Հա

Ազգային

30/06/2020 - 09:55

Երկխօսութեան պայմանը առողջ բանականութիւնն է

Այս օրերին, երբ մեր երկիրը ներքաղաքական լարւածութեան մէջ է` մեր շուրջն ու մեզ հետ տեղի ունեցող իրադարձութիւնների պատճառով, ոմանք շարունակում են Դաշնակցութեան դէմ նոյն երգը երգել Ռոբերտ Քոչարեան եւ Սերժ Սարգսեան նախագահների հետ համագործակցութեան մասին: Հրատապ նշանակութի՞ւն ունի այսօր այդ հարցը, իհարկէ ոչ, բայց չեմ կարծում, թէ մարդիկ չգիտեն ինչ են անում:

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

 

Այս օրերին, երբ մեր երկիրը ներքաղաքական լարւածութեան մէջ է` մեր շուրջն ու մեզ հետ տեղի ունեցող իրադարձութիւնների պատճառով, ոմանք շարունակում են Դաշնակցութեան դէմ նոյն երգը երգել Ռոբերտ Քոչարեան եւ Սերժ Սարգսեան նախագահների հետ համագործակցութեան մասին: Հրատապ նշանակութի՞ւն ունի այսօր այդ հարցը, իհարկէ ոչ, բայց չեմ կարծում, թէ մարդիկ չգիտեն ինչ են անում: Եթէ նման հրապարակումները պարզաբանումներ ստանալու նպատակ հետապնդէին իհարկէ կարելի էր համապատասխան ձեւով արձագանքել դրանց, բայց երբ. «մեղադրական փաստերի հիման վրայ կարդացւում են դատավճիռներ» իհարկէ ուշադրութիւն դարձնելու կարիք չկայ, քանի որ Դաշնակցութիւնը որեւէ մէկի առաջ արդարանալու անհրաժեշտութիւն չունի: Այնուամենայնիւ երեւոյթը պարզաբանել արժէ, անդրադառնալով ՀՅԴ-իշխանութիւններ նախորդող երկու տասնամեակների եւ դրանից էլ այն կողմ անցնող փոխյարաբերութիւնների թեմային:

Նախ, եթէ իշխանութիւնների հետ փոխյարաբերութիւնների հարցն է մէջտեղ բերւում ինչո՞ւ խնդիրը չի քննւում աւելի վաղ շրջանից, երբ Դաշնակցութիւնը նաեւ համադրել է գործողութիւնները անկախ Հայաստանի առաջին իշխանութիւնների հետ՝ արցախեան պատերազմական գործողութիւնների հարցում, կայացման շրջանում, միջազգային ատեաններում, հայկական երկու հանրապետութիւնների հետապնդած խնդիրների, Ֆինանսական եւ ոչ ֆինանսական աջակցութիւնների ուղղութեամբ, օժանդակել է Հայաստանի նորաստեղծ դիւանագիտական ներկայացուցչութիւններին եւ այլն: Սա կրկնեմ այն տարիներին, երբ Հայաստանում իշխանութիւնը հալածում էր կուսակցութեանը, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր կոշտ կեցւածք էր որդեգրել:

Ի դէպ եթէ նման համագործակցութիւնը այդքան մեծ մեղք է ինչո՞ւ որեւէ քննադատութիւն չի հնչում այսօրւայ վարչապետի հասցէին, ով իր քաղաքական դաստիարակութիւնը ստացել է ՀՀՇ-ի խոհանոցում, ով եղել է Լեւոն Տէր-Պետրոսեանի դաշնակիցը 2008 թւականի ընտրութիւններում՝ առաջնորդւելով Արցախը յանձնելու պլատֆորմով: Ինչ վերաբերում է Դաշնակցութեանը, ապա յիշեցնեմ եւս մէկ փաստ, որ գուցէեւ դուր գայ Դաշնակցութեան վարկով խիստ մտահոգներին: 1920 թւականի դեկտեմբերին, իշխանութիւնը բոլշեւիկեան հեղկոմին յանձնելուց 1-2 օր անց ՀՅԴ բարձրագոյն մամինը՝ Բիւրոն շրջաբերական յղեց կուսակցութեան շարքերին, որով յայտնում էր, որ ինքը հարկադրաբար լքում է երկիրը, սակայն հազարաւոր դաշնակցականները կարող են ներգրաււել պետական աշխատանքներում նոր իշխանութեան պայմաններում շարունակելով ծառայութիւնը հայրենիքին:

