկատառմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շատ լաւ գիտի այդ ամէնը, քանի որ վերջին տարիներին մի քանի անգամ է փոխւել Սահմանադրութիւնը: «Պէտք է յարգի կարգը, նոյնիսկ եթէ դժւարութիւններ ունենայ, որովհետեւ հասկանալի է, որ 20 տարի է, որ երկիրը ղեկավարւում էր մի ուժի կողմից, եւ երբ ինքը եկաւ իշխանութեան, չէր կարող մէկ վայրկեանում փոխել Սահմանադրութիւնը»,- ասաց նա:

Ֆրանսահայ գործչի խօսքով՝ իրենք սփիւռքում նկատում են, որ Հայաստանում իրավիճակը լարւած է եւ ցանկանում են, որ վարչապետը երկրում անպայման զարգացնի ժոովրդավարութիւնը: «Խախտելով Սահմանադրութիւնը՝ նա չի կարող երկիրը տանել ժողովրդավարությեան, եւ եթէ շարունակի նոյն քայլերն անել, նշանակելու է, որ բաժանում է ժողովրդին թէ՛ Հայաստանում, թէ՛ սփիւռքում: Սփիւռքում մեզ բոլորիս համար շատ կարեւոր է ազգային միասնականութիւնը: Մենք կարող ենք ընդունել մեր բոլոր տարբերութիւնները, եւ դրա համար է, որ երկրում կայ մեծամասնութիւն իշխանութիւն եւ ընդդիմութիւն: Ժողովրդավարական երկրում ընդդիմութիւն ունենալը պայման է: Այն պէտք է լինի, որ առաջարկներ բերի, որ կռիւ տայ իշխանութեան հետ, երկխօսի իշխանութեան հետ, օգնի նրան»,- ասաց նա:

Դիտարկմանը, թէ ՀՀ իշխանութիւնները կարծես թէ հաստատակամ են իրենց որոշման մէջ եւ շարունակում են պաշտպանել սահմանադրական փոփոխութիւնների անցկացման իրենց տարբերակը, Մուրադ Փափազեանը պատասխանեց, որ նրանք սխալ ճանապարհ են ընտրել:

«Շտապելով, արագ որոշումներ կայացնելով, չյագելով տարբերութիւնները, մերժելով բանավէճը, ուժով հաստատելով այլ կարգ՝ սխալւելու են, արդիւնքը դրական չի կարող լինել»,- ասաց նա:

Մէկ այլ դիտարկման էլ, թէ սփիւռքը միշտ ձեռնպահ է մնում ՀՀ ներքաղաքական կեանքին միջամտելուց եւ հարցին՝ հնարաւո՞ր է, որ այսօր ՀՀ-ում տեղի ունեցողը լուրջ արձագանք առաջացնի սփիւռքում, Մուրադ Փափազեանը պատասխանեց.

«Սփիւռքը պետութեան տրամադրութեան տակ է՝ պետութեան զօրացման համար: Սփիւռքը միշտ եղել է արտաքին աշխարհում Հայաստանի ոչ պաշտօնական դիւանագէտը: Երբ արտաքին աշխարհը Թուրքիայի, Ադրբեջանի ջանքերի արդիւնքում կարող է հակահայկական դիրքորոշում ունենալ, սփիւռքն այստեղ է՝ պայքարելու համար, որպէսզի դա տեղի չունենայ»:

Դրա հետ մէկտեղ, ըստ Մուրադ Փափազեանի, այսօր սփիւռքը Հայաստանի ներքաղաքական կեանքին մտահոգութեամբ է հետեւում: «Ինչո՞ւ մտահոգութեամբ: Ոչ թէ որովհետեւ երկրում դեբատ կայ: Ո՛չ, դեբատ չկայ: Ոչ որովհետեւ տարբերութիւններ կան: Ընդհակառակը: Սփիւռքը նկատում է, որ կարող ենք ազգային միասնականութիւն կազմել մեր տարբերութիւններով: Մեր տարբերութիւնները պէտք է հարստացնեն Հայաստանին եւ հայ ժողովրդին: Երբեք հայհոյանքերը չեն ուժեղացնելու Հայաստանը, սփիւռքը»,- ասաց նա:

Այս համատեքստում նա յիշատակեց, թէ ճեպազրոյցի ժամանակ վարչապետ Փաշինեանը վիրաւորեց ընդդիմութեանը եւ մասնաւորապէս Դաշնակցութեանը: «Դաշնացական ընկերները, համակիրները, կազմակերպութիւնները, Հայ Դատի կառոյցները, որ տասնեակ տարիներով աշխատում են՝ պաշտանելով Հայաստանը, Արցախը, չեն կարող ընդունել, որ Հայաստանի վարչապետը մեզ այդպէս վիրաւորի: Իսկ Հայաստանը մեզ համար միայն Հայաստանի Հանրապետութիւնը չէ: Հայաստանը գաղափար է, իդէալ է: Վարչապետը պէտք է ընդունի, որ կայ ընդդիմութիւն, եւ այն կարող է ուժեղացնել երկիրը, պէտք է նրան տեղ տան, լսեն նրան: 

Մենք այսօր տպաւորութիւնն ունենք, որ նա շատ լարւած, բաժանող քաղաքականութիւն է վարում, եւ դժբախտաբար դա մեզ տկարացնում է, այն դէպքում, երբ մենք կարիք ունենք զօրացնելու մեր իրականութիւնը՝ Հայաստանը, Արցախը, Սփիւռքը: Մենք պէտք է միասնական կարողանանք աշխատել, բայց ինչպէ՞ս աշխատենք, երբ մեզ վարկաբեկւած ենք զգում: Ուրեմն պէտք է փոխւի իրավիճակը, պէտք է վարչապետը իմանայ, որ վարչապետը պէտք է իր բարձրութեան վրայ մնայ: Ինքը պատմական դեր ունի, եւ երկու տարի առաջւայ շարժումը պէտք է միացնող լինէր, պէտք է այդ շարժումը ժողովրդի վիճակը բարելաւէր, բարելաւէր նաեւ Հայաստան-Սփիւռք կապերը: Իսկ արդեօք նման պատկեր ունեցա՞նք: Ո՛չ, դժբախտաբար: Արդեօք ո՞ւշ է սխալն ուղղելու համար: Ո՛չ, բարեբախտաբար: Կարելի է սրբագրելով մօտեցումները՝ հզօրացնել Հայաստան-Արցախ-Սփիւռք իրականութիւնը»,- ասաց նա:

 

ՀՌԻՓՍԻՄԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։