Բոլոր ժամանակներում Դաշնակցութիւնը տարբերակել է պետութիւնը իշխանութիւնից եւ երբեք չի մտահոգւել, թէ պետութեանն իր ծառայութեամբ կարող է ուղղակի կամ անուղղակի ձեւով օգտակար լինել նաեւ օրւայ իշխանութիւններին: Դաշնակցութեան համագործակցութիւնների հարցը քննողները ինչո՞ւ չեն ցանկանում լուսաբանել նաեւ այն հարցը, որ Փաշինեանի առաջարկին ընդառաջելով Դաշնակցութիւնը դաշինք կազմեց եւ նրա հետ, իսկ այն բանից յետոյ, երբ խզւեց այդ դաշինքը ընդդիմադիր դիրքորոշում որդեգրած ՀՅԴ-ն այդուհետ էլ շարունակեց աջակցութեան առաջարկներ ներկայացնել իր կողմից քննադատւող իշխանութեանը:

Այստեղ անդրադառնանք հարցին թէ ինչո՞ւ մէկ դէպքում ստացւել է ուղղակի համագործակցութիւնը, իսկ այլ դէպքերում՝ ոչ: Պատճառը շատ պարզ ու ակնյայտ է. ի տարբերութիւն առաջին եւ չորրորդ ղեկավարների երկրորդն ու երրորդը չէին տառապում ամենագէտի, ինքնասիրահարւածի եւ անհանդուրժողի բարդոյթներով եւ պատրաստ էին լսելու դիմացինին, քննարկելու եւ համատեղ լուծումներ փնտրելու ազգային այլեւայլ հիմնահարցերի վերաբերեալ: Մօտ քսան տարի Դաշնակցութեան ղեկավարութիւնը մշտական շփումների մէջ է եղել Հայաստանի բարձրագոյն ղեկավարութեան հետ: Յաճախ նման քննարկումները ստացել են բանավէճերի բնոյթ, յաճախ յաջողւել է ընդհանուր լուծումների հանգել, իսկ յաճախ էլ չի յաջողւել: Պատահել է նաեւ, որ տեսակէտների բեւեռացում է եղել եւ օրինակ իշխանութեան դէմ Դաշնակցութիւնը ձեռնարկել է հրապարակային պայքար: Յիշեցնեմ բոլորին յայտնի հայ-թուրքական արձանագրութիւնների օրինակը: Այն ժամանակ Դաշնակցութիւնը մէկ կողմից ճնշում գործադրելով, իսկ միւս կողմից քաղաքական պայքարը չհասցնելով ներքին թշնամանքի փորձեց իշխանութեանը համոզել ու ստիպել, որ հետ կանգնի թուրքերի հետ «հաշտութեան» սայթաքուն ճանապարհից: Որքան էլ զարմանալի կարող է թւալ, բայց այդ պայմաններում Հայաստանի թիւ մէկ պաշտօնեան որոշեց շրջագայել Սփիւռքում եւ համազգային կարեւորութեան հարցի վերաբերեալ լսել նաեւ սփիւռքահայութեան տեսակէտը:

Հաւանաբար նա հրաշալի պատկերացնում էր, թէ ինչ է լսելու Սփիւռքում, ուր իրեն դիմաւորողների մի ակտիւ հատւածը դարձեալ դաշնակցականներն էին լինելու: Սփիւռքը իր քաղաքական եւ այլ բազմազանութեանբ նոյնպէս եղաւ կոշտ, բայց ոչ թշնամական: Այդպէս հայ ժողովուրդը հայոց քաղաքական-պետական ուժերի հետ ձեւաւորում էր համազգային եւ ներպետական քաղաքական հանդուրժողութեան մշակոյթ՝ անկախ նրանից, թէ կողմերը ինչ տեսակէտ կունենային միմեանց նկատմամբ, ինչն այսօր յաջողութեամբ փլուզում է Նիկոլ Փաշինեանը: Ի դէպ եթէ այդ մշակոյթը արմատներ նետած չլինէր մեր երկրում չէր լինի նաեւ Նիկոլի թաւիշը, որովհետեւ այն ոչ թէ պայմանաւորւած էր ընդդիմութեան, այլ իշխանութիւնների հանդուրժողութեամբ՝ «յեղափոխականները» չէին յարձակւելու ուժայինների վրայ: Իսկ թէ Փաշինեանի պատկերացումներն ինչ էին ներքաղաքական-ներհասարակական փոխայարաբերութիւնների վերաբերեալ այսօր ակնյայտ է ներհայկական պառակտւածութեան եւ թշնամանքի, համատարած քրեական հետապնդումների, վախի սերմանման, ուժայինների բիրտ գործողութիւնների, օրէնքներիի ոտնահարման, մատնութիւնների եւ ընդհանրապէս քաղաքական ընդդիմութեան յայտ ներկայացնողների դէմ քրեական, քաղաքական ու ամբոխային տոտալ յարձակում ձեռնարկելու մշակոյթի սերմանման պայմաններում:

Ինչ վերաբերում է 20 տարի երկիրը կառավարած իշխանութիւնների նկատմամբ Դաշնակցութեան վերաբերմունքին, ապա այս հարցում ՀՅԴ քննադատներին խորհուրդ կը տամ բացել այդ տարիների ցանկացած օրւայ թերթերը եւ նրանք դժւար թէ դրանցում քննադատութիւններ չգտնեն գործող իշխանութիւնների հասցէին: Համացանցում շատ տարածւած են երջանկայիշատակ Վահան Յովհաննիսեանի կոշտ ելոյթները ներկայացնող տեսանիւթեր: Այդ բոլոր տեսանիւթերը որ Լեւոն Տէր-Պետրոսեանի իշխանութեան օրօք չեն նկարահանւել հետաքրքիր է ո՞ւմ օրոք են արձանագրւել: ՀՅԴ բազմաթիւ գործիչների քննադատական նման ելոյթները բազմաթիւ են, եւ ում թւում է, թէ 2018թւականին նոր թւարկութիւն է սկսւել կարող է մի քիչ քչփորել ձեռքի տակ եղած աղբիւրները եւ թարմացնել յիշողութիւնը:

Այս ամէնին Դաշնակցութեան անցեալով մտահոգները տեղեա՞կ չեն, թէ այսօր այդպէս է պէտք:

Տւեալ երեւոյթին հետեւողները կարող են նկատել, որ տեղի ունեցողը զուգակցւում է ՀՅԴ-ի այսօրւայ վճռական դիրքորոշումների հետ՝ գործող իշխանութիւնների, մեր կարծիքով պետականաքանդ գործունէութեան նկատմամբ: Այսինքն, այս գործընթացներում Դաշնակցութեան դիրքերը թուլացնելու համար փորձ է արւում հարւածել նրան նաեւ կողքից ու թիկունքից, փորձել վարկաբեկել եւ ժողովրդին վանել ազգային խնդիրներով գործնականօրէն մահոգ կուսակցութիւնից:

Արդէն երկու տարի նոր ուժերը իշխանութեան լիակատար տնօրինողներն են երկրում: Այս ընթացքում ոչ միայն խոստացւած բարեփոխումների հետքերը չկան, այլեւ ստեղծւած չեն այնպիսի հիմքեր ու նախադրեալներ, որոնք գունէ յուսալի ապագայի ակնկալիքներ կարող էին ներշնչել: Դրա փոխարէն ոչ պալատական տնտեսագէտներն ու այլ մասնագէտները մռայլ կանխատեսումներ են կատարում մոտակայ հեռանկարի հետ կապւած: Սրան զուգահեռ խայտառակ, եթէ չասենք ողբերգական իրավիճակ է համաճարակը յաղթահարելու ճակատում: Այս ամէնին ինչպէ՞ս է արձագանքում իշխանութիւնը՝ յարձակումներով ընդդիմութեան դէմ, նոր դատավարութիւններով ու քրեական բնոյթի աղմկոտ մեղադրանքներով եւ հնի սաստկացող քննադատութեամբ: Ուզես, թէ չուզես մտքիդ մէջ համեմատութիւններն են զուգահեռւում, ինչպէս անցած դարի 20-ականներին, երեսունականներին եւ նոյնիսկ դրանից յետոյ խորհրդային միութիւնում ոչնչացւում էր պետական-պաշտօնական գծին չհամապատասխանող ամէն ինչ: Հնի «յանցաւոր էութեան ու գործունէութեան» բացայայտման եւ հետապնդման մոլուցքով առաջնորդւել են մշտապէս նրանք, ովքեր ունակ չեն եղել լաւ բան անելու ժողովրդի համար, բայց հիւանդացած են եղել անսանձ ու անվերահսկել իշխանութեան տիրանալու մոլագարութեամբ:

Ուրեմն խորքում այլ խնդիր է: Խորքում Հայաստանում տարածւած, բայց բարեբախտաբար, արագօրէն յաղթահարւող այն համաճարակն է, որը կարելի է անւանել նիկոլապաշտութիւն: Զարմանալիօրէն ժողովրդավարութիւնից ու այլ մեծամեծ արժէքներից դատողները ընդօրինակում եւ խրախուսում են ամէն տեսակ քննադատութիւնը բոլորի հասցէին միայն ոչ Նիկոլ Փաշինեանի: Նիկոլ Փաշինեանի հեղինակութիւնը կեսարի կնոջ պէս կասկածից վեր է: Եւ չկասկածէք՝ Հայաստանում ինքն իրեն հաստատել փորձող ճորտութեան ու բռնիշխանութեան ներուժը վառ ընդունակութիւններից զուրկ Նիկոլ անձինը չէ, այլ պետական հաստատութիւնները նւաճած, համացանցային հարթութիւնում մի կողմից թշնամանք ու միւս կողմից պաշտամունք սերմանող մոլեռանդ կռապաշտների նոսրացող բանակինը:

Դաշնակցութեան համագործակցութեան որակը նորանկախ Հայաստանի այս կամ այն իշխանութեան հետ չափւել կարող է միայն ի շահ երկրի ու պետականութեան իրականացւած աշխատանքի արդիւնաւէտութեամբ, ինչպէս եւ նրանով, է կուսակցութիւնը որքանով է կարողացել պահպանել ինքնուրոյնութիւնը: Կարող է գնահատւել նրանով, թէ տւեալ շրջանում երկրում զարգացման ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել, որոնց մասնակիցն է իր չափով եղել Դաշնակցութիւնը: Իսկ ամպի պէս հալւող ամբոխի այն ծւենները, որոնք կարծում են, թէ Փաշինեանի թւարկութիւնից առաջ ամէն ինչ սեւ է եղել, իսկ նոր թւարկութեան հետ ամէն ինչ դարձել է վարդագոյն գուցէ դեռ նոր փորձութիւնների կարիք ունեն: Համենայնդէպս հասարակական թէ քաղաքական երկխօսութիւն հնարավոր է նրանց հետ, ում առաջնորդում են ոչ թէ կոյր ատելութիւնն ու նոյնքան կոյր սէրը, այլ առողջ բանականութիւնը: Ոչ թէ օդ արձակւող պղպջակների պէս սուտ խոստումները, այլ այն իրականութիւնը, որն աչքի առջեւ է եւ ամէն օր զգում ես սեփական մաշկի վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։